Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձևերով հարձակումների է ենթարկել: Դուբլինում Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի նիստին այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Իր իսկ խոսքերով` Ադրբեջանի նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 և 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաև նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել և սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության և գոյատևման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում։ Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում»,- ընդգծել է Սիմոնյանը։ Ըստ ԱԺ նախագահի՝ Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=19368&year=2023&month=09&day=29&lang=arm
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Եվրամիությունը և անդամ պետությունները պատրաստ են լրացուցիչ մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն։ «Եվրահանձնաժողովը հայտարարել է 5 միլիոն եվրոյի հավելյալ մարդասիրական օգնության փաթեթի մասին, ԵՄ-ն և անդամ երկրները պատրաստ են հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել»,- ասել է նա։ Ստանոն հավելել է, որ ԵՄ-ն նաև կոչ է անում «Ադրբեջանին թույլ տալ միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգ ապահովելու համար»: «Մենք կրկին հայտարարում ենք, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ՝ նրանց արժանապատիվ, առանց ահաբեկման և խտրականության սեփական տներում ապրելու համար, ինչպես նաև տեղահանվածների վերադարձի իրավունքը»,- ասել է Ստանոն։
https://ria.ru/20230929/pomosch-1899385007.html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Լեռնային Ղարաբաղի հայության ելքը Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում շարունակվում է, կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա, նաև ասաց վարչապետը՝ շեշտելով՝ սա էթնիկ զտման և հարենազրկման ուղղակի ակտ է և այն ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էին միջազգային հանրությանը։ «Միջազգային տարբեր խաղացողների կողմից ԼՂ-ում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն», – ասել է Փաշինյանը։ «Այս փուլում լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել։ Դրա համար նախատեսված է երեք մարզ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի», – հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Որպեսզի այդ մարզերում բռնի տեղահանվածների միջնաժամկետ բնակեցման հարցը լուծենք հետևյալ տրամաբանությամբ՝ հյուրնկալ ընտանիքների և բնակարանների վարձակալության մեխանիզմով: Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել որևէ տեղում գտնվել, մենք պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում, փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր: Իհարկե, երկարաժամկետում բազմաթիվ հարցեր կան, այդ հարցերի պատասխանները մենք պետք է ունենանք, իրադրությունը գնահատենք, և երկարաժամկետ լուծումները պետք է բխեն այդ տրամաբանությունից»,- նշել է Փաշինյանը: Վարչապետը հավելեց, որ դիտարկում են սննդի քարտերի թողարկման հարցը. «Խոսքն այնպիսի քարտերի մասին է, որոնցում առկա միջոցները կարող են օգտագործվել միայն սնունդ ձեռք բերելու համար: Բնականաբար, մեր տրամադրած օթևաններում մենք կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլով պետք է հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառուներին ներառենք ՀՀ սոցիալական ծառայությունների համակարգում, որպեսզի այդ ծառայությունները ստանան, այսինքն՝ թոշակառուները ստանան թոշակ և այդպես շարունակ»: Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի՝ լավ լուրն այն է, որ աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է, և Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին պիտի աջակցի, որ արագ աշխատանք գտնեն ամենատարբեր համակարգերում. «Կրթության համակարգում աշխատողները՝ կրթության համակարգում, առողջապահության համակարգում աշխատողները՝ առողջապահության և այսպես շարունակ, գյուղատնտեսության, գործարարության ոլորտում»:
https://www.primeminister.am/hy/statements-and-messages/item/2023/09/28/Cabinet-meeting-Speech/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել է։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը։ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- նշել է նա։ Կատարվածի մասին ավելի վաղ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։ Ավելի ուշ պաշտոնական Բաքուն է հաստատել՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի սահմանապահների կողմից ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետում: APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հաղորդագրությունը, փոխանցում է, որ «Վարդանյանին տեղափոխել են Բաքու»։ «Վարդանյանը փոխանցվել է համապատասխան պետական մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար», – ասված է հաղորդագրությունում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Առավոտյան ժամը 8-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 42 հազար 502 անձ է հատել Հայաստանի սահմանը, որից 22 հազար 800 արդեն հաշվառվել են, իսկ կեսօրի տվյալներով այս թիվը 5 հազարով ավելացավ՝ դառնալով շուրջ 47 հազար 115, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Կոռնիձոր կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կա՛մ Գորիսի, կա՛մ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխումը։ «Սահմանը հատած 42 հազար 502 անձից միան 4 հազար 2 մարդ է ցանկացել օգտվել պետության այս աջակցությունից, որը կազմում է ընդամենը 10 տոկոսը», – ասել էմԲաղդասարյանը՝ նշելով, որ մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Վարչապետի խոսնակը ներկայացրել է նաև մարդկանց բաշխվածությունն ըստ մարզերի․ Սյունիքում՝ 1465 անձ, Վայոց Ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Երեկ կատարված որոնումների արդյունքում տարհանվել է 8 աճյուն և 10 քաղաքացի, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Ծառայությունը մանրամասնում է՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքից տարհանվել է զոհված մեկ զինծառայողի աճյուն ևս մեկ քաղաքացի, Կարմիր գյուղից՝ մեկ տարեց կին։ 2 աճյուն և մեկ քաղաքացիական անձ հայտնաբերվել է Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի տարածքից։ Եվս մեկ քաղաքացի`Վանք գյուղից։ Մեկ քաղաքացի հայտնաբերվել ու տեղափոխվել է Ստեփանակերտ քաղաքի Կրկժան թաղամասից։ Անվնաս վիճակում 5 քաղաքացու և 5 աճյուն՝ ադրբեջանական կողը փոխանցել է հայկական կողմին։ 10 քաղաքացիների առողջական վիճակը բավարար է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տուժած 7 քաղաքացի արդեն Առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» է: Ըստ հաղորդագրության, բժիշկները 4-ի առողջական վիճակը գնահատում են ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 3-ը այրվածքային բաժանմունքում են, առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Ավելի վաղ հաղորդվել է, որ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով հիվանդանոցներ են ընդունվել 290 տուժածներ, Հայաստանից բժիշկների թիմն այսօր առավոտյան ուղղաթիռով մեկնել է Արցախ և Ստեփանակերտից առաջին տուժածներին արդեն տեղափոխել Սիսիան։ Շտապօգնության մեծ բրիգադ Հայաստանից Կոռնիձորով ուղևորվել է դեպի Լեռնային Ղարաբաղ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արցախից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան։ Ըստ շտաբի՝ առաջնահերթորեն Հայաստան են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու Հայաստան տեղափոխվել ցանկացող քաղաքացիները: կառավարություն «Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը», – ասված է հայտարարությունում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2 հազար 906 անձ, հայտնում է Հայաստանի կառավարությունը։ Նրանցից 2 հազար 100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Կառավարությունը նշում է, որ 2 հազար 100 հաշվառվածներից մոտ 1000 անձինք մեկնել են իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ մյուս 1100-ին կառավարությունն ապահովել է կեցավայրով (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է)։ Ամբողջ գիշերվա ընթացքում բռնի տեղահանված անձանց հոսքը շարունակվել է, ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում: Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտել է՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ, Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ, Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ, Լոռու մարզի 6 ծրագրի համար՝ 347 մլն դրամ, Կոտայքի մարզի 8 ծրագրի համար՝ 503 մլն դրամ, Շիրակի մարզի երկու ծրագրի համար՝ 124 մլն դրամ, Սյունիքի մարզի երկու ծրագրի համար՝ 173 մլն դրամ և Տավուշի մարզի 4 ծրագրի համար՝ 289 մլն դրամ: «Նախագծի ընդունմամբ՝ հունվարի 1-ից սկսած ՀՀ կառավարությունը 17 մլրդ 116 մլն դրամ կվճարի սուբվենցիոն ծրագրերի համար»,-շեշտել է Սանոսյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստել է, որ ծրագիրը մեկնարկում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքից, որը եզդիաբնակ է: Նա հիշեցրեց, որ փոփոխությունը սուբվենցիոն ծրագրերի բանաձևերում իրականացրել են, երբ ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող համայնքներին ավելի մեծ չափով են ֆինանսավորում: Գնել Սանոսյանն էլ ընդգծել է, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որոշակի ուղիղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատում են, նախագծման որոշ աշխատանքներ են իրականացվում: Հայաստանի վարչապետը կարևորել է համայնքներում աշխատանքները, քանի որ համայնքների մեծ մասը չի խոշորացվել: Ըստ Փաշինյանի՝ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված նրանց կարողությունները էականորեն պակաս են, և պետք է աջակցել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com