Նորություններ

Կրճատվել են ‹‹Գյումրու օր›› տոնակատարության ծախսերը

IMG_2511Այս տարի ‹‹Գյումրու օր›› տոնակատարությունը կանցկացվի  սեպտեմբերի 5-ին: Ավագանու որոշմամբ ամեն տարի այս տոնակատարությունն անցկացվելու է սեպտեմբերի առաջին շաբաթում:

Սեպտեմբերի 5-ին Գյումրիում միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին`        տոնական հրավառությամբ. օրն ավարտվելու է ժամը 24:00-ին: Նախատեսվում է 14 միջոցառում, մայրաքաղաքից լինելու են հյուրեր, հրավիրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այդ օրվա տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է համայնքի բյուջեից ծախսել մոտ 10 մլն դրամ: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն  ‹‹Ասպարեզ››-ի  հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնակատարությունների նախահաշվի համաձայն` պակասեցվել են նախատեսվող ծախսերը մոտ 3 կամ 2.5 մլն դրամով: Նախատեսվում է ծախսել մոտ 7 կամ 7.5 մլն դրամ, սակայն սա էլ դեռ հստակ եւ վերջանական գումար չէ:

Գյումրու Ավագանու հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, հենց նույն օրը Ավագանու նիստի հաստատմանը կներկայացվի ‹‹Գյումրու օր›› տոնակատարություններին բյուջեից գումար հատկացնելու մասին նախագիծը:

Նախորդ տարի այս միջոցառումը Գյումրիում անցկացվեց հոկտեմբերի 5-ին եւ համայնքի սուղ միջոցներից ծախսվեց 17 մլն 70 հազար դրամ: Այսչափ գումարի ծախսումը բավականին մեծ դժգոհության եւ քննարկման թեմա դարձավ Գյումրիում: Ինչպես արդեն պարզ է, քաղաքապետարանն այս տարի կրճատել է ‹‹Գյումրու օր›› տոնակատարության ծախսերը եւ նախորդ տարվա համեմատ հնարավորինս համեստ է ծախսելու քաղաքի աղքատիկ միջոցները:

Ա.Մկրտչյան asparez.am

Թիվ 24 երթուղին շահագործելու համար հայտարարվել է մրցույթ

transport-150x150Հոկտեմբերի 02–ին տեղի կունենա Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթ միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը:

2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում է «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը: Այս ընկերությունը, ինչպես նաեւ ներթաղաքային տրանսպորտը շահագործող մյուս ընկերությունները, մրցույթը շահել են մեկ ուղեվարձը` 150 դրամ գնով, սակայն քաղաքապետարանի հետ բանավոր համագորկացության արդյունքում ընկերությունների սեփականատերերը համաձայնել են շահագործել մեկ ուղեվարձը 100 դրամով:

2013 թվականի ապրիլից Գյումրու թիվ 24 միկրովատոբուսային երթուղու գինը 50 դրամից դարձավ 70, ապա որոշ ժամանակ անց այն շահագործվեց 100 դրամ արժեքով: Սա քաղաքում միակ միկրոավտոբուսային երթուղին է, որի աշխատանքից գրեթե չեն բողոքում ուղեւորները: Երթուղու ճանապարհը կարճ է`միկրովատոբուսի սկզբնակետը քաղաքի Հաղթանակի պողոտան է, իսկ վերջնակետը`Ապակու գործարանը:

Այս երթուղու շահագործման համար հայտարարված մրցույթին մասանակից ընկերությունները պահանջվող փաստաթղթերը կարող են Գյումրու քաղաքապետարան ներկայացնել մինչեւ 25-ը սեպտեմբերի ներառյալ: Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001թ. օգոստոսի 16-ի թիվ 762 որոշման պահանջների համաձայն: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերից են` ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիան, կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականը, միկրովտոբուսների տեխնիկական անձնագրերը (գրանցման վկայագրերը), միկրովատոբուսների ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականները, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթերը, uահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մաuին տեղեկանքները. ավտոբուսի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիրը, ավտոբուսների նախաուղերթային տեխնիկական զննման և բուժզննման աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը եւ հիմքերը` գործող մրցութային կարգով պահանջվելու դեպքերում եւ այլն:

Անի Մկրտչյան asparez.am

Ս.Բալասանյանը չի հիշում`շինարարական թույլտվություն տվե՞լ է, թե` ոչ

Գյումրիում բնակիչները բողոքում են քաղաքապետարանի հերթական հողհատկացումից եւ շինթույլտվությունից

Գյումրու Շահումյան 188 շենքի հատվածում` Ամենափրկիչ եկեղեցու վերջնամասում, կառուցվելու է ոստիկանական հենակետ: Բնակիչները, սակայն, այս մասին իմանում են  միայն վերջերս ու իրենց դժգոհությունն են հայտնում  շինաշխատանքների մեկնարկից:

-Քաղաքի այս հատվածի բարեկարգումը կատարվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման շրջանում, հիմա հանգստի վայր է, ինչպե՞ս է Ս.Բալասանյանը քաղաքի կենտրոնական այս  մասը տրամադրել այլ կառույցների, դժվարությամբ կառուցվածն այսօր քանդվում է,-ասում են տարածքի բնակիչներն ու անտրամաբանական համարում ճեմափողոցի քանդելը:

Այն հատվածում, որտեղ ընթանալու են շինաշխատանքները, արդեն հանվել են որոշ սալիկներ, տեղահանված սալիկները դրվել են կից հատվածում: Երեկ առավոտյան սկսվել եւ մի քանի ժամից հետո ավարտվել են այս աշխատանքները, բնակիչները վիճաբանել են, եւ աշխատակիցներն հեռացել են: Դեռ մի քանի օր առաջ այս հատվածը, որը ենթակա էր քանդման, սպիտակ ժապավենով եւ թելերով շրջապատված էր. բնակիչներն անհանգստանում էին, իրար էին հարց ու փորձ անում, թե էլի ինչ են կառուցելու:

Գյումրու կենտրոնական այս հատվածը հայտնի  է  Պուրակ անունով, կից գտնվող շենքերը բնակելի են, հատվածը սալիկապատված է, աճեցվել են ծաղիկներ, մարդիկ այստեղ անցկացնում են իրենց ամենօրյա հանգիստը: Երեկ լրագրողները քաղաքապետ Ս.Բալասանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս տարածքը կանաչ գոտի չի՞ համարվում, ինչպե՞ս է կատարվել տարածքի ընտրությունը, հողհատկացում կատարելիս ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել:

-Այդ հատվածն է ընտրվել, որովհետեւ ամենամարդաշատ տեղն է, իրենք են ընտրել (նկատի ունի ոստիկանությանը. հեղ.), տարածքը կանաչ գոտի չէ: Մենք թույլտվությունը հաստատել ենք, ճիշտն ասած` կգնամ քաղաքապետարան, կճշտեմ,-կցկտուր եւ ոչ ամբողջական տեղեկություններ տալով` պատասխանեց Ս.Բալասանյանը եւ լրագրողների ճշտող հարցերին պատասխանելուց խուսափելով` խորհուրդ տվեց ուրախանալ սալիկապատված Ղուկասյան փողոցով, ապա հեռացավ:

«Ասպարեզը» հետեւողական է լինելու եւ հետեւելու է այս խնդրին, առաջիկա համարներում առավել հանգամանորեն կանդրադառնանք քաղաքապետարանի այս հողհատկացման ու շինթույլտվության գործընթացին եւ բնակիչների բողոքներին:

հեղինակ՝ Ա.Մկրտչյան   asparez.am

«Երկխոսության լսարան» Dialogue Auditorium

Շուտով, Ցայգ ՀԸ եթերում Երկխոսության լսարան հաղորդաշարի 1-ին թողարկումն է: Հեռուստաքննարկման թեման է՝ՏԻՄ-ներ, գործառույթներ, թափանցիկություն, իրավասություններ, ավագանու դերակատարություն:

 

Քրեական գործ Գյումրու ավագանու անդամի գլխավորած բուժհիմնարկում՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստով

Gyumri_poliklinikaAravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ Գյումրիի ուռուցքաբանական դիսպանսեր ՓԲԸ-ում պաշտոնեական կեղծիք ու յուրացում կատարելու, մասնավորապես մահացած անձանց անունով դեղեր դուրս գրելու փաստի առիթով Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ այս բժշկական հաստատությունը 3 տարի առաջ հանրապետության մի քանի այլ առողջապահական հիմնարկների հետ հայտնվել էր դեղորայքի գծով պետգնումների ոլորտում իրավախախտ ընկերությունների ցանկում: Այդ ժամանակ սկսվել էին ուսումնասիրություններ՝ պարզելու, թե արդյոք դեղերը հասե՞լ էին ճիշտ հասցեատերերին: Հանրապետության 18 բուժհաստատություններից միայն Գյումրու ուռուցքաբանականում էր հայտնաբերվել հանցագործություն պարունակող խախտում, տվյալ դեպքում մահացած անձի անունով դուրս գրված դեղորայք: Այսինքն, քրեական գործի քննությամբ մյուս բուժհաստատություններում հայտնաբերված խախտումները եղել էին վարչական, ու հանցագործություն չէին պարունակել: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը հաստատեց քրեական գործ հարուցելու մասին մեր տեղեկությունը՝ նշելով, որ քրգործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314 եւ 179 հոդվածներով: 314 հոդվածը կոչվում է «Պաշտոնեական կեղծիքը », Հոդված 179.  «Յուրացնելը կամ վատնելը»: Նշենք, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենը Վալերիկ Շիրինյանն է, որը Գյումրու ավագանու անդամ է: Ի դեպ, նա ավագանու այն միակ անդամն է, որի լուսանկարը քաղաքապետարանի պաշտոնական կայքում  տեղադրված չէ: Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործ էլ հարուցվել է Գյումրու ավագանու անդամ, Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Գագիկ Ադամյանի կողմից փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/07/21/594811/

© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Գյումրի համայնքի ավագանու նիստ 2015թ. հուլիսի 17

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի

Գյումրի համայնքի ավագանու   2015թ.  հուլիսի  17-  ի    N      -Ա  որոշման

ՕՐԱԿԱՐԳ

        ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ

      17  հուլիսի  2015 թվական, սկիզբը`  ժ. 12:00

   1.ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ  2015 ԹՎԱԿԱՆԻ   ՀՈՒԼԻՍԻ 17-Ի  ՀԵՐԹԱԿԱՆ  ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

                       (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

4.ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐՄԻՆԵ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

5.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ   ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԳԾԱՆՇՄԱՆ  ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ   ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

6.ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ « ՅՈԹ ՎԵՐՔ » ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ « ԳՅՈՒՄՐՈՒ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ » ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

7.ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ  ԳՅՈՒՄՐԻ  ՀԱՄԱՅՆՔԻ <<ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ  ԱՆՀՐԱԺԵՇՏ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐ ՁԵՌՔ  ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

8. ԳՅՈՒՄՐՈՒ «ԽՈՐԱՆ ԱՐԴ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ  ՈՐՊԵՍ  ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

9.ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 198 ( ՀԱՐՅՈՒՐ ԻՆՆՍՈՒՆՈՒԹ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի NN 24-Ա, 38-Ա,  42-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ

Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

  1.  ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ԵՎ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԷՍՔԻԶՆԵՐԻ   ՀԱՄԱՐ  ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ   ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)

 

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱԼԵՔ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՓՈՂՈՑ N 2/17 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ  ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ  ԻՐԱՎՈՒՆՔԸ  ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՇԱՐԱ ՏԱԼՅԱՆ ՓՈՂՈՑ N 9/11 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

  1. 15. <<ԷԼԲԻՍՏ>> ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2013-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ, ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԱՏՆԻՇՅԱՆ 5/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՄԱՏՆԻՇՅԱՆ 5/1, ՄԱՏՆԻՇՅԱՆ 5/2, ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ 47/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ  ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՏՈՒՅԺԵՐԻ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ  ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ՄԻՆԱՍՅԱՆ)

 

Չեն բավարարվել Գյումրու բյուջեի 2-րդ եռամսյակի գումարները, իսկ քաղաքապետն ու ավագանին որոշում են «Վերջին զանգ» կազմակերպել

IMG_2511

Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Գյումրու քաղաքային բյուջեի 2015 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված գումարներն այլեւս չեն բավարարում, անհրաժեշտ է պահանջված գումարը ծախսել արդեն 3-րդ եռամսյակից: Այս մասին ավագանու նիստի հենց սկզբից հայտնեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ու զեկուցեց համապատասխան նախագծի մասին, համաձայն որի` բյուջեում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ` տեղաշարժեր:

Հակառակ այս ամենին` նույն ավագանու նիստի ընթացքում լուռ քննարկվեցին ու հաստատվեցին մեծ գումարների տրամադրման նախագծերը, որոնցից ամենահետաքրքիրը գյումրեցիների համար, թերեւս, 8 մլն դրամ արժողությամբ «Վերջին զանգ» համաքաղաքային միջոցառումն է:

Գյումրեցիների մեծ մասը կողմ է նման միջոցառման անցկացմանը. կողմ չէ, սակայն միջոցառման համար 8 մլն դրամ գումարի ծախսմանը, որը չի արդարացվում քաղաքի այս սոցիալ-տնտեսական վատ պայմաններում:

Արդեն իսկ հայտնի է, որ դատարկվող քաղաքում նվազում են տեղական  հարկերի եւ տուրքերի վճարման ծավալները, փակվում են նաեւ որոշ խանութներ, ինչն էլ խոսում է առաջիկայում քաղաքի՝ առանց այն էլ աղքատիկ բյուջեի էլ ավելի սուղ լինելու հավանականության մասին:

Քաղաքապետ Ս. Բալասանյանը, սակայն, 8 մլն դրամ գումարը, որքան էլ զարմանալի թվա, փոքր ու քիչ է համարում նման ճոխ միջոցառում կազակերպելու համար եւ հիշեց նախորդ տարվա «Քաղաքի օրը» տոնակատարության որոշ բացթողումների մասին:

-Հիշո՞ւմ եք, որ Արա Գեւորգյանը համերգ պիտի տար, այսինքն` մենք հիմի պայմանավորվեցինք, որ Քաղաքի օրվա հետ կապված` Արա Գեւորգյանը համերգ տա եւ սա երիտասարդներին է նվիրված լինելու: Համապատասխան խումբ կա, երիտասարդներ կան, տարբեր մրցույթների են մասնակցել,-քաղաքապետն ուրվագծում է նախատեսվող միջոցառման ձեւաչափն ու շարունակում,-կենտրոնական հրապարակում է լինելու,  հրավառություն է լինելու, շատ  փոքր է  գումարը, ճիշտն ասած:

Քաղաքապետի  նշած այդ փոքր գումարի շրջանակում հնարավոր էր ոչ մեծ փողոցներ ասֆալտապատել կամ քաղաքի տարբեր հատվածներում մինչ օրս գերխնդիր դարձած լուսավորության հարցը լուծել:

Թե ինչպես Գյումրու ավագանին լուռ ու հնազանդ բոլոր հարցերին կողմ էր քվեարկում

SAM_1098

Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Տարբեր նպատակների համար քաղաքի բյուջեից կծախսվի 40 մլն-ից ավել դրամ:Երեկ Գյումրու Ավագանու նիստին ներկա չէր ավագանու 3-4 անդամ, նիստը տեւեց մոտ մեկ ժամ: Օրակարգում ընդգրկված էր 24 հիմնական եւ 3 լրացուցիչ հարց: Յուրաքանչյուր հարցի զեկուցումն ու քննարկումը տեւում էր 1-2 րոպե: Հարցերի` քաղաքապետարանի պաշտոնյաների զեկուցումից հետո քաղաքապետ Ս.Բալասանյանն արագ դիմում էր ավագանու անդամներին. «Հարցեր կա՞ն….ելույթնե՞ր…նույնպես չկա՞ն, դրեցինք քննարկման»: Ավագանու անդամները 27 հարցին էլ կողմ քվեարկեցին, ձեռնպահ արտահայտվողներ անգամ չեղան. ողջ նիստի ընթացքում մեկ հարց անգամ չհնչեց ավագանու անդամներից գոնե մեկի կողմից:

Այս ավագանու նիստը եւս աչքի ընկավ համայնքային բյուջեից տարբեր նպատակների համար մեծ ու փոքր գումարներ հատկացնելով: 40 մլն դրամից ավել գումար քաղաքապետարանը համայնքային բյուջեից հատկացնելու է տարբեր կառույցների եւ անհատների: Այսպես` 8 մլն դրամ «Վերջին զանգ» կազմակերպելու, 15 մլն դրամ` համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու,  5 մլն դրամ`  մանկապարտեզների շրջանավարտների եւ սոցիալապես անապահով 1000 երեխայի համար պայուսակների եւ գրենական պիտույքների գնման, 2 մլն 270 հազար դրամ` սոցիալապես անապահով 207 անձանց, 200 հազար դրամ` Հրաձգության մարզադպրոց ՀՈԱԿԻ-ի համար անհրաժեշտ օդամղիչ հրացանի փամփուշտներ ձեռք բերելու,  3 մլն 18 հազար դրամ`  առավել բարձր արդյունքների հասած գյումրեցի մարզիկներին, մարզիչներին դրամական պարգեւներ հատկացնելու համար եւ այլն:

Լրացուցիչ 3 հարցը եւս առանձնացավ ֆինանսական միջոցներ տրամադրելով:

Ավագանին որոշեց 80 հազար դրամ հատկացնել Գյումրիում բնակվող Ա. Դավոյանի ընտանիքին: Ի դեպ, այս ընտանիքի սոցիալական ծանր պայմաններին եւ ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին լրատվամիջոցներն արդեն 2 տարի շարունակ անդրադառնում էին: Քաղաքապետարանը, կարծես, արդեն լուծման տարբերակ է գտել: Ներկայում ընտանիքի 3 անչափահասները բնակվում են «Թռչունյան տուն» մանկատանը, ծնողների հետ աշխատանքներ են տարվելու:

2 մլն 500 հազար դրամ ավագանին որոշեց հատկացնել «Հուսո առագաստ» մանկապարտեզին` ջերմամեկուսացման եւ էներգախնայողության աշխատանքներ կատարելու նպատակով: Աշխատանքները կատարվելու են միջազգային դոնոր կազմակերպություններից մեկի հետ համատեղ: Այս մանկապարտեզը գործում է շենքային բավարար պայմաններում, գտնվում է «Անի» թաղամասում, իսկ տնօրենը Գյումրու ավագանու անդամներից մեկի հարազատն է:

Ավագանին որոշեց 5 մլն դրամ էլ հատկացնել «Գյումրու մեկ»  ՀԿ-ին, որը մշակութային մայրաքաղաք միջոցառման շրջանակներում կատարել է եւ շարունակելու է կատարել աշխատանքներ: Քանդակների սիմպոզիում եւ մշակութային միջոցառումների, կատարված այլ աշխաատանքների վերաբերյալ ՀԿ-ն պարտավորվում է հետագայում ներկայացնել կատարման ակտ:

Ս.Բալասանյան. «Պետք չէ քննադատել. քննադատեք էն բանի համար, որը, իրոք, կարելի է քննադատել»

sport-1-150x150Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Գյումրու քաղաքապե՞տն է այսուհետ որոշելու` ինչ քննադատեն լրագրողները

Գյումրու ավագանու լուռ ու մունջ անդամները, առանց հարցերի ու ելույթների, կողմ քվեարկեցին նաեւ Գյումրու հավաքական թիմերի` Համաշխարհային համահայկական վեցերորդ խաղերին մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեից 15 մլն դրամ հատկացնելու հարցին:

Նշված գումարով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

Համաձայն նախագծի հավելվածի` խաղերին մասնակցելու ընդհանուր ծախսը կազմում է 14 մլն 915 հազար 600 դրամ, որից համազգեստների համար հատկացվելու է 5 մլն 785 հազար 600 դրամ, իսկ ճանապարհածախսի համար` 9 մլն 130 հազար դրամ: Իսկ խաղերին մասնակցելու է 140 մարդ: 140 հատ մարզական համազգեստների համար նախատեսված է հատկացնել 3 մլն 500 հազար դրամ, 120 զույգ մարզական կոշիկնեի համար` 1 մլն 80 հազար դրամ, 20 զույգ սեփավոր կոշիկների համար` 300 հազար դրամ, 140 հատ մարզական վերնաշապիկի համար` 140 հազար դրամ, 140 հատ մարզական գլխարկի համար` 182 հազար դրամ, 100 հատ խաղային համազգեստի համար` 550 հազար դրամ եւ 28 հատ գետրիների համար` 33 հազար 600 դրամ:

«Ասպարեզն» իր նախկին հրապարակումներում անդրադարձել էր նիստին ներկայացվող այս նախագծին եւ հրապարակել «Մի քիչ ճոխ չէ՞. Գյումրու հավաքական թիմի մասնակցությունը խաղերին կարժենա 15 մլն դրամ» վերնագրով հոդված:

Ինչպես ակնհայտ դարձավ ավագանու նիստի ընթացքից, նշված հոդվածը քաղաքապետն ընթերցել էր ու ինքն իրեն, հավանաբար, նեղսրտել վերնագրից:

-Ես ձեզ ասեմ, շատ կարեւոր խնդիր է լուծվում այս պահին, որ այսօր համահայկական խաղերը տեղափոխվում են եւս 2 քաղաք` Գյումրի եւ Վանաձոր: Ճիշտն ասած` լրատվությամբ նույնիսկ սկսեցին քննադատել, թե, վայ, ոնց՝ համահայկական խաղերին էսքան գումար… էնպիսի տրամաբանություն է, որ մենք ինչ որ անում ենք բյուջեի մեջ, քննադատում են, ասում են` բերեք բաժանենք ժողովրդին, այսինքն` էսպիսի տրամաբանություն է: Մենք մարդ ենք, ապրում ենք, քաղաքը փոխվում է օրեցօր, անճանաչելի է դառնում, շատ մեծ բան է արվում քաղաքում, իսկ սպորտը ամենակարեւոր տեղերից մեկն է… Պետք չէ քննադատել, քննադատեք էն բանի համար, որը, իրոք, կարելի է  քննադատել,-ահա այսպիսի ելույթ ունեցավ քաղաքապետը, իսկ ավագանու անդամներից ոչ մեկը չարձագանքեց այս խոսքերին, հարց անգամ չուղղեցին, այլ՝ որպես նախագծի ընդունման ու կողմ քվեարկելու ազդանշան, միայն ձեռք բարձրացրին:

Քաղաքապետարանը նշված գումարի ծախսման վերաբերյալ թեպետ ներկայացրել ու հրապարակել է հավելված, սակայն այն մասնակիորեն է հիմնավորված: Ասենք, մոտ 9 մլն դրամ արժողությամբ ճանապարհածախսը, գիշերակացը որոշ գյումրեցիների համար շարունակելու է մնալ տրամաբանությունից դուրս, նույնքան տրամաբանությունից դուրս է նաեւ քաղաքապետի նշած անճանաչելի դարձած քաղաքը, երբ պաշտոնական տվյալներն իսկական ահազանգ են դատարկվող, աղքատության ցուցանիշով եւ արտագաղթի ընդգրկուն ծավալներով հայտնի Գյումրու համար:

Իսկ, գուցե, անճանաչելի ասելով` քաղաքապետն ի նկատի ուներ քաղաքի արձաննե՞րը, գռեհիկ կարկատվող փողոցնե՞րը, 8 մլն դրամ արժողությամբ կազմակերպվող «Վերջին զանգ» համաքաղաքային միջոցառո՞ւմը…

Գյումրու քաղաքապետարանը 8 մլն արժողությամբ «Վերջին զանգ» է կազմակերպում

SAM_1098

Ինչպե՞ս արդարացնենք այս խոշոր գումարների ծախսումը, պարոն Բալասանյան

Հանրապետության երկրորդ քաղաքի հազար ու մի խնդիրները թողած` Գյումրու քաղաքապետարանն այս անգամ էլ ուզում է մի քանի ժամվա համար 8 մլն արժողությամբ «Վերջին զանգ» կազմակերպել:

Հունիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանում կայանալիք ավագանու հերթական նիստում քննարկվելու է քաղաքի դպրոցների շրջանավարտների վերջին զանգին նվիրված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով 8 մլն դրամ հատկացնելու հարցը: Ըստ նախագծի հավելվածի` ստեղծագործական եւ կազմակերպական խմբերի վարձատրության համար հատկացվելու է 3 մլն 243 հազար, այդ թվում կազմակերպչական կազմին` 50 հազար, մենակատարներին` 770 հազար, համույթներին` 2 մլն 248 հազար, նվագախմբերին` 50 հազար, վարողներին, լուսանկարիչներին` 125 հազար, իսկ սարքավորումների վարձակալության եւ ծառայությունների մատուցման համար, համապատասխանաբար, 3 մլն 500 հազար եւ 1 մլն 257 հազար դրամ:

Քաղաքապետարանը, սակայն, նույն այս հավելվածում կոնկրետ եւ հստակ տեղեկություններ չի տալիս, թե որ նվագախմբերի, ինչ սարքավորումների, ինչ մենակատարների, համույթների մասին է խոսքը: Բացարձակ անհասկանալի է մնում, թե հարմարավետ ու լուսավոր գրասենյակների փափուկ բազմոցներին բազմած պաշտոնյաներն ինչպես են տեսնում երբեմնի հարուստ Լենինականի եւ այժմյան ժողովրդագրական մահ ապրող Գյումրու զարգացումը: Գուցե այս նույն պաշտոնյաները չեն էլ ուզում ընդունել, որ քայքայված տնակներում հազարավոր մանուկներ գիշերները կիսաքաղց են քուն մտնում, փտած տանիքներից կաթող անձրեւաջրերի դեմ են պայքարում օր ու գիշեր: Հազարավոր ընտանիքներ օրավուր հացը վաստակելու համար տքնաջան աշխատում են կամ հուսահատված աշխատանք փնտրում ու չեն գտնում, իսկ այս պայմաններում մեծ շռայլություն է 8 մլն դրամ ծախսել՝ քաղաքի աղքատ բյուջեից:

1-2 ամիս առաջ էլ քաղաքապետարանը քաղաքի աղքատիկ բյուջեից 7 մլն դրամ հատկացրեց Սայաթ-Նովայի արձանը կանգնեցնելու համար, իսկ ավելի վաղ նույն այդ խղճուկ բյուջեից քաղաքապետարանը, ավագնու որոշմամբ, 40-45 մլն դրամ հատկացրեց գունաերանգային շատրվաններ ունենալու համար: Սակայն որոշ ժամանակ անց քաղաքապետ Ս.Բալասանյանը հարցազրույցներից մեկում, հպարտանալով իր խնայողություններով, հայտարարել էր, թե շատրվանների համար ծախսվել է շուրջ 33 մլն դրամ: Սակայն գունաերանգային շատրվան առայժմ քաղաքը չի տեսել եւ անհայտ է մնում, թե այդ 33 մլն դրամը քաղաքապետարանն ինչպես է ծախսել:

Այս պայմաններում ինչպե՞ս արդարացնենք այս խոշոր գումարների ծախսումը, պարոն Բալասանյան:

Այս խոշոր գումարների ծախսումն արդարացված չի կարող լինել, քանի դեռ քաղաքն ապրում է ծայրահեղ աղքատություն, թշվառություն, արտագաղթողների թիվը տարեցտարի կրկնապատկվում ու եռապատկվում է, քառորդ դարից ավել չի լուծվում անօթեւանության խնդիրը, քաղաքի փողոցների 80 տոկոսն ավերակ է, համայնքապատկան կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, մարզադպրոցների, թանգարանների մեծ մասը չունեն շենքային նորմալ պայմաններ, այստեղ խնդիրների թիվն աստիճանաբար ավելանում է, իսկ լուծման տարբերակները մնում են թղթերի վրա:

Անի Մկրտչյան asparez.am