Կառավարությունը հավանություն է տվել որոշման նախագծին, որով չեղարկվում են Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով ՀՀ և Արցախի քաղաքացիների կողմից սեպտեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 27-ը Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի օրենսդրության մի շարք հոդվածների խախտումների համար սահմանված վարչական տույժերը: Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ առաջարկվում է 2 կարգավորում: «Առաջինը մի շարք խախտումների համար կիրառված վարչական տույժերի համաներման մասին օրենքի ընդունումն է, որի նախագիծն արդեն պատրաստ է: Երկրորդ կարգավորումն այն է, որ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում արդեն իսկ առկա հոդված 17-ով կարգավորվող ծայրահեղ անհրաժեշտությամբ պայմանավորված կիրառումն է: Դրա դրույթները կարող ենք կիրառել այս դեպքում: Այս երկու տարբերակներից որն էլ կիրառելի լինի, պատրաստ ենք դրա կատարմանը»,- ասել է նա: Կառավարությունը հավանություն է տվել նաև Քաղաքացիական օրենսգրքում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում փոփոխությունների փաթեթին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ փոփոխությունները հնարավորություն կտան մարտական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին հատուցում ստանալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: «Մասնավորապես, կարգավորել ենք հետևյալը. հիմա անհայտ բացակայող ճանաչելու համար պետք է, որ մեկ տարի անձի գտնվելու վայրի մասին տեղեկություններ չլինեն: Մենք բացառություն կամ հատուկ կարգավորում ենք սահմանում զինծառայողների համար ռազմական գործողություններով պայմանավորված ու այդ ժամկետը կրճատում ենք դարձնելով երեք ամիս: Այն տարածվելու է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները կարող են դիմել դատարան անձին անհայտ բացակայող ճանաչելու համար, եւ դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո դիմել հիմնադրամ անհայտ բացակայող ճանաչելու փաստի հիման վրա հատուցում ստանալու նպատակով»,- ասել է նախարարը: 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ կհայտարարվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի. որոշումն ընդունվեց կառավարության նիստում:Որոշմամբ կսահմանվի պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 70 բժիշկ-մասնագետ:Պահեստազորի սպայական կազմի զորակոչի շրջանակներում մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կզորացրվեն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յոթնօրյա ժամկետում կընդունի պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի անցկացման և օրենքով սահմանված ժամկետում պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելու մասին հրաման:Պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների տվյալները կուղարկվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` նրանց վերաբերյալ կազմված նյութերը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ:Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Պետությունը ստացել է զգալի լուրջ հարված և այս իրավիճակից դուրս գալու ելքերը չենք տեսնում» Ա.Սաքունց
#Ներքաղաքական #Ճգնաժամ
![]()
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկել են Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքի նախագծով սահմանված երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մեկ տարով՝ սահմանելով 2022 թվականի հունվարի 1-ը: Փոփոխությունների նախագծերի փաթեթը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է համահեղինակ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ ծխախոտային արտադրատեսակներին առնչվող օրենքի նախագիծը, որով սահմանափակումներ էին մտցվում, ընդունվել է ԱԺ-ում փետրվարին՝ թեժ քննարկումներից հետո: Նա հիշեցրել է, որ նախագծին տվել էին դրական եզրակացություն, թեև շեշտել էին, որ ունեն բազում մտահոգություններ՝ կապված օրենքի տնտեսական հետևանքների հետ, մտադիր էին փոքր աշխատանքային խումբ ձևավորել և աշխատել ամենատարբեր դրույթների վրա: «Սակայն քանի որ ունեցանք ֆորսմաժորային իրավիճակներ,ցավոք սրտի այդ աշխատանքն ամբողջ խորությամբ չհասցրեցինք կատարել: Եվ այս պահին որոշել ենք 1 տարով հետաձգել այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Այդ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը որոշել ենք հետաձգել մեկ տարով, որ առաջինը՝ բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմվի, քանի որ հիմա գտնվում ենք այլ իրավիճակում, քան գտնվում էինք օրենքն ընդունելու պահին, և երկրորդ՝ որպեսզի այս ընթացքում ժամանակ ունենանք նաև միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացնել ազդեցության գնահատական»,-ասել է Թունյանը: Այնուհետև պատգամավորը ներկայացրել է, թե որ դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետն են հետաձգում: Ընդունված օրենքով ծխախոտային արտադրատեսակների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում հունվարի 1-ից պետք է արգելվեր: Հաջորդ դրույթը վերաբերում էր ծխախոտային արտադրատեսակների դրանց փոխարինիչների մակնշման պահանջներին: Դրույթներից մեկն էլ վերաբերում էր տուփերի ցուցադրությունը: Դրանով մասնավորապես սահմանվում էր, որ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը: Այս երեք դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգվում է: Թունյանը ներկայացրել է , թե ինչու են որոշել հետաձգել հենց այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը: «Կարծում ենք, որ ծխախոտի տարածվածության վրա դրանց ազդեցությունը խիստ կասկածելի է: Կասկածելի է, թե դա քանի տոկոսով էր կրճատելու ծխողների թիվը, սակայն մարդկանց, տնտեսավարողների եկամուտների վրա ազդեցությունը խիստ էական է»,-ասել է Թունյանը: Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, սակայն, ասել է, որ կառավարության դիրքորոշումն այն է, որ եթե այդ կետերն ուժի մեջ մտնեն հունվարի 1-ից, որևէ տնտեսական ազդեցություն չեն ունենա, համավարակի պարագայում շատ ավելի կարևոր է, որ օրենքի բոլոր դրույթները գործեն: «Այս ամիսները ևս մեկ անգամ մեզ ապացուցեցին, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահանում են հենց այն մարդիկ, որոնք ոչ վարակիչ հիվանդություններ ունեն: Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի ֆակտորը հանդիսանում է ծխախոտի օգտագործումը: Եվ կարծում եմ, որ մենք պետք է մեր ուժերը համատեղ ներդնենք, որ ուժեղացնենք այս օրենքի բոլոր դրույթների կիրարկումը»,-նշել է նա ու հորդորել նախագիծը հանել շրջանառությունից: Փաթեթն ստացել է դրական եզրակացություն, այն դեկտեմբերի 24-ին 24-ժամյա ռեժիմով կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Ազգային բևեռով փորձում ենք կոնսոլիդացնել բոլոր ուժերը» Ալբերտ Բաղդասարյան
![]()
#Ներքաղաքական #Ճգնաժամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Այս վիճակից հնարավոր է դուրս գալ միայն կառավարչական ռեսուրսի համախմբմամբ» Վարուժան Ավետիսյան
![]()
#Ներքաղաքական #Ճգնաժամ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru