Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան

Մեկնարկել է Ազգային ժողովի հերթական քառօրյան

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն խորհրդարանի դեկտեմբերի 8-ի նիստում ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը: «Նախագծով նախատեսվող փոփոխությունները բխում են կադաստրի համակարգում իրականացվող համակարգային բարեփոխումներից և ուղղված են հստակեցնելու քաղաքացիների համար պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները, խթանելու էլեկտրոնային գործիքների կիրառումը, թեթևացնելու վարչարարությունը, նվազեցնելու՝ ինչպես պետական պաշտոն և քաղաքացի անմիջական շփումը, այնպես էլ որոշ ծառայությունների մատուցման սակագները»,- ասել է Ավագյանը: Նարինե Ավագյանը հավելել է, որ նախագծով իրականացվել են նաև որոշ դրույթների շտկումներ: Օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն ներկայացվել:
Խորհրդարանը քննարկել է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին օրինագիծը: Ինչպես նշել է արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը` փոփոխությունները հնարավորություն կտան ՔԿԱԳ ծառայությունները տեղափոխել էլեկտրոնային հարթակ, ինչը կնվազեցնի վարչական ծախսերը. «Վրիպակների համար պետական տուրքը հանվել է: Ամուսնության համար պետական տուրքերը հանվել են, ինչը տարածվում է տարեկան մոտ 15 հազար քաղաքացիների վրա»:
ԱԺ-ն քննարկել է նաև Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:Ինչպես հայտարարել է նախագիծը ներկայացնող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, 2020թ. սկզբին նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար. «Նախագծի նպատակը առողջ քաղաքական դաշտ ունենալն է և այնպիսի կուսակցություններ ունենալը, որ դրանք լինեն պակաս անձնակենտրոն և պակաս թափանցիկ»:Նրա խոսքով` կուսակցությունների գրանցումը կհեշտացվի:

Աղբյուր՝  

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Comments Are Closed!!!