Հեքիաթային ծրագիրն իրատեսական դարձնելու ժամկետ է սահմանվել
Հուլիսի 2-ին Գյումրու համայնքապետարանում «Արմոն» ընկերությունը հանրային քննարկման ներկայացրեց ընդհանուր 610 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիր՝ «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ», որի առանցքը 25 կմ երկարությամբ օդային երթուղիների կառուցումն էր:
25 կմ օդային երթուղու կառուցման համար պահանջվում է 200 մլն դոլար: Օդային երթուղին կախովի տրամվայ է՝ առանց պարանների:
Մեկնարկը տրվելու է օդանավակայանի «Թռիչք» պայմանական անունն ունեցող կայարանից, հաջորդը կլինի Մսի կոմբինատ թաղամասի «Վերածնունդ»-ը, հետո հերթը կհասնի Նորավան թաղամասի «Հավատք» եւ Կոմիտաս փողոցի «Տաղանդ» կայարաններին:
Սա լինելու է ոչ թե քաղաքային երթուղի, այլ՝ այլընտրաքային տարբերակ։ Օդային երթուղուց գյումեցիները, ի տարբերություն մյուս մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակիչների, համեմատաբար էժան են օգտվելու։
Նմանատիպ առաջին փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում՝ 1895 թվականին: Գյումրիում այն նախատեսվում է կառուցել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2023 թվականը։
Ծրագիրը քննարկման ներկաների եւ մասնակիցների գերակշիռ մասի համար հեքիաթային էր եւ անիրատեսական։
Հանրային քննարկման ժամանակ Գյումրի հաայնքի ղեկավարը եւս նկատել էր ու անկեղծացել․ «Սա հեքիաթ է»,- ասել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Այն հարցին, թե ինչու են նման ծրագիրը փորձում իրականացնել Գյումրիում, «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն արձագանքել էր․ «Դեռ խորհրդային տարիներին Երեւանի եւ Լենինականի միջեւ եղել է մրցակցություն: Պատահական չէ, որ մեկը կոչվում է մայրաքաղաք, մյուսը՝ հայրաքաղաք: Վերջին 30 տարիներին դա չկա, բայց պոտենցիալը կա, իսկ եթե չկա մրցակցություն, չկա նաև զարգացում: Մեր առաջին խնդիրն է Գյումրին հանրապետությունում դարձնել մրցակցային: Երկրորդն ուղիղ կապ ունի կորոնավիրուսի հետ: Փոխվել են արժեքները: Ճոխությունից մարդիկ անցել են հարմարավետության՝ գնահատելով ժամանակը»։
Բացի այդ, Խաչատուր Սարգսյանը ծնվել է Գյումրիում, սակայն տեւական ժամանակ բացակայել է երկրից: «Գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ պարտք ունես այն վայրի նկատմամբ, որը քեզ տվել է հնարավորություն դառնալ այն, ինչը կաս այսօր»,- ասել էր ընկերության տնօրենը:
Ծրագիրը ոչ միայն հեքիաթային, այլեւ ռիսկային է համարվում մասնավորապես ֆինանսական մասով։ Եթե օդային երթուղուց օգտվի մոտ 400 հազար քաղաքացի եւ մեկ անջի ուղեվարձը լինի 100 դրամ, ապա նոր միայն ընկերությունը կկարողանա փակել կատարած ծախսերը։
Գյումրիում ողջունեցին ծրագիրը, սակայն հույսեր չկապեցին, հատապես, երբ մի քանի ամիս առաջ նույն «Արմոն» ընկերությունը ներդրումային մի ծրագիր էլ ներկայացրել էր Արարատի մարզում: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին էր։
Հանրային քննարկումից մի քանի օր անց՝ հուլիսի 17-ին Գյումրու ավագանին ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 19-ին N 7758)՝ միաձայն որոշեց տալ նախնական համաձայնություն «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ (SKY GYUMRI)» ծրագրի իրականացմանը։
Այդ որոշմամբ առաջարկվեց Գյումրի համայնքի ղեկավարին «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համագործակցության պայմանագիր, «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ ուսումնասիրել եւ կազմել ծրագրի նախագծման առաջադրանք, ուսումնասիրել ծրագրի ենթակառույցների կառուցման համար անհրաժեշտ թվով 14 տարածքների կարգավիճակը, դրանց տրամադրման հնարավորությունները, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխանությունը:
Որոշմամբ սահմանվեց, որ տարածքների վերջնական ընտրության եւ դրանք քաղաքի տարածքային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելուց, տարածքների տրամադրման հնարավորությունները ճշտելուց հետո՝ հողհատկացման առաջարկությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
Այս որոշումից անցել է 3 ամիս։ Փորձեցինք Գյումրու գլխավոր ճարտարապես Հենրիկ Գասպարյանից ճշտել, թե ինչ փոփոխություններ կան ծրագրի իրականացման ընթացքում։ «Ավագանու որոշմամբ երեք հողամաս առանձնացրեցինք եւ սահմանեցինք մեկ տարի ժամկետ, որ մեկ տարվա ընթացքում 3 կայարանների նախագծերը ներկայացնեն եւ աշխատանքներ սկսեն»,-ասաց Հ․Գասպարյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը դեռեւս նախագիծ չի ներկայացրել, որոշումն ընդունելուց հետո այն պետք է նեկայացնի 6-ամսյա ժամկետում։ Հ․Գասպարյանի փոխանցմամբ՝ ընկերությունը Գյումրու համայնքապետարանին պետք է ներկայացնի շոշափելի արդյունքներ եւ ապացուցի, որ ծրագիրն իրատեսական է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով ՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը դիմել է մարզի բնակիչներին, պետական և ՏԻՄ կառույցների, մարզում գործունեություն ծավալող կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ «Այս պահից սկսած կարող եք դիմել ձեր համայնքապետարաններ կամ զինվորական կոմիսարիատներ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքարին, որի զինվորն ենք յուրաքանչյուրս։
Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ;
Կեցցե՛ Հայաստանի Հնարապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք Հայոց բանակին
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան
Տեսանյութ՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/videos/383352883030214
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հետևելով ՀՀ վարչապետի կոչին, կամավորագրվել է մեր սուրբ հայրենիքի պաշտպանության գործին։« Օրհասական այս պահին կարևոր է բոլորիս համախմբումն ու միասնական պայքարը մեր նորօրյա հաղթանակի կերտման գործում:Իմ գլխավորությամբ ձևավորվող ջոկատին միանալու համար առավոտյան 09։00-ից սկսած կարող եք դիմել Գյումրու համայնքապետարան»,- գրել է գյումրու քաղաքապետը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2495551964083248
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ է վերադարձել առաջնագծից: Զինծառայողների հետ հանդիպումից հետո հենց խրամատներից՝ Աղդամի դիրքերից՝ թշնամուց մի քանի հարյուր մետր հեռավորությունից, ԱՀ նախագահը հանդես է եկել հատուկ տեսաուղերձով՝ ուղղված բոլոր հայրենակիցներին:ԱՀ նախագահն այն ներկայացրել է իր էջում՝ նշելով՝ ուղերձով է դիմում հավատով, որ բոլորը մեկ մարդու նման կհետևեն իր կոչին, և Աստծո զորությամբ ու յուրաքանչյուրի անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից:Նախագահը բոլորին կոչ է անում միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին՝ նշելով, որ սա հայրենական պատերազմ է:
Տեսանյութ՝ https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/627813301219390
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
«Համառ մարտերը շարունակվում են տարբեր ուղղություններով։ Հիմնականում օջախային մարտեր են։ Չեզոքացվում են թշնամու զորքերի տարբեր խմբեր»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/arcrun/posts/3456015231100727
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Արցախի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը:«Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: Բացի օջախային մարտերից, հակառակորդը կենտրոնական ուղղությամբ իրականացրել է նաև դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կանխվել են», – ասված է հաղորդագրությունում:«Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են օպերատիվ իրադրությունն իրենց օգտին փոխելու թշնամական մտադրությունները և շարունակում կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը», – նաև փոխանցում է Արցախի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Աղբյուր՝ http://nkrmil.am/news/view/3042
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել, կատարյալ անհեթեթություն և ցինիկ սուտ է: Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, հայտարարել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3350531354983001
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր հանդես է եկել մանիպուլյատիվ հայտարարությամբ, որտեղ փորձ է արվում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը մերժող Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշումը հրամցնել որպես հայկական կողմի մոտեցում:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:Թուրքիայի և նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ուղղակի ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան ուղղված է Արցախի բնիկ ժողովրդի բնաջնջմանը և առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով: Այս գործողություններն օրվա հրամայական են դարձնում Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության լիակատար ապահովումը:ՀՀ-ն հետևողականորեն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների միջնորդությամբ հոկտեմբերի 10-ի և 17-ի հայտարարություններով համաձայնեցված կրակի դադարեցման պայմանավորվածությունների անվերապահ իրականացմանը:Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական կարգավորումը բացառող դիրքերից՝ մեկ անգամ ևս շեշտում ենք, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ միջոցներով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:Կոչ ենք անում Ադրբեջանին և իր հովանավոր Թուրքիային հրաժարվել միջազգային հանրության՝ կրակի դադարեցման վերահսկելի ռեժիմի հաստատմանն ուղղված ջանքերը տապալելու գործողություններից և մեղքը հայկական կողմի վրա բարդելու իրենց ավանդական քաղաքականությունից:
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2306-ով՝ հասնելով 70 հազար 836-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 10 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 568-ով և հասել 49 հազար 787-ի:Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 189 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 362 հազար 239-ի:Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է. – «Պացիենտները եղել են 66 (կին), 81 (կին), 69 (տղամարդ), 73 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 69 (տղամարդ), 70 (կին), 60 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1131-ի, ևս 327 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 19 հազար 591 մարդ:
Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3299
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Սիրելի՛ գյումրեցիներ,
Քաջ գիտակցում ենք պատմական այն շրջադարձային փուլը, որում ապրում ենք, սա մի նոր Սարդարապատ է, սա մեր գոյության և ինքնության վճռորոշ պայքարն է, և այս պայքարում մեր անելիքը մեկն է՝ պայքարել մինչև վերջ, մինչև հաղթական ավարտ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքելով՝ դիմում ենք մեր համայնքի բնակիչներին կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։
Այս պահից սկսած կարող եք դիմել Գյումրու համայնքապետարան կամ զինվորական կոմիսարիատ՝ ձևավորելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո գործող կամավորական ջոկատներ և միանալու հայրենական պայքային, որի զինվորն ենք յուրանքաչյուրս։
Կեցցե՛ Հայաստանի Հանարապետությունը
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը
Փա՛ռք Հայոց բանակին
#Հաղթելուենք
Աղբյուր՝ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/posts/2495451790759932
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru