Հեքիաթային ծրագիրն իրատեսական դարձնելու ժամկետ է սահմանվել
Հուլիսի 2-ին Գյումրու համայնքապետարանում «Արմոն» ընկերությունը հանրային քննարկման ներկայացրեց ընդհանուր 610 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումային ծրագիր՝ «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ», որի առանցքը 25 կմ երկարությամբ օդային երթուղիների կառուցումն էր:
25 կմ օդային երթուղու կառուցման համար պահանջվում է 200 մլն դոլար: Օդային երթուղին կախովի տրամվայ է՝ առանց պարանների:
Մեկնարկը տրվելու է օդանավակայանի «Թռիչք» պայմանական անունն ունեցող կայարանից, հաջորդը կլինի Մսի կոմբինատ թաղամասի «Վերածնունդ»-ը, հետո հերթը կհասնի Նորավան թաղամասի «Հավատք» եւ Կոմիտաս փողոցի «Տաղանդ» կայարաններին:
Սա լինելու է ոչ թե քաղաքային երթուղի, այլ՝ այլընտրաքային տարբերակ։ Օդային երթուղուց գյումեցիները, ի տարբերություն մյուս մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակիչների, համեմատաբար էժան են օգտվելու։
Նմանատիպ առաջին փոխադրամիջոցը կառուցվել է Լոնդոնում՝ 1895 թվականին: Գյումրիում այն նախատեսվում է կառուցել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ:
Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչեւ 2023 թվականը։
Ծրագիրը քննարկման ներկաների եւ մասնակիցների գերակշիռ մասի համար հեքիաթային էր եւ անիրատեսական։
Հանրային քննարկման ժամանակ Գյումրի հաայնքի ղեկավարը եւս նկատել էր ու անկեղծացել․ «Սա հեքիաթ է»,- ասել էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Այն հարցին, թե ինչու են նման ծրագիրը փորձում իրականացնել Գյումրիում, «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանն արձագանքել էր․ «Դեռ խորհրդային տարիներին Երեւանի եւ Լենինականի միջեւ եղել է մրցակցություն: Պատահական չէ, որ մեկը կոչվում է մայրաքաղաք, մյուսը՝ հայրաքաղաք: Վերջին 30 տարիներին դա չկա, բայց պոտենցիալը կա, իսկ եթե չկա մրցակցություն, չկա նաև զարգացում: Մեր առաջին խնդիրն է Գյումրին հանրապետությունում դարձնել մրցակցային: Երկրորդն ուղիղ կապ ունի կորոնավիրուսի հետ: Փոխվել են արժեքները: Ճոխությունից մարդիկ անցել են հարմարավետության՝ գնահատելով ժամանակը»։
Բացի այդ, Խաչատուր Սարգսյանը ծնվել է Գյումրիում, սակայն տեւական ժամանակ բացակայել է երկրից: «Գալիս է մի տարիք, երբ զգում ես, որ պարտք ունես այն վայրի նկատմամբ, որը քեզ տվել է հնարավորություն դառնալ այն, ինչը կաս այսօր»,- ասել էր ընկերության տնօրենը:
Ծրագիրը ոչ միայն հեքիաթային, այլեւ ռիսկային է համարվում մասնավորապես ֆինանսական մասով։ Եթե օդային երթուղուց օգտվի մոտ 400 հազար քաղաքացի եւ մեկ անջի ուղեվարձը լինի 100 դրամ, ապա նոր միայն ընկերությունը կկարողանա փակել կատարած ծախսերը։
Գյումրիում ողջունեցին ծրագիրը, սակայն հույսեր չկապեցին, հատապես, երբ մի քանի ամիս առաջ նույն «Արմոն» ընկերությունը ներդրումային մի ծրագիր էլ ներկայացրել էր Արարատի մարզում: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին էր։
Հանրային քննարկումից մի քանի օր անց՝ հուլիսի 17-ին Գյումրու ավագանին ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը (մուտքագրված համայնքապետարանում 2020 թվականի հունիսի 19-ին N 7758)՝ միաձայն որոշեց տալ նախնական համաձայնություն «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված «ՍՔԱՅ ԳՅՈՒՄՐԻ (SKY GYUMRI)» ծրագրի իրականացմանը։
Այդ որոշմամբ առաջարկվեց Գյումրի համայնքի ղեկավարին «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել համագործակցության պայմանագիր, «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ ուսումնասիրել եւ կազմել ծրագրի նախագծման առաջադրանք, ուսումնասիրել ծրագրի ենթակառույցների կառուցման համար անհրաժեշտ թվով 14 տարածքների կարգավիճակը, դրանց տրամադրման հնարավորությունները, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխանությունը:
Որոշմամբ սահմանվեց, որ տարածքների վերջնական ընտրության եւ դրանք քաղաքի տարածքային զարգացման քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դրույթներին համապատասխանեցնելուց, տարածքների տրամադրման հնարավորությունները ճշտելուց հետո՝ հողհատկացման առաջարկությունները ներկայացնել համայնքի ավագանու հաստատմանը:
Այս որոշումից անցել է 3 ամիս։ Փորձեցինք Գյումրու գլխավոր ճարտարապես Հենրիկ Գասպարյանից ճշտել, թե ինչ փոփոխություններ կան ծրագրի իրականացման ընթացքում։ «Ավագանու որոշմամբ երեք հողամաս առանձնացրեցինք եւ սահմանեցինք մեկ տարի ժամկետ, որ մեկ տարվա ընթացքում 3 կայարանների նախագծերը ներկայացնեն եւ աշխատանքներ սկսեն»,-ասաց Հ․Գասպարյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը դեռեւս նախագիծ չի ներկայացրել, որոշումն ընդունելուց հետո այն պետք է նեկայացնի 6-ամսյա ժամկետում։ Հ․Գասպարյանի փոխանցմամբ՝ ընկերությունը Գյումրու համայնքապետարանին պետք է ներկայացնի շոշափելի արդյունքներ եւ ապացուցի, որ ծրագիրն իրատեսական է։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru