Նորություններ

ՏՏ ոլորտի պետական աջակցության նախագիծը հանրային տիրույթում է. ԲՏԱ նախարարն ակնկալում է ակտիվ և կառուցողական քննարկումներ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Մխիթար Հայրապետյանը կլոր-սեղանի շուրջ քննարկման ժամանակ ներկայացրեց ոլորտի պետական աջակցության նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ԲՏԱ նախարարը նշեց, որ իրենք հանդիպում են կազմակերպել տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու նախագծի էությունը, որի հիմքում կառավարությունն, ըստ էության, իր առջև դրել է չորս խնդիր։

«Նախ մենք նոր օրենսդրության ընդունմամբ խրախուսելու ենք վերազգային ընկերությունների մուտքը Հայաստան։ Երկրորդ հիմնասյունը կլինի նոր աշխատողների՝ դեպի տեխնոլոգիական ոլորտ ներգրավումը։ Երրորդ ուղղությունն արդեն իսկ ընկերություններում ներգրավված աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացումն է։ Եվ չորրորդ ուղղությունը հետազոտությունների և մշակման ոլորտի խթանումն է մեր երկրում»,- ասաց Հայրապետյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ նախագծում գիտահետազոտական ոլորտային աշխատանքների մասը ոչ միայն վերաբերում է բարձր տեխնոլոգիաներին կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այլ ամբողջ տնտեսությանը, ինչն, ըստ նրա, շատ կարևոր արձանագրում է։ Իսկ ինչ վերաբերում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, Հայրապետյանն ընդգծեց, որ այն ունի շատ պարզ հիմնավորում, որի համաձայն՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը գալիս է իբրև շոգեքարշ ծառայելու ամբողջ տնտեսության զարգացմանը։

«Ինը ամիս շարունակ ԲՏԱ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի տեխնոլոգիական համայնքի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ համատեղ վերհանելով ոլորտում առկա խնդիրները, մարտահրավերները, նաև քննարկելով ոլորտի զարգացման իրական ներուժն ու հնարավորությունները։ Դրա արդյունքում կառավարությունն աշխատանքի իր մասնաբաժինը կատարել է և այսօր արդեն իսկ նախագծի տեսքով ներկայացնելու է տեխնոլոգիական հանրությանը՝ դրա հիման վրա հավելյալ կարծիքներ, դիրքորոշումներ  հավաքագրելու և դրանք նաև Ազգային ժողովում հնչեցնելու նպատակով։ Չեմ բացառում, որ Ազգային ժողովի քննարկումների արդյունքում նախագիծը կենթարկվի փոփոխությունների, և այս համատեքստում կոնկրետ այսօրվա հանդիպումն ունի կարևոր նշանակություն»,- ասաց ԲՏԱ նախարարը։

Հայրապետյանը տեղեկացրեց, որ կառավարությունում նախագիծը երկար ու ձիգ քննարկվել է։ Ի սկզբանե ԲՏԱ նախարարության կողմից առաջարկվել է մինչև ռազմավարության ընդունումը գնալ ավելի պարզունակ լուծման ճանապարհով՝ ոլորտի համար սահմանելով համահարթ 10 տոկոս եկամտահարկ։ Կառավարությունում կայացած քննարկման արդյունքում կոնսենսուս չեղավ, հետևաբար որոշում կայացվեց գնալ այլ ուղղությամբ՝ սահմանել թիրախային խնդիրներն ու գնալ ներդրումների ճանապարհով՝ պայմանավորվելով, որ ռազմավարությունը ընդունելուց հետո հավելյալ քննարկվի նաև ռազմավարական հռչակվելիք ուղղությունների մեջ թիրախային հավելյալ ներդրումներ անելու հավանականությունը։

