Լրահոս

Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները․ տեղի է ունեցել աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, որ ի հայտ է եկել, պատվաստանյութերի կիրառումն է, և մենք այսօր կքննարկենք այս պահին կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և մեր անելիքները, մասնավորապես՝ պատվաստման քաղաքականությունը, պատվաստանյութերի ձեռքբերման առումով մեր պայմանավորվածությունները, հետագա քայլերը»: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որից 172096-ը՝ առողջացած, 3476-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Վիճակագրական տվյալներ են ներկայացվել վարակի վերարտադրողության ցուցանիշի, դեպքայնության աճի, մահճակալային ֆոնդի զբաղվածության և առկա հիվանդանոցային կարողությունների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ նշված ցուցանիշների վերջին 7 օրվա համեմատականը մտահոգիչ է, Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ և վերահսկողական միջոցառումները չխստացնելու պարագայում կվատթարանա: Ա. Ավանեսյանն անդրադարձել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակում երեկ՝ մարտի 28-ին, Հայաստան է ներկրվել պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկային խմբերի շրջանում, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսի դեմ պատվաստելու համար: Ներկրված պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած չափանիշներին: Զեկուցվել է նաև Covid-19 դեմ պատվաստանյութի հաջորդ խմբաքանակների ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Նիստում քննարկվել են կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ առաջնահերթ անելիքները: Վարչապետն առաջարկել է աշխատանքները կազմակերպել հետևյալ ուղղություններով՝ պատվաստման շարունակական գործընթաց, դիմակների կրման մակարդակի բարձրացում, վերահսկողական միջոցառումների խստացում և հիվանդանոցային ներուժի ավելացում: Այս կապակցությամբ քննարկվել են մի շարք առաջարկներ, այդ թվում՝ պատվաստանյութերի այլ տեսակների ձեռքբերման առնչությամբ: Արծարծվել են հանրակրթական ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումներին վերաբերող հարցեր: Ընդգծվել է, որ պետք է աշխատանքներն իրականացնել կորոնավիրուսի նախորդ ճգնաժամային շրջաններում կիրառած սկզբունքների և փորձի հիման վրա: Վարչապետը հանձնարարել է ակտիվացնել տեսչական ստուգումները, հատկապես փակ տարածքներում և հանրային տրանսպորտում, շարունակել հանրային լայն իրազեկումը դիմակի կրման մշակույթը տարածելու ուղղությամբ և կենտրոնանալ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերման աշխատանքների վրա:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/03/29/Nikol-Pashinyan-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի մամլո ասուլիսը

#Արդար #Հայաստան

ℹ Թեմա՝
«Արդար Հայաստան» կուսակցության ծրագրային դրույթները, նպատակները, մոտեցումները, երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու վերաբերյալ տեսակետները:
ℹՀիմնական զեկուցողներ ՝
➡ Նորայր Նորիկյան- «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ
➡ Դավիթ Կարապետյան-«Արդար Հայաստան» կուսակցության փոխնախագահ
➡ Ադելինա Շահինյան-«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ
➡ Սամվել Պողոսյան-«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ռեյտինգային համակարգը հետընտրական ճգնաժամին միտված քաղաքական ճանապարհ է» Միքայել Նահապետյան

«Ռեյտինգային համակարգը հետընտրական ճգնաժամին միտված քաղաքական ճանապարհ է» Միքայել Նահապետյան

🔴🎥 

#ԱԺ #արտահերթ #ընտրություններ

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 


ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է հակասահմանադրական

Սահմանադրական դատարանը Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է սահմանդրությանը հակասող։ «Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել Սահմանդրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»,- ՍԴ որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Ա. Դիլանյանը՝ ավելացնելով, որ սույն որոշումը վերջնական է ու ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ ՍԴ նախագահը հայտնել է, որ սույն գործով դատավոր Խունդկարյանը հատուկ կարծիք ունի որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ։ Նշենք, որ Սահմանադրության 78 -րդհոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը որոշակիության սկզբունքը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ու առաջաին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանն էր դիմել ՍԴ՝ նշված հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում ամրագրված դրույթների կատարման ընթացքին։ Քննարկել են նաև համավարակի դեմ պայքարում ձեռնարկվող քայլերը, այս ուղղությամբ փոխգործակցությանը, ինչպես նաև երկկողմ տնտեսական, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ձեռք է բերվել հետագա շփումների վերաբերյալ պայմանավորվածություն։

Աղբյուր՝ https://cutt.ly/4xJpAtr

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 1-ը կշարունակի սուբսիդավորել մինչեւ 1 մլն դրամ գյուղվարկերի տոկոսադրույքը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է երկարաձգել գյուղատնտեսական վարկերին վերաբերող կորոնավիրուսի հակաճգնաժամային երկրորդ միջոցառման ժամկետը: Հարցը զեկուցող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ խոսքը մինչեւ 1 միլիոն դրամի վարկերի սուբսիդավորման ու պրոցեսի շարունակման մասին է՝ հավելելով՝ այս տիպի վարկերը փոխարինել են նախկինում Կառավարության կողմից տրված գյուղատնտեսական զանազան աջակցության ծրագրերի՝ պարարտանյութեր, վառելանյութ եւ այլն. «Այսպիսի փոփոխությամբ մենք անցած տարի ազատվել ենք կոռուպցիոն ռիսկեր պարունակող օգնության ծրագրերից՝ պարարտանյութ, սերմացու, դիզվառելիք եւ այլն»:Քերոբյանն ընդգծել է՝ հաշվի առնելով, որ այս գործիքի կիրառումը խիստ պահանջված է՝ առաջարկում են երկարաձգել գործիքի կիրառումը մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչեւ ամբողջությամբ վստահ կլինեն, որ գյուղատնտեսությունն ու տնտեսությունը վերականգնվել են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչեւ 1 միլիոն դրամ գյուղվարկերի տոկոսները սուբսիդավորում է Կառավարությունը, որպեսզի գյուղացիները կարողանան ստանալ վարկերը 0% տոկոսադրույքով: ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ պայմանավորված՝ գնումների ընթացակարգերում որակավորման ապահովման համակարգի կիրառման պայմանների դիվերսիֆիկացման եւ այլընտրանքների ձեւավորման անհրաժեշտությամբ պայմանավորված: Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորումներով որակավորման ապահովման չափին ներկայացվող պահանջը, ինչպես նաեւ այլընտրանքների կիրառման բացակայությունը բավարար չափով չեն խթանում գնման մրցակցային ընթացակարգերում մասնակցության աստիճանի ավելացմանը, այդ թվում ՓՄՁ-ների առումով: Գործադիրը հավանություն է տվել նաև «Օտարերկրացիների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ օրինագծերի ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունելու համար միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծմամբ, ինչի արդյունքում գործատուները օտարերկրյա աշխատողներին աշխատանքի են ընդունելու և աշխատանքի թույլտվությունը ստանալու են միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով։ Բացառություններ են նախատեսված միջազգային պայմանագրերով ՀՀ-ում աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացիների և աշխատանքի թույլտվությունից բացառություն հանդիսացող օտարերկրացիների համար, որոնց մասին տվյալները ևս մուտքագրվելու են միասնական էլեկտրոնային հարթակ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Պետական դավաճանության համար 15-20 տարվա ազատազրկում, կամ՝ ցմահ․ ԱԺ-ն ընդունել է ԲՀԿ-ի օրինագիծը

Ազգային ժողովի այսօր միաձայն (112 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ) երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը։ Այսպիսով՝ պետական դավաճանության համար սահմանվել է 15-20 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, կամ ցմահ, իսկ լրտեսության համար 12-20 տարվա ազատազրկում։ ԲՀԿ-ն առաջարկել էր պետական դավաճանության համար՝ ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարվա ազատազրկում։ Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում էին 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար 8-ից 15 տարվա ազատազրկում:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ՀՀ-ում ռազմական դրությունը վերացվել է . ԱԺ-ն ընդունեց ընդդիմադիրների նախագիծը

ԱԺ-ն ընդունել է ռազմական դրությունը վերացնելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվել է 118 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Նախագծի հեղինակները Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն էին: Նրանք առաջարկում էին հանել ռազմական դրությունը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պահպանվում է հրադադարի ռեժիմը, իսկ ռազմական դրության իրավական ռեժիմը չվերացնելը, ըստ նրանց, քաղաքական նպատակներ ունի: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երեկ պատգամավորներին առաջարկել էր կողմ քվեարկել նախագծին՝ ընդգծելով, որ, Կառավարության որոշմամբ, ռազմական դրության իրավական ռեժիմը վերանալու է: Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է հայտարարված սեպտեմբերի 27-ից՝ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով պայմանավորված: Թեև նախորդ տարվա դեկտեմբերին, ռազմական դրությամբ պայմանավորված, որոշ սահմանափակումներ հանվել էին, այնուամենայնիվ, ռազմական դրությունը շարունակում էր պահպանվել: ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրել Արսեն Մկրտչյանին: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ քվեատուփում առկա 102 քվեաթերթիկից անվավեր է ճանաչվել 4-ը: Արմեն Հայկյանցը ստացել է 11 «կողմ» ձայն, Արսեն Մկրտչյանը՝ 87: Սա ընտրության երկրորդ փուլն էր: Առաջին փուլով քվեարկությամբ ԱԺ-ն դատավոր չէր ընտրել: Այսպիսով, երկրորդ փուլին մասնակցում էին առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության առաջին փուլում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Մակունցը նշել էր, որ այդպիսով իրենց քաղաքական արձագանքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությանը, թեկնածուների նկատմամբ խորին ակնածանք ունեն: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է: Նախագիծն ընդունվել է 80 կողմ, 38 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ նախագծի քննարկման ընթացքում ասել էր, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագիծը փոփոխությունների է ենթարկվել: Ըստ նոր առաջարկությունների՝ նախատեսվում է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: «Իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: ՀՔԾ-ի հետ ենք քննարկել, ուժը կորցրած ճանաչելով «ՀՔԾ մասին» օրենքը, ըստ այդմ, ամբողջությամբ վերանայվել են հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագծի մասին անցումային դրույթները»,- քննարկման ընթացքում ասել էր ՀՀ արդարադատության նախարարը: Հիշեցնենք, որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել էր այս տարվա հունվարի 19-ին: Նախագծով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումը և իրականացումը։ Միաժամանակ, քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն: Ազգային ժողովը 6 ամսով երկարաձգել է Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունները: Որոշման նախագիծն ընդունվել է 117 կողմ, դեմ 1, ձեռնպահ 1 ձայների հարաբերկացությամբ: Հանձնաժողովի լիազորությունները երկարաձգելու մասին որոշման նախագիծը ԱԺ-ում քննարկվել էր երեկ: «Որպեսզի մենք կարողանանք տրամաբանական ավարտին հասցնել հանձնաժողովի աշխատանքները, մեզ անհրաժեշտ են լիազորությունների ժամկետի երկարաձգում, հետևաբար հանձնաժողովը այս առաջարկությամբ հանդես է գալիս և ներկայացնում սույն որոշման նախագիծը»,- քննարկման ընթացքում ասել էր հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել ընդդիմության առաջարկած ռազմական դրությունը վերացնելու նախագծին: Միրզոյանն ասել է, որ Կառավարությունը, միևնույն է, պետք է նախաձեռնի ռազմական դրությունը հանելու գործընթացը: Նա նաև հիշեցրեց, որ կա արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և այդպիսով երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու որոշում: «Ես ցանկանում եմ նաև համերաշխություն բառը օգտագործել, գուցե համերաշխության տակ բոլոր պատգամավորները չցանկանան ստորագրել, բայց առնվազն հանգուցալուծման ճանապարհ է սա, և քաղաքական կայունության այսպես թե այնպես վերականգնման, այս կամ այն ելքով վերականգնման ճանապարհ է»:ԱԺ նախագահը նշել է, որ բացարձակապես անհիմն են պնդումները, որ ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է քաղաքական նկատառումների պատճառով։ Ըստ նրա՝ դրա վառ վկայությունն է Բաղրամյան պողոտայում ընդդիմության տեղադրած վրանները։ ՀՀ ազգային ժողովը քննարկել է նաև կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը 6 ամսով երկարաձգել: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկարաձգելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը: Խաչատրյանը հիշեցրել է , որ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է դեռ անցյալ տարվա ամռանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ: «Պատերազմի հետևանքով, ինչպես նաև պետական համակարգi գերծանրաբեռնվածության պայմաններում հնարավոր չի եղել ակնհայտորեն ապահովել հանձնաժողովի բնականոն գործունեությունը, և մենք կարողացել ենք իրականացնել մեր լիազորությունները միայն վերջին երկու ամսվա ընթացքում»,- ասաց Խաչատրյանը:Նա վստահեցրել է, որ բավականին ծավալուն աշխատանք է իրականացվել հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններով:Անդադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միզրոյանի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին՝ Խաչատրյանը նշել է, որ նույնսիկ եթե ընտրությունների գնալու պարագայում քննիչ հանձնաժողովը չհասցնի ամբողջապես ավարտել աշխատանքը, ինքը կարծում է, որ կատարված աշխատանքը կորած չի լինելու: «Լիահույս եմ, որ մյուս ԱԺ-ի համար կորոնավիրուսի հետ կապված հարցերի քննությունը ևս կլինի օրակարգային և կարևոր ուղություններից մեկը»,- նշել է նա ու վստահեցրել, որ գործող հանձնաժողովն իր պարտականությունները կկատարի այնքանով, որքանով կհասցնի, և այդ տեղեկատվությունը կփոխանցվի նաև հաջորդ ԱԺ-ին:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԱԾ-ն զբաղվածության գործակալության Գյումրիի կենտրոնի աշխատակիցների կողմից կաշառք ստանալու դեպք է բացահայտել, կան ձերբակալվածներ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հայտնում է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր բացահայտելու մասին, 9 անձ, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը ձերբակալվել են։ ԱԱԾ-ն մանրամասնում է՝ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել է, որ Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Ա.Ա-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախնական համաձայնության գալով իր ենթակայությամբ աշխատող, պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակիցների հետ, «Զբաղվածության պետական գործակալության» շահառուների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում», «Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրերի՝ մինչև երեխայի երկու տարին լրանալն աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրում», «Փոքր բիզնեսի, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրերում ընդգրկելու և պետության միջոցներից դրամական օգնություն տրամադրելու համար, 2021 թվականի փետրվար-մարտ ամիսներին Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի իր աշխատասենյակում, մի շարք քաղաքացիներից, անձամբ կամ իր աշխատակիցների միջոցով, քողարկված եղանակով պահանջել և ստացել է զգալի չափերով կաշառքի գումարներ, իսկ այնուհետև՝ դրանցից որպես «մասնաբաժին» գումարներ է առանձնացրել և փոխանցել իր ենթակայության ներքո գտնվող աշխատակիցներին: Ըստ հաղորդագրության, հերթական անգամ՝ 2021 թվականի մարտի 19-ին, ծրագրի շահառու հանդիսացած և սոցիալապես անապահով Ա.Մ-ի կողմից անասնապահությամբ զբաղվելու համար աջակցություն տրամադրած գումարը ստանալուց և որպես կաշառք առանձնացված 50 հազար դրամ գումարը Գյումրիի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի տեղակալին տալուց անմիջապես հետո՝ վերջինները և զբաղվածության կենտրոնի մյուս աշխատակիցները բռնվել ու բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության Շիրակի մարզային վարչություն: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում՝ ձերբակալվել են ընդհանուր թվով 9-ը անձինք, որոնցից 8-ը կին, այդ թվում՝ զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, տեղակալը, ինչպես նաև նրանց ենթակայության ներքո գտնվող թվով 6-ը մասնագետները, ովքեր, բոլորը, այդ թվում՝ կենտրոնի տնօրենը, գործով ձեռք բերված անհերքելի փաստերի ճնշման ներքո, տվել են խոստովանական ցուցմունքներ և աջակցել են նախաքննական մարմնին կոռուպցիոն մեխանիզմի ամբողջական բացահայտման համար: Քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են նաև զբաղվածության կենտրոնի աշխատակիցներին կաշառք տված քաղաքացիների ինքնությունները, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Կատարված երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում, ինչպես ԱԱԾ-ն է նշում, հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ կաշառքի գումարներ, կաշառք տված անձանց վերաբերյալ գրառումներ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր և այլն: Քրեական գործով վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշումներ են կայացվել հանրային ծառայության մեջ գտնվող կասկածյալների պաշտոնավարությունները ժամանակավոր դադարեցնելու վերաբերյալ: Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունները և դրանում ներգրավված անձանց ինքնությունները բացահայտելու համար: ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին և պետական ու համայնքային մարմինների աշխատակիցներին՝ դրսևորել բացառապես օրինապաշտ վարքագիծ՝ միաժամանակ հաշվի առնել, որ կաշառք և ապօրինի վարձատրություն տալու, ստանալու հանրային վտանգավորությունը բարձր է այնքանով, որ այն ոչ միայն խաթարում է պետաիշխանական և կառավարչական կառույցների բնականոն գործունեությունը, վնասում է նրանց հեղինակությանը, այլ ընդհանրապես քաղաքացիական հասարակարգ կառուցող բոլոր երկրներում մեծագույն խնդիր է, որը կարող է արգելակել իշխանության համակարգերում քաղաքացիական հասարակության ստեղծմանը, ժողովրդավարական հասարակարգի կառուցմանը՝ ի չիք դարձնելով բոլոր այն ձեռնարկումները, որոնք ուղղված են հասարակական հարաբերությունների առողջացմանը, մարդկանց բարեկեցության բարձրացմանը։

Աղբյուր՝ https://cutt.ly/oxbtQDK

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru