Նորություններ

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:

Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.), Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը և այլն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Վերոգրյալի հետևանքով՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:

Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել՝ նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:

Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) (4 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կիբեռանվտանգության իրազեկման արշավ Գյումրիում

Նոյեմբերի 28-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ «ԹՈւՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի Գյումրու մասնաճյուղում կայացել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավի հերթական հանդիպումը։ Ներկա է գտնվել ավելի քան 150 աշակերտ Գյումրիի և հարակից ԹՈւՄՈ տուփերից:

Հանդիպումը մեկնարկել է ինտերակտիվ ձևաչափով․ աշակերտները հատուկ ծրագրի միջոցով պատասխանել են կիբեռանվտանգությանը, ֆիշինգ հարձակումներին և առցանց ռիսկերին վերաբերող հարցերին՝ հնարավորություն տալով գնահատելու թեմայի շուրջ նրանց տեղեկացվածության մակարդակը:

Հանդես գալով բանախոսությամբ` նախարար Հայրապետյանը ներկայացրել է կիբեռանվտանգության ներկա մարտահրավերները, տվյալների պաշտպանության մշակույթը, արհեստական բանականության կիրառությունների հնարավոր ռիսկերն ու առավելությունները, դիփֆեյքերի ազդեցությունը և ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքները։ Նա կարևորել է նաև թվային հմտությունների զարգացումը՝ դիտարկելով այն որպես ժամանակակից կրթության և անվտանգության անբաժան բաղադրիչ։

Այնուհետև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է առցանց հարթակներում վարքագծային կանոնները։ Իր խոսքում նա ևս անդրադարձել է տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյք տեխնոլոգիաների և ապատեղեկատվության թեմաներին։

Իրազեկման արշավի շրջանակում ներկայացվել են նաև կրթական համակարգում ԱԲ գործիքների դրական կիրառության օրինակներ․ մասնակիցները դիտարկել են, թե ինչպես կարելի է արհեստական բանականության միջոցով ստեղծել ուսումնական հետաքրքիր նյութեր, սցենարներ և խնդիրներ՝ ուսումը դարձնելով ավելի ինտերակտիվ, արդյունավետ և մոտիվացնող։

Հաջորդիվ ներկայացվել են ՀՏՀԳ AM-CERT-ի (Ազգային կիբեռ միջադեպերի արձագանքման թիմ) փորձագետների կողմից մշակված տեղեկատվական նյութեր, ելույթներ, ինչպես նաև անցկացվել  են ինտերակտիվ քննարկումեր, գլուխկոտրուկներ և խաղեր:

Կիբեռանվտանգության իրազեկման արշավը նպատակ ունի ձևավորել ավելի պաշտպանված, գիտակցված և պատասխանատու առցանց միջավայր թե´ դպրոցականների, թե´ մեծահասակների շրջանում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է կազմակերպել ավելի քան 20 մարզային հանդիպում ինչպես պետական հանրակրթական դպրոցներում, այնպես էլ ՔՈԱՖ և ԹՈՒՄՈ կենտրոններում ու Դիլիջանի կենտրոնական դպրոցում։

Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) համատեղ նախաձեռնությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ավարտվել է Գյումրիի քաղաքապետ Վ.Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը Գյումրին մի քանի ամիս ղեկավարած պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար:

Այս մասին փոխանցում է Լուրերը։  Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը, ըստ նրա փաստաբանի, մեղադրանքը չի ընդունում:

Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանում մեղադրանքն ապացուցվի:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում:

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Տավուշի մարզի խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված հրդեհները մարված են

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 18։35-ին, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների արդյունքում Դիլիջանի ոլորանների, Նավուր համայնքի և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մարված են։

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

Եվս մեկ անգամ հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2025թ․ նոյեմբերի 27-ի հայտարարությունը

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի 2025թ․ նոյեմբերի 27-ի հայտարարությունը երեխաներին եւ խոցելի այլ խմբերին վերաբերող հրապարակումներում լրագրողական էթիկայի սկզբունքների խախտումների վերաբերյալ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ

Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները շարունակում են իրականացնել խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։ Նրանց ինտենսիվ և համակարգված գործողությունների շնորհիվ հնարավոր է դարձել մարել ու մեկուսացնել հրդեհի բազմաթիվ օջախներ, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։

Նոյեմբերի 26-ի՝ ժամը 12:00-ի դրությամբ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Թթուջուր հատվածում նոյեմբերի 21-ին բռնկված հրդեհի օջախներից 2-ը հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, մյուս օջախներում հրդեհը մեկուսացվել է, միևնույն ժամանակ աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

Հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ ղեկավարելու նպատակով ձևավորված հրդեհաշիջման շտաբի աշխատանքները տեղում ղեկավարում է Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։

Լայնածավալ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներից հազարից ավել փրկարարական ծառայողներ, ովքեր շարունակաբար համագործակցում են Ոստիկանության, Էկոպարեկային ծառայության և Պաշտպանության նախարարության հետ:

Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․

• Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Լճաշենի բնակավայրի մոտակայքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում,

• Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Արևաշող բնակավայրի հարակից սարում, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան և Սարալանջ բնակավայրերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում,

• Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Քաջարանի Վերին Հանդ բնակավայրի մոտակայքում,

• Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում,

• Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացված է: Նշված հատվածում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։

Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։ Իրավիճակը լիովին գտնվում է Փրկարար ծառայության վերահսկողության տակ։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ կամավորական խմբերի ներգրավման անհրաժեշտության դեպքում ՀՀ ՆԳՆ հանդես կգա համապատասխան պաշտոնական հայտարարությամբ։

Կոչ ենք անում քաղաքացիներին հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտարածել չճշտված տեղեկություններ։

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է համայնքների բնակիչներին արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, զերծ մնալ հրդեհների բռնկմանը նպաստող գործողություններից։ Խստորն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։

Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com