Դա կլինի 2025 թվականի կեսից, թե 2026 թվականի սկզբից, ցույց կտան առաջիկա ամիսները։ Նախագիծը դրվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ազգային ժողով գնալուց առաջ նախարարությունն ակնկալում է նաև տեխնոլոգիական ամբողջ հանրույթի կարծիքները հավաքագրել։ Նախագիծն ուղարկվել է նաև Ազգային ժողով։

«Տեղեկացված ենք, որ կան տարբեր մոտեցումներ օրենսդիր մարմնի գործընկերների մոտ, ընդհուպ մինչև այնպիսի մոտեցում, որ ըստ էության և շատ կոնկրետ առաջարկով հանդես պիտի գան պատգամավորները, որպեսզի աջակցությունը լինի ոչ թե ընկերություններին, այլ աշխատակիցներին։ Սա ևս մոտեցում է, և մենք ակնկալում ենք լսել դրա հիմնավորումները, սակայն մեր մոտեցումը հետևյալն է։ Մենք առաջարկում ենք կարգավորումներ՝ օգնելու բիզնեսին, թողնելով նրա հայեցողությանը համապատասխան պետական աջակցության կամ ներդրման տնօրինումը։ Հավատում ենք, որ սա ամենաէֆեկտիվ ճանապարհն է, թեև դեռ ունենք անցնելու ճանապարհ։ Մոտեցումները տարբեր են, հետևաբար կազմակերպելով քննարկում՝ որոշել ենք ներկայացնել հիմնավորումները, թե ինչու է կառավարությունն, այնուամենայնիվ, որոշել գնալ այս ճանապարհով և լսել մասնագիտական կարծիքները, գնահատականներն ու առաջարկները»,- եզրափակեց ԲՏԱ նախարարը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

 

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են. եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է. Ալեն Սիմոնյան

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության հասնելու շեմին են, Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այն համատեքստում, երբ խաղաղ գործընթացը լրջորեն սկսվեց ամիսներ առաջ, Ադրբեջանը ցանկանում էր մեր համաձայնությունը միջազգայնորեն ճանաչված 5 կետի շուրջ: Ուրախ եմ տեղեկացնել, որ այսօր մենք համաձայնության ենք եկել 16 կետի շուրջ:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, կատարյալն այլեւս չպետք է լինի լավի թշնամին»,- ասել է նա։

Սիմոնյանի խոսքով՝ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է:

«Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսեւորել քաղաքական կամք, օգտվել պահից եւ միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար:

Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- հավելել է ԱԺ նախագահը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԵՄ վիզաների ազատականացումն ավելի հավանական կդարձնի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը՝ որպես կարևոր գործընթաց, միանշանակ կարելի է դրական քայլ համարել, և քանի որ արդեն առարկայական ու շոշափելի արդյունքների նախաձեռնման գործընթաց է սկսվել, դա նշանակում է, որ ՀՀ-ն որոշ չափանիշներով ավելի մոտ է դարձել Եվրամիությանը, ինչը հնարավոր է դարձնում վիզաների ազատականացման վերաբերյալ երկխոսությունն ավելի գործնական դարձնելը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ կարծիքը հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը՝ անդրադառնալով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին։

«Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե ինչ ժամկետների մասին է խոսքը։ Այնունամենայնիվ, դա հնարավորություն կտա Հայաստանի  քաղաքացիներին ունենալ հասանելիություն Եվրոպական երկրներ անարգել այցելելու առումով, հետևապես նաև փորձի փոխանակման, մշակույթի, տնտեսական համագործակցության տեսանկյունից ավելի կդյուրացնի գործընթացն ու ավելի հավանական կդարձնի հետագայում Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը»,- ասաց Օրդուխանյանը։

Քաղաքագետը ուշադրություն դարձրեց նաև հնարավոր ռիսկերի վրա՝ ընդգծելով, որ եթե այդ ճանապարհով ունենանք արտագաղթի տեմպերի աճ, ապա դա կունենա բացասական ազդեցություն, իսկ եթե ամեն ինչ լինի վերահսկելի, այդ պարագայում կկարողանանք խոսել բացառապես օգուտների մասին, ինչը նաև մեր երկրին առհասարակ կբերի նոր հնարավորություններ։

«Եթե ունենք եվրոպական ինտեգրման նպատակ, և դա ռազմավարական շահ է, ապա այդ պարագայում վիզաների ազատականացումը, բնականաբար, մեր քաղաքացիներին թույլ տա Եվրոպան ավելի լավ ճանաչել, ոչ թե ունենալ լոկ հեռավար պատկերացում։ Այսինքն՝ դա ենթադրում է անմիջական շփումներ, ակտիվ համագործակցություն, ինչը հետագայում ավելի կհեշտացնի ինտեգրման գործընթացը»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով այն հարցին, թե հաշվի առնվու՞մ են արդյոք հնարավոր ռիսկերը, մասնավորապես՝ ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների հնարավոր ձախողումը, քաղաքագետը շեշտեց, որ հարցը գտնվում է փոխադարձ ազդեցությունների տիրույթում։

«Եթե Հայաստանը բավարարում է որոշակի չափանիշների, դա հնարավոր է դարձնում վիզաների ազատականացումը, իսկ եթե ինչ-որ պահի արձանագրվի որոշակի հետընթաց, ապա գործընթացը կարող է վերանայվել, ինչպես օրինակ Վրաստանի պարագայում, որտեղ ԵՄ-ի հետ առկա հարաբերություններում որոշ հարցեր ավելի սերտ փոխգործակցության առումով մտնում են վերանայման փուլ, նույնիսկ հարևան երկրի դեպքում խոսվում է վիզաների ազատականացման որոշումը վերանայելու մասին։ Հայաստանը պետք է ձգտի պահպանել, իսկ հետո՝ բարձրացնել այն նշաձողը, որին հասել է։ Միայն այդ պրագայում գործընթացը կդառնա իրատեսական։ Մեզ մոտ ռիսկերը քաղաքական գործընթացի մեջ վերահսկելի են։ Եթե մեր ժողովուրդը հավատարիմ է եվրոպական արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանն ու արևմտյան աշխարհի մնացյալ քաղաքակրթական սկզբունքներին, այդ դեպքում ներդաշնակ զարգացումը շարունակվում է, և այդ պայմաններում ռիսկերը չեզոքացվում են։ Հակառակ դեպքում գործընթացը կդանդաղի կամ առհասարակ բացասական արդյունքների դեպքում ամբողջությամբ կկասեցվի»,- մանրամասնեց Օրդուխանյանը։

Դիտարկելով ԵՄ-ի կողմից ՀՀ քաղաքացիների՝ քաղաքական ապաստան խնդրելու հայցերի մերժման խնդիրը՝ քաղաքագետը նշեց, որ ապաստանի հայցումը սովորաբար ընդունված է ավտոկրատական պետություններից քաղաքացիների արտահոսքի դեպքում, բայց եթե Հայաստանը պահպանի իր դեմոկրատական կերպը և շարունակի ընթանալ զարգացման ճանապարհով, բնականաբար, այն պատրվակով հայցերը, թե իբր երկրում կան բռնաճնշումներ, առկա է ավտորիտար վարչակազմ և քաղաքացիներն իրենց քաղաքական հայացքների համար ճնշվում են, արդեն չեն ունենա հիմնավոր փաստարկներ՝ եվրոպական երկրներում քաղաքական ապաստան հայցելու համար։

«Ապաստանի հայցերի զգալի մասի մերժումը վկայում է, որ Հայաստանը գնալով բարելավում է իր ժողովրդավարական ցուցանիշները, հետևապես թեկուզ արհեստական կամ կեղծ հիմքերով ապաստանի հայցումը հետագայում սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից չի կարող ընդունվել որպես հավատարժան փաստարկ։ Ամեն ինչ տեղի է ունենում զուգահեռաբար։ Սա նաև ապօրինի արտագաղթի կանխման նախապես մշակված մեխանիզմ է, որը նաև հետագայում վերահսկելի է դարձնում այդ ռիսկը»,- նշեց քաղաքագետը։

Օրդուխանյանի դիտարկմամբ՝ նույնիսկ եթե վիզաների ազատականացումը դառնա իրականություն, այդ դեպքում կպահպանվեն որոշակի իրավակարգավորումներն ու սահմանափակումները։ Ըստ նրա՝ գործընթացը սկզբնական փուլում տեղի կունենա մասնակիորեն, և բոլորի համար հավասարապես չի ընթանա, ինչը թույլ կտա իրականացնել մոնիթորինգ և հասկանալ, թե ընդունված որոշումը որքանով է արդարացի և որքանով է արդյունավետ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման համատեքստում։

«Ականատես կլինենք քայլ առ քայլ արվող գործընթացի։ Ամեն ինչ միանգամից չի բացվի։ Բացառություն կարվի որոշակի կատեգորիաների համար։ Օրինակ՝ եթե մարդիկ ունեն տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված կապեր, եթե գիտակրթական շրջանակների միջև կա փոխայցերի և փորձի փոխանակման անհրաժեշտություն,  որպեսզի նրանց տեղաշարժը լինի ավելի հեշտ, նրանք եվրոպական երկրներ կմեկնեն առանց հավելյալ սահմանափակումների։ Հետագայում, եթե գործընթացն արձանագրի դրական արդյունքներ, Հայաստանի բոլոր քաղաքացիների համար վիզաները կազատականացվեն ամբողջությամբ»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հայաստանում մեկնարկած ստորագրահավաքին՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ՝ Օրդուխանյանն ընդգծեց, որ այդ գործընթացը նույնպես դրական է, քանի որ դրանով զբաղվում են արտախորհրդարանական ուժերը, որոնք ունեն դեմոկրատական ձգտումներ, և հասարակության մեջ կա նաև այդ օրակարգի որոշակի պահանջ։

«Գործընթացը բավականին սահուն ընթանում է մինչ այս պահը, ինչը հնարավորություն է տալիս նաև գործնականում վերհանել տրամադրությունները հասարակության մեջ՝ որպես էմպիրիկ նյութ։ Հետագայում կառավարությունը կարող է հիմնվել այդ փաստական տվյալների վրա և իր հաշվարկների համատեքստում կատարել կոնկրետ քայլեր։ Այդ գործընթացի արդյունքում հնարավոր հանրաքվեն կարող է նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններում ուժերի հարաբերակցության իմաստով փոխել Ազգային ժողովի պատկերը։ Որքան շատ խորհրդարանում ունենանք դեմոկրատական ուժեր, այնքան շատ իրատեսական կդառնա նույն վիզաների ազատականացումը, հետևապես նաև Եվրոպայի հետ մերձեցման գործընթացը, և որպես վերջնարդյունք՝ նաև ինտեգրումը»,- եզրափակեց քաղաքագետը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ռուբեն Սիմոնյանը AI Conf 2024 շրջանակում մասնակցել է ԱԲ թեմայով քննարկմանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում, մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։

Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն
Ներսես Երիցյանը։

Ռուբեն Սիմոնյանն՝ իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում:

«Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու  հաջորդ քայլերը և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։

Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը և մի շարք միջազգային կազակերպություններ մեծ գումար են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։

Այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված նախարարության գործունեությանը։

«Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26 շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14 շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛  պրոդուկտը և՛  գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- ասել է Ռուբեն Սիմոնյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար:

Քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանն, անդրադարձել  է տվյալների պահպանման թեմային, գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։

Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։

Քննարկումը վարել է  Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Ատավազդ Մինասյանը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել Եվրոպայի առաջնությունում․ Դավիթ Եգորյանը հաղթել է թուրք մրցակցին

Հայ բռնցքամարտիկները հերթական հաղթանակներն են տարել մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

«71 կգ քաշային Նարեկ Զախարյանը պարտության է մատնել Սլովակիայի ներկայացուցիչ Լադիսլավ Հորվարտին։

Իսկ 54 կգ քաշային Դավիթ Եգորյանը տպավորիչ հաղթանակ է տոնել թուրք Չան Կայայի նկատմամբ»,- նշված է   Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Իսրայելը հարված է հասցրել Լիբանանի հյուսիսի քրիստոնեական շրջանին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն առաջին անգամ հարված են հասցրել Լիբանանի հյուսիսում գտնվող և հիմնականում քրիստոնյաներով բնակեցված Զղարթա շրջանի Այթու բնակավայրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լիբանանյան պետական NNA գործակալությունը հաղորդում է, որ հարվածի հետևանքով 9 մարդ է զոհվել։

Փլատակների մաքրման և փրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Լիբանանի արևելքում իսրայելական օդուժի հարվածի տակ է հայտնվել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը։ Ռմբակոծության են ենթարկվել նաև երկրի հարավի մի քանի բնակավայրեր։

Իսկ Իսրայելում «Հեզբոլլահ»-ի հարձակման հետևանքով 4 զինվոր է զոհվել, 67 մարդ՝ վիրավորվել։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Միջխորհրդարանական միության վեհաժողովում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով

Ժնեւում հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես կգա ելույթով: Նախատեսվում են նաեւ տարբեր երկկողմ հանդիպումներ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայերի՝ ԼՂ վերադարձին պետք է անդրադառնալ, երբ Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ լինեն. ՀՀ նախագահ

Հայաստանի նախագահի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունների առումով անհրաժեշտ է իրատես լինել և հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմաններ հաստատվեն:

ՀՀ նախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

Նախագահի կարծիքով՝ արցախահայերի վերադարձի հնարավորությունն ավելի երկարաժամկետ խնդիր է:

«Կարծում եմ՝ պետք է այդ հարցի լուծմանն անդրադառնալ այն ժամանակ, երբ մենք Ադրբեջանի հետ իսկապես խաղաղ պայմաններում հարաբերություններ հաստատենք: Պետք է իրատես լինենք, և դա նշանակում է, որ իսկապես գնահատենք այն իրավիճակը, որում հիմա մենք կանք: Այսինքն՝ իրատեսակա՞ն է արդյոք այդ վերադարձն այսօր, թե՞ ոչ: Ի վերջո, այնտեղ նաև շատ տարբեր գործոններ կան. անվտանգություն, որոշակի պայմաններ, որոնք կդրվենք արցախահայերի առջև», – նշել է ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով՝ հենց դա է խնդիրը, որը խանգարում է այս պահին որևէ հարց լուծել: Նախագահի դիտարկմամբ՝ թեկուզ հենց խաղաղության պայմանագրի կամ խաղաղության հաստատման մասին խոսելիս ևս պետք է հասկանալ, որ կողմերի հայտարարությունների կամ արձագանքների առումով կարող են լինել տարբեր իրավիճակներ, սակայն դա չի նշանակում, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է դադարեցնել:

«Ընդհակառակը, պետք է աշխատել, պատրաստ լինել, որ հակառակ կողմը կարող է համաձայն չլինել մեր հայտնած տեսակետների հետ: Բանակցությունները նրա համար են, որ տարակարծությունները հնարավորինս վերացվեն և մինիմալացվեն, և ի վերջո սեղանին դրվի այնպիսի մի փաստաթուղթ, որ երկկողմանի կամ բազմակողմանի համաձայնություն կունենա», – շեշտել է ՀՀ նախագահը՝ հավելելով, որ հիմա Հայաստանը հենց այդպիսի բանակցությունների մեջ է գտնվում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com