Գյումրու քաղաքապետարանը 8 մլն արժողությամբ «Վերջին զանգ» է կազմակերպում

Գյումրու քաղաքապետարանը 8 մլն արժողությամբ «Վերջին զանգ» է կազմակերպում

SAM_1098

Ինչպե՞ս արդարացնենք այս խոշոր գումարների ծախսումը, պարոն Բալասանյան

Հանրապետության երկրորդ քաղաքի հազար ու մի խնդիրները թողած` Գյումրու քաղաքապետարանն այս անգամ էլ ուզում է մի քանի ժամվա համար 8 մլն արժողությամբ «Վերջին զանգ» կազմակերպել:

Հունիսի 15-ին Գյումրու քաղաքապետարանում կայանալիք ավագանու հերթական նիստում քննարկվելու է քաղաքի դպրոցների շրջանավարտների վերջին զանգին նվիրված համաքաղաքային միջոցառումների կազմակերպման եւ անցկացման նպատակով 8 մլն դրամ հատկացնելու հարցը: Ըստ նախագծի հավելվածի` ստեղծագործական եւ կազմակերպական խմբերի վարձատրության համար հատկացվելու է 3 մլն 243 հազար, այդ թվում կազմակերպչական կազմին` 50 հազար, մենակատարներին` 770 հազար, համույթներին` 2 մլն 248 հազար, նվագախմբերին` 50 հազար, վարողներին, լուսանկարիչներին` 125 հազար, իսկ սարքավորումների վարձակալության եւ ծառայությունների մատուցման համար, համապատասխանաբար, 3 մլն 500 հազար եւ 1 մլն 257 հազար դրամ:

Քաղաքապետարանը, սակայն, նույն այս հավելվածում կոնկրետ եւ հստակ տեղեկություններ չի տալիս, թե որ նվագախմբերի, ինչ սարքավորումների, ինչ մենակատարների, համույթների մասին է խոսքը: Բացարձակ անհասկանալի է մնում, թե հարմարավետ ու լուսավոր գրասենյակների փափուկ բազմոցներին բազմած պաշտոնյաներն ինչպես են տեսնում երբեմնի հարուստ Լենինականի եւ այժմյան ժողովրդագրական մահ ապրող Գյումրու զարգացումը: Գուցե այս նույն պաշտոնյաները չեն էլ ուզում ընդունել, որ քայքայված տնակներում հազարավոր մանուկներ գիշերները կիսաքաղց են քուն մտնում, փտած տանիքներից կաթող անձրեւաջրերի դեմ են պայքարում օր ու գիշեր: Հազարավոր ընտանիքներ օրավուր հացը վաստակելու համար տքնաջան աշխատում են կամ հուսահատված աշխատանք փնտրում ու չեն գտնում, իսկ այս պայմաններում մեծ շռայլություն է 8 մլն դրամ ծախսել՝ քաղաքի աղքատ բյուջեից:

1-2 ամիս առաջ էլ քաղաքապետարանը քաղաքի աղքատիկ բյուջեից 7 մլն դրամ հատկացրեց Սայաթ-Նովայի արձանը կանգնեցնելու համար, իսկ ավելի վաղ նույն այդ խղճուկ բյուջեից քաղաքապետարանը, ավագնու որոշմամբ, 40-45 մլն դրամ հատկացրեց գունաերանգային շատրվաններ ունենալու համար: Սակայն որոշ ժամանակ անց քաղաքապետ Ս.Բալասանյանը հարցազրույցներից մեկում, հպարտանալով իր խնայողություններով, հայտարարել էր, թե շատրվանների համար ծախսվել է շուրջ 33 մլն դրամ: Սակայն գունաերանգային շատրվան առայժմ քաղաքը չի տեսել եւ անհայտ է մնում, թե այդ 33 մլն դրամը քաղաքապետարանն ինչպես է ծախսել:

Այս պայմաններում ինչպե՞ս արդարացնենք այս խոշոր գումարների ծախսումը, պարոն Բալասանյան:

Այս խոշոր գումարների ծախսումն արդարացված չի կարող լինել, քանի դեռ քաղաքն ապրում է ծայրահեղ աղքատություն, թշվառություն, արտագաղթողների թիվը տարեցտարի կրկնապատկվում ու եռապատկվում է, քառորդ դարից ավել չի լուծվում անօթեւանության խնդիրը, քաղաքի փողոցների 80 տոկոսն ավերակ է, համայնքապատկան կառույցների` մանկապարտեզների, գրադարանների, մարզադպրոցների, թանգարանների մեծ մասը չունեն շենքային նորմալ պայմաններ, այստեղ խնդիրների թիվն աստիճանաբար ավելանում է, իսկ լուծման տարբերակները մնում են թղթերի վրա:

Անի Մկրտչյան asparez.am

Comments Are Closed!!!