Նորություններ

Պատվաստված անձինք Հայաստան մուտք գործելիս թեստ չեն հանձնի. Կառավարության որոշումը

Այն անձինք, որոնք կունենան կորոնավիրուսի դեմ երկու դեղաչափ պատվաստման հավաստագիր՝ կանաչ անձնագիր, այսուհետ Հայաստան մուտք գործելու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա։ Այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը նշել է , որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է։ «Այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում։ Եվ պետք է ուշադիր լինել, երկրից մեկնելու համար պետք է իմանալ, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում։ Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն, որ պատվաստման հավաստագիրը հեշտացնում է գործընթացը, այնուհետև կգա ժամանակը, որ սահմանը հատելու միակ թույլատրելի միջոցը կլինի դա։ Բայց մենք ևս փորձում ենք ժամանակից հետ չմնալ և մեր քաղաքացիներին զերծ պահել կատարվող ավելորդ հետազոտություններից ու ֆինանսական միջոցներ ծախսելուց»,- ասաց Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ Առողջապահության նախարարության կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը, ինչպես դրանից օգտվել։ Փոփոխություն է կատարվել նաև մինչև մեկ տարեկան երեխաների՝ երկիր մուտք գործելու դեպքում ՊՇՌ թեստավորման պահանջում, այդ պահանջը հանվել է։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Գյումրիի Ակադեմիական վարժարանը կունենա հիմնանորոգված շենք

Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարանը շուտով կունենա հիմնանորոգված շենք: Դպրոցի վերակառուցումն իրականացվել է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Այդ նպատակով ԾԻԳ-ի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի ներկայացուցիչներն ամփոփիչ այց են իրականացրել վարժարան՝ ծանոթանալու կատարված աշխատանքներին: Նրանք փաստել են, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են՝ համաձայն սեյսմիկ անվտանգության չափանիշների: Ծրագրի շրջանակում հիմնանորոգվել են դպրոցի մասնաշենքերը, իրականացվել են սեյսմակայունությանն ուղղված ամրացման, տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքերի հիմքերի ուժեղացման և ամրացման, ինչպես նաև ջեռուցման համակարգի մոնտաժման և տեղակայման աշխատանքներ: Բարեկարգվել են դպրոցի հարակից տարածքները, կառուցվել են խաղահրապարակներ, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակներ, մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, արտաքին և ներքին աստիճաններ ու թեքահարթակներ: Իրականացվել են անհրաժեշտ կոմունիկացիաների անցկացման աշխատանքներ, մասնավորապես, դպրոցի համար անցկացվել է ջրագիծ, որի արդյունքում ուսհաստատությունն ապահովվել է խմելու և ոռոգման ջրով: Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի կողմից պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. ըստ այդմ` վերակառուցված դպրոցի շենքն ունի հարմարեցված միջավայր: Դպրոցի տնօրեն Վ. Ավետիսյանը նշել է, որ հիմնանորոգված դպրոցի առկայությունը նոր լիցք կհաղորդի Գյումրի քաղաքին և կարևոր նախապայման կդառնա հանրակրթության ոլորտում նոր արդյունքներ գրանցելու համար: Նշենք, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում երկրորդ փուլով ընթացքի մեջ են 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Այս տարի նախատեսվում է ամփոփել ևս յոթ՝ Վաղարշապատի թիվ 5, Երևանի ՀՊՄՀ հենակետային վարժարանի, Արթիկի թիվ 3, Սևանի, Գորիսի թիվ 1, Երևանի թիվ 42 և թիվ 142 ավագ դպրոցների շենքերի հիմնանորոգումը:

Աղբյուր՝ https://escs.am/am/news/8612

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելուն վերաբերող նախաձեռնությունը

ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը ԱԺ մայիսի 5-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը: Նա բարձրաձայնեց առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխությունների մասին: Նախագիծը կարգավորում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային եւ 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ դրական է եղել:

Աղբյուր՝ 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկն, այսօր այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց: Կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ, ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: Երեկ Բաքվից 3 հայ գերիներ վերադարձան Երևան։ Այսպիսով, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասավ 72-ի, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։ Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։

Աղբյուր՝ https://www.ombuds.am/am/site/ViewNews/1669

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Պատվաստման գործընթացը Շիրակի մարզում

Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca » և 342 դեղաչափ « Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 15-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 272 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 151, «Sputnik-V» -ով՝ 121 շահառու: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով, կիրառվում է 18 տարեկանից բարձր անձանց համար: Պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները` «AstraZeneca » և «Sputnik-V» պատվաստանյութերով:

Աղբյուր՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2881418658784000

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացել է 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ Սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրում է՝ առաջնորդվելով տվյալ ընթացակարգով: Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru