Տարեվերջյան մարզխորհրդի նիստն է անցկացվել Գյումրիի նախկին տեքստիլագործների պալատի դահլիճում: Ամփոփիչ նիստին մասնակցում էին ոչ միայն համայնքների ղեկավարները, այլև ուժային կառույցների, մարզային ենթակայության առողջապահական, կրթական, մշակութային, մարզական հաստատությունների տնօրեններ, այլ ոլորտների պատասխանատուներ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ մարզխորհրդի նիստին մարզպետարանի աշխատակիցների մասնակցությունը կարևոր է նրանով, որ հաջորդ տարի համակարգում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում և այդ մասին ինքը տեղեկացնում է աշխատակազմին: Հայտնեց նաև, որ արտաքին մրցույթների շնորհիվ Շիրակի մարզպետարանում բոլոր հաստիքները համալրված են, վերացվել է ժամանակավոր պաշտոնակատարների արատավոր ինստիտուտը, առաջիկայում էլ մրցույթներ կանցկացվեն մարզային ենթակայության կրթական, մշակութային, սպորտի և առողջապահական համակարգերում: Հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում, մոտ 10 տարի առաջ, մարզային ենթակայության բոլոր դպրոցների տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ էին, ինչը կոռուպցիոն դրսևորման պարարտ հող էր ԺՊ-ներին կախվածության մեջ պահելու համար:
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականներից մարզպետը գոհ չէր, հայտնեց, որ դրանք կատարվել են 86,4 տոկոսով նախորդ տարվա 84 տոկոսի դիմաց: Սա մարզի միջին ցուցանիշն է, կային համայնքներ, որտեղ տեղական բյուջեի նկատմամբ հարկերի հավաքագրումը 74 տոկոս է կազմում: Այս ցածր ցուցանիշն էլ նվազեցրել էր մարզի միջին ցուցանիշը: Նազելի Բաղդասարյանի խոսքով, այս խնդրի ուղղակի հասցեատերը վարչական ղեկավարներն են: Նրանց դիմելով մարզպետը հայտնեց, որ եթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա դա ցուցիչ է ազատման: Ու եթե իրենց համայնքներում չեն հավաքագրվում եկամուտները, ապա վաղը վարչական ղեկավարները բնակիչներին պիտի պատասխանեն, թե ինչու իրենց բնակավայրերում պետական ծրագրեր չեն իրականացվում:
Պետություն-տեղական բյուջե համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը գոհացնող է, բայց համայնքներ կան, որոնք քիչ ծրագրեր են ներկայացրել, այսինքն բնակավայրերի ընդգրկվածությունը փոքր է: Գյումրիում, փողոցաշինության առումով ընդգրկված է ամբողջ քաղաքը, բնակավայրերում՝ ոչ,-ասում է մարզպետը:
33 բնակավայր ունեցող Ախուրյանը 6 ծրագրի հայտ է ներկայացրել, իսկ 26 բնակավայր ունեցող Ամասիան ընդամենը 2 ծրագրի: Նազելի Բաղդասարյանը շեշտեց, որ խոշորացված այդ համայնքների որոշ բնակավայրեր ղեկավարների տեսադաշտից դուրս են մնացել ու խոստացավ պարզել, թե արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով այժմ աշխատանքներ են տարվում, կառավարող ուժը անցած ընտրություններում առավել շատ ձայներ չի ստացել: Նշեց, որ ինքն այդպիսի մտայնություն ունի, բայց իր ասածը թող խոշորացված համայնքների ղեկավարները չընդունեն որպես ահաբեկում: Նաև շեշտեց, որ 2023 թվականի սուբվենցիոն հայտերը շտապեն ներկայացնել համայնքապետերը, այս գործում նրանք պասիվություն են դրսևորում: Նաև հորդորեց, հետևել շինարարության ընթացքին ու վերահսկել որակը: Պահանջը խիստ է՝ մինչև շինարարը թերությունները չշտկի, կառավարությունը չի ֆինանսավորի, իսկ դա նշանակում է, որ աշխատողներն աշխատավարձ չեն ստանա: Որպես լուծում էլ վարչական ղեկավարներին առաջարկեց, ժամկետները խախտելու դեպքում՝ կնքված պայմանագրերով սահմանված տույժերը կիրառել:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru