ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախագիծն ընդունվել է՝ ստանալով 69 կողմ ձայն: Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Նախագիծը մանրամասնում է գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները»,- նշել է Բալայանը: Նախագծով սահմանվում է, որ օգտագործման վերցված գույքը վերադարձվում է դրա օրինական տիրապետողին՝ գույքի օգտագործման անհրաժեշտությունը վերանալու և գույքը վերադարձնելու հնարավորություն առաջանալու դեպքում, սակայն ոչ ուշ, քան ռազմական դրության գործողության դադարեցումից հետո՝ 45-րդ օրը: Այն դեպքում, երբ հայտնի չէ օրինական տիրապետողը, ապա գույքը պահվում է ռազմական դրության գործողության դադարեցումից հետո 2 տարի, որի ընթացքում միջոցներ են ձեռնարկվում վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ: Այդ ընթացքում օրինական տիրապետողին չհայտնաբերելու դեպքում գույքը դառնում է պետության սեփականությունը: Գույքը վերադարձնելու անհնարինության դեպքում, դրա օրինական տիրապետողի դիմումի հիման վրա, տրվում է համարժեք փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով: Եթե գույքը վերադարձվում է վնասված կամ գույքի օգտագործման արդյունքում առաջանում է բաց թողնված օգուտ, ապա գույքի օրինական տիրապետողի դիմումի հիման վրա տրվում է համարժեք փոխհատուցում՝ Կառավարության սահմանած կարգով, ժամկետներում և չափով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ազգային ժողովն այսօր քննարկել է Կառավարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև այս տարվա ապրիլի 21-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։Նախագծի հիմնական զեկուցող, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ այս համաձայնագրով առաջարկվում է շարունակել Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող նախկին 2 ծրագրերը, որոնք ուղղված են համայնքներում սոցիալական նշանակության ենթակառուցվածքների զարգացմանը։ «Վերջին ծրագիրը, որ իրականացվել էր մինչ այժմ, ուներ 30 միլիոն դոլարի արժեք, և իրականացված ծրագրի շրջանակներում վերակառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, առողջպահական հաստատություններ, կառուցվել են համայնքային կենտրոններ, գույքով են համալրվել մանկապարտեզներ, հանրակրթական դպրոցներ և այլն»։Նախարարի տեղակալը նշել է, որ այս համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրվող լրացուցիչ ֆինանսավորումը կկազմի 17 միլիոն եվրո։Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում օժանդակություն է նախատեսվում սոցիալ-տնտեսական զարգացմանը տեղական մակարդակում, միջհամայնքային սոցիալական-տնտեսական նախաձեռնություններին։ Նախատեսվում է նաև ինստիտուցիոնալ օժանդակության տրամադրում, կարողությունների գնահատում և տեխնիկական աջակցություն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին։ «Այս ծրագիրը մենք գնահատում ենք էֆեկտիվ, որովհետև նախկին ծրագրերը, որ իրականացվել են Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից, էականորեն բարելավել են մեր համայնքային ենթակառուցվածքները»։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հադրութում հայ գերիներին գնդակահարած հանցագործներից մեկը ոչնչացվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը` վկայակոչելով razm.info կայքի կատարած հետաքննության արդյունքները։Հոկտեմբերի 15-ին համացանցում երկու տեսանյութ տարածվեց. առաջինում երևում էր, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները երկու հայի գերեվարում, երկրորդում՝ հրապարակավ գնդակահարում նույն մարդկանց Հադրութում։ Տեսանյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում էր Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման խումբ: Լրացուցիչ այլ դետալների ուսումնասիրությունից կարելի է ենթադրել ու հստակեցնել, որ խմբում կար Ադրբեջանի ԶՈւ ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հատուկջոկատային:Նախ՝ տեսանյութում հստակ երևում է ադրբեջանցի հատուկջոկատայիններից մեկի համազգեստը և ռազմական հանդերձանքը: Հենց այս քողարկանախշերն ու հանդերձանքն է կրում Ադրբեջանի ՌԾՈւ հատուկջոկատայինների խմբերից մեկը:Համամատության համար ներկայացնում ենք ՌԾՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների լուսանկարն ու Հադրութի ոճրագործների տեսանյութում երևացող զինծառայողներին. նրանք կրում են նույն քողարկանախշով հանդերձանք:Բացի այդ, ռազմական գործողությունների ընթացքում մենք ֆիքսել էինք ՌԾՈւ համազգեստով հատուկջոկատայինների՝ դեպի մարտական գործողությունների վայրեր տեղափոխման դրվագ: Տեսանյութում զինծառայողներն այն նույն համազգեստով են, որը կրում էր Հադրութի ոճրագործներրից մեկը: Տեսանյութը, ամենայն հավանականությամբ արվել էր Ֆիզուլիի շրջանի հատվածում, ինչը բավական մոտ է Հադրութին:
Դրվագ Ադրբեջանի ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխումիցԱվելին՝ ՌԾՈւ հանդերձանքով հատուկջոկատայինների տեղափոխման տեսանյութում երևացող զինծառայողներից մեկը բացի այն, որ կրում է նույն համազգեստը, նաև ֆիզիկական կառուցվածքով ու դիմագծերով բավական նման է ոճրագործներից մեկին։ Համեմատության համար հրապարակում ենք երկու տեսանյութերից առանձին կադրերը։Ավելի ուշ պարզեցինք, որ երկրորդ տեսանյութում երևացողը հատուկջոկատային, ենթասպա, 2016թ. ապրիլյան պատերազմին մասնակցած Ալաքբերով Նաիգ Ֆաիգ օղլուն է (Naiq Faiq oğlu Ələkbərov)։Մինչ փորձում էինք վերլուծել Հադրութի ոճրագործների մասին այս բոլոր տվյալները, պարզեցինք, որ Հադրութի ոճրագործներից մեկին բավական նման Ալաքբերով Նաիգն արդեն ոչնչացվել է։
