Լրահոս

Քննարկվել են հայկական գինին եվրոպական շուկա արտահանելուն առնչվող հարցեր

Այսօր Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել Հայաստանի մի շարք գինեգործների և ոլորտի մասնագետների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Քննարկեցինք հայկական գինին եվրոպական շուկա արտահանելուն առնչվող իրավական, լոգիստիկ և ֆինանսատնտեսական բնույթի մի շարք հարցեր։ Գույքագրեցինք ոլորտի ներկայացուցիչների բարձրացրած հարցերն ու դրանց հասցեագրման առաջարկները»,- գրել է նա։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com 

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումներում: Հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ներկայացնելով նախագծի հիմնական ուղղությունները:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խորհրդարանական լսումների կազմակերպման համար՝ կարևորելով Կառավարության կողմից նոյեմբերին հաստատված նախագծի վերաբերյալ ԱԺ քննարկմանն ընդառաջ հանրային լսումները՝ հատկապես երիտասարդների մասնակցությամբ։

«Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի ընդունումը նախատեսված է նաև ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով:

Նախագծով սահմանվում են երիտասարդական քաղաքականության թիրախները

ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է երիտասարդներին ուղղված քաղաքականությունը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է:

«Անշուշտ, սրան է ուղղված Կառավարության գործունեությունը, դրան են անդրադառնում տարբեր ոլորտային ռազմավարություններ, Կառավարության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրեր կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, բարձր տեխնոլոգիաների և հանրային կյանքի այլ ոլորտներում»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ մինչ այս պետությունը չի ունեցել երիտասարդության առաջնահերթություններն ընդգծող համապարփակ օրենսդրություն, որը կներկայացներ երիտասարդական քաղաքականությունը, թիրախները, նպատակը, ինստիտուցիոնալ գործիքակազմը և շահառուներին:

Նախարարի տեղակալը նշել է՝ ներկայացված օրենքների փաթեթը և մասնավորապես երիտասարդական քաղաքականության օրենքի նախագիծը կլրացնի այդ բացը: Այն սահմանում է պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթությունները՝ հանդիսանալով շրջանակային փաստաթուղթ երիտասարդական քաղաքականության բոլոր դերակատարների, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների համար:

Առաջարկվող օրենքի նախագծով պետական Երիտասարդական քաղաքականությունը սահմանվում է որպես ՀՀ կառավարության կողմից ընդունված ծրագրերի և միջոցառումների համակարգ, որը միտված է երիտասարդների կարողությունների բացահայտմանը, զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը և դրանց շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը, ինչպես նաև քաղաքական, սոցիալ- տնտեսական և մշակութային կյանքին երիտասարդների մասնակցության մակարդակի բարձրացմանը»,- ասել է նախարարի տեղակալը` հավելելով, որ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունումը ենթադրում է նաև փոփոխություններ այլ իրավական ակտերում, մասնավորապես «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:

Ինչ է երիտասարդական քաղաքականությունը

Երիտասարդական քաղաքականությունն ուղղված է ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ ու մրցունակ երիտասարդի ձևավորմանը, որը կընդլայնի իր երկրում սեփական բարեկեցությունն ապահովելու երիտասարդի հնարավորությունները, և այդպիսով նաև կաջակցի հանրային զարգացմանը:

Ինչ կտա օրենքի ընդունումը

Օրենքի ընդունմամբ կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: Օրենքի ընդունման շնորհիվ լիազորող նորմի առկայությունը կնպաստի նաև երիտասարդական քաղաքականության շրջանակներում երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտեր ընդունելու համար լիազորություններ սահմանելուն և ավելի արդյունավետ ու թիրախային քաղաքականություն իրականացնելուն:

Օրենքի ընդունմամբ նաև սահմանվում են երիտասարդության ոլորտի հիմնական դերակատարները, նրանց գործառույթները, լիազորությունները, պարտավորությունները, Ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, Ապահովվում է օրենսդրական հիմք՝ երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման և երիտասարդական կենտրոնների ձևավորման գործունեությունը կարգավորող օրենսդրական կարգավորումների համար։ «Օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել երիտասարդական քաղաքականության մշակման համար պատասխանատու գերատեսչության, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները. տեղական ինքնակառավարման մակարդակում նախատեսվում է յուրաքանչյուր համայնքում պետական, բայց նաև մասնավոր ֆինանսավորմամբ և բազմակողմ համագործակցությամբ ձևավորել երիտասարդական միջավայրեր: Արդեն իսկ ունենք հաջող աշխատող համայնքներ և այս օրենսդրությունը կգա խրախուսելու և խթանելու այս գործընթացի զարգացմանը:

Օրենքի ընդունումը կնպաստի նաև լիազորող նորմերի սահմանմանը` երիտասարդության ոլորտին առնչվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար, ինչն ավելի արդյունավետ և թիրախային կդարձնի քաղաքականության իրականացումը»,- իր ելույթում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա ընդգծել է՝ օրենքի նախագիծը մշակվել է հանրային լայն մասնակցության ապահովմամբ՝ մշակման գործընթացում ներառելով երիտասարդության ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերին, ինչպես պետական համակարգերից, այնպես և տեղական, միջազգային կազմակերպություններից և ոլորտում դերակատարում ունեցող քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներից, երիտասարդության ոլորտի փորձագետներից, հետազոտողներից, երիտասարդական աշխատողներից և պարզապես երիտասարդներից: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը. դիտարկվել է տարբեր երկրներում երիտասարդական քաղաքականության մշակման մեխանիզմները, օրենսդրական կարգավորումները, ոլորտի ինստիտուցիոնալ կառուցվածքը և այլն:

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագիծը մինչև պաշտոնապես շրջանառելը քննարկվել է նաև բոլոր մարզերում՝ ներառելով շուրջ 30 համայնք և ավելի քան 1000 երիտասարդ:

Երիտասարդական միջավայրի ստեղծման խրախուսում. մինչև 2026 թվականը 25 երիտասարդական կենտրոններ ՀՀ մարզերում

Օրենքի առկայությունը կաջակցի ՀՀ կառավարության ծրագրով հաստատված և արդեն իսկ մի քանի տարի իրականացվող երիտասարդական միջավայրերի ձևավորմանը և արդյունավետ գործունեությանը: Մասնավորապես՝ պետության կողմից 2022 թվականից արդեն իսկ գործարկվել է եռակողմ համագործակցությամբ գործող երիտասարդական կենտրոնների մոդելը: Արդյունքում՝ պետության, համայնքների և մասնավոր հատվածի համագործակցությամբ ձևավորվել և գործում են 5 երիտասարդական կենտրոններ. դրանց թիվը տարեցտարի ավելանում է և արդեն 2026 թվականին ՀՀ մարզերում ստեղծված կլինեն 25 երիտասարդական կենտրոններ (2025 թվականին երիտասարդական կենտրոններ կգործեն Ապարան, Դիլիջան, Իջևան, Մեղրի Վանաձոր, Ախուրյան, Սևան (Ծովագյուղ բնակավայրում), Արարատ և Կապան համայնքներում):

Օրենքի ընդունմամբ երիտասարդական կենտրոնների ձևավորման քաղաքականությունը կդառնա ինստիտուցիոնալ՝ նպաստելով համայնքներում երիտասարդական միջավայրերի ձևավորմանը, արդեն իսկ ստեղծված կենտրոնների միջոցով երիտասարդական քաղաքականության թիրախային իրականացմանը: Ընդ որում, շատ կարևոր է, որ կենտրոնները թիրախավորում են նաև չսովորող և չաշխատող երիտասարդների խմբերին, ինչն առավել առաջնային է, քանի որ այս խմբերը դուրս են ինստիտուցիոնալ մյուս համակարգերի ուշադրությունից և այս իմաստով նաև լրացուցիչ աջակցության կարիք ունեն: Կարևոր է, որ օրենքի ընդունմամբ ամրագրվում է երիտասարդական աշխատողի համակարգի ներդրման առանցքային հարցը. բոլոր ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող կամ աշխատակազմի աշխատողներից առնվազն մեկի գործառույթներում սահմանեն երիտասարդական աշխատողի գործառույթները։

Նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների. նոր փորձնական ծրագիր

Երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որտեղ մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

Փոխվում է երիտասարդության տարիքային շեմը` այն կսահմանվի 13-35 տարեկան

Օրենքի նախագծով երիտասարդների տարիքային շեմն առաջարկվում է սահմանել 13-35 տարեկանը՝ հիմք ընդունելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ միջազգային փորձը և մեր երկրի ժողովրդագրական տվյալները, որոնց իր զեկույցում անդրադարձել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով` երիտասարդության տարիքի ներքին շեմի իջեցումը միջազգային միտում է, որը ցույց է տվել այլ երկրների փորձի ուսումնասիրությունը: «Իսկ վերին շեմը բարձրացվել է 35` հաշվի առնելով, որ մեր հասարակությունը, ցավոք, ծերացող է և ժողովրդագրական կարևոր որոշումները՝ ընտանիք կազմել, բնակարան ձեռք բերել, երեխաների ծնունդ և այլն, տեղի են ունենում ավելի ուշ տարիքում։

Նախատեսվում է ստեղծել երիտասարդական միացյալ մարմին Ըստ Արթուր Մարտիրոսյանի` նախագծով ամրագրվում են երիտասարդական միացյալ մարմին ունենալու կարգավորումները, որը կարևոր է ժողովրդավարական հասարակությունում քաղաքացիական հասարակության ինքնակազմակերպման և երիտասարդության ոլորտում այսպես կոչված անձրևանոցային կառույցների ձևավորման տեսանկյունից: Երիտասարդական միացյալ մարմինը կմիավորի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական կառույցների ներուժը` հնարավորություն տալով դրանում ընդգրկված կազմակերպություններին ներկայանալ նաև միջազգային տարբեր հարթակներում: «Սա, իհարկե, օրգանական գործընթաց է, որը մեր երկրում վերջին տարիներին տեղի էր ունենում, բայց նախագծով ամրագրվում է, որ պետությունը՝ ի դեմս քաղաքացիական հասարակության միացյալ մարմնի, երիտասարդության ոլորտում կունենա սոցիալական գործընկեր, որը հանդես կգա նաև որպես երիտասարդության ոլորտի խոսափող՝ արդեն պետությունից դուրս և, իհարկե, պետության հետ աշխատելով:

Նոր մարմինը քաղաքականության մշակման ժամանակ, համագործակցելով պետական լիազոր մարմնի հետ, իսկ առանձին դեպքերում, ինչու ոչ, նաև քննադատելով, նկատառումներ ներկայացնելով՝ զգոն կպահի բոլորիս: Միջազգային համագործակցության տեսանկյունից ևս սա լուրջ աջակցություն կլինի, որովհետև տարբեր միջազգային մարմիններ կան, որտեղ պետության ներկայացուցչից բացի ցանկալի է, որ ներգրավված լինի նաև այլ կողմ, որը տվյալ դեպքում կարող է լինել միացյալ մարմնի ներկայացուցիչը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Եզրափակելով խոսքը` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ օրենքի ընդունումից հետո կհաստատվի գործողությունների ծրագիր կամ հայեցակարգ, որով օրենքում սահմանված բովանդակային շրջանակներին և ուղենիշներին համապատասխան կոնկրետ ժամանակահատվածի համար կսահմանեն միջոցառումներ` չափելի ցուցանիշներով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրություններն անցնեն անցնցում և ի շահ քաղաքի» Արման Բաբաջանյան

«Ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրություններն անցնեն անցնցում և ի շահ քաղաքի» Արման Բաբաջանյան
YouTube`🔴 

🇪🇺 #ԵՄ #ՏԻՄ #Ընտրություններ

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

30 փաթեթ մարիխուանա․ Ախուրյանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։
Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Դատախազությունը պահանջում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 6 անշարժ գույք, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել`

6 անշարժ գույք, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան 545 մլն 682 հազար դրամ.
97 մլն 371 հազար դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 6-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

2009-ից կանանց ծանրամարտում աշխարհի առաջնության մեդալ չէինք ունեցել, աննկարագրելի զգացողություն էր. Գրիգորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանի ծանրամարտի հավաքականն աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանի գլխավորությամբ Բահրեյնից վերադարձել է Երևան:

Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ հույս ունի, որ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը նոր հաջողությունների սկիզբը կլինի:

«Աննկարագրելի զգացողություն էր, 2009 թվականից մինչ օրս կանանց ծանրամարտում աշխարհի առաջնությունում մեդալ չէինք ունեցել և ոչ միայն ես էի ուրախ մեդալ նվաճելու համար, այլ բոլորը: Հույս ունեմ, որ սա հաջողությունների միայն սկիզբն է»,- ասաց Ալեքսանդրան:

Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալը (ընդամենը 19 տարեկանում):

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Չհայտարարված այց՝ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ․ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները խնդիրներ են հայտնաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները 2024 թվականի նոյեմբերի 25-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ (այսուհետ նաև՝ Հաստատություն): Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Այցի ընթացքում ուսումնասիրվել են Հաստատության շենքային պայմանները, կոմունալ և սանիտարահիգիենիկ հարմարությունները, երեխաներին տրամադրվող խնամքը, մասնավորապես՝ առաջին բժշկական օգնության ծառայությունները, սնունդը և հագուստը, Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները, երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափորոշիչներին:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծումներ:

Մասնավորապես, արձանագրվել է՝

Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Ոչ բավարար տարածքի պատճառով արձանագրվել է տղաների ու աղջիկների համատեղ խնամքի իրականացման դեպք։ Հաստատությունն ապահովված չէ երեխաների առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով:

Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ՝ լոգարանների մեծ մասը առանձնացված չէր ննջասենյակներից, երեխաների լոգանքն իրականացվում էր ննջասենյակում մյուս երեխաների ներկայությամբ:

Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. Երեխաների խոզանակները կեղտոտ էին, առկա է երեխաների անձնական հիգիենայի պարագաների, բաժակների, ափսեների անհատականացման խնդիր (արձանագրվել են դայակների կողմից երեխաների սրբիչները շփոթելու դեպքեր)։ Հաստատության յուրաքանչյուր խմբասենյակում առկա էր դեղերի պահման արկղիկ, որը կեղտոտ էր, պարունակում էր բացված և չօգտագործված դեղեր, որնք առանց մակնշման լցված էին տարբեր տուփերի մեջ, ներարկիչները դրված էին կենցաղային օգտագործման իրերի հետ միասին։

Հայտնաբերվել են ժամկետանց դեղեր և շիլա։

Մսամթերքի վրա բացակայում էր համապատասխան մակնշումը, որը հնարավորություն չէր տալիս ստուգելու պիտանիության ժամկետը։

Համապատասխան մասնագետների ներգրավման դժվարությամբ պայմանավորված՝ Հաստատությունում չի իրականացվել երեխաների՝ բժշկական, այդ թվում՝ պալեատիվ, օգնության և սպասարկման անհատական կարիքների գնահատում։

Արհեստական կերակրումն իրականացվում էր ներարկիչների և սնուցման զոնդերի (նազոգաստրալ զոնդ) միջոցով, որոնք առանց անհատականացման ախտահանվում և կրկին օգտագործվում էին։

Երեխաների հագուստը և նրանց համար առանձնացված կերակրման շշերը հնամաշ էին։

Հաստատության ֆիզիկական միջավայրը չի համապատասխանում համընդհանուր դիզայնի սկզբունքներին: Հաստատությունն ունի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցի և խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Արձանագրվել են փաստաթղթերի պատշաճ վարման հետ կապված խնդիրներ։ Օրինակ՝ բացակայում էր «Առողջության մատյանը», թերի էր լրացված երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյանը:

Առկա է հաստատությունում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման և արձագանքման մեխանիզմների ներդրման անհրաժեշտություն։

Հաստատությունը ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու և առկա մասնագետների թիրախային վերապատրաստումների անհրաժեշտություն: Առկա է աշխատակիցների կողմից երեխաների հետ վարվեցողության հմտությունների կատարելագործման անհրաժեշտություն։

Տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ընթացքում շարունակվել է երեխաներին, այդ թվում՝ 0-3 տարեկան երեխաներին, Հաստատություն տեղափոխելու գործընթացը, 2024 թվականի ընթացքում Հաստատությունում բնակվող որևէ երեխայի խնամք չի հանձնվել խնամատար ընտանիքի և որևէ երեխա չի վերադարձվել ընտանիք։

Հաստատությունում ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական, հասանելի և մատչելի հնարավորություն ապահովող մեխանիզմ։

Արձանագրվել են կրթական գործընթացը յուրաքանչյուր երեխայի պահանջներին համապատասխանեցնելու և հարմարեցնելու, համապատասխան կրթական արձագանք ապահովելու, ուսումնական հաստատությունների և Հաստատության արդյունավետ փոխհամագործակցության բացակայության հետ կապված համակարգային խնդիրներ։

Հաստատությունում բնակվող և հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորող տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող երեխան ապահովված չէր բրալյան գրքերով և անհրաժեշտ այլ մատչելի ուսումնական նյութերով, և այլն։

Այցի ավարտին արձանագրված խնդիրները քննարկվել են Հաստատության տնօրենի և աշխատակազմի հետ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները տնօրենի հետ ունեցած քննարկման արդյունքում ներկայացրել են նաև խնդիրների լուծման հետ կապված առաջարկություններ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ՝ Պաշտպանի կողմից բազմիցս բարձրացվող համակարգային խնդիրները, կամփոփվեն և դրանք արտացոլող փաստաթուղթը առաջարկությունների հետ համատեղ կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Այս ոլորտից նախկինում 0 հավաքագրումն այս տարի դարձել է 24 մլրդ. Ավինյանը՝ շինարարության ոլորտից ստացված սեփական եկամուտների մասին

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների համար պլանավորված 56 մլրդ 733 մլն 625 հազար 800 դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է 59 մլրդ 502 մլն 677 հազար 800 դրամ, կատարողականը՝ 104,9 տոկոս, գերակատարումը՝ 2,8 մլրդ դրամ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 16-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտների աճը կազմել է ավելի քան 21,6 մլրդ դրամ: Դեկտեմբերի 12-ի դրությամբ արդեն իսկ տարեկան սեփական եկամուտների կատարողականը կազմել է 106 տոկոս, իսկ շինբլոկից հավաքագրումը՝ շուրջ 24 մլրդ դրամ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հատկապես թերակատարում արձանագրած վարչական շրջանների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց եկամուտների հավաքագրման ցուցանիշների վրա՝ ընդգծելով, որ այս ցուցանիշներով է նաև չափվում վարչական շրջանների աշխատանքի արդյունավետությունը, քանի որ եթե հավաքագրման հարցում կան էական շեղումներ, ապա կարող են արդյունավետության վերաբերյալ հարցեր առաջանալ։

Քաղաքապետը ուշադրություն հրավիրեց նաև շինարարության ոլորտից հավաքագրումների թվին՝ 24 մլրդ դրամին՝ նշելով, որ շատ ծրագրեր իրականացվում են հենց այս ոլորտի աճի հաշվին:

«Արձանագրենք, որ այս ոլորտից նախկինում 0 հավաքագրումն այս տարի դարձել է 24 մլրդ, և այս 24 միլիարդն ուղղվել է տարբեր բակերի, ֆուտբոլի դաշտերի, կոյուղիների կառուցմանը, ճանապարհաշինությանը և տարատեսակ միջոցառումներին, տարատեսակ կապիտալ շինարարական աշխատանքներին, կառուցվում են թատրոններ, մշակութային տներ և այլն»,- ասաց նա՝ նշելով, որ դրանք աննախադեպ ծավալի են։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Երկամարտի մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի առաջնությունից

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։

2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ 25-ամյա հայ ծանրորդը պոկում վարժությունում հաջող է կատարել բոլոր երեք մոտեցումները՝ գլխավերևում պահելով նախ 206, ապա 211 և 215 կգ կշռող ծանրաձողերը և փոքր ոսկե մեդալ է նվաճել, իսկ հրումում 252 կգ արդյունքով բավարարվել է փոքր բրոնզե մեդալով:

Այս քաշային կարգում օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, պոկում վարժությունում 210 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ է նվաճել: Մինասյանը երկամարտում գրանցել է 455 կգ արդյունք (210+245) և զբաղեցրել 4-րդ տեղը՝ ընդամենը մեկ կգ-ով զիջելով բրոնզե մեդալը նվաճած իրանցի Ալիրեզա Յուսեֆին:

Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով: Պոկում վարժությունում Ալեքսանդրան հաջող է կատարել առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 85 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում հայ մարզուհին 120 կգ արդյունքով դարձել է փոքր արծաթե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչներից Գառնիկ Չոլակյանը (61 կգ), B խմբում հաղթելուց հետո, ընդհանուր հաշվարկում երկամարտի 280 կգ (130+150) արդյունքով գրավել է 7-րդ տեղը: A խմբի մասնակիցների ելույթներից հետո Չոլակյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում` 130 կգ արդյունքով:

2024 թ. Փարիզի օլիմպիական խաղերի մասնակից, նախորդ տարի Երևանում կայացած Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացած 21-ամյա Գարիկ Կարապետյանը, հանդես գալով 109 կգ քաշային կարգում, փոքր արծաթե մեդալ է նվաճել պոկում վարժությունում՝ մեկ փորձից գլխավերևում պահելով 183 կգ կշռող ծանրաձողը: Երրորդ մոտեցման ժամանակ, սակայն, Կարապետյանը վնասվածք է ստացել ու հրաժարվել հետագա պայքարից:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը (73 կգ) երկամարտում գրանցել է 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտել է 8-րդ տեղում, Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Արա Աղանյանը (102 կգ) 0 են ստացել ու երկամարտի արդյունք չեն գրանցել, Պետրոս Պետրոսյանը 109 կգ քաշայինների B խմբի պայքարում երկամարտի 360 կգ արդյունքով զբաղեցրել է 11-րդ տեղը, կանանց 87 կգ քաշայինների պայքարում Տաթև Հակոբյանը երկամարտում գրանցել է 230 կգ և գրավել է 13-րդ տեղը, իսկ Հակոբ Մկրտչյանը (96 կգ) մրցման մեկնարկից անմիջապես առաջ հրաժարվել է պայքարից:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայտնի է Գյումրու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության օրը

Գյումրու համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը իջ էջում գրառում է կատարել․

Սիրելի՛ գյումրեցիներ, Գյումրու գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին ։
Այսօր կատարվել են աշխատանքային փորձարկումներ։

Опубликовано Սարիկ Մինասյան / Sarik MinasyanВоскресенье, 15 декабря 2024 г.

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com