ՀՀ կառավարությունը հայտնում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը ամբողջությամբ մերժել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գործով Կարապետյանների ընտանիքի ներկայացրած միջնորդության բոլոր պահանջները։
Հայցվորներն են եղել Սամվել, Էթերի, Սարգիս և Կարեն Կարապետյանները, ինչպես նաև Liormand Holdings Limited ընկերությունը։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հայցվորները տրիբունալից պահանջել էին հաստատել, որ Հայաստանը չի կատարել արտակարգ արբիտրի (Emergency Arbitrator)՝ 2025 թվականի հուլիսի 22-ի որոշումը, վերականգնել ՀԷՑ-ի լիցենզիան և կառավարման մարմինների անդամների լիազորությունները, դադարեցնել նշանակված ժամանակավոր կառավարչի լիազորությունները, ինչպես նաև արգելել ընկերության բաժնետոմսերի կամ այլ ակտիվների հարկադիր վաճառքը, օտարումը կամ այլ կերպ տնօրինումը։
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ներկայացված բոլոր պահանջները՝ եզրակացնելով, որ հայցվորների պահանջած ապահովման միջոցները բավարար կերպով հիմնավորված չեն։
Տրիբունալը նաև որոշել է, որ միջնորդության քննության հետ կապված բոլոր ծախսերը կրելու է հայցվոր կողմը։
ՀՀ կառավարության գնահատմամբ՝ որոշումը պահպանում է արբիտրաժային վարույթի ամբողջականությունն ու համակողմանիությունը՝ ապահովելով, որ գործի հետագա քննությունը կընթանա ներկայացված բոլոր ապացույցների և տրիբունալի իրավական գնահատականների հիման վրա։
Կառավարությունը նաև ընդգծել է, որ ողջունում է այս որոշումը, քանի որ այն կայացվել է վեճն ըստ էության քննող արբիտրաժային տրիբունալի, այլ ոչ թե արտակարգ արբիտրի կողմից։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսին Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հայտարարել էր, թե Կարապետյանը ՀԷՑ-ի պետականացման գործով «հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում»։ Սակայն խոսքը վերաբերում էր ոչ թե գործի վերջնական լուծմանը, այլ մինչև հիմնական քննության ավարտը կիրառված ժամանակավոր ապահովման միջոցներին։
Արբիտրաժային վարույթը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում՝ Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև 1995 թվականի հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրի շրջանակում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com