Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված շատ նախագծեր անցած տարի չեն իրագործվել. Գյումրիի ավագանու նիստը

Գյումրիի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված շատ նախագծեր անցած տարի չեն իրագործվել. Գյումրիի ավագանու նիստը

 

Գյումրիի ավագանին այսօր գումարել է չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, օրակարգում ունենալով 37 հարց: Ավագանին նախ ճշտել է 2023 թվականի բյուջեն: Քաղաքապետարանն անցած տարեվերջին համայնքային բյուջեն ընդունելիս, որոշակի գումարների ակնկալիք ուներ: Ավելի քան 516 մլն դրամն արդեն ստացվել է և ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտվել, կազմել 5 մլրդ 73 մլն 600 հազար դրամ:

Ավագանին հաստատեց Գյումրիի նախակրթարաններ հաճախող երեխաների սննդի վարձերի փոխհատուցման կարգը: Ինչպես հայտնի է, այս տարվանից նախակրթարանի 8000 դրամ կազմող վարձավճարի միայն կեսն է վճարելու ծնողը, մյուս կեսը փոխհատուցվելու է քաղաքային բյուջեից: Ընդ որում, այս զեղչից կօգտվեն միայն Գյումրիում հաշվառում ունեցող երեխաները: Ավագանու որոշ անդամներ առարկություն հայտնեցին այն մասին, թե դա ճիշտ մոտեցում չի լինի հարևան գյուղերից Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների հանդեպ: Սրան ի պատասխան, քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ ամեն մի երեխայի վրա տեղական բյուջեից ծախսվում է 30.000 դրամ, այլ բնակավայրերից Գյումրիի մանկապարտեզներ հաճախող երեխաների դեպքւոմ քաղաքապետարանը 22.000 դրամ է ծախսում, մյուս 8000 դրամն էլ թող նրանց ծնողները ծախսեն:

Հաջորդ կարևոր հարցը վերաբերում էր թափառող շների ստերճացմանը: Մրցույթը կայացել է, կազմակերպությունն հայտնի է, որը 1 տարվա ընթացքում 500 շան ստերճացում է իրականացնելու,  բայց փաստաթղթային աշխատանքները 1 ամսից ավելի կտևեն, իսկ շներն անչափ շատ են ու անընդհատ մարդկանց գլխին փորձանք են բերում: Ուստի, քաղաքապետարանը առաջարկեց, որ մեկ այլ ծառայության հետ 2 մլն 770 հազար դրամի պայմանագիր կնքեն, 100 շուն ստերճացնեն, մինչև մրցույթը շահած ընկերությունը գործունեությունը կսկսի:

«Մեկ շան ստերճացման համար 29.900 դրամ գումար է անհրաժեշտ, առջևում գարուն է, շներն ակտիվացել են, հրատապություն է առաջացել դրանց ստերճացումը»,- նիստի ժամանակ հայտնեց Վարդգես Սամսոնյանը և ավելացրեց. «Դեմքերով շներին ճանաչում ենք, անծանոթ շներ են եկածները, հարևան համայնքներից են բերում, Գյումրիում բաց թողնում: Բոլորիս օգնության կարիքը կա շների բազմացումը կանխելու համար»:

Անցած տարվա տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ավագանուն ներկայացնելիս պարզ դարձավ, որ քաղաքի զարգացման հնգամյա ծրագրով նախատեսված շատ գործեր 2022 թվականին մնացել են անկատար: Մասնավորապես, գումար էր հատկացվել Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու նպատակով, բայց այն չի կառուցվել: Խնդիրը մեծ ծախսերի հետ է կապված, տարածքը կա՝ ֆինանսավորումը՝ ոչ,-ասում է Գյումրիի քաղաքապետը: Ծրագիրը տեղափոխվել է 2023 թվական:

Համատիրություններին շենքերի տանիքների վերանորոգման համար խոստացված գումարները տեղի բյուջեից չեն հատկացվել, սպորտային թանգարանի հիմնման, հումորի տուն կառուցելու համար ևս գումարներ չեն գտնվել, նախագծերը թղթի վրա են մնացել, բայց ըստ քաղաքապետարանի պատասխանատուի, դրանք կներառվեն 2022-2026 թվականների զարգացման ծրագրում:

«Ստացվում է, ի սկզբանե պլանավորում եք անիրատեսական գործառույթ, որը չի իրագործվում»,-կարծիք հայտնեց «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Գոռ Մանուկյանը:

Բայց ինչպես միշտ, հիմա էլ վերլուծություն ու ուսումնասիրություններ չկան այն մասին, թե նախատեսված ծրագրերն ինչու չեն իրականացվել: Քաղաքապետարանի պատասխանը մեկն է. նշված ծրագրերի համար ֆինանսական աղբյուրներ դեռ չկան, ու հայտնի էլ չէ, թե դրանք երբ կլինեն:

 

Կարինե Կազարովա

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@ngogmail.com; progressgyumri@mail.ru

Comments Are Closed!!!