Լրահոս

Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա

Կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը Գյումրու ավտոբուսային պարկը շուտով կթարմանա: Առաջիկայում Գյումրիում ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով ձեռք կբերվեն ինչպես գազով, այնպես էլ էլեկտրականությամբ աշխատող ավտոբուսներ։ Այս մասին ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Մենք մեր քաղաքում էլեկտրաավտոբուսներ ենք ունենալու, Եվրամիության ծրագիր ենք շահել, երեք տարում իրականացնելու ենք: Հիմա նաև մրցույթ կհայտարարենք»,- նշել է Սամվել Բալասանյանը: Նախատեսվող փոխադրամիջոցը նաև հարմարավետ է լինելու հենաշարժողական խնդիրներ ունեցողների, քայլակով, սայլակով տեղաշարժվողների համար: Այսօրվա ավագանու նիստից հայտնի է դարձել նաև, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գյումրու սոցիալական աջակցության տարածքային բաժինների գործունեությունը ապրիլի 1-ից դադարեցվելու է։ Թե ո՞վ է այս ծառայությունները մատուցելու, պետությո՞ւնն է անմիջականորեն մատուցելու՝ առանց քաղաքապետարանին պատվիրակելու, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի հարցին ի պատասխան՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանն ասել է․ «Միացնելու են, մեկ պատուհան են դարձնելու, պետությունն ուղիղ է մատուցելու»։ Ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանն էլ հետաքրքրվեց, թե կա՞ կրճատվողների անվանացանկը։ Նրանք պատասխանեցին, որ երկու կառույցներում կան 28 աշխատակից, բոլորին էլ կրճատելու են։ «Ինձ թվում է՝ բոլորին էլ կտեղավորեն»,-ասել է քաղաքապետը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի կառուցման ընթացքը

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը: Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ: Խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը: Վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/03/10/Nikol-Pashinyan-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Շիրակի մարզի Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում առերևույթ կատարված յուրացումների և վատնումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի և Ամասիայի բաժիններ օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ ՀՀ Շիրակի մարզի գյուղական երկու համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում,համայնքապետարանում թույլ են տվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ, առերևույթ յուրացվել կամ վատնվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների համար, ինչպես նաև ուսման վարձերի փոխահտուցման նպատակով համայնքային բյուջեներից դուրս գրված դրամական միջոցները: Մասնավորապես, նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ ՀՀ Շիրակի մարզի Զույգաղբյուր գյուղի նախկին համայնքապետ Գ.Ս.-ի՝ 2008-2016թթ.-ին որպես համայնքի ղեկավար աշխատած ժամանակահատվածում համայնքի բյուջեից ավագանու որոշումների հիման վրա, որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4մլն ՀՀ դրամ գումար, որից հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների հարազատներին, ինչպես նաև համայնքի բնակիչ հանդիսացող, բայց դպրոցը դեռևս չավարտած անձին: Սակայն նշված գումարից մոտ 1.8մլն ՀՀ դրամ գումարի, որպես ուսման վարձ, փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները բացակայում են: Բացի այդ, Շիրակի մարզի Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն, երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր՝ շուրջ 2մլն ՀՀ դրամ գումար, ինչը, որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին, այդ թվում՝ իր հետ ազգակցական կապեր ունեցող անձին, համայնքապետարանի աշխատակիցներին, ավագանու անդամին: Սակայն այդ կապակցությամբ կազմված և հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն: Նշված գործողությունների հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Իսկ մյուս դեպքում նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Արեգնադեմ համայնքի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., ավագանու որոշումների հիման վրա, նշված համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից անվանական 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն ՀՀ դրամ գումար: Սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։ Վերը նկարագրվածի հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ լիարժեք պարզելու նպատակով, նաև նկատի ունենալով, որ նշված համայնքների նախկին ղեկավարներն առարկել են վաղեմության ժամկետներ անցնելու հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու դեմ, նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործերն ողարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ https://www.prosecutor.am/am/mn/8113/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Մարտի 8. Տո՞ն, թե՞ կանանց իրավունքների պաշտպանության օր»

➡ Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է. այն ոչ միայն կանանց ծաղիկ նվիրելու, այլև նրանց իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնելու օրն է:
1993 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիան՝ ստանձնելով կանանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսեւորման բացառման, ազգային օրենսդրությամբ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության սկզբունքի ամրագրման եւ երաշխավորման պարտավորությունները:
Կանայք Հայաստանում ունեն հավասար իրավունքներ, ինչ տղամարդիկ, սակայն առավել նվազ հնարավորություններ:
——————————————–
➡ Կանանց իրավախախտումների ինչպիսի՞ խախտումներ են արձանագրվել վերջին տարիներին և ո՞ր ոլորտներում: Այս առումով ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:
➡ Ի՞նչն է խոչընդոտում կանանց իրավունքների պաշտպանությանը: Պետական ինչպիսի՞ քաղաքականություն է մշակված՝ ուղղված կանանց պաշտպանությանը
➡ Ի՞ նչ նվաճումներ կան կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում

Ուղիղ հեռարձակում

ℹ Բանախոսներ՝
➡ Քրիստինա Բաղդասարյան- «Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ նախագահ
➡ Եսթեր Գրիգորյան- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող
➡ Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն» ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները

Երկրում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար «Լուսավոր Հայաստանի» առաջարկն ուժի մեջ է, իսկ եթե այն դառնա ոչ արդիական, քաղաքական ուժը կփնտրի նոր լուծումներ: Այս մասին ԱԺ ճեպազրույցում վստահերել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Լուսավոր Հայաստանը» շարունակելու է փնտրել լուծումներ՝ երկիրն այս վիճակից հանելու համար: Այս պահին, մեր կարծիքով, այդ լուծումն այն առաջարկությունն է, որ մենք արել ենք: Մենք շարունակելու ենք դրա ուղղությամբ աշխատանքներ տանել: Եվ ուզում եմ քաղաքական ուժերին կոչ անել միանալ այդ առաջարկությանը, աջակցել այդ առաջարկությանը, որպեսզի այդ ճգնաժամն օր առաջ հանգուցալուծվի, և մենք բոլորս գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»,- ասել է Մարուքյանը: Եթե ԲՀԿ-ն մերժի արտահերթ ընտրությունների գնալու առաջարկը, ԼՀԿ-ի համար հարցը օրակարգից դուրս կգա՞ հարցին ի պատասխան Մարուքյանն ասել է, որ իրենց համար հարցը երբեք օրակարգից դուրս չի գալու: Նա վստահեցրել է, որ եթե մերժվի, ԼՀԿ-ն ուրիշ տարբերակ կմտածի, անընդհատ տարբերակներ կմտածի, շեշտեց՝ պետք է գտնել ճանապարհներ այս վիճակից դուրս գալու համար: «Իմ առաջարկն ուժի մեջ է: Դրա արդիականությունը չի վերացել: Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ է և դեռ շարունակում է լինել: Չկա որևէ հրամանագիր, որ նա այլևս ԳՇ պետ չէ: Երբ առաջարկս կդառնա ոչ արդիական, ուրիշ բան պետք է մտածենք»,- եզրափակել է նա: Մարուքյանի առաջարկի համաձայն՝ ԼՀԿ-ն վարչապետի հետ արտահերթ ընտրությունների հուշագիր կստորագրի, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից չազատի, պաշտոնում վերականգնի ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը դեռ չի քննարկել արտահերթ ընտրությունների և դրանք անցկացնելու վերաբերյալ հուշագիր ստորագրելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: «… Նիկոլ Փաշինյանի վերջին առաջարկի հետ կապված մենք քննարկում չենք ունեցել: Այս պահին մենք ձեռնպահ ենք մնալու մեր անձնական դիրքորոշումը ներկայացնելուց, մինչ այն պահը, երբ քաղաքական խորհուրդը կքննարկի առաջարկը և դիրքորոշումը կներկայացնի»,- ասել է Իվետա Տոնոյանը: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանը, Սուրեն Գրիգորյանը և Արուսյակ Ջուլհակյանը դատապարտել են քաղաքական գործիչների տների դիմաց ծաղկեպսակներ դնելու երևույթը: Այս մասին պատգամավորներն ասել են խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում`անդրադառնալով իրենց խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի տան դիմաց ծաղկեպսակ դնելու դեպքին: «Թե՛ նախկինում և թե՛ հիմա ես չեմ ողջունում նման գործելաոճը»,- ասել է Հայկ Կոնջորյանը` նկատի ունենալով նաև 2018 թ. թավշյա հեղափոխության ընթացքում արձանագրված նման դեպքերը: Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, որ քաղաքական գործիչների նկատմամբ կարող է լինել ամենակոշտ քննադատությունը, բայց իրենց քաղաքական գործունեության շրջանակներում: «Իմ քայլը» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը հավելել է, որ նման երևույթներ առաջին անգամ ի հայտ են եկել ոչ թե 2018 թ., այլ 2008 թվականին՝ ներկայիս ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրել

Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրել: Փակ-գաղտնի քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրել է, որ 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 36-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ: Արմեն Հայկյանցը հավաքել է 13, Արսեն Մկրտչյանը՝ 15 ձայն: Հիշեցնենք, որ Ազգային ժողովը երեքշաբթի օրվանից քննարկում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Ավելի ուշ պարզ դարձավ, որ թեկնածուներից Սամվել Գրիգորյանը ինքնաբացարկ էր հայտնել: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ խմբակցությունը չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների նկատմամբ: Անցած երկու օրերի ընթացքում պատգամավորները ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցեր են ուղղել հիմնականում վերջինիս նոյեմբերի 15-ի հայտարարության վերաբերյալ: Որոշ պատգամավորներ այդ հայտարարությունը «մարտակոչ» են որակել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Վերջին օրերին ՀՀ-ում արձանագրվում է կորոնավիրուսի թվերի որոշակի աճ. կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը, մինչ օրակարգային հարցերի քննարկումը, անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ վերջին օրերին կորոնավիրուսի թվերի որոշակի աճ է արձանագրվում, ինչն անհանգստացնող է: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել համավարակի ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Նա նշել է, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ թիվը հասել է 16-ի։ «Երեկվա դրությամբ 2 հազար 922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է», – ասել է նախարարը՝ կանխատեսելով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կմեծանա, հետևաբար, ըստ նախարարի, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների կիրառմանը։ «Այսօր արդեն վերսկսում են երկու հիվանդանոցների ծավալման աշխատանքերը։ Ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, հընթացս կավելացնենք այս մահճակաների թիվը։ Բայց, անգամ եթե մենք ի վիճակի լինենք պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու, պետք է նշեմ, որ հիվանդացությունը մոտ 20 տոկոսի մոտ ունի ծանր ընթացք, 5 տոկոսի մոտ ծայրահեղ ծանր ընթացք», – ասել է նախարարը։ Առողջապահության նախարարը, պատվաստանյութերի ներկրման և պատվաստման գործընթացին զուգընթաց, մեկ անգամ ևս կարևորել է դիմակների կրումը: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանն էլ հայտնել է, որ այսօր քննարկում է նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների հետ՝ թիրախային վերահսկողությունն ուժեղացնելու համար: «Ինչպես մեր սեփական փորձը ցույց տվեց, մենք լավ հաջողություններ ենք ունեցել դա անելով՝ ամռանը, նաև աշնանն ենք կարողացել դիմանալ: Հույս ունեմ այս անգամ էլ կկարողանանք դիմակայել նոր ալիքին»,- նշել է Արսեն Թորոսյանը: Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ֆինանսական խնդիրների մեղմման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Ըստ այդմ՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսավարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 3-րդ միջոցառման շրջանակում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6 ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Որոշման ընդունումը հնարավորություն կտա միջոցառման շահառուների համար ժամանակ շահել՝ ներկայիս փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ՝ չափանիշները բավարարող շահառուներին աջակցությունից օգտվելու համար դիմումների ներկայացման և փոխհատուցման ժամկետները փոփոխելու, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտը սպասարկող, տրանսպորտային ընկերությունների տնտեսական գործունեության հայտարարագրած դասակարգիչների ցանկում լրացում կատարելու նպատակով: Ըստ այդմ՝ կփոփոխվի միջոցառման դիմումների ներկայացման ժամկետը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 16-ը, իսկ միջոցառման պոտենցիալ շահառուներին կընձեռվի մինչև 2021 թ. մարտի 14-ը դիմում ներկայացնելու հնարավորություն: Բացի այդ, միջոցառման չափանիշները բավարարող զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների ցանկը կհամալրվի մարդատար ավտոմոբիլների և թեթևաքաշ փոխադրամիջոցների վարձույթի և լիզինգի դասիչի ներքո աշխատող ընկերություններով: Կառավարությունը գումար կհատկացնի ՀՀ Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: Գործադիրը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու նպատակով: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որոշմամբ Տավուշի մարզպետարանի կհատկացվի ավելի քան 234 մլն դրամ՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին հրետակոծությունից վնասված բնակելի տները և մանկական պուրակը վերանորոգելու համար: «Այդ գումարից Բերդի համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կհատկացվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պորակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլ դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքերն ավարտելու համար՝ 161.6 մլն դրամ»,-ասել է նախարարը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը մանրամասներ է ներկայացրել իրականացվող աշխատանքների, այդ թվում պուրակի վերաբերյալ. «Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել և պարոն Պապիկյանի, և մարզպետարանի հետ: Խնդիրները լուծված են, ձևակերպումները մեկ հողամասի ավարտված է, մյուսն ավարտման փուլում է: Որոշումն ընդունելուն պես մենք անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարությունը: Չինարիում բնակելի տան հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են: Այս որոշմամբ տրամադրվող գումարով մինչև աշուն կիրականացվեն տան ներքին հարդարման, անասնագոմի, ցանկապատի բարեկարգման աշխատանքները: Այգեպարում աշխատանքներն ընթացքի մեջ ենք, որոնք նախատեսվում ենք ավարտել մինչև տարեվերջ: Դրանք իրականացվում են մարզպետարանի միջոցներով»: Անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխի ճանապարհի նախագծման աշխատանքներին՝ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ դրանք նույնպես ավարտվել են: «Շուռնուխի բնակելի տների նախագծերը կավարտենք մինչև մարտի վերջ, ճանապարհի նախագծման աշխատանքներն ավարտված են։ Շինարարությունն ընթանում է, հիմա իրականացվում են պայմանագրերի կնքման աշխատանքները: Այսօր էլ նորից խոսել եմ շինարարի հետ։ Կմեկնենք տարածք, ավելի կակտիվացնենք, որպեսզի նույնպես մինչև տարվա վերջ հանձնարարությունները կատարվեն»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Շիրակում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 4-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Գետք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքնի էլեկտրաշչակները: Խնդրում ենք չանհանգստանալ։

Աղբյուր՝ https://cutt.ly/Tl2tKPO

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային ժողովն ընդունեց գերիների վերաբերյալ հայտարարության նախագիծը

ՀՀ Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյա նիստը: Ազգային ժողովն ընդունել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձումը խոչընդոտելու և անհարկի ձգձգելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու հայտարարության նախագիծը:Հեղինակներն են Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Թագուհի Թովմասյանը և Վարդան Աթաբեկյանը:Նախագծով առաջարկվում է դատապարտել Ադրբեջանում հայատյացության ու կազմակերպված թշնամանքի քաղաքականության պայմաններում Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց հայրենադարձմանը խոչընդոտելը եւ արձանագրել, որ գերիներին չվերադարձնելու Ադրբեջանի՝ այս բացարձակ անթույլատրելի վարքագիծը խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի անկյունաքարային դրույթները, կոպտորեն ոտնահարում Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ խաթարելով ժամանակակից միջազգային հարաբերությունների բուն էությունը եւ վտանգելով մարդու իրավունքների պաշտպանության միջազգային եւ տարածաշրջանային համակարգերի նկատմամբ վերաբերմունքը: Նախագիծն ընդունվել է 120 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ այս նախագիծը ԱԺ-ում քննարկվել է փակ ռեժիմով: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը ասել էր, որ նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: «Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ Գլխավոր դատախազությունը, սնանկության վարույթում ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին»: Նախագիծն ընդունվել է 97 կողմ, 20 դեմ, 3 ձեռնպահ ձայներով: ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ՊԵԿ որոշ աշխատակիցների մարտական զենք տրամադրել: Նախագծի հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանն ասել էր, որ ՊԵԿ օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցներին մի շարք օրենքներով թույլատրվում է իրականացնել օպերատիվ միջոցառումներ: «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասով հատուկ նշված են այն մարմինները, որոնք իրավունք ունեն օգտագործելու՝ կրելու մարտական զենք: Նշված ցուցակում ներառված չեն Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան աշխատակիցները»: Նախագիծն ընդունվել է 91 կողմ, 6 դեմ, 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր. ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Տոների և հիշատակի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով հոկտեմբերի առաջին կիրակին կնշվի՝ որպես Ազգային փոքրամասնությունների օր:Նախագծի հեղինակը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է: Նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ նախատեսվում էր Ազգային փոքրամասնությունների օր հռչակել սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: Բաքոյանը, սակայն, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ասել էր, որ 7 տարին մեկ սեպտեմբերի 27-ը կարող է համընկնել սեպտեմբերի վերջին շաբաթ օրվա հետ, դրանով էր պայմանավորված առաջարկվող փոփոխությունը: «Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, երբեք չեն կարողանա նշել որպես տոն՝ մինչև մենք չունենանք համապատասխան հաղթանակ»:Նախագիծն ընդունվել է 115 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային ժողովը հետաձգել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ երեք թեկնածուներից մեկը՝ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։«ԲԴԽ-ն գրությամբ տեղեկացրել է, որ Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել, ինչն անհնար է դարձնում հարցի քննարկումը, որովհետև Ազգային ժողովը երեք թեկնածուներից պետք է ընտրություն կատարի։ Թեկնածուին ներկայացնողը ևս չի եկել, ուստի կհետաձգվի հարցի քննարկումը», – ասել է Միրզոյանը։Նշենք, որ Բարձրագուն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունն Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգում էր։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru