Ս.Բալասանյան. «Պետք չէ քննադատել. քննադատեք էն բանի համար, որը, իրոք, կարելի է քննադատել»

Ս.Բալասանյան. «Պետք չէ քննադատել. քննադատեք էն բանի համար, որը, իրոք, կարելի է քննադատել»

sport-1-150x150Հեղինակ` Անի Մկրտչյան asparez.am

Գյումրու քաղաքապե՞տն է այսուհետ որոշելու` ինչ քննադատեն լրագրողները

Գյումրու ավագանու լուռ ու մունջ անդամները, առանց հարցերի ու ելույթների, կողմ քվեարկեցին նաեւ Գյումրու հավաքական թիմերի` Համաշխարհային համահայկական վեցերորդ խաղերին մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեից 15 մլն դրամ հատկացնելու հարցին:

Նշված գումարով ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

Համաձայն նախագծի հավելվածի` խաղերին մասնակցելու ընդհանուր ծախսը կազմում է 14 մլն 915 հազար 600 դրամ, որից համազգեստների համար հատկացվելու է 5 մլն 785 հազար 600 դրամ, իսկ ճանապարհածախսի համար` 9 մլն 130 հազար դրամ: Իսկ խաղերին մասնակցելու է 140 մարդ: 140 հատ մարզական համազգեստների համար նախատեսված է հատկացնել 3 մլն 500 հազար դրամ, 120 զույգ մարզական կոշիկնեի համար` 1 մլն 80 հազար դրամ, 20 զույգ սեփավոր կոշիկների համար` 300 հազար դրամ, 140 հատ մարզական վերնաշապիկի համար` 140 հազար դրամ, 140 հատ մարզական գլխարկի համար` 182 հազար դրամ, 100 հատ խաղային համազգեստի համար` 550 հազար դրամ եւ 28 հատ գետրիների համար` 33 հազար 600 դրամ:

«Ասպարեզն» իր նախկին հրապարակումներում անդրադարձել էր նիստին ներկայացվող այս նախագծին եւ հրապարակել «Մի քիչ ճոխ չէ՞. Գյումրու հավաքական թիմի մասնակցությունը խաղերին կարժենա 15 մլն դրամ» վերնագրով հոդված:

Ինչպես ակնհայտ դարձավ ավագանու նիստի ընթացքից, նշված հոդվածը քաղաքապետն ընթերցել էր ու ինքն իրեն, հավանաբար, նեղսրտել վերնագրից:

-Ես ձեզ ասեմ, շատ կարեւոր խնդիր է լուծվում այս պահին, որ այսօր համահայկական խաղերը տեղափոխվում են եւս 2 քաղաք` Գյումրի եւ Վանաձոր: Ճիշտն ասած` լրատվությամբ նույնիսկ սկսեցին քննադատել, թե, վայ, ոնց՝ համահայկական խաղերին էսքան գումար… էնպիսի տրամաբանություն է, որ մենք ինչ որ անում ենք բյուջեի մեջ, քննադատում են, ասում են` բերեք բաժանենք ժողովրդին, այսինքն` էսպիսի տրամաբանություն է: Մենք մարդ ենք, ապրում ենք, քաղաքը փոխվում է օրեցօր, անճանաչելի է դառնում, շատ մեծ բան է արվում քաղաքում, իսկ սպորտը ամենակարեւոր տեղերից մեկն է… Պետք չէ քննադատել, քննադատեք էն բանի համար, որը, իրոք, կարելի է  քննադատել,-ահա այսպիսի ելույթ ունեցավ քաղաքապետը, իսկ ավագանու անդամներից ոչ մեկը չարձագանքեց այս խոսքերին, հարց անգամ չուղղեցին, այլ՝ որպես նախագծի ընդունման ու կողմ քվեարկելու ազդանշան, միայն ձեռք բարձրացրին:

Քաղաքապետարանը նշված գումարի ծախսման վերաբերյալ թեպետ ներկայացրել ու հրապարակել է հավելված, սակայն այն մասնակիորեն է հիմնավորված: Ասենք, մոտ 9 մլն դրամ արժողությամբ ճանապարհածախսը, գիշերակացը որոշ գյումրեցիների համար շարունակելու է մնալ տրամաբանությունից դուրս, նույնքան տրամաբանությունից դուրս է նաեւ քաղաքապետի նշած անճանաչելի դարձած քաղաքը, երբ պաշտոնական տվյալներն իսկական ահազանգ են դատարկվող, աղքատության ցուցանիշով եւ արտագաղթի ընդգրկուն ծավալներով հայտնի Գյումրու համար:

Իսկ, գուցե, անճանաչելի ասելով` քաղաքապետն ի նկատի ուներ քաղաքի արձաննե՞րը, գռեհիկ կարկատվող փողոցնե՞րը, 8 մլն դրամ արժողությամբ կազմակերպվող «Վերջին զանգ» համաքաղաքային միջոցառո՞ւմը…

Comments Are Closed!!!