Գյումրու երկու փոխքաղաքապետերի անունները հայտնի են Կայացել է Գյումրու ավագանու արտահերթ նիստը: Այսօրվա նիստում ընտրվել են քաղաքապետի 2 տեղակալներ և ավագանու մշտական հանձնաժողովների նախագահներ ու տեղակալներ։ Քաղաքապետի առաջին տեղակալ է ընտրվել Արթուր Պապիկյանը, մյուս տեղակալ է ընտրվել ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը։ Գյումրու 2 փոխքաղաքապետերի ընտրությանը կողմ են քվեարկել միայն «Բալասանյան դաշինք» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ Մյուս խմբակցություններից «Զարթոնքն» ու «Ապրելու երկիրը» ձեռնպահ են եղել, իսկ ՀՀԿ-ն՝ դեմ։ Ըստ Գյումրու ավագանու կանոնակարգի ընտրվել են մշտական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները։ Չորս հանձնաժողովներից երկուսը կղեկավարեն «Բալասանյան դաշինքի» ավագանիները, երկուսը՝ ՔՊ-ականները։ Ըստ այդմ, Գյումրու ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Բալասանյան դաշինք»-ից Լուսինե Սանոյանը, ով քաղաքապետի նախկին տեղակալ Ռուբեն Սանոյանի դուստրն է, ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովն էլ կղեկավարի նույն խմբակցությունից Մխիթար Սահակյանը։ Ավագանու մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կղեկավարի ՔՊ-ական Լիլիթ Մուրադյանը, քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովն էլ՝ Հարություն Նիկողոսյանը՝ ՔՊ-ից։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշել է, որ նորանշանակ տեղակալներից ակնկալում է կառուցողական և ապաքաղաքականացված աշխատանք։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru