Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ նշելով, որ զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել: «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են պատահարի և դրա պատճառների վերաբերյալ էական մի շարք հանգամանքներ: Մասնավորապես, նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ նշված տրանսպորտային միջոցը վարող ժամկետային զինծառայողը իրեն ամրակցված «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով զորամասի մշտական տեղակայման վայրից անձնակազմը փոխադրել է նույն զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք, որտեղ մեքենան կայանել է թեք տարածքում։ Այդ կերպ խախտվել է ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի պահանջները, ըստ որի՝ մեքենաների կանգառն իրականացվում է լավ տեսադաշտով ճանապարհի հարթ տեղանքում։
Դրանից հետո վերոհիշյալ ավտոմեքենայում գտնվող անձնակազմի մի մասը փոխարինել է մարտական դիրքում գտնվող անձնակազմին և փոխարինված անձնակազմը, առանց համապատասխան հանդերձավորման, տեղավորվել է «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայում։ Նույն կանոնակարգի պահանջների համաձայն, մեքենան տեղից շարժելը թույլատրվում է միայն շարժիչը տաքացնելուց հետո։ Այս պահանջի խախտմամբ ավտոմեքենայի շարժիչը կանգնած վիճակում չի գործարկվել և չի տաքացվել, այլ ավտոմեքենան փոխանցման տուփի միջոցով, առանց շարժիչը գործարկելու, կայանված տեղից բերվել է շարժման, ինչի հետևանքով վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և այն ճանապարհի բանուկ մասից թեքվել է դեպի աջ ու հայտնվել ձորում՝ հանգեցնելով դրանում գտնվող զինծառայողների մահվան և վնասվածքներ ստանալուն։ Շարժիչը գործարկվել է նման եղանակով, քանի որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի: Պարզվել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի հիշյալ ավտոմեքենան տեխնիկական ստուգում է անցել 2023թ․ հոկտեմբերին և ճանաչվել է սարքին։ Սակայն ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները, որոնք աշխատանքային վիճակի են բերվել 2018 թվականին, ենթակա են եղել շահագործման 4 տարի՝ մինչև 2022 թվականը։
Պարզվել է, որ առկա չէ տվյալ մարտկոցների հետագա շահագործման թույլատրության վերաբերյալ զորամասի ներքին հանձնաժողովի համապատասխան ակտ, և այդ պայմաններում դրանք չեն փոխարինվել նորով»,- նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի համապատասխան պաշտոնատար անձինք խախտել են տրանսպորտային միջոց շահագործելու կանոնները՝ անտեսելով ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի, ՀՀ զինված ուժերի ավտոմոբիլային ծառայության կանոնագրքի, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ։ Մասնավորապես՝ տեղյակ լինելով զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի ունեցած նշված տեխնիկական խնդիրների մասին, ինչպես նաև՝ այն մասին, որ սահմանված կարգով շարժիչը չգործարկվելու պատճառով արգելակման համակարգում անհրաժեշտ օդի քանակությունը, արտահոսքի հետևանքով, չի պահպանվում, 2024թ․ ապրիլի 12-ին թույլատրել են նշված ավտոմեքենայի երթը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ նշված տրանսպորտային միջոցը վարող, ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով։ Նշված պաշտոնատար անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ԱՄՆ 66 կոնգրեսականներ Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի ղեկավարներին կոչ են արել 200 միլիոն դոլար հատկացնել արցախցի փախստականներին, ընդլայնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Հայաստանին, դադարեցնել բոլոր տեսակի ռազմական և անվտանգության աջակցությունն Ադրբեջանին և ուսումնասիրել Ադրբեջանի նկատմամբ ռազմական հանցագործների համար պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), փոխանցում է The Armenian weekly-ն: Երկկուսակցական կոնգրեսականների նամակում, որը գլխավորել է Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը և ուղարկվել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործողությունների գծով հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և պատգամավոր Բարբարա Լիին, մասնավորապես, կոչ է արվում՝ – 200 միլիոն դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, -կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական և անվտանգության օգնությունը։
ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արվում գնահատել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառելու հարցը, -20 միլիոն դոլարի ռազմական ֆինանսավորում հատկացնել Հայաստանին, ևս 10 միլիոն դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար, -10 միլիոն դոլար տրամադրել Հայաստանին իրավական բարեփոխումների համար, -10 միլիոն դոլար՝ ժողովրդավարական բարեփոխումների համար։ «Մենք միանում ենք Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանն ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վաթսուն գործընկերներին՝ պահանջելով Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնության՝ վաղուց հասունացած արգելք, Ալիևի ռեժիմի դեմ պատժամիջոցներ և Արցախից փախստականների համար ԱՄՆ-ի մարդասիրական օգնության զգալի ծավալ։
Հաշվի առնելով, որ տասնյակ միլիարդավոր ամերիկյան դոլարներ են ուղարկվում աշխարհի ճգնաժամային գոտիներ, 20 միլիոն դոլարից պակաս գումարը, որը նախագահ Բայդենը նախատեսել է, բայց դեռ չի հատկացրել տեղահանված արցախահայությանը, իսկապես խայտառակություն է»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Կոչ անելով 200 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց՝ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը և նամակի մյուս համահեղինակները նշել են, որ ԱՄՆ-ի և միջազգային հանրության արձագանքը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական էթնիկ զտմանը լիովին անբավարար է եղել այդ ընտանիքների կենսական կարիքները բավարարելու համար։ Հայրենիք վերադառնալու նրանց երաշխավորված իրավունքը չապահովելը նույնպես սև կետ է մնում միջազգային դիվանագիտական հանրության հեղինակության վրա։ Նամակի համահեղինակները հատուկ մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ նոր պատերազմ հրահրելու՝ Ալիևի ռեժիմի մտադրությունների կապակցությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ կառավարությունը մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրերի իրականացումն ապահովելու համար ընդհանուր առմամբ 592 միլիոն 239.5 հազար դրամ հատկացնելու որոշում է ընդունել։ Հատկացվող գումարի շրջանակներում իրականացվելիք ծրագրերի արդյունքում լուծում կտրվի մարզային և համայնքային նշանակություն ունեցող հիմնախնդիրներին, ինչպես նաև կապահովվի ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. ընթացքում տրված մի շարք հանձնարարականների կատարումը: Ծրագրերն առնչվում են սպորտի, կրթության, մշակույթի և ճանապարհաշինության ոլորտներին, ինչպես նաև ուղղված են ենթակառուցվածքների բարելավմանը:
Մասնավորապես, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Շիրակի մարզպետի աշխատակազմին 227,878.6 հազար դրամ կհատկացվի, որից 18 մլն 281 հազարը նախատեսվել է Արթիկ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ Փանիկ բնակավայրի մշակույթի տանն անհրաժեշտ գույքը ձեռբերելու նպատակով, 209 մլն 597 հազար դրամ էլ կուղղվի Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հաղթանակ, Ձերժինսկի փողոցների և Ազատության հրապարակի նորոգման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 281 մլն 685 հազար դրամ։
https://www.primeminister.am/hy/press-release/item/2024/05/02/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ապրիլի 21-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակելու գործով խուլիգանական արարքների կատարման համար 4 մեղադրվողներից ևս երկուսը կալանավորվել են, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ավելի վաղ կալանավորվել էր նրանցից ևս մեկը՝ «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը։ Ըստ ՔԿ-ի՝ նա խոչընդոտել է փակված փողոցում ԵԿՄ-ի «Ուազ»-ի տեղաշարժը: Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության մեջ նշվում է, որ Այրում բնակիչը միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներից պահանջել է բացել ճանապարհը և իր վարած «ՈՒԱԶ» ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը։
«Անտեսելով ակցիայի վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների՝ առերևույթ խուլիգանական արարքները դադարեցնելու մասին պահանջները՝ նշված անձինք հարձակվել են «ՈՒԱԶ»-ի վրա, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել մեքենային՝ վնասելով դրա տարբեր հատվածները և կոտրելով դիմապակին։ Բացի այդ, նշված անձանցից մեկը կտրող-ծակող առարկայով վնասել է «ՈՒԱԶ»-ի անվադողը», – նշում է իրավապահ կառույցը: Իր հերթին, «Մարտական եղբայրություն»-ից ավելի վաղ պնդել են՝ սա քաղաքական հետապնդում է, իրենք Տավուշ էին մեկնել տեղաբնակների խնդրանքով նրանց սատարելու և մասնակցել են խաղաղ ակցիայի։ Կազմակերպության անդամները պնդում են, որ իրավապահները պետք է սլաքներն ուղղեն Երկրապահ կամավորականների անդամների ուղղությամբ, որոնք, նրանց փոխանցմամբ, «սադրել, ահաբեկել են խաղաղ ցուցարարներին»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Չնայած գործադրվող ջանքերին՝ ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք և գլուխ ենք խոնարհում 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև: 1915թ․ սկսած՝ երիտթուրքական կառավարության իրականացրած մարդկության դեմ հանցագործության հետևանքով շուրջ 1,5 միլիոն հայ, այդ թվում՝ երեխաներ, կանայք և ծերեր, սպանվեցին միայն իրենց ազգային պատկանելիության՝ հայ լինելու հիմքով:
Միլիոնավոր հայեր զրկվեցին իրենց սեփականությունից և պատմամշակութային ու հոգևոր նյութական արժեքներից: Հայության դեմ իրականացված այս ոճրագործությունը հետագայում հիմք դարձավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» միջազգային կոնվենցիայի սահմանման համար։ Ցավալիորեն, չնայած գործադրվող ջանքերին, ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է։ Արդեն 21-րդ դարում՝ 2020-2023 թթ., մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. 150 հազարից ավել հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման հետևողական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց և ստիպված եղավ լքել իր պատմական հայրենիքը։
Հաշվի առնելով ժամանակակից աշխարհում ցեղասպանության ռիսկերն ու արձանագրվող դեպքերը, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների բազմաթիվ այլ օրինակները՝ Հայաստանը միջազգային հարթակներում շարունակում է ակտիվ ներգրավվածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում ջանքերի համադրման, նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և զոհերի իրավունքների պաշտպանության նպատակով»,- ասված է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակված ԱԳՆ հայտարարության մեջ:
https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2024/04/24/Statement_Armenian_Genocide/12612
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։
https://www.gov.am/am/news/item/1586
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, սահմանազատման գործընթացին: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Տոյվո Կլաարը ևս մեկ անգամ նշել է, որ ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ համապարփակ ու տևական կարգավորման նպատակով, ինչպես նաև 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի պայմանավորվածությանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։ Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝
1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
2. Աշխատանքային խմբի աշխատանքները կազմակերպելու նպատակովներգրավել ոլորտային մասնագետներ՝ գեոդեզիստներ և քարտեզագիրներ։
3. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայնհավելվածի: 4. Հանձնարարել Պաշտպանության նախարարին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, Կադաստրի կոմիտեի ղեկավարին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտ օժանդակություն ապահովել խմբի աշխատանքներին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ կստեղծվի:
«Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին» N 570-Ա որոշումը՝ 1. Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ։ 2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ: Աշխատանքային խմբում ընդգրկվել են Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարներ, ինչպես նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։
https://www.e-gov.am/decrees/item/26921/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Արցախը էթնիկ զտման ենթարկելուց հետո Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացման պետական քաղաքականությունը։ Բաքուն ամբողջությամբ քանդել է հայկական Քարին տակ գյուղը։ Համացանցում տարածվում են արբանյակային լուսանկարները, որոնք ցույց են տալիս՝ գյուղն այլևս գոյություն չունի։ Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմի հետևանքով գյուղն ամբողջությամբ հայաթափվել ու անցել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ավելի վաղ ադրբեջանցիները քանդել էին գյուղի գերեզմանոցը։ Ավելի վաղ էլ արբանյակային լուսանկարները փաստել էին, որ 2024 թվականի փետրվարին Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Կանաչ ժամ (Սուրբ Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Մարտական եղբայրություն» ՀԿ-ի յոթ անդամ է ձերբակալվել Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Հաղթանակի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամներ և մի խումբ այլ քաղաքացիներ փակել են միջպետական ավտոճանապարհը։ Մեկ այլ բնակիչ պահանջել է բացել այն, որից հետո իր «ՈՒԱԶ» ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, ըստ Քննչականի, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին՝ չեն թույլատրել: Ըստ հաղորդագրության՝ մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են ավտոմեքենայի դիմապակին, ապա դիմել են փախուստի: Իսկ արդեն ճանապարհի բացվելուց հետո Մ․ Ա․-ն վիճաբանության մեջ է մտել ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ, ձեռքով հարվածել նրան և պատճառել մարմնական վնասվածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com