Գյումրու ավագանին այսօր գումարել է հերթական նիստը՝ օրակարգում ունենալով 46 հարց: Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ավագանին որոշեց նախադպրոցական ուսումնական հաստատությոնների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների 1000 երեխաների համար գրենական պիտույքներ և պայուսակներ գնելու նպատակով համայնքային բյուջեից 4 մլն դրամ հատկացնել: Քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանի խոսքով, ամեն տարի այդ նպատակին 3 մլն դրամ էին հատկացնում, այս տարի՝ 4 մլն, քանի որ ամեն ինչ թանկացել է:
Հարց բարձրացվեց այն մասին, թե ինչու քաղաքապետարանի աշխատակիցները 400.000-800.000 դրամ պարգևավճարներ են ստանում, իսկ մանկապարտեզների աշխատողներին գոնե 5000 դրամ չի տրամադրվում:
Ավագանին մեկ այլ որոշմամբ, գումար հատկացրեց ,,Շիրակ,, գերեզմանատան զինվորական պանթեոնի վերանորոգման աշխատանքների համար: Նշենք, այստեղ հուղարկավորված են 1992-1995 թվականների Արցախյան պատերազմի ժամանակ զոհված հայորդիները: Գողության դեպքերը շատ են գերեզմանատներում, դրանք նվազեցնելու համար նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել:
Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերը, որին մասնակցելու նպատակով ավագանին 13 մլն դրամ գումար հատկացրեց Գյումրի համայնքի հավաքական թիմերին:
Իսկ ամենամյա ,,Գյումրու օր,, միջոցառման տոնակատարությունների համար ավագանին որոշեց հատկացնել 9 մլն դրամ:
Սոցիալապես անապահով 140 ընտանիքի էլ ավագանու որոշմամբ դրամական աջակցություն կտրամադրվի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com