#ՏԻՄ #ընտրություններ #բանավեճ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու երկու փոխքաղաքապետերի անունները հայտնի են Կայացել է Գյումրու ավագանու արտահերթ նիստը: Այսօրվա նիստում ընտրվել են քաղաքապետի 2 տեղակալներ և ավագանու մշտական հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։ Քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Արթուր Պապիկյանը, մյուս տեղակալ է ընտրվել ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը։ Գյումրու 2 փոխքաղաքապետերի ընտրությանը կողմ են քվեարկել միայն «Բալասանյան դաշինք» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Մյուս խմբակցություններից «Զարթոնքն» ու «Ապրելու երկիրը» ձեռնպահ են եղել, իսկ ՀՀԿ-ն՝ դեմ։ Ըստ Գյումրու ավագանու կանոնակարգի ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները։ Չորս հանձնաժողովներից երկուսը կղեկավարեն «Բալասանյան դաշինքի» ավագանիները, երկուսը՝ ՔՊ-ականները։ Ըստ այդմ, Գյումրու ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Բալասանյան դաշինք»-ից Լուսինե Սանոյանը, ով քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրն է, ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի նույն խմբակցությունից Մխիթար Սահակյանը։ Ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի ՔՊ-ական Լիլիթ Մուրադյանը, քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովն էլ՝ Հարություն Նիկողոսյանը՝ ՔՊ-ից։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ նորանշանակ տեղակալներից ակնկալում է կառուցողական և ապաքաղաքականացված աշխատանք։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրու համար ձեռք կբերվի 63 միկրոավտոբուս․ ՀՀ կռավարությունը գումար է հատկացրել ՀՀ կառավարությունն այսօրվա հերթական նիստում շուրջ 462 մլն դրամ է հատկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար: «Նախագծով ներկայացվում է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2021 թ-ին հավանություն ստացած, իրականացված կամ իրականացվող չորս մարզի չորս համայնքի չորս ծրագիր: Առաջարկում ենք պետական բյուջեից հատկացնել 462 միլիոն 256 հազար դրամ: Համայնքներն իրենց մասնաբաժինը կատարել են, հիմա պետական մասնաբաժնի իրականացման հերթն է»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Արագածոտնում մեկ ծրագիր է՝ 5 մլն արժողությամբ, Գեղարքունիքում՝ մեկ ծրագիր՝ 7 մլն արժողությամբ, Լոռու մարզում՝ մեկ ծրագիր՝ 5,2 մլն և Շիրակի մարզում՝ մեկ ծրագիր՝ 441 մլն։ Սա վերաբերում է Գյումրի քաղաքին, և ծրագիրն ընդհանուր առմամբ 887 մլն արժողություն ունի։ Գյումրիում ձեռք է բերվում 63 միկրոավտոբուս, որ ներքաղաքային ամբողջ տրանսպորտային պարկը թարմացնենք։ Միկրոավտոբուսների մի մասը նաև հարմարեցված է հաշմանդամություն ունեցող հայրենակիցների համար համապատասխան հարմարություններով։ Մրցույթի արդյունքում ընդհանուր գումարը 882 միլիոն դրամ է կազմել, որի 50 տոկոսը վճարում է Գյումրիի համայնքապետարանը, մյուս 50 տոկոսը՝ Կառավարությունը»,- հայտնել է ՏԿԵ նախարարը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել կառավարության ներկայացրած «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որում կատարվել են փոփոխություններ և սահմանվել է, որ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը: Հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրել էՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Այսպիսով` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ, նաև հունվարի 6-ը: «Հայաստան» դաշինքից Աղվան Վարդանյանը հիշեցրել է, որ իրենց խմբակցությունն առաջարկել էր հունվարի 2-ը և 7-ը թողնել ոչ աշխատանքային՝ նշելով, որ նախարարի խոսքում չլսեց որևէ գնահատական, կարծիք: Պատգամավորը նաև հիշեցրել է, որ Մայր Աթոռը ևս առաջարկել էր ոչ աշխատանքային թողնել նաև հունվարի 5-ը և 7-ը: Նա հետաքրքրվեց այս առաջարկի առնչությամբ կառավարության արձագանքով, վերաբերմունքով: Նախարարը վստահեցրել է, որ ընդհանուր դիրքորոշումը ձևավորելիս հաշվի են առնում առաջարկները: Անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկներին՝ նախարարն ասել է, որ դա ևս մանրամասն քննարկել են: «Էկոնոմիկայի նախարարությունը նաև շատ կարևորում է պետություն-մասնավոր երկխոսությունը, և նախագիծը քննարկվել է նախարարության ՓՄՁ ենթախորհրդում, բազմաթիվ ասոցիացիաների հետ հանդիպումների ընթացքում: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն փիլիսոփայությունը, որ դրել ենք այս օրենքի փոփոխության մեջ, որոշում է կայացվել այսպիսի տարբերակով առաջ գնալ»,-ասել է Քերոբյանը՝ հիշեցնելով, որ հանձնաժողովում առաջարկները պետք է քննարկվեն և քվեարկվեն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ուղիղ հեռարձակում
Բանախոսներ՝
Հասմիկ Մխիթարյան – Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ նախագահ, ծրագրի ղեկավար
Լևոն Բարսեղյան` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրու ավագանու գործունեության մոնիտորինգի փորձագետ
Սեյրան Մարտիրոսյան՝ Ա.Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար, Շիրակի մարզից ընտրված ԱԺ պատգամավորների գործունեության մոնիտորինգի փորձագետ
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Տղերքը չկան, նրանք զոհվեցին, որ մենք ապրենք: Արցախյան 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողներից 5-ի հիշատակն հավերժացնող խաչքար –հուշաղբյուրը, որը բացվեց ու օծվեց Մուշ թաղամասում, համալրեց այն ուխտատեղիների շարքը, որոնք մշտապես հիշեցնելու են մեր քաջ մարտիկների կատարած սխրագործությունների մասին:
Թալիշի 156 մարտական դիրքի տղաներին նվիրված խաչքարը կանգնեցնել նախաձեռնել է նրանցից մեկի` Դավիթ Համբարյանի հայրը, քաջ գիտակցելով, որ պատմության մեջ իրենց որդիները կմնան որպես հայրենիքի համար ամենաթանկը տված նահատակներ:
Տարբեր քաղաքներում ծնված ու մեծացած ժամկետային զինծառայող տղաներին միավորել էր ծառայության վայրը` Մատաղիսը, մարտական հենակետն ու հանուն հայրենի հողի մղվող պայքարի ոգին:
Հուշապուրակի բացման հանդիսավոր արարողությունը միավորել էր ոչ միայն թաղի բնակիչներին, այլ նաև զոհված զինվորների հարազատներին, այժմ նրանք, անկախ բնակության վայրից, միասին են կիսում իրենց վիշտը:
Իրենց առջև դրված մարտական առաջադրանքը փառքով ու պատվով կատարած այս տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայության» մեդալով: Իսկ գյումրեցի Դավիթ Համբարյանը, լինելով մարտական դիրքի ավագ, հետմահու պարգևատրվել է նաև «Անձնուրաց պաշտպան» մեդալով:
Մամիկոնի ընտանիքը վեց տարի առաջ էր տեղափոխվել ՌԴ բնակության, բայց Դավիթը, մարզական ոլորտում ունենալով բազմաթիվ հաջողություններ, առանց երկմտելու վերադարձել էր հայրենիք` ծառայության անցնելու նպատակով: Սիրով էր կատարում իր պարտքը, մտադիր էր ծառայությունն ավարտելուց հետո մնալ զինված ուժերում, նշում է հայրը: Ցավոք , Դավիթի զոհվելուց հետո հայրը երկար ժամանակ չի կարողացել գտնել որդու դին:
Հիմա արդեն հերոս զինվորների մասին կպատմեն նաև այս նորատունկ ծառերը, որոնք անվանական են և կրում են Թալիշի 156 մարտական դիրքի տղաների անունները:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը թվարկել է այն ծրագրերը, որոնք կիրականացվեն մարզերում 2022 թվականին: 2022 թվականի պետական բյուջեից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կհատկացվի 335 միլիարդ 257 միլիոն դրամ: «Միայն 209 միլիարդ 594 միլիոնը կապիտալ բնույթի ծախսեր են, 125 միլիարդ 663 միլիոնը՝ ընթացիկ բնույթի»,- հայտարարել է նախարար Գնել Սանոսյանը: Նա նշել է, որ տարածքային կառավարման մասով 8 խոշոր ծրագիր է իրականացվելու, որոնց մեջ ներառված է 131 միլիարդ 40 միլիոն դրամ: Սահմանամերձ համայնքներին պետական աջակցության համար կհատկացվի 1 միլիարդ 155 միլիոն դրամ. նախատեսված է ՀՀ 5 մարզի 23 համայնքի 81 բնակավայրի աջակցություն ցուցաբերել: «Ենթակառուցվածքների զարգացման նպատակով մարզերին սուբվենցիա է տրամադրվելու. նախատեսված է շուրջ 18 միլիարդ դրամ հատկացնել», – ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Գյումրիում էլ խոշոր ծրագրեր ունեն. Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսքով՝ խոշոր ծրագիր ունեն նաև Կապան քաղաքում. 750 միլիոն դրամ կհատկացվի 151 բազմաբնակարան շենքում էներգաարդյունավետության ու էներգախնայողության ծրագերի համար, դպրոցների սեյմսիկ անվտանգության մակարդակի բարձրացման ծրագրի համար էլ նախատեսված է հատկացնել 6 միլիարդ 192 միլիոն դրամ. 17 դպրոցի կառուցման, վերակառուցման աշխատանքներ կիրականացվեն:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հարցը ներառված է եղել Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում: Ավելի ուշ Հովհաննես Հարությանը հանդես է եկել ասուլիսով՝ շնորհակալություն հայտնելով համանքների ղեկավարներին, ուժային կառույցների ներկայացուցիչներին, զանգվածային լրատվամիջոցներին արդյունավետ համագործակցության համար: Հիշեցնենք, որ Հարությունյանն այս պաշտոնին նշանակվել էր 2021 թվականի հունվարի 21-ին: Նա հոկտեմբերի 17-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն էր:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզպետի պաշտոնից հրաժարվելու մասին բոլորն էլ պետք է ենթադրեին, երբ համաձայնել էր գլխավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտարական ցուցակը Գյումրու ավագանու ընտրություններում, ինչ վերաբերում է նոր աշխատանքի անցնելուն, ապա նշել է, որ վերջնական որոշում լինելու դեպքում դրա մասին կտեղեկացնի նաև հանրությանը։ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ չի փոշմանել նախընտրական պայքարին մասնակցելու համար, վստահեցնում է՝ անմիջական շփումներից առկա խնդիրների մասին առավել հիմնավոր է տեղեկացվել։ Շիրակի նոր մարզպետ Նազելի Բաղդասարյանի նշանակվելուն և կին մարզպետ ունենալուն վերաբերող հարցին՝ Հովհաննես Հարությունյանը նշել է՝ վստահ է, որ պաշտոնի ծանրությունը գիտակցելով է նա աշխատանքի անցնելու․ «Ես կարծում եմ , որ Նազելի Բաղդասարյանն ունի բավականաչափ գիտելիք ու քաղաքական կամք, կառավարչական հմտություններ և կկարողանա հաջողել այս պաշտոնում, իսկ դրանից կշահի պետական համակարգն ու Շիրակի մարզը»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Գյումրիում այսօր տեղի է ունեցել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի երդմնակալության արարողությունը: Ավագանու 33 անդամիցներկա է եղել 25-ը: Նիստը վարել է ներկաներից տարիքով ավագը՝ Հայկ Սուլթանյանը: Մինչ երդման արարողությունը՝ հնչել է ՀՀ օրհներգը, այնուհետև Հայկ Սուլթանյանը քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին է հանձնել խորհրդանշական լանջաշղթան, իսկ ավագանու անդամ Լուսինե Սանոյանը՝ Գյումրու բանալին:Վարդգես Սամսոնյանը երդվել է ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: «Ստանձնելով Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ երդվում եմ. Պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, համայնքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ծառայել համայնքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների: Պարտավորվում եմ պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին»,- ասել է Վարդգես Սամսոնյանը, ապա՝ ստորագրել է երդման տեքստը, և այն ի պահ է հանձնվել Գյումրու համայնքապետարանի թանգարանին:Երդմնակալությունն ավարտվել է աղոթքով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ընտրվեց նոր քաղաքապետ` նախկին քաղաքապետի հիմնած կուսակցությունից
Գյումրու նորընտիր ավագանին այսօր անցկացրեց առաջին նիստը: Հիշեցնենք, որ Գյումրու նորաստեղծ ավագանիում ներկայացված է 5 կուսակցություն, մանդատների հետևյալ քանակով` «Բալասանյան դաշինք» 14 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11, «Զարթոնք» Ազգային Քրիստոնեական կուսակցություն 4, Հայաստանի Հանրապետական և «Ապրելու երկիր» կուսակցությունները` 2-ական մանդատ: 33 ավագանու անդամներից ներկա էին 32-ը: Նիստը վարեց ավագանու ամենատարեց թեկնածուն` «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունից Արուսյակ Հովհաննիսյանը: Օրակարգի թերևս ամենակարևոր հարցը Գյումրու քաղաքապետի ընտրությունն էր: Ըստ էության, 2 օր առաջ էր պարզ, թե ավագանու մեծամասնության քվեն ով կստանա: «Բալասանյան Դաշինք»-ի և «ՔՊ»-ի միջև ստորագրվել էր համագործակցության հուշագիր, որը նպատակ ուներ Գյումրու ավագանիում ձևավորվել կայուն մեծամասնություն, որի արդյունքում Գյումրու քաղաքապետի թեկնածու է առաջադրվում Վարդգես Սամսոնյանը, իսկ քաղաքապետի 2 տեղակալները` «Քաղաքացիական պայմանագրից»: Ըստ այդմ, այսօրվա նիստին «Բալասանյան դաշինքը» քաղաքապետի թեկնածու առաջադրեց Վարդգես Սամսոնյանին: Չխախտելով հուշագրի պայմանները, «ՔՊ»-ն թեկնածու չառաջադրեց, վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ իրենք կքվեարկեն Վարդգես Սամսոնյանի օգտին: Թեկնածուներ չառաջադրեցին նաև ավագանիում ներկայացված մյուս քաղաքական ուժերը: Վարդգես Սամսոնյանը ներկայացրեց իր պատկերացումները քաղաքի կառավարման և ապագայի վերաբերյալ:
Վարդգես Սամսոնյանը պատանի տարիքից որպես բանվոր է աշխատել Գյումրու գարեջրի գործարանում, հետո սկսած 2012 թվականից քաղաքապետարանում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Նրա խոսքերով, իր զբաղեցրած պաշտոնների բազմազանությունը իրեն հույս և վստահություն է տալիս, որ հոգսաշատ քաղաքի ղեկավարի պատասխանատու պաշտոնում կարողանա արդարացնել քաղաքացիների սպասելիքները:
Շուրջ 3000 տնակ, մոտ 70 կմ դեռևս չբարեկարգված փողոցներ, Գյումրիում առկա այս և այլ խնդիրները լուծելու համար, ըստ թեկնածուի, իրենք այլընտրանք չունեն, քան միասնական, թափանցիկ ու համերաշխ մթնոլորտում, բոլոր կարող ուժերի օգտագործմամբ քաղաքի զարգացման ընթացն էլ ավելի արագացնելը: Տեղի ունեցավ քվեարկությունը, 24 կողմ և 8 դեմ ձայներով Վարդգես Սամսոնյնանն ընտրվեց քաղաքապետ:
Նրան կողմ քվեարկեցին «Բալասանյան դաշինք» ու «ՔՊ»-ն, իսկ ավագանիում փոքրամասնություն կազմող մյուս 3 ուժերի ներկայացուցիչները` դեմ: Օրակարգի հաջորդ հարցը ավագանու հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրությունն էր: Այս հարցը «ՔՊ»-ի ներկայացուցիչը առաջարկեց հետաձգել: Ավագանու մեծամասնությունը կողմ քվեարկեց հետաձգմանը, ինչը դուր չեկավ «Զարթոնք» ԱԶգային Քրիստոնեական կուսակցության ավագանու անդամ Վարդևան Հակոբյանին:
Նորընտիր քաղաքապետի խոսքերով, ինքը նորմալ է վերաբերվում ընդդիմադիր անդամների իրեն դեմ քվեարկելուն և նշեց, թե հուսով է, որ հետագայում իրենց աշխատանքի շնորհիվ ընդդիմադիրները կփոխեն իրենց տրամադրվածությունը քաղաքային իշխանության հանդեպ:
Իրեն քվե տված ընտրողների շրջանում որոշակի հիասթափություն կա «ՔՊ»-ի հետ համագործակցության հուշագիր կնքելուց հետո, արդյոք սա քաղաքապետին չի մտահոգում,- այս հարցին ի պատասխան Վարդգես Սամսոնյանը նշեց, որ այս քայլը քաղաքի շահերից բխող էր:
Նրա 2 տեղակալները, ըստ հուշագրի, կլինեն «ՔՊ»-ից, իսկ բաժնի պետերի ընտրությունն ինչպես տեղի կունենա, դեռ քննարկվում է: Ըստ Վարդգես Սամսոնյանի, առաջին շնորհավորանքը նա ստացել է Սամվել Բալասանյանից, նրան նախկին քաղաքապետը ցանկացել է, որ հաջողությամբ շարունակի իր կիսատ թողածը, որ կարողանա Գյումրին դարձնել իր երազած քաղաքը: Նորընտիր քաղաքապետը լրագրողներին էլ խորհուրդ տվեց իր հետ միասին թև-թիկունքի տված աշխատել ու լինել օբյեկտիվ: 3 օրից Վարդգես Սամսոնյանը կստանձնի քաղաքապետի պաշտոնը: Այսօր նա եկեղեցում մոմ կվառի, իսկ նոյեմբերի 4-ին տեղի կունենա նրա երդման արարողությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru