Հանրակրթության պետական լրամշակված չափորոշիչը պաշտոնապես հրապարակվել է 2021 թ․ փետրվարի 9-ին։ Դրա պահանջները պարտադիր են կրթական ծրագրերի և ուսումնական հաստատությունների համար: Որքանո՞վ են հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները համարժեք ներկա պահանջներին ու մարտահրավերներին։
Հանրակրթության պետական չափորոշիչը ելնում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից և սահմանում է շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` ըստ կրթական աստիճանների։ Ակնկալվող վերջնարդյունքները բավարար ե՞ն որակյալ և մրցունակ կրթություն ստանալու համար։
Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային բաղադրիչ: Հենքային ուսումնական պլանը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները տալիս ե՞ն այդ հնարավորությունը։
Չափորոշիչում ներկայացված են սովորողի ուսումնառության գնահատման սկզբունքները, որոնք նպատակ ունեն որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանն ըստ ուսումնական առարկաների, չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման: Ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով, 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում, 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից և այլն։ Ուսուցիչները բովանդակային, մեթոդական, հոգեբանական առումներով պատրաստ ե՞ն այդպես աշխատել։
—————————————
Ուղիղ հեռարձակում
—————————————
Բանախոսներ՝
Գևորգ Ղումաշյան – Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ
Նաիրա Թադևոսյան, Գյումրու թիվ 1 կրթահամալիրի տնօրեն,
Կարինե Ալեքսանյան, «Շիրակի ուսուցիչների միություն» ՀԿ նախագահ
Հայաստան Հովհաննիսյան, թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն։
Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: