Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստը։ Խորհրդարանն այսօր քվեարկել և ամբողջությամբ ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը: Այն ընդունվել է ձայների 102 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։ Նախագծով առաջարկվում էր բարձրացնել զինվորական ծառայության տարիքային շեմը՝ սահմանելով պայմանագրայինների համար մինչև 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչև 65 տարեկանը: Ազգային ժողովը ձայների 103 կողմ, 2 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած մեկ այլ օրինագիծը, որով առաջարկվում էր տարկետում տրամադրել միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած և զորակոչային տարիքի հասած քաղաքացիներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Շիրակի մարզում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 20-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքնի էլեկտրաշչակները:
Աղբյուր՝ https://cutt.ly/IvRM8pc
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել վիրավորանքի և զրպարտության համար տուգանքների չափերը բարձրացնող օրենքը և տվյալ հարցով դիմել է Սահմանադրական դատարան։ Նախագահականի հրապարակած հայտարարության համաձայն՝ Ազգային ժողովի կողմից մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» վիճահարույց օրենքը ՀՀ նախագահի աշխատակազմն ստացել է մարտի 26-ին: «Օրենքով նախատեսվում է էականորեն բարձրացնել վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված դրամական փոխհատուցման չափերը: Ընդ որում, փոփոխությունը կիրառելի է նաև զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ: Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է լրագրողական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ, լսել նրանց նկատառումներն ու դիտարկումները, կարծիքներն ու մտահոգություններն առ այն, որ լրատվական և լրատվամիջոցների գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները քննարկվում և ընդունվում են առանց մասնագիտական հանրության կարծիքն ու առաջարկությունները հաշվի առնելու: Դիտարկվել են նաև միջազգային իրավապաշտպան կառույցների կողմից արտահայտված մտահոգությունները», – փոխանցում է նախագահականը՝ շարունակելով․ «Հանրապետության նախագահը մեծապես կարևորում է խոսքի և կարծիքի ազատությունը և մտահոգ է, որ, մի կողմից, նախատեսվող փոփոխություններով ոլորտում որևէ համակարգային խնդիր չի լուծվում, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող կարգավորումները կարող են էական վնաս հասցնել խոսքի և արտահայտվելու ազատությանը, զգալիորեն սահմանափակել լրագրողի ազատությունը և լրատվամիջոցի՝ օբյեկտիվ քննադատելու, իրադարձություններն ու երևույթները, այդ թվում՝ պաշտոնյաների, հասարակական-քաղաքական գործիչների գործունեությունն անկաշկանդ լուսաբանելու հնարավորությունը։ Ժողովրդավարական հասարակությունում «հանրային հսկիչի» դեր կատարող զանգվածային լրատվության միջոցների՝ արտահայտվելու ազատությունը, ինչպես նաև հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ կարծիքները համարվում են առավել պաշտպանված կատեգորիա: Հայաստանի Հանրապետությունում կարծիքի արտահայտման ազատությունը երաշխավորված է Սահմանադրության 42-րդ հոդվածով: Յուրաքանչյուր անձի կողմից իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունքն ամրագրված է նաև մի շարք միջազգային փաստաթղթերում: Վիրավորանքն ու զրպարտությունն, անկասկած, անթույլատրելի են, անընդունելի և դատապարտելի: Միևնույն ժամանակ, իրավական աղբյուրների վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ ժողովրդավարական հասարակությունում կարծիքի արտահայտման ազատության ցանկացած սահմանափակում (ներառյալ՝ օրենքով նախատեսված փոխհատուցման չափը) պետք է լինի հիմնավորված և համաչափ, փոխհատուցումը պետք է լինի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին համահունչ, իսկ փոխհատուցման կիրառումը չպետք է բացասական ազդեցություն ունենա խոսքի ազատության և հանրային հարցերի քննարկման վրա՝ պատասխանողի համար ստեղծելով անհամաչափ ծանր նյութական բեռ, որը կարող է նույնիսկ վճռորոշ ազդեցություն ունենալ վերջինիս գործունեության համար: Օրենքն առերևույթ խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի ընդունած օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան՝ Օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով»:
Աղբյուր՝ https://www.president.am/hy/press-release/item/2021/04/15/Announcement/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Կառավարությունը պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7 մլրդ 548 մլն դրամ, որի նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց: «Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, մյուս ամիսներին ավտոմատ կստանան: Ըստ նրա, մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով: «Մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք ու այդ մի քանի հարյուր քաղաքացիները, որոնք ծրագրերից դուրս են մնացել, դառնան ծրագրի շահառու»,- ասել է նախարարը:
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/04/15/Cabinet-meeting/
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru