Լրահոս

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը: Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին: Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց:

Աղբյուր՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/30/MFA_Turkey_Statement/10476

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ» Գ․Համբարյան

«Մենք պայքարում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ» Գ․Համբարյան
🔴🎥

#Արցախ #Artsakh #Artsakhstrong

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

 

ԱԱԾ-ն հորդորում է Արցախին օգնության նախաձեռնությունները իրականացնել պետական կառույցների համակարգմամբ

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու նախաձեռնությունները իրականացնել բացառապես պետական կառույցների համակարգմամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը. «Հարգելի՛ հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների այս օրերին համացանցում նկատվում են տարաբնույթ հայտարարություններ Արցախի Հանրապետության համար առաջին անհրաժեշտության դեղորայք, սննդամթերք և այլ պարագաներ հավաքագրելու վերաբերյալ: Մեծապես կարևորելով մեր հայրենակիցների համանման մղումներն ու նրանց կողմից ցուցաբերվող ակնհայտ հայրենասիրությունը՝ հայտնում ենք, որ նմանատիպ նախաձեռնություններն անհրաժեշտ է բացառապես իրականացնել պետական կառույցների համակարգմամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համացանցում նկատվում են նաև հայտարարություններ տարբեր զորամասերի զինծառայողների մասին տեղեկություններ ճշտելու և նրանց ծնողներին փոխանցելու պատրաստակամության վերաբերյալ: Նման ծառայություններ առաջարկող անձանցից պահանջվում է զերծ մնալ այդօրինակ գործընթացների կազմակերպումից, իսկ այդպիսի հարցադրումներ ունեցող անհատներին հորդորում ենք հավաստի տեղեկություններ ստանալու նպատակով բացառապես դիմել իրավասու պետական մարմիններին: Հակառակ պարագայում հնարավոր է հայտնվեն ոչ ճիշտ տեղեկություններ և առիթ դառնան տարաբնույթ թյուրիմացությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ կեղծ հեռախոսահամարներից ստացվող հաղորդագրություններին: ԱԱԾ մամուլի կենտրոնը հաղորդագրություն է տարածել,որում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում:ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում: Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին»:

Աղբյուրը՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀԱՊԿ խորհրդի նիստում ներկայացվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:Հաղորդագրության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը: Օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ ելույթով է հանդես եկել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը: Վիկտոր Բիյագովը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը, հրետանու և օդուժի կիրառմամբ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորումը և դրան հետևած սադրիչ գործողությունները:ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Բիյագովը գործընկերների ուշադրությունն է հրավիրել ադրբեջանական ագրեսիայի նախապես ծրագրված լինելու հանգամանքի և փաստերի վրա՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության առնչությամբ, ինչը ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում:«Հրաժարվելով խաղաղ բանակցություններից՝ ադրբեջանական ղեկավարությունը ընտրել է ղարաբաղյան խնդրի լուծման իր ճանապարհը՝ հրահրելով լայնամասշտաբ պատերազմ, որի արդյունքում արդեն կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր և ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել և չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշել է ՀՀ ներկայացուցիչը։ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովն անդրադարձել է նաև սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից ապատեղեկատվության տարածմանը, որը նպատակ ուներ հող նախապատրաստելու հակամարտության մասշտաբների ընդլայնման և Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար։ «Հակամարտության աշխարհագրության ընդլայնումը կարող է անմիջական վտանգ ստեղծվել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար, և այդ դեպքում մեր կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը»։

Աղբյուրը՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/29/st_csto/10472

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Ստեփանակերտը հերքում է Մարտունիի զորամասը «շարքից հանելու» մասին

Բաքվի պնդումները
«ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և կործանիչ հարվածներ հասցնում հակառակորդին»:«Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի տարածած տեղեկատվությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը լրիվությամբ շարքից հանվել է, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում», – ասված է Արցախի պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունում:«Պաշտպանության բանակի բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում և իրենց հստակ գործողություններով կործանիչ հարվածներ հասցնում նախահարձակ հակառակորդին», – շեշտում է Արցախի ռազմական գերատեսչությունը:

Աղբյուրը՝ http://nkrmil.am/news/view/2925

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Վարդենիսի շրջանի ուղղությամբ հակառակորդի հարվածներից քաղաքացիական անձ է զոհվել.

Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:Հաշված րոպեներ անց, Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ: Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը: Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան:

Աղբյուրը՝  https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2020/09/29/statement_mfa/10471

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՌԴ-ում 20 հազար հայորդի կամավորագրվել է Արցախ մեկնելու համար

Ռուսաստանաբնակ 20 հազար հայորդի կամավորագրվել է Արցախ մեկնելու համար, եւ հիմա նախատեսվում է կազմակերպել նրանց Հայաստան ճանապարհելը. «Подъем» խմբագրության Telegram ալիքի հաղորդմամբ՝ նշել է Ռուսաստանի Դաշնության հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Այս ռազմագործողությունը պլանավորել են Ադրբեջանն ու Թուրքիան. նրանք ուզում են, որ ոչ մի հայ Ղարաբաղում չլինի: Դա անելու համար նրանք օգտագործում են կորոնավիրուսային համավարակը: Ինքնաթիռներ չկան, եւ հնարավոր չէ ուղարկել օգնություն, նույնիսկ մարդասիրական օգնություն: Հիմա մեկ գիշերվա ընթացքում մենք հավաքել ենք 20 հազար կամավորների ցուցակ եւ պիտի խնդրենք ռազմական տրանսպորտ՝ մարդկանց այնտեղ ուղարկելու համար: Մի քանի հարյուր, գրեթե հազար ռուսաստանցի եւս հայտարարել է Լեռնային Ղարաբաղը, որպես կամավոր, պաշտպանելու պատրաստակամության մասին. մենք նրանց ասացինք՝ շնորհակալություն»: Աբրահամյանն ասել է, որ մտադիր է Հայերի միության անունից դիմել Վլադիմիր Պուտինին եւ այս խնդրի լուծման համար նրա օգնությունը խնդրել: «Մենք երեկ հավաքվեցինք, մի քանի որոշումներ ընդունեցինք, այդ թվում՝ նախագահին եւ այլ կառույցների դիմելու առումով, պիտի խնդրենք անհապաղ դադարեցնել այս պատերազմը, որպեսզի Ռուսաստանը կարողանա օգնել, տրամադրել մարդասիրական եւ այլ օժանդակություն»,- նշել է Արա Աբրահամյանը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ՀՀ ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին սկսված զինված հարձակումը դատապարտող հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովը 118 կողմ ձայներով ընդունել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարության նախագծում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան և լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության և օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020թ.-ի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ ևս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողությունները ուղղված են այս վտանգի չեզոքացմանը: Քաղաքացիական բնակչության, ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլև բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում և դավանանքներում: Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել՝ զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլև նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որ անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Մենք պահանջում ենք իրերը իրենց անուններով կոչել, հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության և մարդատյացության միջև: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է, որ հայկական կողմը մշտապես հավատարիմ է մնացել հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Միևնույն ժամանակ, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու արցախահայերի անվտանգությունը և ինքնորոշման կամարտահայտությունը»:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

ԱԱԾ-ն ՀՀ քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ արցախցիներին իրենց տներում ընդունելու մասին հրապարակումներից

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական մեդիայի օգտատերերին կոչ է անում զերծ մնալ իրենց տներում ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու մասին հրապարակումներ անելուց:

ԱԱԾ հաղորդագրությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով՝ www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին:

Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար:

Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումները, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru