Նորություններ

ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին

«ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է նրա փաստաբան Արսեն Բաբայանը՝ ոչ մի մանրամասն չհրապարակելով:

Քննչական կոմիտեից նշել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Պետությանը վերադարձված՝ 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոցներ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը:

Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված գույքերի և դրամական միջոցների վերաբերյալ:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է. «Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձրել 174 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 250 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում՝ 3 մանկապարտեզ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ և դրամական միջոցներ»:

Անդրադառնալով օրակարգային հարցերին, որոնց արդյունքում գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը, ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է.

«Պաշտպանության նախարարությանն ամրացվող գույքը Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող՝ 1.92 հա մակերեսով հատուկ նշանակության հողա­մաս է:

  • Դատախազությունը 2025 ապրիլի 27-ի գրությամբ դիմել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ տեղեկացնելով, որ 2025 թվականի ապրիլի 25-ին «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության կենտրոնական խորհրդի որոշմամբ, 11 անշարժ գույքեր վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը: Նշված գույքերի ցանկում ներառված է նաև Արարատի մարզի Մասիս համայնքի Սայաթ-Նովա գյուղում գտնվող հողա­մասը: Հաշվի առնելով, որ Հողամասը հատուկ նշանակության է և անհրաժեշտ է այն օգտագործել Պաշտպանության նախարարության կարիքների համար, առաջարկվում է 92 հա մակերեսով հողամասն ամրացնել պաշտպանական գերատեսչությանը:
  • Շրջակա միջավայրին ամրացվող գույքը Գառնի համայնքի «Բազալտե երգեհոն» (հանրությանն առավել հայտնի «Քարերի սիմֆոնիա») բնության հուշարձանի տարածքում գտնվող՝ 0.1 հա մակերեսով հողամաս է: Պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, Կոտայքի մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գառնի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում գտնվող հողամասի նկատմամբ: Հաշվի առնելով, որ բնության հուշարձանները բնության հատուկ պահպանվող տարածքներ են և ընդգրկված են Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, առաջարկվում է գույքը փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նշեմ նաև, որ Կառավարության նախորդ նիստում ներառված չզեկուցվող հարցերից մեկով, որը վերաբերում էր Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելուն, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվեց 13 հազար 268 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ:

Որոշման նախապատմությունը հակիրճ ներկայացնեմ:

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել էր Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող՝ շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքները «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հատկացնելու փաստաթղթերը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Արարատի նախկին մարզպետը (Ալիկ Սարգսյան), օգտագործելով պաշտոնեական դիրքը, իրավական ակտերի պահանջների խախտմամբ, պետական սեփականություն հանդիսացող բնապահպանական հողերից շուրջ 5330 հա մակերեսով հողատարածքը 49 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին (Վարդգես Մաթևոսյան), 2005-2007 թվականներին Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած անձի (Հովիկ Աբրահամյան) վարորդին և Արարատի նախկին մարզպետին (Ալիկ Սարգսյան) պատկանող, շահույթ ստանալու նպատակով հիմնադրված «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը:

Նշեմ, որ 5330 հա մակերեսով հողատարածքի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 60 միլիարդ 553 միլիոն 218 հազար դրամ է:

Ուսումնասիրության արդյունքներով՝

  • Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Կադաստրի կոմիտեին՝ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության և Արարատի նախկին մարզպետի միջև 2006 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված պայմանագրի միակողմանի լուծման պետական գրանցում կատարելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ 2025 թվականի սեպտեմբերի 19-ին կատարվել է նշված հողատարածքների անհատույց օգտագործման իրավունքի դադարեցման պետական գրանցում:
  • Դատախազը 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: Հաղորդման հիման վրա՝ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ (Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) (3 դրվագ)):

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր նաև, որ 2006 թվականի հուլիսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն ի կատարումն Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման, 49 տարի ժամկետով կնքել է Վայոց ձորի մարզի Ջերմուկի անտառպետության 4118 հեկտար և Եղեգիսի անտառպետության 3620 հեկտար տարածքների անհատույց օգտագործման պայմանագիր: Պայմանագիրը կնքվել է առանց նոտարական վավերացման, սահմանված ժամկետում պետական գրանցման չի ներկայացվել, հետևաբար՝ առոչինչ է:

Այսպիսով, Կառավարության 2006 թվականի ապրիլի 6-ի N 479-Ա որոշման մեջ նշված հողերից՝

  • 5330 հեկտարն այլևս Ընկերությանն անհատույց օգտագործման հանձնված չէ:
  • 4118 հեկտարի և 3620 հեկտարի մասով կնքված պայմանագիրն առոչինչ է:

Հետևապես, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության N 479-Ա որոշումը:

Հավելեմ նաև, որ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից գործարկված՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին, այսօրվա դրությամբ, մուտքագրվել է 20 միլիարդ 678 միլիոն դրամ»:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Զեղծարարները փորձում են գումար կորզել՝ ներկայանալով Կենտրոնական բանկի աշխատակից. զգուշացում

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ «Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում:

Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և ներկայանում Կենտրոնական բանկի անունից և խնդրում կամ որևէ պատրվակով պարտադրում գումար փոխանցել ավելի «պաշտպանված» կամ «հատուկ» հաշիվների՝ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք չկատարել որևէ գործողություն, որևէ մեկին չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ և անմիջապես կապ հաստատել Ձեզ սպասարկող բանկի հետ»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ-ն ներկայացրել է որպես Կենտրոնական բանկի աշխատակից ներկայացող կեղծ ապացույցի օրինակ:

asd

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Համայնքային ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ համայնքային երկու ոստիկաններ տեղեկանալով 2025 թվականի հունիսի 29-ին համայնքային երկու այլ ոստիկանների՝ ահազանգով դեպքի վայր չմեկնելու մասին, վիճաբանել են նրանցից մեկի հետ, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ներառականության նոր խորհրդանիշ Գյումրիում

Ներառականության նոր խորհրդանիշ Գյումրիում․ ստեղծվել է քաղաքի առաջին «ներառականության պատը», որը կազմված է հավասարության, մարդու իրավունքների և ներառականության մասին ուղերձներով 70 կերամիկե սալիկներից։

Սալիկները փակցվել են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, մշակութային և հասարակական ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ խորհրդանշելով բոլորի պատրաստակամությունը` միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։

«Ագաթ» ՀԿ-ի այս նախաձեռնությունն իրականացվել է քաղաքի ծայրամասային թաղամասում՝ ընդգծելով, որ ներառականությունը պետք է հասնի քաղաքի յուրաքանչյուր անկյուն, ոչ միայն կենտրոն։ Հայերենով, անգլերենով, ժեստերի լեզվով, ինչպես նաև արտերկրից ժամանած գործընկերների լեզուներով՝ գերմաներենով, վրացերենով ու մոլդովերենով պատրաստված սալիկները խորհրդանշում են ստեղծարարություն, բազմազանություն և միասնություն՝ սահմաններից անդին։

Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության աջակցությամբ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում նմանատիպ նախաձեռնություններ կիրականացվեն նաև Վրաստանում և Մոլդովայում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Գյումրու ավագանու արտահերթ նիստի քվորումն այս անգամ ապահովվեց. ներկա էին բոլոր խմբակցությունները

Մինչ նիստի օրակարգին անցնելը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանին փոխարինող Ավետիս Առաքելյանը տեղեկացրեց , որ Հայաստանի Կոմունիստական կուսակցություն խմբակցության անդամներ՝ Սեդրակ Սահակյանի, Գևորգ Ղուկասյանի և Մեր քաղաքը խմբակցությունից Նարեկ Միրզոյանի լիազորությունները դադարեցված են։ Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունների համաձայն, մանդատ են ստացել Սամսոն Էլբակյանը, Սիրանուշ Մելիքյանը և Արտակ Հովսեփյանը։

Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր ՀՀ Կառավարություն ներկայացվող սուբվենցիոն ծրագրերի հայտերին։ Սուբվենցիոն հայտով առաջարկվում է 2026 թվականին 21 փողոց հիմնանորոգել, ընդհանուր՝ 2 ու կես մլրդ դրամ արժեքով, որից մոտ 1 ու կես մլրդը կամ 60 տոկոսը տեղական բյուջեի ներդրմամբ։Այս որոշումն ընդունվեց միաձայն։ Սուբվենցիոն հաջորդ հայտով նախատեսվում է անօթևան 100 ընտանիքի համար կառուցել 2 բազմաբնակարան շենք։ Ըստ համայնքապետարանի անօթևանության  հերթացուցակի, Գյումրիի տնակներում  հաշվառված է 1016 անօթևան ընտանիք։ Կառուցվելիք բնակարանները կտրամադրվեն ցուցակում առաջնահերթություն ունեցող ընտանիքներին։ Այս հարցը ևս ընդունվեց միաձայն։

Բուռն քննարկում ծավալվեց Գյումրու նախկին Ճերմակ հիվանդանոցի շենքի վերանորոգման խնդրի շուրջ։ Քաղաքապետարանը նախատեսում է սուբվենցիոն ծրագրով ստանձնել շենքի վերանորոգումը՝ այդ նպատակին հատկացնելով ծրագրի ընդհանուր արժեքի՝ 400 մլն դրամի 60 տոկոսը՝ 240 մլն-ը։ Նախատեսվում է վերակառուցումից հետո այս շենքում տեղակայել մի քանի համայնքային ենթակառուցվածքներ։ Քաղաքացիական պայմանագիրը ձեռնպահ քվեարկեց, սակայն այն ընդունվեց։

Գյումրու ավագանու իշխանական և ընդդիմադիր ներկայացուցիչների միջև քննարկումը բուռն էր նաև քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման և Ամանորյա միջոցառումենրի կազմակերպման հարցերի շուրջ։ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները կողմ էին, որ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվեր անցած տարվա  տոնածառը, իսկ քաղաքապետարանն առաջարկում էր անցած տարվա գլխավոր տոնածառը տեղադրել քաղաքի թաղամասերից մեկում, իսկ կենտրոնական հրապարակում տեղադրել հին տոնածառը։ Տոնածառի զարդարանքի, նաև անվտանգության միջոցառումենրի համար հատկացվելու է 24 մլն դրամ։ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքի գլխավոր տոնածառի վերանորոգման, մոնտաժման, ապամոնտաժման, նոր զարդարանքների ձեռք բերման համար գումար հատկացնելու հարցին դեմ քվեարկեց,սակայն որոշումն ընդունվեց։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:

Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.), Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը և այլն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Վերոգրյալի հետևանքով՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:

Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել՝ նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:

Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) (4 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com