Աղբյուր՝
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Ադրբեջանի բանակն այս պահին, ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով, ունի մինչև 10 հազար սպանված և շատ ավելի մեծ քանակով վիրավորներ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի օգտատերերը փորձում տեղեկություն գտնել սպանվածների վերաբերյալ, որոնց անունները թաքցնում Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը: «Չնայած հանգամանքին, որ Ադրբեջանի իշխանությունները պետական մակարդակով փակել են Արցախյան պատերազմի ընթացքում իրենց կորուստների մասին տվյալները, սպանվածների թիվն այնքան մեծ է, որ պայքարել այդ տեղեկատվության դեմ, այլևս անհնար է դառնում: Համացանցում տարբեր հարթակներ են բացվում, որտեղ անհատ օգտատերերը փորձում են տեղեկատվություն հայթայթել այդ կորուստների մասին ու հրապարակայնացնել դրանք: Ոչ պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ ադրբեջանական բանակն այս պահին կարող է մինչև 10 հազար սպանված ունենալ, իսկ վիրավորների քանակը շատ ավելի մեծ է»,- ասված է ՊՆ տարածած տեսանյութում:Այդպիսի հարթակներից մեկում տեղադրված ադրբեջանական բանակի սպանված զինվորականների մեջ բավական մեծ թիվ են կազմում օդաչուները: Նրանք առնվազն մի քանի տասնյակ են, ինչն ապացուցում է հայկական կողմի պնդումները՝ ադրբեջանական օդուժի, մասնավորապես մարտական ինքնաթիռների հաջող խոցումների մասին:
«Ահռելի քանակ են կազմում նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների սպանված մարտիկների լուսանկարները, սա նույնպես օրինաչափ է, քանի որ հարձակողական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակի ղեկավարությունն առաջին գիծ է մղում հիմնականում հենց այդ ստորաբաժանումներին այն պարզ պատճառով, որ սովորական հետևակի կարողություններին, ըստ ամենայնի, այնքան էլ չի վստահում: Մեծ թիվ են կազմում նաև հրամանատարները, հաշվի առնելով, որ Արցախի ՊԲ գործողությունների արդյունքում ոչնչացվել են ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, մեծ թվով հրամանատարների առկայությունն առավել քան սպասելի է»,- նշվում է տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը նշում է, որ նման հարթակների առկայությունը և դրանց արագ տարածումն ադրբեջանցի օգտատերերի շրջանում, վկայում է, որ ադրբեջանական հանրության մոտ մեծ դժգոհություն է հասունանում կապված բանակի ահռելի կորուստների ու դրա վերաբերյալ տեղեկատվությունը թաքցնելու հետ:
«Հատկանշական է, որ զոհվածների ոչ պաշտոնական ֆոտոշարքում հայտնվում են նրանք, որոնք օրեր առաջ տեսանյութեր էին հրապարակում՝ իբր գրավված տարածքներից իրենց ողջույնն են ուղարկում Ադրբեջանի միապետին»,- նշվում է ՊՆ տարածած տեսանյութում:
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի փորձում մարտադաշտից դուրս բերել իր սպանվածների մարմինները, ինչը դրանց մեծ թիվը, ինչպես նաև դրանց շարքերում թուրք զինծառայողների ու սիրիացի ահաբեկիչների առկայությունը թաքցնելու լավագույն միջոցն է:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 22-ին ստորագրել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները:
«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի ընդունմամբ հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում՝ ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, ինչպես նաև այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում` ազատվում են ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխության արդյունքում հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին առանց հարկային հետևանքներ կրելու ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տուժերը և (կամ) տուգանքները, ովքեր ռազմական դրության ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, դարձել են հաշմանդամ կամ անհայտ կորած են ճանաչվել (այդ թվում նաև նրանց հետ համատեղությամբ ապրող՝ ծնող, ամուսին և զավակ):
Աղբյուր՝ https://www.president.am/hy/signed-laws/item/2020/10/22/President-Armen-Sarkissian-signed-laws/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ:Նախագահ Սարգսյանը հանգամանալից անդրադարձել է սեպտեմբերի 27-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինուժի կողմից Արցախի բնակավայրերը, խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորելուն։Հայաստանի նախագահը նշել է, որ այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի և անմիջական ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է նաև նրա կողմից տարածաշրջան իսլամիստ զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության համար:Ժոզեպ Բորելը խորը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների և ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նա ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու, կրակը դադարեցնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru