Լրահոս

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիեռա Լեոնեի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Թիմոթի Մուսա Կաբայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցեր՝ հաշվի առնելով նաև Սիեռա Լեոնեի ընտրվելը որպես ՄԱԿ ԱԽ-ում ոչ մշտական ​​անդամ և ՄԱԿ ԱԽ մանդատը միջազգային կայունության ու խաղաղության պահպանման հարցում։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն, արդար և համապարփակ խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունն ու այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Հայաստանի և Սիեռա Լեոնեի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ հաշվի առնելով Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ գործընկերության ընդլայնման ՀՀ շահագրգռվածությունը:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

«Ինչու՞ են դանդաղում Գյումրու ասֆալտապատման աշխատանքները»

«Ինչու՞ են դանդաղում Գյումրու ասֆալտապատման աշխատանքները»
—————————————
ℹ16 կմ կամ 37 փողոց է նորոգվելու Գյումրու ամենամեծ՝ «Անի» թաղամասում և 1300 լուսատու է արդիականացվելու։ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ընդհանուր 4 մլն եվրո է տրամադրել «Անի» թաղամասի փողոցների հիմնանորոգման ու լուսավորության համար։
📌Գյումրեցիները բողոքում են՝ արևային օրերին փոշին, անձրևներին ցեխը քաղաքում խնդիրներ են ստեղծում թե հետիոտների, թե վարորդների համար։
Կառավարությունը ֆինանսավորու՞մ, Գյումրու համայնքապետարանը դանդաղեցնու՞մ է ասֆալտապատման աշխատանքը, թե այլ խնդիրներ կան կապված այս թեմայի հետ։
📌Նշենք որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվում է լայնածավալ փողոցաշինական ծրագիր, որում ընդգրկված են եղել նաև Խանջյան և Չայկովսկի փողոցները, որոնց հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Վերոնշյալ աշխատանքների արժեքը միասին՝ նախնական գնահատմամբ, կազմելու է շուրջ 4 միլիարդ 300 միլիոն ՀՀ դրամ։
📌Ի՞նչ փուլում է այս պահին Գյումրու ասֆալտապատման աշխատանքները
📌Ինչու՞ է դանդաղում արդեն քանդված փողոցների կառուցապատումը
📌Ի՞նչ ժամանակային շեղումների մասին է խոսքը
Արդյո՞ք փողոցաշինությունը դանդաղում է կոմունիկացիենրի անցկացման աշխատանքներով պայմանավորված
📌Ինչպե՞ս է իրականացվում վերահսկողությունը
Քաղաքացիների ահազանգերին ընդառաջ ի՞նչ արձագանքներ են լինում համայնքապետարանի, ջրմուղի կամ ավագանիների կողմից
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴
—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Սուրեն Ջանոյան – Գյումրու համայնքապետի տեղակալ
➡ Շավարշ Արամյան – Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցության անդամ
➡ Կարեն Սոսյան – Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության անդամ
🔗Համակարգող՝ Հրաչ Սահակյան

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Դուրովը փոփոխություններ է կատարել Telegram-ի թարմացված պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ

Telegram-ի կանոնները խախտող օգտատերերի հեռախոսահամարներն ու IP հասցեները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ «ի պատասխան ողջամիտ օրինական հարցումների»,- ասել է Պավել Դուրովը իր Telegram ալիքում։ Այս փոփոխությունները ներառված են ծառայության թարմացված պայմանների և գաղտնիության քաղաքականության մեջ: «Այս միջոցները պետք է զսպեն հանցագործներին։ Telegram-ում որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու համար, այլ ոչ թե անօրինական ապրանքներ գովազդելու»,- գրել է Telegram-ի հիմնադիրը։

«Հանցագործներին Telegram Search-ի չարաշահումից հետագայում հեռու պահելու համար մենք թարմացրել ենք մեր ծառայության պայմանները և գաղտնիության քաղաքականությունը»,- ասել է Դուրովը և նշել, որ «ամբողջ խնդրահարույց բովանդակությունները, որ հայտնաբերել ենք մեր որոնումների միջոցով, այլևս հասանելի չեն»:

Սեպտեմբերի 5-ի ուշ երեկոյան Դուրովը, առաջին անգամ մեկնաբանելով Փարիզում իր ձերբակալությունը, խոստացել էր բարելավել Telegram-ի աշխատանքը հանցագործների դեմ պայքարի շրջանակում, որոնք չարաշահում են մեսենջերի աշխատանքը: «Telegram օգտատերերի թվի կտրուկ աճը մինչև 950 միլիոն, խնդիրներ է առաջացրել, որոնք հանցագործների համար ավելի հեշտ են դարձրել մեր հարթակը չարաշահելը։ Այդ իսկ պատճառով ես իմ առջև նպատակ եմ դրել էապես բարելավել իրավիճակը»,- գրել է նա՝ պարզաբանելով, որ նման աշխատանք արդեն իրականացվում է Telegram-ում, և խոստացել է շուտով ներկայացնել առաջընթացը։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Լիբանանը հայտնել է մոտ 300 զոհի մասին «Հըզբոլլահի» վրա իսրայելական ամենամեծ հարձակման հետևանքով

Երկուշաբթի Լիբանանում «Հըզբոլլահ» շարժման դիրքերին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 274-ի, այդ թվում՝ 21 երեխա, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Լիբանանի բնակիչները սկսել են իրենց հեռախոսներում տարհանման մասին ձայնագրություններ ստանալ Իսրայելից: Ըստ AP-ի՝ իսրայելական ծառայություններն ավելի քան 80 հազար նախազգուշական զանգ են կատարել՝ լիբանանցիներին կոչ են անելով «անհապաղ» տարհանվել բոլոր այն շենքերից, որտեղ «Հըզբոլլահի» զինյալները զենք են պահում:

Դա տեղի է ունենում Գազայի հատվածում վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում «Հըզբոլլահ» խմբավորման դեմ իսրայելական բանակի իրականացրած ավիահարվածների շարքի ֆոնին:

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իսրայելն այսօր առավոտից ավելի քան 300 թիրախ է խոցել Լիբանանում:

Ավելի վաղ Իսրայելի հյուսիսային հատվածում կրկին հնչել են օդային տագնապի ազդանշանները։ «Հըզբոլլահի» զինյալները հայտնել են իսրայելական տարածքի նոր գնդակոծությունների մասին: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: «Հըզբոլլահի» հարվածները հետևել են սեպտեմբերի 22-ի գիշերվա փոխհրաձգություններին։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԱԺ նախագահը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով դեսպանին՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի ու Եգիպտոսի օրենսդիր մարմինների միջև արդյունավետ համագործակցությունը և կապերի խորացումը: Ալեն Սիմոնյանը շեշտել է նաև Եգիպտոսում հայ համայնքի դերը՝ որպես բարեկամության կամուրջ երկու երկրների և ժողովուրդների միջև:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար ու ընդգծել հայ-եգիպտական դարավոր բարեկամական և բարձր մակարդակի հարաբերությունների շարունակականության կարևորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հարավային Աֆրիկան ձյունով է ծածկվել. որոշ շրջանների համար հայտարարվել է նարնջագույն նախազգուշացում

Սեպտեմբերի 21-ին Հարավային Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, ինչի հետևանքով երթևեկության խցանումներ է առաջացել Յոհանեսբուրգը Դուրբանին կապող N3 գլխավոր մայրուղում: Հարյուրավոր մեքենաներ են արգելափակվել:

Տեղ-տեղ ձյան ծածկույթի հաստությունը հասել է երկու մետրի, ինչն իրական փորձություն է եղել փրկարար ծառայությունների համար։

Հարավաֆրիկյան օդերեւութաբանական ծառայությունը ձյան տեղումներն անվանել է «բացառիկ իրադարձություն» և նախազգուշացրել հետագա տեղումների հնարավորության մասին։ Մի քանի շրջանների համար նարնջագույն նախազգուշացում է հայտարարվել:

Սպասվում է, որ ձյունառատ եղանակը կշարունակվի մի քանի օր։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Իրանում հանքի պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է. հայտարարվել է 3-օրյա սուգ

Հարավային Խորասանի Թաբաս քաղաքի ածխահանքում երեկ երեկոյան տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմանում Madanjo ընկերության հանքավայրում տեղի է ունեցել մեթան գազի պայթյուն։ Պայթյունի պահին հանքում աշխատել է 69 մարդ:

Իրանական Mehr գործակալության տեղեկությամբ, Իրանի Հարավային Խորասան նահանգում 3-օրյա սուգ է հայտարարվել ածխահանքում գազի պայթյունի հետևանքով 52 հանքափորի զոհվելու կապակցությամբ։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայկական եռագույնով լուսավորվեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը

Հայկական եռագույնով լուսավորվեց Հունաստանի Ալեքսանդրուպոլիսը։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։

«Արձագանքելով Հունաստանում Հայաստանի դեսպանությանը՝ Ալեքսանդրապոլիսի քաղաքապետարանը լուսավորվեց հայկական եռագույնով՝ ի նշանավորում Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի և երկու ժողովուրդներին միավորող մշակութային ու պատմական ամուր կապերի»,- տեղեկացնում են դեսպանությունից։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ֆրանսիայի նոր կառավարության կազմում հայազգի նախարարներ կան

Շաբաթ երեկոյան հրապարակվել է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը: 39 նախարարական նշանակում է եղել:

Այս մասին հայտնել են ֆրանսիական լրատվամիջոցները:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության նոր ղեկավար է դարձել Ժան-Նոել Բարոն, ով նախկինում զբաղեցրել է եվրոպական հարցերով նախարար-պատվիրակի պաշտոնը, իսկ  Ստեֆան Սեժուրնեն կզբաղեցնի Եվրահանձնակատարի պաշտոնը:

Սեբաստիան Լեկորնուն մնացել է պաշտպանության նախարարի պաշտոնում:  Անտուան Արմանը դարձել է ֆինանսների նախարար:

«Ձախ»-երից միայն մեկ քաղաքական գործիչ է պաշտոն ստացել կառավարությունում՝ Դիդյե Միգոտը նշանակվել է արդարադատության նախարար։

Ֆրանսիայի նոր կառավարությունում ընդգրկված են երկու հայազգի նախարարներ: Աստրիդ Փանոսյան-Բուվեն նշանակվել է աշխատանքի և զբաղվածության, իսկ Գիյոմ Գասպարյանը՝ քաղաքացիական ծառայության, հանրային գործունեության պարզեցման և վերափոխման նախարար։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ.

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, և այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Հայաստանում տեղի ունեցավ Անկախության հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներն ընտրական տեղամասեր էին գնում՝ պատասխանելու քվեաթերթիկի վրա գրված հետևյալ հարցին. «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ կազմից դուրս»: Այն ժամանակ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 95 տոկոսը «Այո» պատասխանեց հարցին, և Հայաստանի Հանրապետությունը դարձավ անկախ պետություն:

Այդ օրվանից մեր երկիրն անցել է բազում փորձությունների միջով՝ պատերազմներ, հազարավոր զոհեր, շրջափակում, տնտեսական և քաղաքական ճգնաժամեր, արտագաղթ, որոնց հետևանքով մենք ավելի առարկայորեն հասկացանք, որ 1991-ին հանրաքվեի դրված հարցը պատասխանի կարիք ունի ամեն օր, և այդ հարցին մենք պետք է պատասխանենք ոչ միայն ընտրական տեղամասում քվեաթերթիկի վրա նշում անելով, այլև մեր վարքով, բարքով ու գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետության Կառավարության գործունեության առանցքն ու նպատակը 1991 թվականի հանրաքվեի դրված հարցին ամեն օր գործնականորեն «Այո» պատասխանելն է, և պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա:

Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն:

Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ Անկախության հանրաքվե է: Ամեն օր Անկախության հանրաքվե է, և մեզնից յուրաքանչյուրն իր ընտրությունն անում է ամեն օր: Հանրաքվեի դրված հարցին ամեն օր պատասխանում է օրենքով սահմանված հարկերը վճարող (Այո) և հարկերը թաքցնող (Ոչ) յուրաքանչյուր ոք, ազնվորեն գործող (Այո) և կաշառք վերցնող (Ոչ) յուրաքանչյուր պաշտոնյա, աշխատող (Այո) և աշխատանքին քամահրանքով վերաբերվող (Ոչ) ամեն անհատ, օրենքը հարգող (Այո) և օրենքի խախտումն ինքնահաստատման միջոց համարող (Ոչ) ցանկացած մարդ:

Խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր «Այո» են ասել և «Այո» են ասում Անկախության հանրաքվեում, սիրում եմ այդ մարդկանց և հպարտանում եմ նրանցով: Եվ ներողություն եմ խնդրում բոլոր այն ակնհայտ և հնարավոր սխալների համար, որ գործել ենք և, մեր մեջ ասած, դեռ կշարունակենք գործել, որովհետև մարդը սխալական է:

Կարևոր է ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը, որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Եվ կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով»։

© progressgyumri.am Լուրեր Հայաստանից / Վերլուծություններ.

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com