Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: «Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»: Նրա խոսքով՝ մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի մասնագիտանալու են նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերում Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս նպատակով դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը Երևան քաղաքում: Որոշումն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա»
➡ Դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտավ «Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ Կառավարության որոշումը։ Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Որոշման ընդունումը հիմնավորվում է նրանով, որ, անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Թուրքիայի բյուջե ՀՀ աղբյուրներից ֆինանսավորումը, որի հաշվին, հնարավորություն էր ստեղծվում Թուրքիայի իշխանությունների համար միջոցներն ուղղորդել Ադրբեջանին սատարելուն։
➡ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նշվում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։
➡ Այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմներ են մշակվում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանը մեկ գերի է հանձնել Ադրբեջանին, հինգ հայ գերի էլ Բաքվից Երևան է վերադարձել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: «Իմ անձնական վերահսկողության ներքո գտնվող ռուս խաղաղապահների կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ռուսական ինքնաթիռը Երևանից Բաքու է տեղափոխել մեկ գերու, հինգ գերի էլ վերադարձվել է Երևան»,- ասել է Մուրադովը: Նշենք, որ հայրենիք վերադարձած 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու տարեկան բյուջեն․ ավելացել է նոր վճար․ որոշ դրույքաչափեր փոխվել են
Գյումրու տարեկան բյուջեն ընթացիկ տարում կազմելու է 4 մլրդ 627,8 մլն դրամ։ ՀՀ արդարադատության նախարարության դրական եզրակացությունը ստանալուց եւ հանրային քննարկմանը ներկայացնելուց հետո տարեվերջին բյուջեի նախագիծը ավագանու հաստատմանը ներկայացվեց։
2021 թվականի բյուջեի կազմման ուղենիշ է հանդիսացել համայնքի զարգացման 2017-2021 թվականներին իրականացվող զարգացման ծրագիրը։
«Բյուջեն 2021 թվականի ֆինանսական եկամուտների եւ ծախսերի նախահաշիվ է, որը մշակվել է՝ ելնելով համայնքի զարգացման 2017-2021 թվականների ծրագրից։ Մեր բյուջեն առայժմ կանխատեսվող է, հաստատված եւ ճիշտ թվերով բյուջեն կներկայացվի հաջորդ տարվա առաջին իսկ ավագանու նիստում, վստահ ենք, որ տարին փակելուց հետո ունենալու ենք ազատ միջոցներ, դրանք հաշվարակելուց հետո կներկայացվի ավագանու հաստատմանը»,-նիստի ժամանակ նշել էր Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը։
Նրա խոսքով՝ բյուջեի եկամուտները կազմելու են 4 մլրդ 627,8 մլն դրամ, ծախսային մասը՝ 4 մլրդ 627,8 մլն դարմ։ Համայնքը համահարթեցման նպատակով պետական բյուջեից կստանա 2 մլրդ 834 մլն 700 հազար դրամ, բայց այդ գումարից, պետական բյուջեից քաղաքը կապիտալ ծախսերի եւ պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով գումար եւս կստանա։
«Բյուջեն կազմված է ֆոնդային եւ վարչական մասերից, հիմնվել է նախորդ տարիների փորձի եւ հաշվարկների վրա»,-ավելացրել էր Լ․Ջիլավյանը՝ նշելով, որ համայնքի սեփական եկամուտների պլանն այսօր մոտ 1 մլրդ 715 մլն դրամ է, իսկ ֆոնդային բյուջեի պլանը՝ 113 մլն 700 հազար դրամ։
Նախորդ տարիների համեմատ, 2021-ին Գյումրու համայնքի բյուջեում կրկնակի անգամ ավելացել է արցախյան պատերազմի մասնակիցներին, ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության չափը։
2021 թվականից Գյումրիում գործում է նոր վճար։ Քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ 1 (մեկ) գլխի հաշվով՝ մանր եղջերավոր անասուններ՝ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, շներ՝ 5000 ՀՀ դրամ է սահմանվել։
Որոշակի փոփոխություններ են կատարվել համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափերի մասով։
2021 թվականին համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափը մշտական ցուցադրության այցելության վճար բացատրությամբ (էքսկուրսիա) օտար լեզուներով՝ մինչև 6 տարեկանը ներառյալ` կլինի անվճար, 7-16 տարեկանը 200 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար` բացառությամբ 1-ին և 2-րդ ենթակետերում նշվածների, 400 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) հայերեն լեզվով՝ 1000 դրամ, մշտական ցուցադրության այցելության վճար՝ բացատրությամբ (էքսկուրսիա) օտար լեզուներով՝ 2000 դրամ։
Գյումրու 24 համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունից 11-ում 500-1500 դրամով բարձրացել է ծնողական ամսական վճարի չափը։
Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածումն ու արցախյան երկրորդ պատերազմը բացասական ազդեցություն են ունեցել Գյումրու ներդրումային ծրագրերի ընթացքի վրա
2020 թվականին Գյումրիում նախատեսված են եղել բազմաթիվ միջոցառումներ, ծրագրերի իրականացում, որոնք ձգձգվել են նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման եւ արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով։ Այնուհանդերձ, համայնքապետարանն հույս ունի, որ նախատեսված, բայց չիրականացված քայլերը կիրագործվեն ընթացիկ տարում։ 2021 թվականը Գյումրիում կկարեւորվի նախ պատմական միջուկի եւ կենտրոնական մասի վերականգնման աշխատանքներով։
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է՝ այդ ծրագիրն ամենամեծն է համարվում։ Այն իրագործվելու է Հայաստանի տարածքային հիմնադրամի զարգացման միջոցով՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ Համաշխարհային բանկի ներդրմամբ։
«Այդ ծրագրի նախապատրաստական, փաստաթղթային աշխատանքներն համարյա ավարտված են։ Ծրագիրն հիմնականում ընդգրկում է քաղաքի Սլաբոդկա թաղամասը՝ Կենտրոնական հրապարակից մինչեւ Տերյան, Աճեմյան, Ջիվանու, Շահումյան, հարակից փողոցներն ու Հաղթանակի պողոտան։ Այս ծրագրի շրջանակում քննարկվում է նաեւ հրապարակների վերակառուցման հարցը»,-ասում է Հ․Գասպարյանը։
Քաղաքի կենտրոնական մասի վերակառուցման այս ծրագրով նախատեսվում է երկու կարեւոր՝ Գյումրու Ջիվանու 50 եւ Ս․Համբարձումյանի 30 հասցեներում գտնվող շենքերի վերականգնում։ Ջիվանու 50 հասցեում նախկինում տեղակայված է եղել Բ․Ղարիբջանյանի տուն-թանգարանը, իսկ Ս․Համբարձումյանի 30 հասցեում՝ գրադարանը։ Նախատեսվում է երկու շենքերն էլ վերականգնել որպես մշակութային օջախներ՝ թանգարաններ։
«2021 թվականին շարունակվելու են աշխատանքները։ Ինտենսիվ աշխատում ենք հիմնադրամի, ՀՀ զբոսաշրջության կոմիտեի հետ։ Ծրագիրը մեկնարկել է անցած տարվանից»,-ավելացնում է գլխավոր ճարտարապետը։
Սբ․Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ շատրվանի վերանորոգման աշխատանքներն ընդգկված են այս ծրագրում։
Հ․Գասպարյանի փոխանցմամբ՝ Մանուշյան փողոցի «Ֆանտաններ» թաղամասի շատրվանի վերականգնման աշխատանքների համար շահագրգիռ կողմը ներդրումներ գտնելու հարցով է զբաղված։
Քաղաքի խորհրդանիշ Բարեկամության շատրվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն է զբաղված այս աշխատանքներով։
Դեռ 2017 թվականին էր հստակեցվել, որ նախկին «Շիրակ» հյուրանոցի փոխարեն կառուցվելու է առեւտրի կամ բիզնես կենտրոն, համալիր, ամբողջ միջոցները ներդնելու ցանկություն հայտնել է հենց ինքը` գործարարը:
Պետությունն ու մարզը ներդրողին են տրամադրել նախկին հյուրանոցի կիսավեր շենքը, նաեւ հողամասը: Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2021 թվականին։ Կենտրոնի շահագործման դեպքում ակնկալվում է մոտ 150 աշխատատեղի ստեղծում։
Գյումրիում մարզական ավան կառուցելու ծրագրի մասին հանրությունը տեղյակ է դեռ 2007 թվականից։ «Սպորտ սիթի Գյումրի» նախագծի աշխատանքները եւս կշարունակվեն այս տարի։ Նախագծի հեղինակը մականախաղի վաստակավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանն է։ Գյումրու գլխավոր ճարտարապետն ասում է․ «Չեմ կարծում, ործրագրի իրականացման աշխատանքներն այս տարի ավարտվեն»։ 
Նախորդ տարի «Արմոն» ընկերությունը մշակել էր Գյումրու զարգացման ավելի քան կես միլիոն դոլարի ներդրումային ծրագիր։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու. նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։ Նախագիծը կոչվում է «Sky Gyumri»։ 
Էկոթաղամասը նախատեսվում է կառուցել ներկայում անմխիթար պայմաններում գտնվող Բուլվարային կոչվող թաղամասում։ Նախագծի զարդը օդային շարժակազմն է լինելու, նախատեսվում է 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցել։
Երթուղին անցնելու է քաղաքի ծայրամասային թաղամասերով, որ համաչափ զարգացում ապահովի։
Գլխավոր ճարտարապետ Հ․Գասպարյանն ասում է, որ նախագծի գաղափարը դարձյալ քննարկել են համայնքապետարանում։ «Ամեն ինչ արեցինք։ Ներկայում այնքան էլ առաջխաղացում չկա։ Կողմը ներկայացրել է ներդրումային ծրագիրը, չափորոշիչները, նպատակները, բայց դեռեւս չկան նախագծերը»,-ավելացնում է Հ․Գասպարյանը։
Այս տարվա գարնանը կմեկնարկի Գյումրու Բարեկամության այգու վերականգնումը, որը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը՝ IDeA-ն, կառավարության հետ համատեղ:
Նախկինում այս տարածքում տեղադրված էին տնակներ։ Տնակների ապամոնտաժումից հետո ծնվեց այն գեղատեսիլ վայրի վերածման գաղափար։
Ըստ նախագծի՝ Գյումրու Բարեկամություն այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստյան գոտիով, սրճարանով, կարուսելներով:
Գյումրիում բնակարանաշինության ծրագրի իրականացման մասով դեռեւս հայտնի է միայն Հայաստան համահայկական հիմնադրամի անելիքը։ Ինչպես նշում է Գյումրու գլխավոր ճարտարապետը, հիմնադրամը Գյումրու Մուշ-2 թաղամասում կառուցելու է շենքեր՝ մոտ 400 բնակարանով․ կից կառուցվելու է նաեւ մանկապարտեզ։ Աշխատանքները դեռեւս գտնվում են նախագծման փուլում։ Իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի եւ Գյումրու համայնքապետարանի՝ համատեղ բնակարանների կառուցման այս ծրագրի մասին ներկայում դեռեւս չկա հստակեցում։ Արդեն 4 տարի է՝ ԱՌԴԱ-համայնքապետարան համատեղ ջանքերով Գյումրիում 4 տասնյակից ավելի բնակարան է տրվել միայնակ տարեցների ու բազմանդամ ընտանիքների։ Բնակարանները համայնքի սեփականությունն են եւ բնակիչներին դրանք հանձնվել են անհատույց օգտագործման։
Նախորդ տարեվերջին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախկին պատգամավոր Արման Սահակյանի եւ գործարար Վարտան Սիրմակեսի (միասին ներդրող) կողմից ներկայացված՝ Գյումրի քաղաքում «Ռենեսանս» թաղամասի կառուցման ներդրումային ծրագրին, չնայած որ մասնագիտական խումբը դեմ է արտահայտվել ընտրված տեղանքին եւ բազմաբնակարան շենքեր կառուցելու ծրագրին։
Ներդրումային ծրագրի շրջանակներում կառուցապատման համար ներդրողին է տրամադրվելու Գյումրի քաղաքի Ղարսի խճուղուն հարող 21.07 հա մակերեսով տարածքը:
Ծրագրի նախնական արժեքը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է (ներառյալ ԱԱՀ-ն): Միայն շինարարության փուլում նախատեսվում է միջինում ստեղծել առնվազն 300 աշխատատեղ (չհաշված մուլտիպլիկատիվ էֆեկտը):
Նախատեսվում է, որ թաղամասում՝ պահպանելով տարածքում առկա պատմամշակութային միջավայրը և հուշարձան հանդիսացող շենքերը, կառուցվելու են ժամանակակից և ավանդական ճարտարապետության համադրությամբ կառուցված բազմաբնակարան շենքեր, որոնց ճակատային 1-ին հարկերը կնախատեսվեն փոքր և միջին բիզնեսին, հասարակական նշանակության հաստատություններին: Թաղամասում կկառուցվեն դպրոց, մանկապարտեզ, մանկական խաղահրապարակներ, զբոսուղիներ, ավտոկայանատեղեր, բարձրակարգ կենցաղի համար անհրաժեշտ այլ օբյեկտներ, հոգևոր և մշակութային կենտրոններ, հյուրանոց, կապահովվեն բոլոր պայմանները ժամանակակից քաղաքային միջավայր և մշակույթ ձևավորելու համար առաջին հերթին երիտասարդ ընտանիքների պահանջներին համահունչ:
Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հայտնել է, որ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» հավելվածը: «Նախորդ տարվանից ծավալվող նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել։ Եվ մեր բազմաթիվ հայրենակիցներ հարց էին բարձրացնում ՌԴ-ի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, որովհետև դա նաև որոշակի սոցիալական կոմպոնենտ ունեցող հարց էր: Գիտեք, որ մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի էին մեկնում Ռուսաստանի Դաշնություն:Մենք նախորդ տարվանից Ռուսաստանի և Եվասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ աշխատում ենք այս ուղղությամբ: Եվ ահա ունենք կարծես կոնկրետ արդյունք. մեկնարկում է, գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան ճամփորդել օդային տրանսպորտով դեպի Ռուսաստանի Դաշնություն, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրն առայժմ մեկնարկում է պիլոտային կարգով մինչև մարտի 1-ը, բայց գործնականում կարծում ենք, որ այն կաշխատի, որովհետև նախափորձարկումն արդեն հաջող է անցել»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի վերաբերյալ և նշել, որ ստեղծվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվել են մի շարք լաբորատորիաներ: «Քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «Путешествую без COVID» հավելվածը: Այն հեշտությամբ կարելի է գտնել և ներբեռնել հեռախոսի մեջ: Այդ հավելվածում նշված են այն լաբորատորիաները, որոնք գործում են այս կարգի համաձայն և ընդգրկված են ծրագրում: Կարող են այս լաբորատորիաներից մեկում հանձնել թեստը: Թեստի արդյունքները QR կոդով կարդացվում են համապաստախան ծրագրով: Թեստի բացասական պատասխանի արդյունքում կանաչում է նրա ազատ տեղաշարժի պատուհանը և նա կարողանում է հատել սահմանը: Ուղղակի