Հրազենային վնասվածքից ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Նազարյանի մահվան գործով ձերբակալվել է շարքայինի համածառայակիցը, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Երեկ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանության հատկանիշներով, քննությունն իրականացվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում։ «ՀՀ ՊՆ ՌՈ-ից հաղորդում է ստացվել 2023թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասի պահպանության շրջանի՝ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից ինքնաձիգից կրակոց արձակելու և գլխի շրջանում ստացած մահացու վիրավորման հետևանքով համածառայակից, նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Նազարյանի մահանալու վերաբերյալ։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցավոր արարքն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով նշված համածառայակիցը ձերբակալվել է», – ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։ Ձերբակալված զինվորի ինքնությունը չի հրապարակվում։
https://www.investigative.am/news/zincarayoghy-dzerbakalvel-e-hamacarayakci-spanoutyan-kaskacanqov
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունների համատեղ հայտարարությունը Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ
2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան հաջորդեց Լեռնային Ղարաբաղի տասնամսյա շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետին։ Այս ագրեսիան ակնհայտորեն միտված էր էթնիկ հայերի վերջնական տեղահանմանը։ Այնուհետև, հաշված օրերի ընթացքում ավելի քան 100 600 անձ ստիպված եղավ լքել իր տունը և ապաստանել Հայաստանում, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղի տարածքը ենթարկվեց վերջնական էթնիկ զտման։
Ադրբեջանի վայրագություններին հաջորդեց Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական և զինվորական պաշտոնյաների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի (նախկին պետնախարար), Դավիթ Բաբայանի (Արտաքին գործերի նախկին նախարար), Բակո Սահակյանի (նախկին նախագահ), Արկադի Ղուկասյան (նախկին նախագահ), Արայիկ Հարությունյանի (նախկին նախագահ), Դավիթ Իշխանյանի (Ազգային ժողովի նախագահ), Դավիթ Մանուկյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ), Լևոն Մնացականյանի (պաշտպանության բանակի նախկին հրամանատար)՝ շինծու, հիմնականում ահաբեկչությանն առնչնվող մեղադրանքներով կամայական ձերբակալությունների ու կալանավորումների նոր շրջափուլը։ Ադրբեջանի իշխանությունների կողմից հրապարակված նկարներն ու տեսանյութերը ցույց են տալիս նրանցից ոմանց կալանավորման նվաստացնող տեսարանները։
Մինչ օրս Ադրբեջանում կամայական կալանքի տակ են պահվում երեք տասնյակից ավելի հայեր: Այս խումբը ներառում է 2020 թվականի պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի անցակետում և Հայաստանի դեմ ռազմական հարձակումների արդյունքում ձերբակալված անձանց: Ակնհայտ է, որ Ալիևի վարչակազմն օգտագործում է գերիներին որպես սակարկման առարկա նրանց պատանդ պահելու միջոցով Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Կարևոր է նշել, որ բոլոր գերիները Ադրբեջանում դատապարտվել կամ մեղադրվել են անհիմն մեղադրանքներով։
Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր էթնիկ հայերի կյանքը՝ ապօրինի կալանավորված, թե բանտարկված, լուրջ վտանգի տակ է, և ռիսկը մեծ է, որ նրանց խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կենթարկեն: Այդ անձանց համար արդար դատավարության երաշխիքներ ապահովելու շուրջ քննարկումները ապարդյուն են:
Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ 2022 թվականի զեկույցում
ԱՄՆ Պետդեպարտամենտը ընդգծել է դատական համակարգի անկախությանն առնչվող համատարած խնդիրները՝ նշելով, որ դատական համակարգն ընդհանուր առմամբ չի ապահովում արդար և հրապարակային դատաքննության իրավունքը շատ դեպքերում, որոնք մեծամասամբ համարվում էին քաղաքական դրդապատճառների վրա հիմնված՝ հղում անելով նաև արժանահավատ հաղորդումների, որոնք վկայում են, որ նման դեպքերում դատավորներն ու դատախազները ենթարկվել են Նախագահի վարչակազմի և Արդարադատության նախարարության հրահանգներին։ Զեկույցը նաև հատուկ անդրադառնում է ինչպես 2020թ․ աշնան ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ 2020թ․ նոյեմբերի հրադադարից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հետապնդումներին՝ նշելով, որ Կառավարությունը շարունակել է հետապնդել ձերբակալված հայ քաղաքացիական անձանց և զինծառայողներին դռնբաց դատավարություններով, որտեղ չեն պահպանվել արդար դատաքննության պահանջները, օրինակ՝ ինչպիսին է սեփական փաստաբանի ընտրության իրավունքը։
Ադրբեջանում անկախ դատական համակարգի իսպառ բացակայությունը փաստաթղթավորվել է նաև Freedom House-ի 2022թ․-ի զեկույցում, որում նշվում է, որ դատական համակարգը կոռումպացված է և ենթարկվում է գործադիրին։ Human Right Watch-ն իր զեկույցներում պարբերաբար փաստաթղթավորել է, ի թիվս այլնի, ադրբեջանական ուժերի կողմից հայ ռազմագերիների խոշտանգումները, դաժան և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ֆիզիկական բռնության և նվաստացումների դեպքերը։ HRW-ն ընդգծել է գերեվարված մարտիկներին ռազմագերու կարգավիճակ տալու և ռազմական գործողությունների ավարտին նրանց վերադարձը ապահովելու անհրաժեշտությունը, իսկ հայ ռազմագերիների հետապնդումը որակվել է որպես Ժնևի 3-րդ կոնվենցիայի խախտում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր 2391 (2021) բանաձևում մտահոգություն է հայտնել եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված և դեռևս գերության մեջ գտնվող հայերի պահման պայմանների վերաբերյալ, որոնցից շատերը ենթարկվել կամ ենթարկվում են արագ քրեական դատավարությունների, որոնք կարող են խնդիրներ առաջացնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով՝ արդար դատավարության համատեքստում։ Վեհաժողովը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին և անհապաղ վերադարձնել նրանց Հայաստան։
Թեև Ադրբեջանը կամայական ազատազրկումն արգելող բազմաթիվ պայմանագրերի, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ է, այն շարունակում բացահայտ անտեսել իր միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր հրահանգները, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների բանաձևերը և առաջարկները։
Այժմ մենք ականատես ենք Ադրբեջանի կողմից երկարամյա հանցավոր վարքագծի և մարդու իրավունքների խախտումների շարունակությանը, որը սնուցվում է անպատժելիությամբ։ Մասնագիտացած մանդատ ունեցող մարմինները, միջազգային հանրությունը, ինչպես նաև տեղական և միջազգային իրավապաշտպանները չպետք է թողնեն այդ անձանց Ադրբեջանի դատական համակարգի գթասրտությանը։
Ներքոստորագրյալ քաղհասարակության կազմակերպությունները
– խստորեն դատապարտում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա դե-ֆակտո պետական և ռազմական պաշտոնյաների կամայական կալանավորումներն ու ձերբակալությունները,
– պահանջում են 2023թ․ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումներից առաջ և հետո կալանավորված էթնիկ հայերի անհապաղ և առանց նախապայմանների ազատումը և վերադարձը Հայաստան,
– հորդորում են ՄԱԿ-ի Կամայական ձերբակալությունների հարցերով աշխատանքային խմբին օգտագործել իր մանդատը և ճնշում գործադրել Ադրբեջանի կառավարության վրա անմիջապես ազատելու բոլոր հայ ձերբակալվածներին և վերացնելու նրանց դեմ ներկայացված շինծու մեղադրանքները,
– կոչ են անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին ուշադիր հետևել իրավիճակին և պարբերաբար հրապարակել Ադրբեջանում ապօրինի ձերբակալված հայերի իրավիճակի մասին զեկույցներ և ակտիվորեն պահանջել բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումը,
– կոչ են անում ժողովրդավարության կողմնակից և մարդու իրավունքներին աջակցող երկրներին օգտագործել Ադրբեջանի կառավարության հետ առկա բոլոր դիվանագիտական միջոցները ՝ ապահովելու բոլոր հայ ձերբակալվածների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը Հայաստան:
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն
Խաղաղության երկխոսություն ՀԿ
Կանանց ռեսուրսային կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն
[1] https://armenpress.am/eng/news/1121185/https://armenpress.am/eng/news/1121185/
[2] https://eurasianet.org/azerbaijan-arrests-more-ex-leaders-of-nagorno-karabakh?fbclid=IwAR1zDf_EdGl7cimgyc5BQIg8EuTN-pDI4urugAEpuhgv6yKMnwq2oyS1oqQ, https://armenianweekly.com/2023/10/04/former-state-and-military-officials-of-artsakh-detained-by-azerbaijan/?fbclid=IwAR2NK1wKZxwm9GOTBsJPEEgFarQhDw0rY7woxOYT2DKZ4iwp9mm0uJ5Pgbs
[3] https://www.youtube.com/watch?v=2ND8u6PPybU, https://www.youtube.com/watch?v=tqCsuEUoE4A, https://www.youtube.com/watch?v=-68wdW3fGEw
[4] https://www.state.gov/reports/2022-country-reports-on-human-rights-practices/azerbaijan/
[5] https://freedomhouse.org/country/azerbaijan/freedom-world/2022
[6] HRW, Azerbaijan: Armenian POWs Abused in Custody, https://www.hrw.org/news/2021/03/19/azerbaijan-armenian-pows-abused-custody, HRW, Azerbaijan: Armenian Prisoners of War Badly Mistreated, https://www.hrw.org/news/2020/12/02/azerbaijan-armenian-prisoners-war-badly-mistreated
[7] Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), https://pace.coe.int/en/files/29483/html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վաշտի հրամանատարները 2021 թվականին տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և առանց դիմադրության ու վերադասի թույլտվության թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ: Դրա հետևանքով հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Վ.Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, 2021 թվականի նոյեմբերի 14-ին ժամը 08:30-ին զորամասի հրամանատար Ա.Մ.-ին թույլատրել է ներկայանալ հակառակորդի հետ նախատեսված բանակցություններին: Այնուհետև, Ա.Մ.-ից ստացել է զեկույց, որ հակառակորդը ճանապարհը բացելու վերաբերյալ կոնկրետ պատասխանի է սպասում, որից հետո անձնակազմին տվել է մարտական հերթապահության պարտականությունների կատարումից շեղող հրաման: Տվյալ բնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՊՆ N զորամասի հրամանատար Ա.Մ.-ն բանակցությունները դադարեցնելու և հակառակորդի առաջխաղացումը մարտ վարելով կանխելու վերաբերյալ ժամանակին հրաման արձակելու փոխարեն՝ բանակցություններին ներկայացած հակառակորդի մյուս սպաների հետ շտապել է ՀՀ ՊՆ N զորամասի համահավաք վաշտի զինծառայողների կողմից զբաղեցված բնագիծ և բավարարվել միայն իր տեղակալ Գ.Ի.-ի կողմից նշված վաշտի զինծառայողներին՝ «Մարտական դիրք» կեցվածք ընդունելու, նախազգուշական կրակ բացելու և հակառակորդի առաջխաղացումը կանգնեցնելու ու ՀՀ տարածք ներթափանցումը չթույլատրելու վերաբերյալ հրամանով, ինչի արդյունքում անձնակազմի հետ միասին հայտնվել է շրջափակման մեջ: Համահավաք ստորաբաժանման վաշտի հրամանատարներ Մ.Փ.-ն և Ա.Թ.-ն, Գ.Ի.-ի հրամանով գործելու փոխարեն, տրվել են հակառակորդի հոգեբանական ճնշմանը և, առանց դիմադրության ու վերադասի թույլտվության, թողել զբաղեցրած բնագիծը՝ զորամասի հրամանատարի հետ ընկնելով շրջափակման մեջ: Դրա հետևանքով, հակառակորդն առանց դիմադրության ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք և վերահսկողության տակ վերցրել մի շարք մարտական դիրքեր»,- նշված է հաղորդագրության մեջ: Դատախազի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Վ.Գ.-ի, Ա.Մ.-ի, Մ.Փ.-ի և Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները փոփոխելու և նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
https://www.prosecutor.am/article/4344
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Մոսկվան դիտարկում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում հոկտեմբերի 12-ին։ Այս մասին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, գրում է РИА Новости-ն։ «Մենք դիտարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Բիշքեկում ԱԳ նախարարների մակարդակով քննարկումների անցկացման հնարավորությունը (հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ)»,- ասել է Գալուզինը։ «Ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը, և մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես ամենայն պատասխանատվությամբ կմոտենա այս հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- հավելել է նա։
https://ria.ru/20231009/politika-1901422023.html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը միացել է ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ պարեկություն կատարելով Սոթք գյուղի մոտ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ում գրառմամբ։ «Մեր դիտորդները դեսպանին տեղեկացրել են վերջին իրադարձությունների և այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ազդում Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի տեղի բնակչության կյանքի վրա»,- ասվում է գրառման մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
100 հազարից ավելի հայրենազրկված արցախցիներ, բռնի տեղահանվելով հարազատ օջախներից, այսօր արդեն փորձում են նոր կյանք կառուցել մայր հայենիքի տարբեր հատվածներում;
Մյուս մարզերի նման Շիրակի մարզում էլ սիրով ընդունում են նրանց, տրամադրում սնունդ, առաջին անհրաժեշտության պարագաներ և իհարկե կեցավայրեր, որոնցով արդեն ապահովվել է շուրջ 4000 արցախցի։
Մեզ հետ զրույցում արցախցի մեղվաբույծ պապիկը ցավով էր պատմում հայրենիքը թողնելու, գաղթի ճամփան բռնելու և Ստեփանակերտում տիրող իրավիճակի մասին;
Արցախցիներից ոմանց ուղղորդել են Գյումրի, որոշներն էլ իրենք են ցանկացել հենց այստեղ գալ։ Ասում են՝ ճանապարհը դժվար է էղել, կամաց֊կամաց հարմարվում են ՝չեն թաքցնում՝ մարզը գրկաբաց է ընդունել նրանց։
Մարզպետարանից տեղեկացնում են՝ Գյումրիում ներհոսքից առաջացող խնդիրներ թույլ չտալու համար խոշորացված համայնքներում արդենիսկ ստեղծվել են հանձնաժողովներ՝ բռնի տեղահանված անձանց այդ շրջաններում պատշաճ տեղավորելու համար։
Փոխմարզպետ Աննա Մարտիկյանի խոսքով՝ դա նախևառաջ կարևոր խթան է գուղատնտեսության զարգացման համար։
Գյումրու քաղաքապետարանն էլ իր հերթին այս օրերին աշխատում է 24 ժամյա ռեժիմով՝ ընդունում են արցախցիներին, հաշվառում, ապահովում անհրաժեշտ պարագաներով, տաք սնունդով ու լուծում նաև կեցության խնդիրը։
Քաղաքապետն ավելացրեց՝ օգնում են նրանց նաև աշխատանքի տեղավորվել;
Բռնի տեղահանված անձանց աջակցմանն են միացել նաև հասարակական տարբեր կառույցներ ու բազմաթիվ անհատներ;
Գյումրիում Էջմիածնի Հայորդաց տունն անմասն չէ այդ գործընթացից։ Տնօրենի խոսքով՝ օգնություն ստացող շահառուների թիվը հատել է 1500֊ի շեմը։
Իրենց հայրենիքից բռնի տեղահանված արցախցիները, չնայած նոր ժամանակների ՝ ամեն ինչ նոր էջից սկսելու պահանջին, կորսված հայրենիքի կարոտը սրտում՝ հույս են հայտնում՝ մի օր վերադառնալու են։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը Շիրակի մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կացարանով, սնունդով, առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովելու աշխատանքների ու դրանց շարունակությանն առնչվող հարցերի շուրջ: Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը ևս մասնակցել է խորհրդակցությանը: Գնել Սանոսյանը նախ խոսել է մինչ այս իրականացված աշխատանքների մասին, ապա անդրադարձել առաջիկա անելիքներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի ու դրանց առնչվող աշխատանքների ընթացքին: Նախարարը կարևորել է բնակիչների հետ հանդիպումների, շփումների ժամանակ նախատեսվող աջակցության ծրագրերի մասին իրազեկումը, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկացված լինեն և դուրս չմնան աջակցության ծրագրերից: Գնել Սանոսյանն իր գնահատանքի ու շնորհակալության խոսքն է հղել մարզպետին և համայնքների ղեկավարներին՝ նրանց ու նրանց կողմից ղեկավարած կառույցների աշխատակիցների կատարած աշխատանքի համար: : Մինչ խորհրդակցությունը նախարարը եղել է Գյումրու «Շիրակ» հյուրանոցում, տեղում ծանոթացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին առաջարկված պայմաններին, զրուցել նրանց հետ: Նշենք, որ այս պահի դրությամբ Գյումրիում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2247 քաղաքացի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ այցելելու է Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հանդիպմանը հայկական կողմի հետ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։ Հավելենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի ներքին գործն է» և խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը միայն Բաքվի հետ պետք է քննարկվի։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել էին Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հինգ տարի ժամկետով։
https://tass.ru/politika/18928641
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 12-ին հանրային լսումներ կանցկացնի Ադրբեջանի դեմ Հայաստանի դիմումի վերաբերյալ՝ «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ» գործի շրջանակում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո ՀՀ-ն դիմել էր Արդարադատության միջազգային դատարան՝ Բաքվի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Հայաստանը խնդրում էր դատարանին կիրառել հետևյալ ժամանակավոր միջոցները և հաստատել Ադրբեջանի պարտավորությունները՝ համաձայն այդ գործով կայացրած վճիռների, մասնավորապես ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի և 2023 թվականի փետրվարի 22-ի․
1․ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած միջոց ձեռնարկելուց, որը կարող է հանգեցնել Ռասայական խտրականության վերացման կոմիտեի նկատմամբ իր պարտավորությունների խախտմանը։
2․ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետեւանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել;
3․ Ադրբեջանը պետք է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իր զինված հարձակման հետևանքով օկուպացված Լեռնային Ղարաբաղի բոլոր քաղաքացիական հաստատություններից դուրս բերի ողջ ռազմական և իրավապահ անձնակազմը;
4․ Ադրբեջանը պետք է աջակցի Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների հասանելիությանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի նկատմամբ և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց և որևէ կերպ չմիջամտի նրանց գործունեությանը;
5․ Ադրբեջանը պետք է աջակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հասանելիությունը և զերծ մնա որևէ խոչընդոտ ստեղծելուց, ինչպես նաև համագործակցի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ ՝ վերջին հակամարտության այլ հետևանքների վերացման գործում;
6․ Ադրբեջանը պետք է անհապաղ աջակցի Լեռնային Ղարաբաղում կոմունալ ծառայությունների, այդ թվում ՝ գազի և էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնմանը և հետագայում ձեռնպահ մնա դրանք խափանելուց;
7․ Ադրբեջանը պետք է զերծ մնա Լեռնային Ղարաբաղի ներկա կամ նախկին քաղաքական ներկայացուցիչների կամ զինծառայողների նկատմամբ պատժիչ միջոցներ ձեռնարկելուց;
8․ Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ հուշարձան կամ Լեռնային Ղարաբաղում առկա որևէ այլ հուշարձան, հայկական մշակութային օբյեկտ կամ արտեֆակտ;
9․ Ադրբեջանը ճանաչում և գործողության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից ստեղծված քաղաքացիական կացության ակտերի գրանցումները, անձը հաստատող փաստաթղթերը, սեփականության իրավունքները և գրանցամատյանները և չի ոչնչացնում կամ առգրավում այդպիսի գրանցամատյաններն ու փաստաթղթերը;
10․Ադրբեջանը պետք է դատարանին հաշվետվություն ներկայացնի սույն վճիռի ի կատար ածելու համար ձեռնարկված բոլոր միջոցների մասին մեկ ամսվա ընթացքում ՝ սկսած սույն վճռի ամսաթվից և հետագայում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, մինչև դատարանի կողմից գործի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը այսօր Գրանադայում կայացած հանդիպման արդյունքում հայտարարություն են ընդունել, որում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը բնորոշվում է զանգվածային տեղահանություն։ Հայտարարությունում Եվրոպական խորհրդի նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերն ընդգծում են «իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը»։ «Նրանք նաև իրենց աջակցությունը հայտնեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը՝ իր բոլոր չափումներով՝ հիմնված Հայաստանի Հանրապետության կարիքների վրա», – ասված է հայտարարությունում։ «Նրանք համաձայնեցին Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտության շուրջ, քանի որ այն բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանության հետևանքներին։ Նրանք ընդգծեցին, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և իրենց բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և հարգելով իրենց պատմությունը, մշակույթը և մարդու իրավունքները», – նշված է քառակողմ հայտարարությունում։ «Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29 հազար 800 քկմ) և Ադրբեջանի (86 հազար 600 քկմ) ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի հայտարարությունում։ 2023 թվականի մայիսի 14-ին և հուլիսի 15-ին նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։ Նրանք ընդգծել են սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք տրամադրվել են կողմերին և պետք է հիմք հանդիսանան նաև ուժերի միջև հեռավորություն պահպանելու, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար», – ասված է հայտարարությունում։ «Նրանք կոչ արեցին ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման, ինչպես նաև տարածաշրջանային կապերի բացման՝ երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա», – նշված է հայտարարությունում։ «Եվրոպացի առաջնորդները կոչ արեցին Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհետ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու համար», – ասված է քառակողմ փաստաթղթում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com