Գյումրիի ավագանին գումարել է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 30 հարց: Դրանք վերաբերել են համայնքապետարանի ենթակայության ոչ առևտրային կազմակերպություններին շինարարության նպատակով գումարների հատկացմանը, սոցիալապես անապահով թվով 89 անձանց դրամական աջակցություն տրամադրելուն, քաղաքում կառուցված ինքնակամ շինությունների և դրանց զբաղեցրած հողամասերի օտարմանը, հանրային բնակելի ֆոնդի տների պահպանման համար դրանց հողամասերը զբաղեցնողներին ուղղակի վաճառելուն: Ավագանին որոշում է ընդունել գումար հատկացնել «Կումայրի» արգելոց թանգարանի ցուցասրահների լուսավորության, նաև որպես թանգարանային նմուշ, հին Գյումրվա կնիքներ ձեռք բերելու համար: Մեկ այլ որոշմամբ էլ` Գյումրիի բնակիչ Գեղեցիկ Գևորգյանին 200.000 դրամ աջակցություն է տրամադրվել: Նրա տնակը գույքով այրվել էր օրեր առաջ: Աճուրդի ենթակա հողատարածքների մեկնարկային գների վերանայում է տեղի ունեցել: Որոշ հողատարածքների դեպքում քաղաքապետարանը գները ավելացրել է, որոշների դեպքում՝ նվազեցրել: Ավագանին մեկնարկային նոր գները հաստատել է որոշմամբ:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Գերմանիայի միջազգային համագործակցության հետ համատեղ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն է իրականացնում, որի շրջանակներում Գյումրին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստանալու: Գումարի 10 տոկոսը լինելու է Գյումրիի քաղաքապետարանի համաֆինանսավորումը: Ներկայացվել է, որ այդ գոմարով հնարավոր է քաղաքում ինֆորմացիոն կետեր ստեղծվեն կամ հասարակական զուգարաններ կառուցվեն: Հասարակական զուգարանների հարցը, հիշեցնենք, Գյումրիում լուծում չի ստանում ավելի քան 20 տարի: Դրանց անհրաժեշտության մասին առաջին անգամ խոսվել է 2001 թվականին, երբ երկրում նշում էին քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700 ամյակը:
Կարինե Կազարովա
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com