պիտի խնդրենք, որ քաղաքացիները վստահ լինեն, որ հավելվածն իրենց հեռախոսում աշխատում է, որ թեստի պատասխանը արված է առնվազն 72 ժամվա ընթացքում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում փետրվարի 1-ից: Կառավարությունը հաստատել է նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն չունեցող զինծառայողներին սոցիալական աջակցության տրամադրման միջոցառումը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սոցիալական աջակցության ձևով՝ 500 000 դրամի չափով, դրամական օգնություն հատկացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին՝ վիրավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության բերումով առաջ եկած ֆինանսական դժվարությունները մեղմելու համար: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է,որ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի է անցել բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ։ Աջակցության տրամադրման կարգը պետք է մշակվի մինչև 2021 թ. փետրվարի 3-ը: Շահառուները գումարները կկարողանան ստանալ առավելագույնը 10 օրվա ընթացքում՝ էլեկտրոնային տարբերակով: «Անհրաժեշտ է լինելու միայն իրենց անձնական տվյալները և բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալու փաստը: Անհրաժեշտություն չկա նաև փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա մեզ մոտ կան բոլոր տվյալները»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրել է, որ այս որոշումը նույնպես իր կողմից հրապարակած ճանապարհային քարտեզի տրամաբանության մեջ է:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/01/27/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
2018 թվականից մինչ օրս Շիրակի մարզն ընդունում է արդեն թվով 3-րդ մարզպետին: Հաճախակի արվող այս փոփոխությունները կառավարությունում բնականոն են համարում:
Սինխրոն -պետք չի դրանից մտածել որ մարզը կտուժի
Նախ շնորհակալություն մարզի նախկին ղեկավարին բարեխիղճ աշխատանքի համար և ապա բարի երթ նորանշանակին: Այս առաքելությամբ էր աշխատանքային այցով այսօր Գյումրիում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախ համավարակը, հետո Արցախյան պատերազմը նոր մարտահրավերներ են առաջ բերել Հայաստանում , մասնավորապես Շիրակի մարզում, եվ այդ խնդիրները հաղթահարելու հարցում այժմ մեզ հարկավոր է մեծ կամքի ուժ, նշեց նախարարը:
Մարզում ծառացած խնդիրների լուծման հարցում, Սուրեն Պապիկյանը կարևորեց հատկապես համայնքապետերի դերը:
2021 թվականին անելիքները շատ են հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում, դրանց մեծ մասը նախորդ տարում, չնայած առկա խոչընդոտներին, կյանքի կոչվել են:
Ըստ նախարարի Տեմպով աշխատելու են նաև տուրիզմի զարգացման ուղղությամբ:
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների մեկնարկի մասին էլ նախարարը հուսադրող ասելիք ուներ:
Ինչ աշխատանքներ են իրականացվում շիրակցի գերիների վերադարձի ուղղությամբ հարցին ի պատասխան Սուրեն Պապիկյանը հայտնեց ամենաթարմ նորությունը:
Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը փակ հանդիպում ունեցավ շիրակցի գերիների հարազատների հետ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարել ։ Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախ կոչ է արել ձևավորել գործընկերային, համագործակցային միջավայր և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։ «Գործընկերային, համագործակցային միջավայրում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», – ասել է Խաչատրյանը։ Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկել։ Խաչատրյանը նշել է, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։ Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է 12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։ Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գերիների եւ անհետ կորածների թիվը գաղտնիք է․ կան իրարամերժ կարծիքներ
Հայաստանը գաղտնի է պահում արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում գերեվարված, նաեւ անհետ կորած անձանց ու քաղաքացիների թիվը։
Դեռ հունվարի սկզբին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների իրական թիվը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հակառակն է ընդգծում՝ ֆեյսբուքյան էջում գրառելով, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
«Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդում: Պետության մերժման որոշումը պետք է լինի պատճառաբանված:
Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների վերաբերյալ թվական տվյալներ չհրապարակելը ՀՀ կառավարությունը երեկվա պաշտոնական արձագանքով պատճառաբանել է ընդամենը նշումով այն մասին, որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: Սա ընդունելի մոտեցում չէ:
Իրականում, Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների թվի հրապարակմամբ առնվազն՝ 1) հնարավորություն կառաջանա զգալիորեն մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի նկատմամբ գերիների ազատ արձակման ու վերադարձի հարցով, 2) առաջ կգան Ադրբեջանի նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ դնելու հիմքեր, 3) կբարձրանա Ադրբեջանում պահվող գերիների պաշտպանության աստիճանը, 4) հրապարակայնորեն կընդգծվի պետության հարգանքը գերիների ու նրանց ընտանիքների իրավունքների նկատմամբ, 5) հրապարակայներոն կընդգծվի պետության պատասխանատու վերաբերմունքը հանրային կարևորության այս հարցի նկատմամբ, 6) վերջապես, պետության այդ քայլով կբացառվի կամ էականորեն կնվազեցվի հանրությանը կեղծ տեղեկություններով մոլորեցնելու ու հետևաբար՝ շահարկում իրականացնելու որևէ կողմի փորձ:
Հետևաբար, ՀՀ պետական իրավասու մարմինը պետք է հրապարակի հայկական կողմի գերիների այն թիվը, որոնք իր տրամադրության ներքո առկա տվյալների համաձայն կամ իր համոզմամբ՝ ներկայում պահվում են Ադրբեջանում գերության մեջ»,-գրել էր Ա․Թաթոյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն արձագանքելով ՀՀ ՄԻՊ-ի այս գրառմանը, ընդգծել էր։ «Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ անթույլատրելի է, որ գերիների վերջնական թիվը չի հրապարակվել՝ հարցնելով՝ ի՞նչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում:
«Ես կասկած չունեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարող էր իմանալ (կարող էր փորձից կռահել կամ Կառավարության գործընկերներից իմանալ), թե ինչ իրավաչափ շահ է դրանով հետապնդվում, սակայն քանի որ ընտրել է հարցը քննարկել հանրային, պարզաբանեմ։
Ադրբեջանը հաստատում է միայն այն գերիների առկայությունը, որոնց մասին կան անհերքելի ապացույցներ։ Այսինքն կան անձիք, ում գերության մեջ լինելու մասին Հայաստանը ունի պնդում, սակայն Ադրբեջանը չի հաստատում այդ անձանց գերության մեջ լինելը։ Հայաստանը բոլոր միջոցներով՝ կլինի դա ռուսական կողմի, թե Կարմիր խաչի, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե այլ միջոցներով պնդում է նույնիսկ փոքր ապացույցի պարագայում անձի գերության մեջ լինելու հանգամանքը։
Միևնույն ժամանակ չի բացառվում, որ կան անձիք, ովքեր գտնվում են գերության մեջ, սակայն Հայաստանը այդ մասին ոչ մի տեղեկություն չունի՝ անձին համարելով անհետ կորած։ Եվ չի բացառվում, որ եթե այսօր առկա չէ փոքր կամ անհերքելի ապացույց, ապա վաղը այն կարող է ի հայտ գալ։ Եվ վերջնական թիվ հրապարակելը կդժվարացնի ցուցակի համալրումը։ Ավելին` վերջնական թիվ հրապարակելը կարող է վտանգել գերության մեջ գտնվող, բայց մեզ դեռևս անհայտ անձանց կյանքը»։
«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը․ գործուն եւ չգործող մեխանիզմներ
Դեռ 2020 թվականի դեկտեմբերին Ռիա Նովոստին տեղեկացրեց, որ Ադրբեջանը կողմ է գերիների փոխանակման հարցում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին, որից հետո մեկնարկեց գերիների փոխանակման առաջին փուլը, որից հետո Հայաստան վերադարձվեց շուրջ 50 գերի։
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը գերիների փոխանակման մի քանի կանոն է նշում․
Ես չգիտեմ թե որքանով է 6-րդ կետը վերաբերելի Հայաստանին, ունի՞ արդյոք փոխանակման՝ Ադրբեջանին հանձնելու համար պահած այլ գերիներ, թե՞ բոլորին առաջին իսկ փուլով է հանձնել: Եթե նման բան են արել իշխանությունները, ուրեմն հերթական խայտառակ սխալն են գործել, անհնար է պատկերացնել, որ փորձառու զինվորականներն ու ոչ այնքան փորձառու դիվանագետները այս կանոնները չեն իմացել: Գուցե Ադրբեջա՞նը թքած ունի այստեղ իր ունեցած գերիների վրա եւ այլ բան է ուզում ստանալ մեր գերիներին վերադարձնելու փոխարեն, դժվարանում եմ ասել»,-գրել է Լ․Բարսեղյանը:
Գերեվարություն՝ նաեւ եռակողմ հայտարարությունից հետո
Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների է գերեվարել նաեւ եռակողմ հայտարարությունից հետո, նրանց համարում է ահաբեկիչներ։ Նրանց թվում են Խծաբերդում գերեվարված 60-ից ավելի շիրակցիները։
Խնդրին հետամուտ են լինում բոլորը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն անդրադառնալով այս խնդրին, հանդես է եկել հայտարարությամբ․ «Հրադադարի հաստատումից հետո հայ զինծառայողների գերեվարումը պետք է դիտարկել եռակողմ հայտարարության կարեւոր դրույթի խախտման համատեքստում։ Խծաբերդի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գործողությունները եւ այնուհետ, ադրբեջանակական կողմի հայտարարությունները, որ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվելու՝ ցույց է տալիս, որ ռազմագերիները պահվում են պատանդի կարգավիճակում զուտ Ադրբեջանի քաղաքական օրակարգից ելնելով։
Նոյեմբերի 9-ի ստորագրված հայտարարության 8-րդ կետի ոչ ամբողջական իրացումը ապացուցում է, որ Ադրբեջանը հումանիտար ուղղությամբ իր ստանձնած պարտականությունները չի իրականացնում։ Նկատենք, որ սույն կետով նախատեսվում էր «ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու զոհվածների դիերի փոխանակում» առանց որեւէ ժամկետների ներառման։ Ուստի, ադրբեջանական կողմի պնդումները, որ Խծաբերդում գերեվարվածներն ունեն այլ կարգավիճակ եւ չեն կարող դիտարկվել այս հայտարարության շրջանակներում՝ սին է ու հիմազուրկ։
Միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից ռազմագերիների վերադարձման գործընթացի խոչընդոտումն ու անհարկի ձգձգումը կոպտագույն խախտում է, որը պետք է արժանանա պատշաճ գնահատականի։ Սա է պատճառը, որ մենք եւս մեկ անգամ մեր միջազգային գործընկերների ուշադրությունն ենք հրավիրում եւ ընդգծում, որ հայկական կողմի համար առաջնահերթություն է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց արագ եւ ապահով վերադարձը։
Օգտագործելով խորհրդարանական դիվանագիտության բոլոր խողովակները հետամուտ ենք լինելու խնդրի հանգուցալուծմանը»,-գրել է նա։
Մինչ այս հայտարարությունը, Ն․Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ Շիրակի մարզից գերեվարված 62 քաղաքացու կյանքի և առողջության երաշխիքների ապահովման համար դիմել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտե (ԽԿԿ, CPT)։
«Նախագահ Միկոլա Գնատովսկուն ուղղված նամակում կոչ եմ արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ եւ հնարավորության դեպքում իրականացնել հրատապ (ad hoc) այց Ադրբեջանի փակ հաստատություններում պահվող գերեվարված անձանց պայմանների մոնիտորինգ իրականացնելու համար։
Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի համաձայն ռազմական գործողությունների ավարտից հետո գերեվարված անձինք կյանքի, ֆիզիկական և հոգեկան առողջության անձեռնմխելիության իրավունք ունեն։ Գերեվարվածները բոլոր հանգամանքներում պետք է օգտվեն պաշտպանությունից և արժանանան մարդասիրական վերաբերմունքի առանց որևէ խտրականության։ Պետք է երաշխավորվի ընտանիքի անդամների հետ նամակագրության և օգնություն ստանալու իրավունքը։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի, ինչպես նաև առանձին իրավապաշտպաններ մեր 62 հայրենակիցների հարցով դիմել էին ՄԻԵԴ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրատապ միջանկյալ միջոց էր կիրառել այս հարցով։ Ցավով պետք է արձանագրեմ, որ նշված ժամկետը՝ դեկտեմբերի 28-ը, որի ընթացքում Ադրբեջանը պետք փոխանցեր տեղեկատվություն ռազմագերիների վերաբերյալ, բժշկական փաստաթղթեր տրամադրեր եւ վերջիններիս փոխանակման ժամկետներ հայտներ, խախտվել է։
Ուստի, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարհական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը հունվարի 3-ին և 5-ին դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե՝ Դատարանի կանոնների 39 -ի 2-րդ դրույթի հիման վրա։
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը կամ պատժի կանխարգելման կոմիտեին (ԽԿՀ, CPT) ուղղված այսօրվա իմ նամակը ևս մեկ լրացուցիչ միջոց է, որը Եվրոպական դատարանի գոյություն ունեցող դատական մեխանիզմի հետ մեկտեղ հուսանք կկիրառվի որպես կանխարգելիչ և ոչ դատական մեխանիզմ։ Քանզի ԽԿԿ-ն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է կազմում։
Հարկ եմ համարում եւս մեկ անգամ հորդորել բոլորին սոցիալական ցանցերում ռազմագերիների անունների և այլ անհատական տվյալների հրապարակումից զերծ մնալ»,-գրել է պատգամավորը։
Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի կոչերով անընդմեջ հանդես են գալիս ինչպես ՀՀ ՄԻՊ-ը, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։
Մի քանի օր առաջ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն ասել էր, որ Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնի Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների և այդ երկրում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը:
Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջերս հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Կուսակցության փոխանցմամբ՝ դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։
Գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ օրեր առաջ Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը եւս առանձնազրույց էունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Ֆ․Ցոլակյանն անդրադառնալով գերիների վերադարձի խնդիրին՝ ֆեյսբուքյան էջում գրառել ․ «Հատկապես Շիրակի մարզից այս օրերին մի շարք ահազանգեր եմ ստանում` կապված մեր գերիների ցուցակների, նրանց վիճակի, վերջիններիս անվտանգ Հայաստան վերադարձնելու վերաբերյալ։
Ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ գերիների հետ կապված խնդիրների, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ այսօր առավոտյան առանձնազրույց եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
Պարոն դեսպանը ներկայացրել է մանրամասներ` գերիներին անվտանգ Հայաստան վերադարձնելու շուրջ կատարվող աշխատանքների վերաբերյալ` հավաստիացնելով, որ ՌԴ ղեկավարությունը և ԱԳՆ-ն սրտացավորեն են զբաղվում մեր հայրենակիցների անվտանգ վերադարձի խնդիրներով։
Պարոն դեսպանի հետ հանդիպելուց անմիջապես հետո` հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ, որը նույնպես պարզաբանումներ է տվել այս ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին և հավաստիացրել, որ ամեն ինչ արվում է գերիների անվտանգ վերադարձը Հայրենիք ապահովելու համար։
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Անհամբեր սպասում ենք Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների վերադարձին։
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»,-գրել է նա։
Գերիների անհապաղ վերադարձի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները ՀՀ ՄԻՊ-ն օրեր առաջ ներկայացրել է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը։
«Արման Թաթոյանն առաջնահերթ բարձրացրել է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքներին և նրանց անհապաղ վերադարձին առնչվող հարցեր։ Նա շեշտել է, որ գերիների վերադարձը կամ ազատ արձակումը պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների կամ մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Պաշտպանը դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողություններից առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի գործընթացը»,-հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը:
Պաշտպանը հարցը քննարկել է նաեւ տարբեր երկրների դեսպանների եւ միջազգային կառույցների հետ, մշտապես առաջանհերթ համարել գերիների անվտանգ ու անհապաղ վերադարձը։
Լավրովի հայտարարությունն ու հայկական կողմի արձագանքը
Վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Սակայն թե քանի հայ գերի կա Ադրբեջանում այսօր՝ հայտնի չէ, հայտնի չէ նաեւ, թե երբ են հայ գերիները վերադառնալու։
«Գերիների վերադարձի հարցը մանրամասն քննարկվել է հունվարի 11-ին, երկար քննարկումներ են եղել։ Ի սկզբանե հայկական և ադրբեջանական կողմերը պետք է ներկայացնեին անհետ կորածների ցուցակներ։ Ադրբեջանական կողմը այդ ցուցակը ներկայացրել է, իսկ հայկական կողմը՝ ոչ», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, թե հայկական կողմն այդ ցուցակն ավելի ուշ է ներկայացրել և այն ամբողջական չի եղել։
«Մենք՝ նախագահ Պուտինը և ես, առաջ ենք քաշում այս խնդրի կարգավորումը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա», – ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը։
«Հայկական կողմը գերիների ցուցակները ներկայացրել է մի քանի փուլով՝ ըստ թարմացումների, դեռևս դեկտեմբերին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը»,-Լավրովի նշված հայտարարությունն այսպես պարզաբանել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։
Իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանույշ Սահակյանը Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։
Եվրոպական դատարանում անձանց գերեվարվելու կամ ձերբակալվելու մասին իրավապաշտպանների պնդումները հենվում են ձեռք բերված մի շարք ապացույցների, այդ թվում՝ տեսանյութերի վրա:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, սահմանել ժամկետներ:
«Եթե չկա որդուս աճյունը, ուրեմն հավանական տարբերակը գերեվարությունն է»
Ռազմական գործողությունների ավարտից հետո ՀՀ կառավարության, ՀՀ պաշտպանության նախարարության շենքերի դիմաց գրեթե ամեն օր հավաքվում են եւ իրենց որդիներին են պահանջում անհետ կորած զինվոների ծնողներն ու հարազատները։ Նրանք բանավոր, գրավոր խնդրանքներով ու պահանջներով հրամանատարական անձնակազմից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից, Կարմիր խաչի հայկական գրասենյակից պահանջում են տեղեկություններ փոխանցել անհետ կորած որդիների վերաբերյալ։
«Իրենց աչքով տեսնելու» սկզբունքն հաշվի առնելով՝ զինծառայողների աճյունների որոնման աշխատանքներում ընգրկվեցին ծնողներ ու հարազատներ։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքների մասին ամեն օր Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը լրատվամիջոցներին հաղորդում է դուրս բերված աճյունների քանակի եւ տեղանքի մասին։ Գտնված աճյուններն հիմնականում լինում են անճանաչելի․ ԴՆԹ համընկումների դեպքում զոհված զինծառայողի հարազատներին տեղեկացնում են։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել է 1256 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձի մարմին։
«ԴՆԹ համընկնումների մասին որոշ ծնողներ տեղեկացել են։ Բայց մեր դեպքում դեռեւս պատասխան չկա։ Որդուս ընկերների մարմինները գտնվել են, իսկ նրան չենք կարող գտնել, թեպետեւ անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում»,-պատմում է անհետ կորած զինվորի մայրը եւ հույ հայտնում, որ որդին, հավանաբար, գտնվում է գերության մեջ։
Արդեն մի քանի ամիս է՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը պատերազմի օրերից տվյալներ է հավաքում անհետ կորածների հարազատներից եւ դրան փոխանցում ՀՀ պաշտպանության նախարարությանը։
«Մինչ օրս 700-ից ավելի քաղաքացիների հարցով են մեզ դիմել: Այս պահի դրությամբ մեր ցուցակներով ունենք 408 անհայտ կորածի վերաբերյալ տեղեկություններ: 700-ի ցուցակները այս ընթացքում ֆիլտրվել են, ոմանք ողջ են գտնվել, ոմանց մարմինն է գտնվել, ոմանք գերության մեջ են»,- NewArmenia.am-ին աել է ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Ըստ նրա՝ իրենց դիմածներից ողջ են գտնվել 117 քաղաքացիներ, գտնվել են նաև 144-ի մարմինները: Պարզվել է, որ 10 անհետ կորածներ գերիների մեջ են:
Արմինե Սադիկյանը չի բացառել, որ 408-ի անհետ կորածների մեջ կան անձինք, որոնք միգուցե մահացած են, սակայն դեռ չեն նույնականացվել: «Կան դեպքեր, երբ զինվորի անունը զոհերի ցուցակում կա, բայց մարմինը չկա, նա չի կարող զոհված համարվել, պետք է անհետ կորած համարվի»,-ասել է նա:
Հունվարի կեսերին ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Ինչը, ըստ առողջապահության նախարարության, հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացը:
«Սարքն ուսումնասիրում է մարդու գենոմին բնորոշ կարճ տանդեմային հատվածները, որը թույլ է տալիս կատարել դատագենետիկական նույնականացման փորձաքննություններ՝ արյունակցական կապի հաստատման միջոցով և ստանում միջազգային ստանդարտներին համապատասխան տվյալներ:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանն ուներ ընդամենը մեկ նման սարք, որը ձեռք էր բերվել 2018 թվականի դեկտեմբերին: Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ընթացքում և մինչ օրս այն աշխատում է 24/7 ռեժիմով»,-տեղեկացրել էր նախարարությունը:
Ներկայում շուրջ 700 մարմին ԴՆԹ հետազոտման փուլում է։ Փորձաքննության է ենթարկվել 3450-ից ավելի մարմին։ Օրական 30 դի է ճանաչվում։
Անհետ կորած զինծառայողները կստանան աջակցություն
Գործադիրը հաստատել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը: Սոցիալական աջակցությունը կտրամադրվի ամենամսյա դրամական օգնության ձևով՝ 300 000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան 6 ամսվա համար՝ սկսած այս միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ամենամսյա դրամական օգնության տրամադրումը կիրականացվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով՝ հիմք ընդունելով ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված տվյալները։
«Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ մինչև նրանք կդառնան շահառու՝ համաձայն գործող օրենքի։ Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից՝ այս պահին 500 մլն դրամի չափով։ Այնուհետեւ՝ հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո կատարված չափով նույնպես կփոխհատուցվի բյուջեից»,- նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Անհայտ կորած զինվորների կենդանի գտնվելու կամ նրանց գերեվարությունից վերադառնալու դեպքում հատկացված գումարները կհամարվեն անհատույց տրամադրված եւ չեն պահանջի վերադարձնել։
Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru