Monthly Archives:December 2025

Ներառականության նոր խորհրդանիշ Գյումրիում

Ներառականության նոր խորհրդանիշ Գյումրիում․ ստեղծվել է քաղաքի առաջին «ներառականության պատը», որը կազմված է հավասարության, մարդու իրավունքների և ներառականության մասին ուղերձներով 70 կերամիկե սալիկներից։

Սալիկները փակցվել են հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, մշակութային և հասարակական ոլորտների ներկայացուցիչների կողմից՝ խորհրդանշելով բոլորի պատրաստակամությունը` միասին նպաստելու ներառականության և հավասար հնարավորությունների զարգացմանը։

«Ագաթ» ՀԿ-ի այս նախաձեռնությունն իրականացվել է քաղաքի ծայրամասային թաղամասում՝ ընդգծելով, որ ներառականությունը պետք է հասնի քաղաքի յուրաքանչյուր անկյուն, ոչ միայն կենտրոն։ Հայերենով, անգլերենով, ժեստերի լեզվով, ինչպես նաև արտերկրից ժամանած գործընկերների լեզուներով՝ գերմաներենով, վրացերենով ու մոլդովերենով պատրաստված սալիկները խորհրդանշում են ստեղծարարություն, բազմազանություն և միասնություն՝ սահմաններից անդին։

Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության աջակցությամբ «Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության հզորացում» ծրագրի շրջանակում նմանատիպ նախաձեռնություններ կիրականացվեն նաև Վրաստանում և Մոլդովայում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային փաստաթղթերը

Կառավարության կայքէջում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր:

Ինչպես նշված է այդ փաստաթղթերին կից, դրանք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։

Հրապարակված փաստաթղթերի թվում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները (2016թ.), Կրակովի փաստաթուղթը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Կազանի փաստաթուղթը և այլն:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ ԱԺ պաշտոնատար անձը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23․000 ԱՄՆ դոլար և 300․000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. Արթիկի տարածաշրջանում ձնախառն անձրև է տեղում

Սպիտակի ոլորաններում, Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայող Ն.Գ.-ն 2024 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում մարտական դիրքում հերթապահության ժամանակ չի պահպանել մեկ այլ զինծառայող Ա.Ղ.-ին տրված՝ զինվորական ծառայության պարտականություններից չբխող և բացառապես վերջինիս ազդեցությամբ ու հեղինակությամբ պայմանավորված խոստումը, ինչի հետևանքով Ա.Ղ.-ն նվաստացրել է նրա պատիվն ու արժանապատվությունը:

Վերոգրյալի հետևանքով՝ 2024 թվականի նոյեմբերի 13-ին Ն.Գ.-ն ինքնասպանություն է գործել՝ կախվելու եղանակով:

Բացի այդ, Ա.Ղ.-ն մարտական հերթապահության ընթացքում թույլ տրված թերացումների համար պարտադիր ժամկետային մի քանի զինծառայողներից պարզաբանումներ է պահանջել՝ նվաստացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նաև պարզվել է, որ հրաձգային գումարտակի հրամանատար Ա.Ղ.-ն մարտական դիրքում հերթապահության ընթացքում կատարված կարգապահական խախտումների համար բռնություն է գործադրել հինգ զինծառայողի նկատմամբ:

Պարտադիր ժամկետային զինծառայողի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) և 524-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ՝ 520-րդ հոդվածի 5-րդ մասով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) (4 դրվագ):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com