Բարձր տեխնոլոգիաների ոլորտում ընդգրկված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պետական աջակցություն կստանան մի շարք ուղղություններով: Առաջարկին առնչվող «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովի՝ նոյեմբերի 14-ի նիստին ներկայացրեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:
Պետական աջակցություն կտրամադրվի 3 հիմնական ուղղություններով, առաջինը՝ աշխատանքային միգրանտների ներգրավման համար, որոնք իրականացնում են մասնագիտական աշխատանք և համարվում են տվյալ տնտեսվարող սուբյեկտի վարձու աշխատողները:
«Պետական աջակցությունը տնտեսվարող սուբյեկտին կտրամադրվի աշխատանքային միգրանտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով»,- ասաց նախարարը:
Պետական աջակցության երկրորդ ուղղությունը նոր աշխատողների ներգրավման համար է, այն է՝ աջակցություն կտրամադրվի նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 100 տոկոսի չափով, եթե տնտեսվարող սուբյեկտի բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը չի գերազանցում 30-ը:
Նոր աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով աջակցություն կտրամադրվի, եթե բոլոր վարձու աշխատողների եռամսյակային միջին քանակը 31 և ավելի է:
Պետական աջակցություն կտրամադրվի նաև տեխնոլոգիական ընկերություններում մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման գծով կրթական ծախսերի փոխհատուցման համար:
«Տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով [կտրամադրվի] հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով [գումար] մինչև 30 աշխատակից ունեցող ընկերություններում, 31 և ավելի աշխատակից ունեցող ընկերությունների պարագայում՝ 25 տոկոսի չափով»,- ասաց նախարարը և հավելեց, որ աջակցության ծրագիրը երկարաժամկետ է և նպատակ ունի ավելի բարենպաստ դարձնել Հայաստանի տեխնոլոգիական միջավայրը:
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասաց՝ այս նախագիծը հատկապես կրթության, գիտահետազոտության և պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը խրախուսելու համար է բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նաև նշեց, որ մի քանի առաջարկ է արվել՝ նախագծերի փաթեթում փոփոխություններ անելու: Դրանցից մեկը վերաբերում է փոքր և մեծ ընկերությունների աջակցության շեմը վերացնելուն՝ կարևորելով հատկապես ստարտափներին ուղղված աջակցությունը, որոնք ընդգրկված են փոքր ընկերությունների ցանկում:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Հայաստանում նման երևույթ կա, որ մոդա է. պատմական Հայաստանի մոդան է: Ջահել տղա է, խոսում ես հետը, ասում է՝ ես սասունցի եմ, մյուսն ասում է՝ ես մշեցի եմ, 5-րդն ասում է՝ դե, ես վանեցի եմ, 7-րդն ասում է՝ ես խոյեցի եմ, 8-րդն ասում է՝ ես իգդիրցի եմ… Շատ լավ, շատ լավ հասկանում եմ, բայց ես ուզում եմ հասկանալ՝ բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է այս երկրում: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հիմա ուզենամ էլ, չեմ կարող ո՛չ մշեցի լինել, ո՛չ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ: Ես էլ եմ ուզում, բայց ես սենց ապազգային տարր եմ, Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնալ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ՝ նման էջ էլ ինձ համար բացեմ, չեմ կարողանում:
Ժողովո՛ւրդ, մենք չեք հասկանում մի պարզ բան. երբ մենք Դիլիջանում ենք ապրում, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, մենք միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդ եք, էդտեղ մարդ չկա բնիկ, այստեղից-այնտեղից եկած ենք, բա էս էլ հին թուրքական քաղաք է, էս էլ հին ադրբեջանական քաղաք է… Բա լսում են, թե ամբիոններից ինչ ենք խոսում:
Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը: Մենք կորցրել ենք մեր պետությունը: Այս նախադասությունը երկար որոշել էի չասել, բայց մեկ է՝ պիտի ասեմ:
Վերջին տարիներին հատկապես ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի սարսափելի եզրակացության, որ այդ Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ ՀՀ չի կարող գոյություն ունենալ: Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է:
Հիմա հարցը. ո՞վ է իրական Հայաստանը, և ո՞րն է իրական Հայաստանը: Հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս (ցույց է տալիս ՀՀ քարտեզը – խմբ.) հայրենիք ու պետություն չի փնտրում: Այո՛, փնտրել-փնտրել-փնտրել է ու գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- ամփոփելով ելույթը՝ ասաց Փաշինյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Դեկտեմբերի 9-ից «Հայկական ավիաուղիներ»-ը վերսկսելու է չվերթներն իր ցանցի բոլոր ուղղություններով։
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գործակալություններում:
Երևան Մոսկվա
Դեկտեմբերի 9-ից՝ ամեն օր
Երևան Միներալնիե Վոդի
Դեկտեմբերի 9-ից` ամեն օր, բացի ուրբաթ և կիրակի օրերին
Երևան Սոչի
Դեկտեմբերի 10-ից՝ երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին
Երևան Ուֆա
Դեկտեմբերի 11-ից՝ չորեքշաբթի օրերին
Երևան Կազան
Դեկտեմբերի 13-ից՝ ուրբաթ օրերին
Երևան Վոլգոգրադ
Դեկտեմբերի 15-ից՝ կիրակի օրերին
Երևան Դելի
Դեկտեմբերի 20-ից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին
Երևան Բաթում
Դեկտեմբերի 28-ից
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին
ՀՀ ՊՆ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Անդրադառնալով Կառավարության ծրագրով դրված առաջնահերթություններին՝ նախարարը նշեց՝ դրանք շարունակելու են հետևողականորեն իրագործել:
«2025-ի բյուջեի մեջ դրված է 12,3 միլիարդ դրամ, որն ուղղվելու է 13 ԲԿ-ների շինարարության շարունակությանը, ավարտմանը և վերազինմանը, 4 նոր կենտրոնների կառուցմանը՝ Վարդենիսի, Սպիտակի, Արթիկի ԲԿ-ներ և Ջերմուկի առողջության կենտրոն, 8 պոլիկլինիկաների կառուցմանը և 1-ի վերակառուցմանը»,- տեղեկացրեց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ Կառավարությունը, չափազանց կարևորելով ծառայությունների նոր մոդելի համար կոնցեպտուալ նոր շենքերի ապահովումը, որոշում է կայացրել զերծ մնալ վերակառուցումներից, քանի որ հին շենքերը անգամ վերակառուցման արդյունքում չեն բավարարում նոր մոտեցումներին:
Ավանեսյանը հայտնեց նաև, որ հաջորդ տարի կմեկնարկի 19 ամբուլատորիայի շինարարությունը, իսկ հաջորդ 30-ի հողահատկացման գործընթացներն ավարտելուն պես դրանք ևս կսկսվեն:
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե իշխանությունը շատ է բարձրաձայնում, թե կառուցել չգիտենք, ունենք շինարարների խնդիր, տարակուսանք հայտնեց՝ ինչու են զարմանում նման խնդիրների առկայությունից, քանի որ ամեն օր են բախվում նմանատիպ խնդիրների:
«Կարծում եմ՝ ունենք մոտեցումների տարբերություն՝ մենք խնդիրները բարձրաձայնում ենք: Մենք դրանք փորձում ենք լուծել: Պետությունը, հատկացնելով կապիտալ շինարարությունների նման մեծածավալ միջոցներ, նաև նպաստում է, որ մեր երկրում զարգանան կառուցապատման կարողությունները, գան նոր մասնագետներ, ավելանան նոր մասնավոր նախաձեռնություններ: Իհարկե չգիտեն, որովհետև նման թվով շինարարություններ՝ դպրոցների, մանկապարտեզների, բժշկական կենտրոնների, երբեք չի եղել, դրա համար խնդիրն էլ երևի ցցուն չի եղել»,- դիմելով ընդդիմությանը՝ ավելացրեց Ավանեսյանը:
Ինչ վերաբերում է բժշկական ծառայությունների որակին, տեղեկացրեց՝ շարունակվելու է բժիշկների և բուժաշխատողների լիցենզավորման գործընթացը:
«Մեկնարկը տալու ենք 2025 թվականին»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է բժշկական նոր սարքավորումներին, Ավանեսյանը տեղեկացրեց՝ այլևս Հայաստան 5 տարուց ավելի հին սարքավորումներ չպետք է ներմուծվեն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Խոսելով կապուղիների մասին՝ չենք կարող չխոսել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանի և այդ սահմանի հնարավոր բացման մասին, և գոյություն ունեցող ենթակառուցվածքների վերագործարկման մասին: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ինչպես նախկինում ավտոմեքենաների սովորական ճանապարհների շուրջ, անցակետի և անցակետի շուրջ գոյություն ունեցող ենթակառուցվածքների գնահատման գործողություն է տեղի ունեցել մեր և Թուրքիայի կողմից միասնաբար և համատեղ, այժմ այդ նույն գործողությունը տեղի է ունենում Կարս-Գյումրի երկաթգծի շուրջ, և այդ երկաթգծով սահմանային անցակետի հետ կապված ենթակառուցվածքների համատեքստում»,- ասաց նա:
Թուրքիայի մասով երկխոսությունը, ըստ ԱԳ նախարարի, դինամիկ է: Նպատակը երկխոսության դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և սահմանի բացումը, կապուղիների վերագործարկումը:
«Մեր առաջնային գործընկերներն են, իհարկե, մեր մյուս երկու հարևանները՝ Վրաստանը և Իրանը, ում հետ հարաբերությունները շարունակելու ենք խորացնել»,- ասաց նա:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի 5 ծրագրով 2025-ի համար նախատեսվում է հատկացնել 664 միլիարդ 653 միլիոն 454 հազար դրամ: Այս մասին խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ ՀՀ արհեստավարժ հիմունքներով ԶՈՒ երկարաժամկետ զարգացման ապահովման նպատակով իրականացվող բարեփոխումների գործընթացի առանցքային ուղղություններն առնչվում են պաշտպանության պլանավորման ընթացակարգերի, զինված ուժերի կառավարման համակարգի, կազմ-կառուցվածքի, անձնակազմի կառավարման կատարելագործմանը, սպառազինության, ռազմական տեխնիկայի միջոցներով համալրվածությանը, սոցիալական ապահովմանը և այլն:
Պապիկյանը, ներկայացնելով կատարած աշխատանքները, հայտնեց՝ ՀՀ ԶՈՒ-ում արմատական, համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղենիշների սահմանման նպատակով մշակվել և Անվտանգության խորհրդի որոշմամբ հավանության է արժանացել բանակի կերպափոխման հայեցակարգը, որն արդեն հրապարակվել է ՊՆ պաշտոնական կայքէջում:
Նախարարը տեղեկացրեց՝ հայեցակարգը բաղկացած է հետևյալ բաժիններից՝ անցում արհեստավարժ բանակին, ԶՈՒ կազմակերպական և հաստիքային կառուցվածքի բարելավում, զորահավաքային պատրաստության և զորահավաքի մեխանիզմների կատարելագործում, ռազմական կրթության և գիտության զարգացում, ԶՈՒ բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի բարձրացում, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության և զինվորական գրավչության բարձրացում, առողջ և հավասարակշիռ ռազմաքաղաքացիական հարաբերությունների ձևավորում, մարդու իրավունքների պաշտպանության կատարելագործում, զինված ուժերի կարգապահության մակարդակի բարելավում:
Պապիկյանն ընդգծեց՝ մեզ համար առանցքային է մնում կիրթ և բանիմաց կադրերով համալրելու քաղաքականությունը, և վերջին երկու տարում իրականացվել են մի շարք ծրագրեր, որի արդյունքում առաջիկա տարիներին մեր ԶՈՒ շարքերը կսկսեն համալրել ավելի մեծ թվով սպաներ և կրթական ավելի բարձր մակարդակով կադրեր:
«Դրա համար ներդրվել է 2022-2023 ուսումնական տարվանից ընդունված և ավարտելուց հետո սպայական պաշտոնների նշանակված զինծառայողների համար Երևան քաղաքում վերանորոգված 3 սենյականոց ծառայողական բնակարան հատկացնելու մասին ԱԺ-ի ընդունած օրենքը»,- ասաց նախարարը:
Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար սահմանվել է վարձատրության նոր համակարգ՝ կախված կուրսանտի առաջադիմությունից և կուրսից, որի արդյունքում վարձատրությունն աճել է 3-10 անգամ՝ 15 հազարից մինչև 175 հազար դրամ:
«Արդյունքում՝ 4-րդ կուրսի ուսանողը կարող է ստանալ 175 հազար դրամ ամսական բավարարում: Խոսքն ուսանողի մասին է»,- տեղեկացրեց պաշտպանության նախարարը:
Պապիկյանը հիշեցրեց՝ ներդրվել է նաև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը:
«Այսօր հասել ենք նրան, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մեծաքանակ երիտասարդներ դառնում են մեր պրոֆեսիոնալ բանակի մասնիկը: Մենք հասել ենք նրան, որ շահագրգռվածության մակարդակն այնքան է բարձրացել, որ մարդիկ փորձում են միջնորդություններով իրենց տարբեր խնդիրներ ունեցող զինվոր զավակներին այս կարևոր ծրագրից օգտվելու հնարավորության հասնել»,- ընդգծեց նախարարը:
Նրա խոսքով՝ չափազանց կարևոր է, որ պրոֆեսիոնալ բանակի զինծառայողները ստանան նորմալ բավարարում:
Պատասխանելով ընդդիմադիր գործընկերների մեղադրանքներին, թե զինվորականների աշխատավարձերը չեն բարձրանում, դրանք որակեց «բացարձակ սուտ»:
«Աշխատավարձը բարձրացվել է, ավելին, ատեստավորված զինծառայողները ստանում են 123 հազար դրամ հավելավճարից մինչև 470 հազար հավելավճար: Այն ատեստավորման համակարգը, որի մասին խոսում եմ, որը մինչ այսօր քննադատվում է ձեր կողմից, մեկը կամք չի ունենում քաղաքական՝ ասելու, թե լավ բան է արվում»,- ասաց Սուրեն Պապիկյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ուղիղ հեռարձակում
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Ակնկալում ենք, որ հարկերն այս տարի կկազմեն 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ-ն կբարելավվի շուրջ 0,2 տոկոսային կետով: Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 12-ի նիստին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով 2025 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը:
«2025-ի հարկային վարչարարության ջանքերի և օրենսդրության փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ևս 0,7 տոկոսային կետով բարելավվում, ինչի արդյունքում հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կհասնի 25 տոկոսի»,- տեղեկացրեց նախարարը:
Խոսելով 2025 թվականի պետբյուջեի նախագծի հիմքում դրված մոտեցումների մասին՝ ֆինանսների նախարարը ներկայացրեց դրանք ըստ գերատեսչությունների:
Հովհաննիսյանը տեղեկացրեց՝ բարձր տեխնոլոգիական ոլորտին հատկացվող գումարը այս բյուջեով 2025 թվականին կավելանա համարյա 90 տոկոսով:
«Սա Հայաստանի՝ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու մեր նպատակի իրագործման գործնական կարևոր քայլերից է»,- պարզաբանեց նախարարը:
Հովհաննիսյանը հիշեցրեց՝ ամենաէական ավելացումները նախատեսվել են ՀՀ պաշտպանությունը բարձրացնելու ուղղությամբ:
«Պաշտպանության նախարարության համար 2025-ին նախատեսվում է 664,7 միլիարդ դրամ, որը 2024-ի հաստատված բյուջեի համեմատ ավելի է 110 միլիարդ դրամով: Շարունակվելու են ՀՀ զինված ուժերի պահպանման, տեխնիկական հագեցվածության ապահովման և բանակի մարտունակության ու կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը: Կարողությունների բարձրացման շրջանակում նախատեսվում է նաև վերապատրաստումներ իրականացնել արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում»,- պարզաբանեց նախարարը:
Նրա խոսքով՝ եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք 2025 թվականի բյուջեն՝ «մենք բարձրացնում ենք ՀՀ անվտանգությունը, որպեսզի կառուցենք դպրոցներ և շեշտակի բարելավենք կրթական համակարգը»:
Հովհաննիսյանը խոստովանեց՝ այս բյուջեով բազմաթիվ կարևոր հարցեր դեռևս մնում են չլուծված, կան սոցիալական բազմաթիվ խնդիրներ, տնտեսական արտադրողականությունը և կառուցվածքը դեռևս գոհացուցիչ չեն, վթարային շենքերում բնակվող քաղաքացիների խնդիրները մնում են ամբողջությամբ չլուծված, սակայն ընդգծեց՝ հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել միանգամից, սակայն հայաստանցիները պետք է վստահ լինեն, որ կառավարող ուժը տեղյակ է բոլոր խնդիրներից և ջանք չի խնայում դրանց լուծման համար:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com