© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
2021 թվականի հոկտեմբերի 17-ին եւ նոյեմբերի 14-ին ՀՀ մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Շիրակի մարզի 42 համայնքից 38-ում այս աշնանը կանցկացվեն հերթական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Այս ցանկում չեն Անի, Մարմաշեն եւ Ախուրյան խոշորացված համայնքներն ու Անուշավան գյուղական համայնքը։
Ամենաթեժ մրցակցությունը սպասվում է մարզկենտրոն Գյումրիում։ Նախնական տեղեկություններով՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու է մոտ մեկ տասնյակ կուսակցություն եւ դաշինք։ Ներկայում քննարկվում է հավանական թեկնածուների առաջադրման հարցերը, կազմվում են նախնական ցուցակներ։
Որեւէ կուսակցություն դեռեւս չունի հստակ դիրքորոշում թեկնածուների առաջադրման մասով, սակայն Գյումրի համայնքի ղեկավարի թեկնածուների անուններ, այնուհանդերձ, շրջանառվում են։
Գործող համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը Գյումրին ղեկավարում է 2012 թվականի հոկտեմբերից, դեռեւս չունի հստակ որոշում՝ մասնակցելու՞ է ՏԻՄ ընտրությանը, թե՞ ոչ։ Գյումրու համայնքապետարանից փոխանցում են․ «Երբ լինի որոշում՝ կհրապարակենք»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Ս․Բալասանյանը ցանկություն չունի պայքարելու քաղաքապետի աթոռի համար, սակայն թիմակիցներն ու համայնքապետարանի աշխատակազմը ջանում են վերջինիս համոզել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների, ունի Գյումրու քաղաքապետի 2-3 թեկնածու, վերջնական որոշում դեռեւս չկա։ Շրջանառվում է նաեւ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով նշված թեմային՝ ասել է․
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի արդյունքում կարձանագրվի այն թեկնածուի անունը, որը պիտի գլխավորի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը թե՛ Գյումրիում, թե՛ մնացած տեղերում։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք ժամանակ, բայց շատ քիչ, և ինձ թվում է՝ շուտով բոլորն այդ մասին տեղյակ կլինեն»։
«Քաղաքացիական պայմանագիր-Գյումրի» ֆեյսբուքյան էջը հուլիսի 23-ին որպես քաղաքապետի թեկնածու համարում է Շիրակի նախկին մարզպետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ֆեյսբուքյան էջը, մասնավորապես, գրել է․«Գյումրի քաղաքի հեղափոխական քաղաքապետի թեկնածուն: Հուսով ենք , որ ՔՊ-ն՝ վերլուծելով մարդու վաստակն ու արժանիքները, ճիշտ որոշում կկայացնի»։ Որոշ օգտատերեր Կ․Սարուխանյանի լուսանկարը տարածելով՝ գրել են․ «Գյումրին հոկտեմբերին կունենա նոր քաղաքապետ»։
Քաղաքապետի հաջորդ թեկնածուն, հավանաբար, կլինի նաեւ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, Շիրակի մայր բուհի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը։ Մեզ հետ զրույցում Վ․Գրիգորյանն ասաց․«Որեւէ բան չեմ կարող ասել, նաեւ չի բացառվում, բայց դա կուսակցության խորհրդի որոշելիքն է։ Այս պահին որեւէ բան որոշված չէ»։
Քաղաքապետի թեկնածու ներկայում համարվում է նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը, նա, սակայն, այս մասով ոչինչ չփոխանցեց, ավելին՝ նեղսրտեց, թե ինչու ենք այդ հարցով հետաքրքրված․«Ձեր ի՞նչ գործն է ընդհանրապես։ Չէ, չունեմ պատասխան»։
«Պատիվ ունեմ» դաշինքով Գյումրու ՏԻՄ ընտրություններին, ըստ մեզ հասած տեղեկությունների, մասնակցելու է նաեւ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մեր ճշգրտող հարցին, սակայն, այդպես էլ չարձագանքեց Մ․Գրիգորյանը։
Մարտուն Գրիգորյանը նույն դաշիքնով մասնակցել է հունիսի 20-ին ՀՀ արտահերթ խորհրդանարական ընտրություններին։ Ընտրական ցուցակի 8-րդ տեղում էր։ ԱԺ պատգամավորի մանդատ, սակայն, ստացան դաշինքի 1-ից 7-րդ տեղերը զբաղեցրած թեկնածուները։
Մարտուն Գրիգորյանը Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցել է նաեւ 2008 թվականին, երբ քաղաքապետի աթոռի համար պայքարում էր նաեւ այդ ընթացքում գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Շրջանառվում են նաեւ հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մասին լուրեր, սակայն վերջինիս առաջադրումը քիչ հավանական է համարվում։ Օրեր առաջ Aravot. am -ը Ա․Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։
Գևորգ Ալեքսանյանը ոչ հերքել, ոչ հաստատել է՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»,-գրել է կայքը։
«Հայաստան» դաշինքը եւս թեկնածուների առաջադրման մասով պրպտումների մեջ է․ շրջանառվում է երկու անուն՝ իրավաբան Կարապետ Պողոսյան եւ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան։
Գյումրիում ՏԻՄ ընտրություններ կայացել են 2016 թվականի աշնանը, երբ թիվ 34 ընտրական հանձնաժողովի որոշմամբ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» կուսակցություններից մեկական մանդատ վերցվեց եւ հանձնվեց Բալասանյան դաշինքին, դաշինքն ունեցավ 17 մանդատ: Հանձնաժողովի այս որոշումը, նաեւ ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անօրինական ճանաչեցին ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները եւ հարցը վիճարկեցին դատական ատյաններում, միաժամանակ բոյկոտեցին ավագանու նիստերը: Դատական ատյաններում հարցի քննարկումից եւ որեւէ փոփոխություն չարձանագրվելուց հետո ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ» կուսակցությունները վերադարձան ավագանու նիստերի դահլիճ։ Ավագանու անդամի իրենց մանդատից հրաժարվեցին Վարդեւան Գրիգորյանը (ԲՀԿ), Հովհաննես Մարգարյանը (ՀՎԿ) եւ Վահան Խաչատրյանը (ԳԱԼԱ)։
Գյումրին ունի 33 ավագանու անդամ․ ավագանու հերթական նիստ նշանակված է սեպտեմբերի 14-ին, իսկ հոկտեմբերի 17-ին կկայանան ՏԻՄ հերթական ընտրությունները։
Անի Մկրտչյան
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
7-րդ գումարման Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացրել։ Նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցությանն է, օրակարգում 6 հարց է, այդ թվում՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցերը։ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել սահմանային շերտ մուտք գործած անձանց օգտագործել ԱԹՍ-ներ, տեսալուսանկարահանում անել: «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց միաձայն: 8-րդ գումարման Ազգային ժողովն առաջին նստաշրջանը կգումարի օգոստոսի 2-ին։ Առաջին նիստում նոր ԱԺ-ն կձևավորի Հաշվիչ հանձնախումբ, ապա կանցկացվեն Ազգային ժողովի նախագահի, երեք տեղակալների ընտրությունների հարցը, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։ «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանի խոսնակի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Իր անկախ, անկողմնակալ, հասարակության հետ բաց ու թափանցիկ երկխոսության, բազմակարծության ապահովման, անաչառ ու ճշգրիտ տեղեկատվության տարածման շնորհիվ Գյումրու առաջընթաց հասարակական կազմակերպությունը վաղուց արդեն շահել է հասարակության վստահությունը, ձեռք բերել նոր գործընկերներ, որոնք պարբերաբար փոխշահավետ համագործակցության առաջարկներ են ներկայացնում ու կազմում ապագայի համատեղ աշխատանքի հեռահար ծրագրեր:
ՆԵԴ-ի ֆինանսավորմամբ իրականացնելով «Երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագիրն իր 2 խոշոր բաղադրիչներով, որն ի դեպ եզակի էր ոչ միայն Շիրակի մարզում, այլև մյուս մարզերում, կազմակերպությունը նոր հաջողություններ գրանցեց հանրային իրազեկման ու վերահսկման ոլորտում, բացառիկ դեր ունենալով մարզում անկախ լրատվամիջոցի ամրապնդման, բազմակարծության ապահովման գործում: Այս հանգամանքը չափազանց բարձր են գնահատում ոլորտի մասնագետները
Ծրագրի արդյունքում ստեղծված Երկխոսության լսարանում և Երկխոսության մեդիա կենտրոնի տաղավարներում անցկացվել են քաղաքական ու տնտեսական ամենատարբեր թեմաներին առնչվող հարցազրույցներ, քննարկումներ, մամլո ասուլիսներ` կառավարության անդամների, փոխնախարարների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների,ԱԺ պատգամավորների, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, Աժ արտահերթ ընտրություններին մասնակցած գրեթե բոլոր քաղաքական ուժերի, քաղաքագետների, իրավաբանների, իրավապաշտպանների, պատմաբանների, անկախ փորձագետների մասնակցությամբ, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության, ԱԺ, ՏԻՄ որոշումներին, մարզի խնդիրներին, հակահամաճարակային միջոցառումներին, տուրիզմի, տնտեսության զարգացման ծրագրերին, Աժ արտահերթ ընտրություններին, ընտրական գործընթացին, ընտրական օրենսգրքի փոփոխություներին, քաղաքական ուժերի ծրագրերին։
Հաշվետու ժամանակաշրջանն աչքի ընկավ բուռն զարգացումներով՝ պայմանավորված ոչ միայն կորոնավիրուսով, ալյև պատերազմով։ Այս և հետպատերազմյան շրջանում երկրում ստեղծված ճգնաժամի ու լուծման ուղիների, երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ ևս եղան քննարկումներ և հարցազրույցներ, պատրաստվեցին նաև ռեպորտաժներ, հարցումներ Գումրի քաղաքի բնակչության շրջանում։
Սա եզակի հնարավորություն է տալիս հասարակությանն ու պետությանը, հատկապես հեղափոխությունից հետո, ազատորեն երկխոսելու երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների մասին, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
2021 թվականի հունիսի 20-ին անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ, Կազմակերպությունը անդամակցեց Անկախ դիտորդ դաշինքին, համատեղ իրականացնելու դիտորդական առաքելությունը։ Այդ նպատակով անցկացվեցին կարճաժամկետ դիտորդների վերապատրաստման 2-օրյա դասընթացներ, որի ընթացքում դիտորդները ծանոթացան ընտրական հանձնաժողովների գործառույթներին, համամասնական ընտրակարգին, դիտորդների իրավունքներին, պարտականություններին ու վարքագծի կանոններին:
Նախընտրական շրջանում, փոփոխված ընտրակարգի և ընտրախախտումներից զերծ մնալու վերաբերյալ 2 սոցիալական հոլովակ պատրաստվեց, ինչը նպաստեց ընտրողների իրազեկության բարձրացմանը: Իսկ ընտրությության օրը, դիտորդներն ու Երկխոսության մեդիա կենտրոնի լրագրողները եղել են ընտրատեղամասերում, հետևել ընտրական գործընթացներին՝ քվեարկությունից մեկնարկից մինչև հաշվարկի ավատը, արձանագրել ընտրախախտումներ, դրանց վերաբերյալ պատրաստել ռեպորտաժներ։ Երկու ժամը մեկ պարբերականությամբ, կազմակերպությունն իրականացրել է ուղիղ հեռարձակումներ՝ ներկայացնելով ԿԸՀ-ից, Անկախ դիտորդներից և լրագրողներից ստացված տեղեկատվությունը։ Մինչ ընտրության օրն ու դրանից հետո կազմակերպություն այցելեցին Ընտրությություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԺՀՄԻԳԻ երկարաժամկետ դիտորդները՝ ծանոթանալու տեղական դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ջանքերին ու քայլերին։ Ընտրական շրջանին նախորդող և հաջորդող օրերին կազմակերպության կողմից իրականացված բոլոր նախաձեռնությունները ողջունեցին նաև արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները:
Որպեսզի բարձրանա հանրային իրազեկությունը ՏԻՄ-ների ու ԱԺ գործունեության, երկրի և հատկապես Շիրակի մարզի տարբեր խնդիրների վերաբերյալ կազմակերպությունը հետևել է Գյումրու ՏԻՄ-ների և ԱԺ շիրակցի պատգամավորների աշխատանքին` դիտարկելով նրանց գործունեությունը, օրենսդրական քայլերը՝ նպաստելով այնպիսի մշակույթի ձևավորմանը, որտեղ քաղաքական ուժերը գիտակցում են իրենց պատասխանատվությունը և հաշվետու են իրենց ընտրողներին։ արդյունքում թողարկվել են ՏԻՄ-ների և ԱԺ պատգամավորների գործունեության մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ, ամփոփիչ զեկույցներ:
Ինչ վերաբերում է լրագրողներին: Հայաստանում առողջ քաղհասարակություն ձեւավորելու, բազմակարծություն ապահովելու, երկրում տեղի ունեցող գործընթացներում քաղհասարակության մասնակցության եւ դերի բարձրացման նպատակով մեդիա կենտրոնում անցկացվեցին լրագրության տեսական և գործնական պարապմունքներ, որոնք հնարավորություն տվեցին երիտասարդներին ունենալ խորը գիտելիքներ լրագրության բնագավառում, տիրաապետել հարցազրույցի տեխնիկային, հաղորդավարական խոսքին, տարբեր ոլորտների լուսաբանումներին, իրենց իրավունքներին, օրենսդրությանը։ բացի այդ, այստեղ ուսուցանվել են հավաստի որակյալ տեղեկատվություն ստանալու, լրատվական կայքերից գրագետ օգտվելու և մեդիագրագիտության այլ հարցեր։
Կազմակերպությունն ակտիվորեն շարունակելու է իր ներդրումն ունենալ ժողովրդավարության կայացման, հանրային իրազեկման եվ բաց երկխոսության կայացման գործում։ Մինչ օրս իրականացրած ծրագրերը լինելու են շարունակական, կավելանան նաև նոր բաղադրիչներ։
Երկխոսության մեդիա կենտրոնը կշարունակի միավորել քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը և կապահովի նրանց մասնակցությունը քաղաքական, հասարակական, սոցիալական կարեւորագույն խնդիրների բացահայտման և լուծման գործընթացում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու հետևանքով ստեղծված անվտանգային խնդիրները, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունն ամիսներ շարունակ խախտելու հանգամանքը, պարբերական կերպով զինված բախումներ հրահրելու ադրբեջանական քաղաքականությունը՝ նորից կոչ ենք անում ՀՀ իշխանություններին օգտվել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ընձեռնված հնարավորություններից և անհապաղ դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ պայմանավորված միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով։
Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դիմել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ)՝ Հայաստան ուղարկելու չզինված, քաղաքացիական հատուկ մոնիթորինգային առաքելություն՝ սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի երկարաժամկետ անաչառ և օբյեկտիվ մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ինչը կապահովի բնակիչների անվտանգությունը և կնպաստի Հայաստանի անվտանգային խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության ջանքերին։
2020 թ․ նոյեմբերի 9-ի՝ հրադադարի մասին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունից ի վեր ադրբեջանական ագրեսիան ՀՀ հետ սահմանի երկայնքով չի դադարում։ Այսպես․ ադրբեջանական զինված ուժերն ապօրինի կերպով ներխուժել և տեղակայվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար կրակում են Հայաստանի Հանրապետության մի շարք գյուղերի և բնակավայրերի ուղղությամբ, խաթարում բնակիչների անդորրը և առօրյան, իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս պատճառում նրանց գույքին, փորձեր են իրականացնում քաղաքացիական բնակչությանն ապօրինի կերպով ազատությունից զրկելու, սպառնում հրազենով, զբաղվում են անասնագողությամբ, իրականացնում մի շարք այլ ապօրինի գործողություններ։
Վերջին օրերին, օգտվելով արդեն ամիսներ շարունակ չդադարող ագրեսիայի արդյունքում իրավական և քաղաքական հետևանքների, ինչպես նաև պատշաճ միջազգային արձագանքի բացակայությունից, ադրբեջանական սադրանքները նոր թափ են առել, ինչի հետևանքով կան նոր զոհեր և վիրավորներ։ Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, միջազգային իրավական նորմերի բացահայտ ոտնահարմամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած տեղեկությունների համաձայն ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ: Կրակոցներն ինտենսիվ են եղել, արձակվել են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից: Ադրբեջանական հարձակման արդյունքում սկսված մարտի հետևանքով զոհվել են ՀՀ Զինված ուժերի 3 զինծառայողներ, ևս 5-ը վիրավորվել են:
Այսպիսով, հաշվի առնելով վերոնշյալ անվտանգության մարտահրավերները, համարում ենք, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ինչպես նաև հատուկ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու համար ԵԱՀԿ դիմումը անհետաձգելի և խիստ անհրաժեշտ քայլեր են, որոնց հապաղումը լրջորեն վնասում է Հայաստանի Հանրապետության շահերին՝ հանգեցնելով անդառնալի կորուստների։
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Հանրային լրագրության ակումբ
Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ ՀԿ
Աղբյուր՝ https://hcav.am/joint-29-07-2021/#comment-6512
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին: Գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: «Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են», – ասված էր սկզբնական հաղորդագրությունում: «Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը: Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. – «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»: «Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։ Ժամը 7։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են», – ասված է հաղորդագրությունում: Մեկ ժամ անց էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 8։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, մարտական գործողությունները շարունակվում են: Եվս մեկ ժամ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 9:20-ի դրությամբ, ադրբեջանցիները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ տալով կորուստներ: Փոխհրաձգությունը շարունակվում է: Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը: «Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։ Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», – ասված է հայտարարությունում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում: Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էլ, իր հերթին, Թվիթերում գրել է, թե «երկու պետությունների պետական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:
Աղբյուր՝ https://mil.am/hy/news/9702
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru