ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ «Անգլերենի» միասնական քննության որոշ թեստերում տեխնիկական խոտան է արձանագրվել։ Գերատեսչությունից հայտնում են, որ նոր քննություն կկազմակերպվի։ «2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան: Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:
Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը: Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը: Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հունվարի 31-ին, ժամը 19։42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել են տանիքը (մոտ 80 քմ) և խոհանոցը՝ մասամբ (մոտ 10 քմ):
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի կից շինություններ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ԲՏԱ նախարարւթյունից հայտնում են, որ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է AI call centre-ի ներկայացուցիչներին՝ քննարկելու ԱԲ-հիմքով Զանգերի և Չաթ կենտրոնի նախագծի ներդրման հեռանկարները։ «Հունվարի 30-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել AI call centre համայնքի ներկայացուցիչների հետ։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) տնօրեն Ներսես Երիցյանը։ Քննարկման առանցքում եղել է ԲՏԱ նախարարության և ՀՏՀԳ-ի համատեղ նախաձեռնությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար արհեստական բանականության (ԱԲ) հիմքով աշխատող «Զանգերի և չաթ (chat) կենտրոնի համակարգի» նախագծման, մշակման և ներդրման գործընթացը։ Նախաձեռնության նպատակն է խթանել ՀՀ թվային վերափոխումը՝ ժամանակակից թվային լուծումների ներդրմամբ և լայն կիրառմամբ՝ բարձրացնելով պետական ծառայությունների հասանելիությունն ու որակը։
Իր խոսքում նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության օրակարգում առաջնային տեղ է զբաղեցնում արհեստական բանականության կիրառումը պետական ծառայությունների ավտոմատացման գործընթացում՝ տարբեր AI գործիքների ներգրավմամբ, հանրային կառավարման շրջանակում արհեստական բանականության գործիքակազմի ընդլայնմամբ և հատվածական լուծումներից համակարգային մոտեցումների անցմամբ։ Նախարար Հայրապետյանը կարևորել է արհեստական բանականության դերը տնտեսության թվայնացման գործընթացում՝ ընդգծելով, որ AI-ի վրա հիմնված call centre լուծումները կարող են էականորեն բարձրացնել ծառայությունների որակը, նպաստել նոր աշխատատեղերի ստեղծմանը և ամրապնդել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը։ Հայրապետյանն առանձնակի շեշտադրել է պետություն–մասնավոր հատված համագործակցության կարևորությունը՝ միաժամանակ անդրադառնալով ոլորտում առկա մարտահրավերներին ու խնդիրներին։ Նախարարը նշել է, որ հանրային ծառայություններում տեղական ինքնաշխատ համակարգերի ներդրման և կիրառման ընդլայնումը կնպաստի տեղական արտադրության, ինդուստրիայի և նորարարությունների զարգացմանը՝ ապահովելով կայուն տնտեսական աճ։
Հանդիպման շրջանակում քննարկվել են նախամրցութային շուկայի ուսումնասիրության մանրամասները՝ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի հնարավոր լուծումների, տեխնիկական մոտեցումների և շուկայի ընդհանուր կարողությունների գնահատման նպատակով։ Ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մասնագիտական առաջարկներն ու դիտարկումները՝ հնարավոր տեխնիկական լուծումների, նմանատիպ համակարգերի ներդրման փորձի, տեխնիկական իրագործելիության, հնարավոր ռիսկերի, սահմանափակումների և զարգացման հնարավորությունների վերաբերյալ։ Նշված փուլում որևէ գնման ընթացակարգ մեկնարկած չէ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արհեստական բանականության կիրառման հեռանկարները զանգերի և հաճախորդների սպասարկման կենտրոններում, ոլորտի զարգացման ներկայիս միտումները, առկա մարտահրավերներն ու աճի հնարավորությունները Հայաստանում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել AI լուծումների ներդրմանը, տվյալների անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության հարցերին: Նախագիծը նախատեսում է միասնական հարթակի ստեղծում, որը կներառի հայերեն և անգլերեն լեզուներով չաթբոտ, ձայնային գործակալ, կենդանի օպերատորի կառավարման միջավայր և վարչական մոդուլ։ Համակարգի նպատակն է ապահովել քաղաքացիների հարցումների ավտոմատացված, ճշգրիտ, վերահսկելի և միասնական պատասխանների տրամադրում՝ համապատասխանելով ՀՀ տվյալների պաշտպանության և կիբեռանվտանգության օրենսդրական պահանջներին։ ԱԲ-հիմքով զանգերի և չաթերի կենտրոնի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացմանը, արձագանքման ժամանակի կրճատմանը, սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության նվազեցմանը և ծառայությունների շարունակական՝ 24/7 հասանելիության ապահովմանը՝ միաժամանակ բացառելով չստուգված տեղեկատվության օգտագործումը»,- ասված է հաղրդագրւթյունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) 2025 թվականին նախաձեռնել է 157 ուսումնասիրություն:
Վարչության կողմից 2025 թվականի ընթացքում դատարան է ներկայացվել 42 հայցադիմում: Այդ հայցադիմումներից ներկայում քննվում է 38-ը, որոնցով ընդհանուր պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն: Դրամական պահանջն այդ հայցերով կազմում է 31 միլիարդ 540 միլիոն դրամ, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ:
2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ, որից արդեն բռնագանձվել է 65 միլիոն 675 հազար դրամը:
2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50 հազար եվրոյին համարժեք 20 միլիոն 634 հազար դրամ և 878 հազար դրամ:
2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դատարաններում քննվող հայցերի թիվը 155 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 595 միլիարդ 817 միլիոն դրամ: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցությունների արժեքները):
Վարչությունն իր ձևավորման օրվանից առ այսօր կնքել է հաշտության 9 համաձայնություն: Հաշտության համաձայնությունների հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 7 անշարժ գույք, 2 շարժական գույք և դրամական միջոց, որոնց հանրագումարը կազմում է 5 միլիարդ 126 միլիոն դրամ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հոկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանը, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, օժանդակել է «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:
Հիշեցնենք, որ վերոնշյալ տարածքի վերաբերյալ քաղաքացիական գործի շրջանակում Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքի սեփականության իրավունքը:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում: 2023 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախկին նախարարի վերաբերյալ մասն անջատվել ու հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:
Հակակոռուպցիոն քրեական դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի վճռով՝ Հասմիկ Պողոսյանը մեղավոր է ճանաչվել պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար և դատապարտվել 4 տարի 6 ամիս ազատազրկման. դատական ակտն այսօր մտել է օրինական ուժի մեջ: Հակակոռուպցիոն քրեական դատարանի վերոնշյալ վճռով՝ մեղադրյալ Հասմիկ Պողոսյանն ազատվել է պատժից. կիրառվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Առողջության համընդհանուր ապահովագրական համակարգը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների համար կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին համակարգը գործում է միայն աշխատանքային պայմանագրերով աշխատողների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Վերականգնված միջոցների և Հարկ վճարողի միասնական հաշիվներին քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 միլիոն 857 հազար դրամի վնաս։
«Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշման համաձայն՝ Գլխավոր դատախազությունում ամփոփվել են Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին քրեական վարույթներով վերականգնված դրամական միջոցների, ինչպես նաև որպես գույք փաստացի արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալները:
Այսպես. 2025 թվականի երկրորդ կիսամյակում Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 3 միլիարդ 615 միլիոն 805 հազար 415 դրամ: Գործարկման օրվանից (2024 թվականի դեկտեմբերի 5) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21 միլիարդ 458 միլիոն 58 հազար 668 դրամ:
2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հարկ վճարողի միասնական հաշվին փոխանցվել է 7 միլիարդ 634 միլիոն 51 հազար 185 դրամ: 2025 թվականի երկրորդ կիսամյակում, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանք է դրվել 832 միլիոն 908 հազար 689 դրամի վրա: 2025 թվականի երկրորդ կիսամյակում, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով դրամական միջոցներ չեն արգելադրվել»,- ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարության նիստում անդրադարձ է կատարվել նաև առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին: Վարչապետն ընդգծել է, որ սկսել են որոշակի դրական արձագանքներ ստանալ դրա վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է բուժաշխատողների մտահոգություններին, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ դրանք կհավաքագրվեն և հիմնավորները լուծում կստանան:
Արձագանքելով՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Բժշկական կենտրոնների և պոլիկլինիկաների, ամբուլատորիաների առաջնակի տեղեկատվական և գործառնական հատվածը կարծես արդեն հաղթահարված ենք համարում: Մենք դիտարկում ենք այս բարեփոխումը դինամիկ զարգացման տեսանկյունից և բուժաշխատողների, առողջապահական կազմակերպությունների ղեկավարների, կազմակերպիչների հետ անընդհատ աշխատանքի մեջ ենք: Այո՛, բոլոր հետադարձ արձագանքները՝ կապված բժշկական ծառայությունների գների, տրամադրման ձևաչափի հետ, մենք մանրակրկիտ միասնական աշխատանքով առաջիկայում դիտարկելու ենք»։
Առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազել է նաև քաղաքացիների կողմից տեղեկատվություն ստանալու հոսքը: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգերը ևս տալիս են դրական փոփոխություններ: «Մենք նաև որոշակի փոփոխություններ ենք իրականացրել ներքին՝ մեկ կաբինետից մյուս կաբինետ փաստաթղթային և շրջանառության մեջ, ավելի պարզեցրել և կրճատել ենք»,-ասել է նախարարը:
Այսպիսով՝ հունվարի 29-ի առավոտյան 10-ի դրությամբ 255,234 ապահովագրական այց է գրանցվել, որից 231993-ը ամբուլատոր այցերն են, 20875՝ հիվանդանոցային, 1390՝ ցերեկային ստացիոնար, շտապօգնության՝ 976 կանչ:
Անահիտ Ավանեսյանը հայտնել է նաև, որ ի կատարումն վարչապետի հանձնարարականի, մասնագետների հետ կազմել են պարզ հարցաշար. «Կամավորներին ընդգրկման փուլում ենք, հաջորդ շաբաթվանից նրանք այցելություններ կիրականացնեն դեղատներ, պոլիկլինիկաներ, բժշկական կենտրոններ: Բացի այդ, բոլոր կենտրոններում միջանցքներում փակցված կլինեն մեծ QR կոդեր, որոնք սկանավորելով քաղաքացին հեռախոսով կարող է անանուն այդ հարցաշարը լրացնել և առաջարկություն ներկայացնել, կարծիքը հայտնել: Իրենց դիտարկումներն էլ մեզ համար շատ կարևոր են, որ մենք անընդհատ լավարկենք գործընթացները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:
Արձագանքելով՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ համակարգի հետ կապված արհեստական աղմուկներ լինելու են, քանի որ այն շատ լուրջ կրճատելու է ստվերն առողջապահությունում: «Այստեղ զուգահեռ մի քանի բան է տեղի ունենում՝ և՛ «Արմեդում» հաշվառման հանգամանքը պարտադիր դառնալը, և՛ ՀԴՄ-ներում «Արմեդ»-ի կոդ նշելը: Այսինքն՝ սա բավականին լուրջ ճնշում է ստվերի վրա: Կարծում եմ՝ ստվերը արձագանք կտա, բայց մենք, իհարկե, պարտավոր ենք զտել այդ արհեստական աղմուկը»,- նշել է փոխվարչապետը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ կառավարությունը «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» որոշում է ընդունել:
Ակտիվորեն ներգրավված լինելով Եվրոպական քաղաքական համայնքում (ԵՔՀ) և կարևոր դեր խաղալով տարածաշրջանային անվտանգության և համագործակցության հարցերում՝ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը:
«Նախորդ տարի որոշում է կայացվել 2026 թվականի գարնանային գագաթնաժողովի հյուրընկալումը վերապահել Հայաստանին, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության մասին:
Եվրոպացի մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշվել է գագաթնաժողովն անցկացնել 2026 թվականի մայիսի 3-ին և 4-ին: Հաշվի առնելով միջոցառման կարևորությունն ու Հայաստանի համար աննախադեպ մասնակցության մակարդակը (նախատեսվում է մոտ 50 բարձրաստիճան պատվիրակությունների, երկրի և կառույցի ղեկավարների մակարդակով)՝ Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային օրվա տեղափոխություն կատարել: Առաջարկում եմ մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը»,- տեղեկացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Ուզում եմ առիթից օգտվել՝ ևս մեկ անգամ եվրոպական քաղաքական համայնքի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել գագաթնաժողովը երևանում անցկացնելու համար: Սա շատ կարևոր հանգրվան է մեր պետության կայացման և հեղինակության ամրապնդման տեսակետից, և, իհարկե, կարևոր է նաև, որ մենք միջոցառումը հյուրընկալենք կազմակերպչական ամենաբարձր մակարդակով, և համոզված ենք, որ այդպես էլ կլինի»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com