Սեպտեմբերի 25-ին ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվելու Շիրակի մարզի Անի համայնքում՝ խոշորացումից հետո, 2-րդ ՏԻՄ ընտրությունները: Ընտրապայքարը 3 քաղաքական ուժերի միջև է՝ «Հայկական երազանք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների եւ «Ազգ-համայնք» դաշինքի: Դաշինքը ձեւավորվել է «Հայաստանի Ժողովրդավարական ազատական միություն» եւ «Ռեֆորմիստների» կուսակցություններից: Անի համայնքն ունի 19 բնակավայր, Մարալիկ կենտրոնով: ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության վերջին տվյալներով, գրանցված է 15.889 ընտրող:
«Հայկական երազանք» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Մարալիկի, Արթիկի, և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգող Արման Սարիբեկյանը, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի առաջին համարը զբաղեցնում է Արտակ Գևորգյանը, ով 2004 թվականից մինչև 2017 թվականը եղել է Մարալիկի քաղաքապետը, այնուհետ 5 տարի է, խոշորացված Անի համայնքի ղեկավարն է:
Անի խոշորացված համայնքում նախընտրական ակտիվությունը հիմնականում 2 թեկնածուների միջև է. սա նաև քաղաքական պաստառներն են փաստում: Մարալիկ քաղաքի գլխավոր փողոցի մի կողմում Անի խոշորացված համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանի պաստառներն են, մյուս կողմում՝ ՔՊ-ական թեկնածու Արման Սարիբեկյանինը: 3-րդ թեկնածուն՝ գործարար Ագուն Սաղաթելյանը նախընտրական պայքարի է դուրս եկել առանց պաստառների, քարոզարշավն այլ տարբերակով է տանում: Իսկ համայնքում խնդիրները շատ են, բնակիչների սպասումները՝ մեծ:
Խմելու, ոռոգման ջուր չկա, անբարեկարգ ճանապարհներն են շատ. Անի համայնքի բնակիչները ոչ միայն ենթակառուցվածքների հիմնանորոգում են ակնկալում, այլ նաև աշխատատեղերի ավելացում, գյուղատնտեսության ոլորտում առաջընթաց ապահովող փոփոխություններ, որպեսզի աղքատացած բնակավայրերից կանխվի արտագաղթը:
Անի համայնքում նախորդ տարիներին որոշակի աշխատանքներ կատարվել են: Բայց շատ գյուղերում դեռ լուծված չեն բնակիչների համար ամենակենսական նշանակության խնդիրները: Բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերում դրանք տեղ գտել են, իսկ թե ինչ միջոցներով են լուծվելու, չեն նախանշում:
Անիի համայնքապետարանի շենքը շարունակում է դատարկ մնալ, մուտքի դռների ապակիներն էլ՝ կոտրված: 4 տարի առաջ տեղի ունեցած բողոքի ցույցերի հետքերն են: Դեռ 2018 թվականի հեղափոխությունից հետո, համայնքի մի խումբ բնակիչներ պահանջում էին Արտակ Գևորգյանի հրաժարականը, համայնքապետարանի շենքը շրջափակման մեջ պահելով: Համայնքապետն էլ իր աշխատակազմով տեղափոխվել էր Մարալիկի երաժշտական դպրոց և այնտեղ է աշխատում մինչ օրս: Այս ընտրություններից հետո, արդյո՞ք վերադարձ կլինի համայնքապետարան,-հարցրինք թեկնածուին:
Արտակ Գևորգյանի հանդեպ նաև քրեական գործեր էին հարուցվել, ասում է, մինչև 10 գործ: Նա մեղադրվում էր յուրացման և պաշտոնական լիազորությունների չարաշահումներ կատարելու համար: Դրանցից ոչ մեկով դատական վճիռներ չկայացվեցին:
Արտակ Գևորգյանի կողմից կառավարություն ներկայացրած ծրագրերը բոլորը պետությունը հաստատել է ու իրականացվում են: Նրա քաղաքական մրցակիցը՝ Արման Սարիբեկյանը ակտիվ նախընտրական պայքար էր սկսել քարոզարշավի առաջին օրերին, գյուղեր այցելել: Մեր նկարահանող խումբը թեկնածուին հանդիպեց Լուսաղբյուր գյուղում, բայց նա հրաժարվեց հարցազրույցից, պատճառաբանելով, թե լրագրողների հետ հաղորդակցվելու տրամադրություն չունի: Շրջայցերի արդյունքում փաստել է, թե գյուղերում ինչքան ծանր է մարդկանց վիճակը, զուրկ են տարրական կենսապայմաններից:
Հիմա թեկնածուներն հիմնականում դադարեցրել են քարոզարշավը սահմանային իրավիճակով պայմանավորված: Նույն պատճառով նախընտրական քարոզչություն չի տանում նաև մյուս թեկնածուն՝ Ագուն Սաղաթելյանը: Նա մեզ փոխանցեց, որ այս օրերին եղել է սահմանին, իմացել, ինչի կարիք կա: Նաև, անհրաժեշտության դեպքում կմեկնի երկիրը պաշտպանելու: Ագուն աղաթելյանը և՛ քառօրյա, և՛ 44-օրյա պատերազմների մասնակից է:
Անիում նախընտրական շրջանն անցնում է առանց միջադեպերի ու էական խախտումների,-հավաստում է թիվ 33 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գոռ Պետրոսյանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru
Թողնել Մեկնաբանություն