Համահայկական 8 րդ խաղերի մեկնարկը տրվեց չեմպիոնների քաղաքում

Համահայկական 8 րդ խաղերի մեկնարկը տրվեց չեմպիոնների քաղաքում

Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության մեկնարկին րոպեներ են մնացել, միջոցառման կենտրոնը Գյումրիի քաղաքային մարզադաշտն է: Ավելի քան 10.000 մարդ է հյուրընկալվելու: Չեմպիոնների քաղաքում բոլորին միավորել է սպորտը:

Հայ մարզիկների նվաճումները, սխրանքները, աշխարհի առաջնություններում մեծ ձեռքբերումները խոշոր էկրանին են, ի ցույց դրված աշխարհի 41 երկրի 181 քաղաքներից Գյումրի եկած ավելի քան 7000 մարզիկներին: Լուսաձայնային շոու ծրագրով ցուցադրվում է նաև Համահայկական խաղերի 25 -ամյա պատմության տարեգրությունը:

Այնուհետ մարզական շքերթ է անցկացվում: Հյուրընկալ Գյումրիի մարզիկներն են բացում շքերթը: Խաղերի ծրագրում ընդգրկված 19 մարզաձևերից 15-ին կմասնակցեն գյումրեցիները, ովքեր 269-նն են: իսկ Շիրակի մարզը ներկայացնում է 451 մարզիկ:

Հայաստան են հասել մարզիկներ նաև աշխարհի հակամարտության գոտիներից` մասնավորապես, Ուկրաինայից: Շրջափակված Արցախից մարզիկներին Հայաստան գալ չի հաջողվել, բայց Արցախի դրոշը շքերթում ծածանվում է` շնորհիվ մինչ շրջափակումը Հայաստան եկած արցախցի մարզիկների:

Համահայկական խաղերին առաջին անգամ մասնակցում են Չիլիի, Շվեդիայի, Սաուդյան Արաբիայի, Ղազախստանի, Հնդկաստանի, Էստոնիայի և Հորդանանի պատվիրակները: Ոմանք իրենց երկիրը մենակ են ներկայացնում:

Ֆուտբոլի երկրի մարզիկները համահայկական խաղերի մշտական մասնակիցներից են, ասում են, որ իրենց միայն սպորտը չէ, որ Հայաստան է բերում:

Ռուսաստանի Դաշնության մեծ պատվիրակության հետ Գյումրիում է նաև Սոչիի ,,Արարատ,, պարային համույթը: ,,Արարատ,, անունը համահայկական այս միջոցառման ժամանակ յուրովի է հնչեցնում Ֆրանսիայից եկած մարզուհին:

Միայն 118 մարզիկ Հայաստան է եկել Ստամբուլից, մեծաթիվ են մարզիկները նաև Թուրքիայի տարբեր նահանգներից:  Յուրօրինակ ներկայացուցչական էր սասունցիների մուտքը մարզադաշտ:

Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների 13 քաղաքների 280 մարզիկների մուտքը ռեկորդ է համարվում համահայկական խաղերի պատմության մեջ:

Համահայկական 8-րդ խաղերի դրոշն է բարձրացվում: Այնուհետ վառվում համահայկական 8-րդ ամառային խաղերի գլխավոր ջահը  եռամիասնության ջահերից, որոնք բերվել են 3 եկեղեցիներից. Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին և Գյումրիի Սուրբ Յոթ Վերք: Ջահը վառում է Եվրոպայի վեցակի, աշխարհի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Վարչապետի խոսքով, հայաստանցի մարզիկները միջազգային մրցումներում ունեցած հաջողություններով այս տարի արդեն գերազանցել են նախորդ տարվա ռեկորդը: Սա է կարևորագույն նվերը համահայկական 8-րդ խաղերի մասնակիցներին: Խաղերը կավարտվեն օգոստոսի 19-ին, կխաղարկվեն 107 հավաքածու մեդալներ:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of