Գյումրիի 2023 թվականի բյուջեն հաստատվել է մոտ 677 մլն դրամով պակաս՝ 2022 թվականի համեմատ

Գյումրիի 2023 թվականի բյուջեն հաստատվել է մոտ 677 մլն դրամով պակաս՝ 2022 թվականի համեմատ

Գյումրիի ավագանու արտահերթ նիստում այսօր հաստատվել է քաղաքի 2023 թվականի տարեկան բյուջեն: Բյուջեի հաստատմանը վերաբերող նիստին ավագանիներն այնքան էլ մեծ ակտիվություն չէին ցուցաբերել, բացակաները շատ էին, թեև քվորում ապահովվել էր: Ընդդիմադիր ,,Զարթոնք,, խմբակցությունն ընդհանրապես չէր ներկայացել:

Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն կկազմի 4 մլրդ 491 մլն դրամ: 2022-ի բյուջեն 5 մլրդ 168 մլն դրամ էր, պակասել է նախևառաջ այն պատճառով, որ համայնքին պետությունից հատկացվող դոտացիան է նվազել: 2023 թվականի դոտացիան կկազմի մոտ 2 մլրդ 588 մլն դրամ: 2022 թվականի դոտացիայի համեմատ, այն կրճատվել է 208 մլն դրամով: Հիշեցնենք, որ դոտացիայի հաշվարկը հատուկ բանաձևով է տարվում ու բնակիչների թվի նվազելը նույնպես ազդում է այդ հաշվարկի վրա: 2023 թվականի բյուջեում համայնքի սեփական եկամուտների ավելացում քաղաքապետարանը չի կանխատեսել, ընդհակառակը, եկամուտների հավաքագրումները մոտ 12 մլն դրամով նվազելու են: Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը հայտնեց, որ սեփական եկամուտների հավաքագրումները շատ է դժվարացել, մարդիկ հարկերը չեն վճարում, խնդիրը անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ընդունումից հետո է ի հայտ եկել: Տեղական բյուջեի բոլոր վճարները պարտադիր պետք է հավաքագրվեն բացառապես անկանխիկ եղանակով, ինչը խնդիր է ստեղծում, քանի որ մարդիկ հարկերից բացի, պետք է նաև միջնորդավճար մուծեն: Նախկինում, ըստ Լենա Ջիլավյանի, համայնքապետարանի գործակալների միջոցով էր հավաքագրումն ապահովվում: Հիմա, ըստ նրա, քաղաքապետարանի ուղարկած ծանուցման  նամակները հիմնականում հասցեատիրոջը չեն հասնում, ետ են գալիս:

Լենա Ջիլավյանի խոսքով, նախկինում Գյումրիի քաղաքապետարանը նաև պատվիրակված ծառայություններ էր իրականացնում. սոցծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության աշխատանքները ֆինանսավորվում էր պետբյուջեից, տեղական բյուջեին: Հիմա, մեխանիկորեն, այդ գումարներն էլ տեղական բյուջե չեն մուտքագրվում, քանի որ այդ ծառայությունները պետբյուջեի հաշվին են իրականացվում:

Նիստի ավարտին, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ համայնքային գույքերով հետաքրքրվողները շատ են, որոնց օտարումով հնարավոր կլինի քաղաքի համար շատ աշխատանքներ կատարել:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of