Գյումրիում երեկ ուշ երեկոյան դանակահարությունէ տեղի ունեցել. Անի թաղամասում գտնվող իրենց բնակարանում երիտասարդ ամուսիններ են դանակահարվել: Նրանք վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն: ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ 1986 թվականին ծնված տղամարդն ընդունվել է ծանր վիճակում, նրա մոտ առկա են եղել կրծքավանդակի և որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքեր։ Տղամարդը վիրահատվել է, վիճակը կայուն է։ 1986 թվականին ծնված նրա կնոջ մոտ ախտորոշվել են ձախ վերին վերջույթի բազմակի կտրած-ծակած վերքեր` երկրորդ-երրորդ մատների ծալիչ ջլերի վնասմամբ։ Կնոջը տեղափոխել են մայրաքաղաքի բուժհաստատություն: Նա գտնվում է միկրովիրաբույժի հսկողության տակ: Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը), որոշում է կայացվել անձին տուժող ճանաչելու մասին։ Այս պահին դեռ կասկածյալ չկա։ Դատախազի տեղեկացմամբ՝ կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru