Yearly Archives:2021

Առաջարկվում է պետական դավաճանության համար սահմանել 15-20 տարի կամ ցմահ ազատազրկում

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի հեղինակած նախագծին, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանություն գործելու համար նախատեսված պատժաչափը: Պատգամավորներն առաջարկում են, որ պետական դավաճանության համար նախատեսվի 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործող Քրեական օրենսգրքով պետական դավաճանության համար նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում: Պատգամավորները նաև նախատեսում են խստացնել լրտեսության համար սահմանվող պատժաչափը՝ դարձնելով 15-20 տարի (գործող Քրեական օրենսգրքով այդ արարքի համար սահմանվում է 8-15 տարվա ազատազրկում): «Համարում ենք, որ առավել մեծ և, ըստ էության, համեմատության մեջ որևիցե կերպ չի կարելի այլ հանցանքների հետ համադրել կամ համեմատել, որովհետև այն վնասները, որը թողնում են պետական դավաճանությունը և լրտեսությունը Հայաստանի Հանրապետության կամ մեր ժողովրդի, մեր երկրի քաղաքացիների համար, պարզապես համեմատության և համադրությունների մեջ չի կարելի դնել»,- պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշել է նախագծի համահեղինակ Վահե Էնֆիաջյանը: Հանձնաժողովում նախագծի քննարկումը վերաբերում էր որոշ իրավակարգավորումների: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը, օրինակ, նշել է, որ ՀՀ քրեական օրենսգիրքը որոշակի ժամկետով ազատազրկում պատժատեսակի համար կոնկրետ հանցագործություններով նախատեսում է վերին և ստորին շեմ: Նա առաջարկել է 20 տարվա կամ ցմահ ազատազրկումը փոխարինել 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ հավելել է, որ այս փոփոխությունն անհրաժեշտ է նաև պատժի անհատականացումը ապահովելու համար: «Եթե, օրինակ, կա հիմնական հանցագործ, օժանդակող և այլն, որպեսզի պատասխանատվությունը տարբերակված լինի»: Վահե Էնֆիաջյանը ընդունել է իմքայլական պատգամավորների առաջարկը՝ նշելով, որ իրավական բոլոր հարցերը լուծելի են: Նախագծի բովանդակության հետ կապված հանձնաժողովում տարաձայնություններ չկային: Օրինագիծն առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայի ընթացքում:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կառավարությունն աջակցություն կտրամադրի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի այն բնակիչներին, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տների բնակիչներին։ Ըստ հիմնավորման՝ միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել Շուռնուխ եւ Որոտան բնակավայրերում գտնվող եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիներին (այդ թվում՝ երեխաներին), որոնք մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսը, համայնքի ղեկավարի կողմից տված տեղեկանքի համաձայն, փաստացի բնակվել են այնտեղ: Սոցիալական աջակցությունը տրամադրվում է 1) միանվագ դրամական օգնության ձեւով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300.000 դրամ՝ որոշումն ընդունվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, 2) ամենամսյա դրամական վճարի ձեւով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68.000 դրամ, 6 ամսվա համար՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից։ 3) Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին կամ խնամակալին (եթե երեխայի նկատմամբ սահմանվել է խնամակալություն): Գործադիրը հաստատել է նաև Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում» և 10-րդ՝ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերի ապահովման պահանջից:Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի առաջին կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։ ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հաստատել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանվում է պետության ակնկալիքը դպրոցից եւ 12-ամյա կրթության ավարտից հետո շրջանավարտներից: Հարցը զեկուցող կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ հանրակրթության նոր պետական չափորոշիչը հիմնված է կարողունակությունների վրա, ինչը նշանակում է, որ հավասարապես շեշտադրվում են գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումները եւ արժեքային բաղադրիչը՝ որպես հանրակրթության հիմնական անելիք: «Սահմանել ենք վերջնարդյունքներ կրթական երեք աստիճանների համար՝ տարրական, հիմնական եւ ավագ, ինչը հնարավորություն է տալիս սկզբունքորեն իրագործել նոր մոտեցում եւ խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումից, որի պայմաններում ունենք առանձին առարկաներ, եւ շեշտադրված է այդ առարկաների ինքնաբավ գոյությունը դպրոցում՝ անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել տարբեր կապերը, առանձնացնել խաչվող գաղափարները եւ ամեն առանձին առարկայի միջոցով հասկանալ, թե ինչպես ենք նպաստում այդ ընդհանուր վերջնարդյունքներին հասնելուն»,- ներկայացրել է Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այն թույլ կտա նաեւ էապես խուսափել կրկնություններից, առավել արդյունավետ օգտագործել այն ժամանակը, որ ծախսում է դպրոցում, նաև երեխայի ժամանակը, եւ դրա շրջանակում ավելի արդյունավետ եւ հետագայում նաեւ հանրային զարգացմանը նպաստելու համար շոշափելի արդյունք ստանալ. «Մենք ընդհանուր առմամբ նվազեցնում ենք դպրոցականների ծանրաբեռնվածությունը՝ չկրճատելով բովանդակային ծավալը եւ նպատակ ունենալով հասնել ավելի մեծ արդյունքների: Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն օրինակելի պլանի հիման վրա ձեւավորել իրենց սեփական մոտեցումները»: Անդրեասյանը նշեց, որ այն դրսեւորված է հանրակրթության պետական չափորոշչում 7 ուսումնական բնագավառների առանձնացման եւ դրանց շրջանակում դպրոցներին ընտրության հնարավորությունների ընձեռման միջոցով: «Պահպանվել է նաեւ պետական հստակ քաղաքականությունը՝ պետական պարտադիր բաղադրիչի միջոցով եւ չորս պարտադիր առարկաները սահմանելու միջոցով, որոնք են հայոց լեզուն եւ գրականությունը, մաթեմատիկան, հայոց պատմությունը եւ օտար լեզուն»,- ասել է փոխնախարարը:

Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/02/04/Cabinet-meeting/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Արցախյան պատերազմ և հետևանքներ»

➡ 44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի համար բավական մեծ զոհողությունների գնով: Թեեւ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, այնուամենայնիվ, պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մարդկանց անվտանգության սպառնալիքները եւ հումանիտար բազմաթիվ վտանգները չեն վերացել, ավելին, պետք է նաեւ փաստել, որ Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորում տեղի չի ունեցել։
➡ Ադրբեջանական կողմը շարունակում է տարածել բազմաթիվ պաշտոնական հայտարարություններ, որոնք հայատյացություն, բռնություն, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող պնդումներ են պարունակում.

Ուղիղ հեռարձակում 🔴

ℹ Բանախոսներ ՝
➡ Արմեն Հայրապետյան- պատմաբան
➡ Լիլիթ Ասոյան- պատմաբան
➡ Վարդան Գրիգորյան – քաղաքագետ
➡ Արմեն Բադալյան- քաղաքագետ
🔗Համակարգող ՝ Լուսինե Մովսիսյան

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: «Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»: Նրա խոսքով՝ մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի մասնագիտանալու են նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերում Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս նպատակով դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը Երևան քաղաքում: Որոշումն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա»

Թուրքական ապրանքների արգելքը Հայաստանում և դրա ազդեցությունը տնտեսության վրա»

➡ Դեկտեմբերի 31-ից ուժի մեջ մտավ «Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ Կառավարության որոշումը։ Սույն որոշման ընդունմամբ առաջարկվում է ժամանակավորապես արգելել Հայաստանի Հանրապետություն մի շարք թուրքական ծագման ապրանքների ներմուծումը: Որոշման ընդունումը հիմնավորվում է նրանով, որ, անվտանգության տեսանկյունից դադարեցվում է Թուրքիայի բյուջե ՀՀ աղբյուրներից ֆինանսավորումը, որի հաշվին, հնարավորություն էր ստեղծվում Թուրքիայի իշխանությունների համար միջոցներն ուղղորդել Ադրբեջանին սատարելուն։

➡ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից նշվում է, որ տվյալ ապրանքների ներմուծման սահմանափակման պարագայում հայկական շուկայում այդ ապրանքների պակասուրդ չի առաջանա, քանի որ դրանք հեշտությամբ կլրացվեն այլ շուկաներից Հայաստան ներմուծումների միջոցով կամ տեղական արտադրության շնորհիվ։

➡ Այս որոշումն ինչպե՞ս կանդրադառնա մեր տնտեսության վրա և ի՞նչ այլընտրանքային մեխանիզմներ են մշակվում:

ℹԲանախոսներ՝
➡ Արթուր Մկրտչյան – Տնտեսագետ, ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ
➡ Արամ Գրիգորյան – Անհատ ձեռնարկատեր
➡ Էդուարդ Մխիթարյան – «Նոյեմի» բրենդային օճառների գործարանի ներկայացուցիչ
➡ Արման Գրիգորյան -«Ամալի» բրենդային հեղուկ օճառների արտադրամասի սեփականատեր
🔗Համակարգող՝ Շուշանե Սաքունց

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru