«Աղետի գոտին տնակներից ազատելու նոր վերջնաժամկետ է սահմանվել»

«Աղետի գոտին տնակներից ազատելու նոր վերջնաժամկետ է սահմանվել»

Ավտոկայանին հարող տարածքը Գյումրիի տնակային ամենամեծ թաղամասն է, որտեղ ավելի քան 100 տնակային հասցե կա: Գյումրիում, ընդհանուր առմամբ,  2743 ընտանիք 35-րդ ձմեռն է դիմավորելու ժամանակավոր կացարաններում: Հոգսը նույնն է. վառելիքի հայթայթում՝ առանց տնակները լքելու հեռանկարի: Ամենատարբեր խճճված պատմություններ, գնալով խորացող պրոբլեմներ, որոնք տնակային կենցաղին են կապել հազարավոր մարդկանց:

Կառավարությունն օրեր առաջ նոր որոշում է ընդունել աղետի գոտու բնակավայրերը տնակներից ազատելու մասին: Հիմա էլ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ն է համարվում տնակները վերացնելու վերջնաժամկետ: Այս որոշմամբ պետական աջակցության տարբերակված մոտեցում է ցուցաբերվելու տնակների բնակիչների հանդեպ՝ կախված ժամանակավոր կացարաններում նրանց հայտնվելու հիմքերից:

Նպատակ կա առաջիկա 5 տարում ազատվել տնակներից, բայց ընտանիքների որոշ խմբի հանդեպ կառավարությունը բնակապահովման պարտավորություն չի ստանձնում: Այս որոշմամբ, առաջին պահանջը դրվել է բնակարան ստացած ու մինչ օրս տնակը չլքած ընտանիքների առջև: Մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը նրանք պետք է ազատեն տնակները, դրանք ապամոնտաժեն և ստացած բնակարանները սեփականաշնորհեն, հակառակ դեպքում, ավելի կոշտ մոտեցմամբ գործի կանցնի Գյումրիի քաղաքապետարանը:

Կառավարության նախորդ որոշմամբ թույլատրվել էր բազմանդամ ճանաչված և 2 տնակ ունեցող ընտանիքներին բնակարան ստանալուց հետո, թողնել մի տնակը, մյուսը՝ ապամոնտաժել: Հիմա՝ նոր որոշմամբ, տնակներում ապրող, այսպես ասած, կիսված այդ ընտանիքներին պետությունը տրամադրում է 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր, անկախ այն բանից, թե ընտանիքում քանի անդամ կա:

Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուի խոսքով, փոխհատուցման որևէ տարբերակ չկա նաև այն ընտանիքների համար, որոնք 88-ի երկրաշարժի հետևանքով բնակարան են կորցրել, հետագայում փոխհատուցվել  և ինչ-ինչ պատճառներով բնակարանը վաճառել ու նորից տնակում հայտնվել:

Փոխարենը, անկախ ընտանիքների անդամների թվից, պետությունը 1 սենյականոց բնակարանի գնման վկայագիր է տրամադրելու տնակների այն բնակիչներին, որոնք բնակարանը վաճառել են, բայց ոչ թե 88-ից հետո փոխհատուցածը, այլ մինչ երկրաշարժը ունեցածը: Ընդ որում, փոխհատուցման ենթակա ընտանիքները պետք է իրենց անունով սեփական անշարժ գույք չունենան, բացառություն է միայն երկրաշարժի հետևանքով 4-րդ աստիճանի վթարայնության շենքի բնակարանը: Փակ տնակների ապամոնտաժման խնդիրը ևս լուծում է ստանալու այս որոշմամբ: Այդ տնակների հասցեները նորից կհստակեցվեն ու համապատասխան ծանուցումից հետո չքանդելու դեպքում, դրանց քանդումը կստանձնի քաղաքապետարանը:

Կառավարության այս որոշմամբ, ըստ սոցիալական առաջնահերթության և ընտանիքների անդամներին հասանելիք սենյակների թվի, պետությունը բգվ-ներ  կտրամադրի այն ընտանիքներին, որոնք 30 և ավելի տարիներ ապրում են տնակներում և մինչ այժմ բնակարանային փոխհատուցում չեն ստացել:

Ընդ որում, բոլոր տարբերակների դեպքում,  շահառու ճանաչվելուց հետո ընտանիքը 1 ամսվա ընթացքում պետք է ազատի կամ ապամոնտաժի տնակը: Պետության փոխհատուցած բնակարանը վաճառած ընտանիքներին 1 տարի, ամիսը 60.000 դրամ վարձակալության գումար է հատկացվելու, որ այդ ընթացքում կարողանան իրենց բնակարանային խնդիրները լուծել: Գյումրիի քաղաքապետարանի պատասխանատուն չի հերքում, որ կլինեն ընտանիքներ, որոնք դուրս կմնան փոխհատուցման այս՝ գուցե վերջին ծրագրից, բայց սպասելիքներ կան, որ առաջիկայում հնարավոր է բնակարանաշինություն սկսվի աղետի գոտում, սակայն,դա հիմնականում կլինի երիտասարդ ընտանիքների համար:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of