Yearly Archives:2021

ՀՅ Դաշնակցության Բյուրոյի հայտարարությունը Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ

Սիրելի հայրենակիցներ,

Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։Տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։ Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրավունքի համաձայն պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին, և չեն կարող այլ իրավունքներ ու պարտավորություններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։ Հետևապես պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ։ Իսկ, 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչվող մասով նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները, նույնպես միջազգային իրավունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկվայի պայմանագրի դրույթներից։ Կարևոր է նկատել, որ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920 թ. աշնանը։Ներկայումս Հարավային Կովկասում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական հարաբերություններում առկա հակասությունները, տարածքային վեճերն ու էթնիկ հակամարտությունները, ակնհայտ են դարձնում, որ 1921 թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով, ի զորու չէ այս տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն և անվտանգ համակեցություն։Այդ պայմանագիրն իր ընդգծված հակահայկականությամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականությանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ, երբ Թուրքիայի անթաքույց հովանավորությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծվեց հերթական լայնամասշտաբ ագրեսիան և օկուպացվեց վերջինիս տարածքի մեծ մասը։ Դրանից հետո էլ, ադրբեջանաթուրքական տանդեմը անթաքույց հավակնություններ է դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տվել մարտավարական դադար առնել և պատեհ պահին, վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածվելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի։ՀՅ Դաշնակցության Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում և հարակից տարածքներում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը միջազգային գործուն երաշխիքներով և բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաև արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել արյունալի պատերազմների հարյուրամյակների էջը։Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021 թ. հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100 ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը:Այս ընթացքում ՀՅ Դաշնակցության համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները խնդրո առարկա հարցերով իրականացնելու են քաղաքական-հարաբերական աշխատանքներ։Մասնավորապես՝ սույն հայտարարությունը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կողմից հասցեագրվելու է միջազգային այն քաղաքական կազմակերպություններին, որոնց ՀՅ Դաշնակցությունը անդամակցում է, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանություններին։Նաև անհրաժեշտ ենք համարում Հայաստանի Հանրապետության՝ լեգիտիմությունը կորցրած և հայրենիքի մի կարևոր հատված թշնամուն հանձնած իշխանություններին խստորեն զգուշացնել՝ Թուրքիայի Հանրապետության հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի պայմանագրի կամ դրանից ածանցված Կարսի պայմանագրի դրույթների ճանաչում ՀՀ կողմից, ինչը թուրքական պետության 100-ամյա նպատակն է։ Կարևոր ենք համարում հիշեցնել, որ ո՛չ Մոսկվայի և ո՛չ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից՝ երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։Համոզված ենք՝ մեր ժողովրդի համախմբած աշխատանքով, ուժեղ Հայաստանով և համերաշխ հասարակությամբ կարողանալու ենք քայլ առ քայլ վերատիրանալ մեր ժողովրդի ոտնահարված իրավունքներին և վերականգնել համազգային արժանապատվությունը։

Աղբյուր՝ https://www.arfd.am/news/38174/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Բանակից խուսափածները կկարողանան առանց նախապայմանների վերադառնալ հայրենիք

«Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել մեր կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների փաթեթին: Հուսով եմ՝ մինչև այս ամսվա վերջ կառավարությունը նախագիծը կփոխանցի ԱԺ»,- այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ օրինագծի ընդունման դեպքում 27 տարին լրացած բոլոր քաղաքացիներին, որոնք խուսափել են բանակում ծառայելուց, հնարավորություն կտրվի վերադառնալ Հայաստան՝ առանց նախապայմանների:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-ին ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի Շիրակ բնակավայրում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձաարկվելու են նաև համայնքնի էլեկտրաշչակները:

Աղբյուր՝ https://cutt.ly/1zXTGy0

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու նախագծին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված նախագծին, որով առաջարկվում է վերացնել երկրում ռազմական դրությունը: Ռազմական դրությունը վերացնելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Արման Աբովյանը: «ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին հայտարարվել է 2020-ի նոյեմբերի 10-ին՝ այն բանից հետո, երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրվել էր հայտարարություն, որի մասին մենք բոլորս գիտենք»,-ասել է Աբովյանը: Նա հիշեցրել է եռակողմ հայտարարության 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերի մասին, հատկապես Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին, հրադադարի ռեժիմը վերահսկելու համար խաղաղապահ կենտրոնի մասին: «Հաշի առնելով նշյալ իրողությունները՝ առաջարկում ենք վերացնել սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը»,-նշել է նա: Պատգամավորը խոսել է նաև ներքաղաքական վիճակի, զարգացումների մասին, ըստ նրա՝ գործող ռազմական դրությունը ամբողջ ծավալով չի համապատասխանում ստեղծված իրավիճակին, հանդիսանում է շատ լուրջ խոչընդոտ՝ քաղաքական բոլոր զարգացումներին: ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ակնհայտ է համարել, որ ռազմական դրության կարիք չկա: «Խորհրդարանական ընդդիմությունը չի կարող անվստահության գործընթաց սկսել ռազմական դրության ժամանակ….ՏԻՄ ընտրություններ կան, որոնք չեն իրականացվում ռազմական դրության պատճառով…»,-ասել է նա ու կարծիք հայտնել, որ ռազմական դրությունը պահվում է միայն քաղաքական նպատակով: Նախագիծը քվեարկությամբ բացասական եզրակացություն է ստացել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիում երիտասարդ ամուսիններ են դանակահարվել

Գյումրիում երեկ ուշ երեկոյան դանակահարությունէ տեղի ունեցել. Անի թաղամասում գտնվող իրենց բնակարանում երիտասարդ ամուսիններ են դանակահարվել: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 1986 թվականին ծնված տղամարդն ընդունվել է ծանր վիճակում, նրա մոտ առկա են եղել կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքեր։ Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է։ 1986 թվականին ծնված նրա կնոջ մոտ ախտորոշվել են ձախ վերին վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքեր` երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություն: Նա գտնվում է միկրովիրաբույժի հսկողության տակ: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզի վթարային շենքերի խնդիրը ուշադրության կենտրոնում է. Շիրակի մարզպետը հադիպել է քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության բաժինը: Հանդիպման ընթացքում քնարկվել են Շիրակի մարզի քաղաքաշինական խնդիրները, մասնավորապես, մարզի վթարային բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Անտառավան, 26, Իսահակյան, 9, Տիգրան Մեծ, 5, Ղուկասյան, 29 հասցեների, Աշոցքի Կոճոռ թաղամասի վթարային շենքերի խնդրին։ Հիշեցնենք, որ 2020 տարեսկզբին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դրական արձագանք էր տվել նախարարությանն ուղղված՝ Շիրակի մարզպետարանի խիստ վթարային 4 բնակելի շենքերի բնակիչների բնակարանային խնդրի լուծման առաջարկին, համաձայն որի, խիստ վթարային 4 շենքերից 3-ի (Անտառավան 3-րդ թաղամաս 26, Իսահակյան փողոց 9 և Ղուկասյան փողոց 29 շենքեր) բնակիչներին նախատեսվում էր հատկացնել բնակարանի գնման վկայագրեր, իսկ Տիգրան Մեծի փողոցի 5 շենքում, որի մեկ մուտքն ամրացված է, իսկ 3-ը՝ վթարային, նախատեսված էր իրականացնել ամրացում-վերականգնում: Սակայն ծրագիրը հետաձգվել էր նախ համավարակի, ապա նաև պատերազմի պատճառով: Շիրակի մարզում այս պահին կա 114 վթարային շենք, որոնցից 92-ը՝ Գյումրիում: Միայն Գյումրիի վթարային շենքերում ապրում է 2 426 ընտանիք:

Աղբյուր՝ https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2842464672679399

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru