Տարբեր նպատակների համար քաղաքի բյուջեից կծախսվի 40 մլն-ից ավել դրամ:Երեկ Գյումրու Ավագանու նիստին ներկա չէր ավագանու 3-4 անդամ, նիստը տեւեց մոտ մեկ ժամ: Օրակարգում ընդգրկված էր 24 հիմնական եւ 3 լրացուցիչ հարց: Յուրաքանչյուր հարցի զեկուցումն ու քննարկումը տեւում էր 1-2 րոպե: Հարցերի` քաղաքապետարանի պաշտոնյաների զեկուցումից հետո քաղաքապետ Ս.Բալասանյանն արագ դիմում էր ավագանու անդամներին. «Հարցեր կա՞ն….ելույթնե՞ր…նույնպես չկա՞ն, դրեցինք քննարկման»: Ավագանու անդամները 27 հարցին էլ կողմ քվեարկեցին, ձեռնպահ արտահայտվողներ անգամ չեղան. ողջ նիստի ընթացքում մեկ հարց անգամ չհնչեց ավագանու անդամներից գոնե մեկի կողմից:
Այս ավագանու նիստը եւս աչքի ընկավ համայնքային բյուջեից տարբեր նպատակների համար մեծ ու փոքր գումարներ հատկացնելով: 40 մլն դրամից ավել գումար քաղաքապետարանը համայնքային բյուջեից հատկացնելու է տարբեր կառույցների եւ անհատների: Այսպես` 8 մլն դրամ «Վերջին զանգ» կազմակերպելու, 15 մլն դրամ` համահայկական 6-րդ խաղերին մասնակցելու, 5 մլն դրամ` մանկապարտեզների շրջանավարտների եւ սոցիալապես անապահով 1000 երեխայի համար պայուսակների եւ գրենական պիտույքների գնման, 2 մլն 270 հազար դրամ` սոցիալապես անապահով 207 անձանց, 200 հազար դրամ` Հրաձգության մարզադպրոց ՀՈԱԿԻ-ի համար անհրաժեշտ օդամղիչ հրացանի փամփուշտներ ձեռք բերելու, 3 մլն 18 հազար դրամ` առավել բարձր արդյունքների հասած գյումրեցի մարզիկներին, մարզիչներին դրամական պարգեւներ հատկացնելու համար եւ այլն:
Լրացուցիչ 3 հարցը եւս առանձնացավ ֆինանսական միջոցներ տրամադրելով:
Ավագանին որոշեց 80 հազար դրամ հատկացնել Գյումրիում բնակվող Ա. Դավոյանի ընտանիքին: Ի դեպ, այս ընտանիքի սոցիալական ծանր պայմաններին եւ ընտանիքում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտին լրատվամիջոցներն արդեն 2 տարի շարունակ անդրադառնում էին: Քաղաքապետարանը, կարծես, արդեն լուծման տարբերակ է գտել: Ներկայում ընտանիքի 3 անչափահասները բնակվում են «Թռչունյան տուն» մանկատանը, ծնողների հետ աշխատանքներ են տարվելու:
2 մլն 500 հազար դրամ ավագանին որոշեց հատկացնել «Հուսո առագաստ» մանկապարտեզին` ջերմամեկուսացման եւ էներգախնայողության աշխատանքներ կատարելու նպատակով: Աշխատանքները կատարվելու են միջազգային դոնոր կազմակերպություններից մեկի հետ համատեղ: Այս մանկապարտեզը գործում է շենքային բավարար պայմաններում, գտնվում է «Անի» թաղամասում, իսկ տնօրենը Գյումրու ավագանու անդամներից մեկի հարազատն է:
Ավագանին որոշեց 5 մլն դրամ էլ հատկացնել «Գյումրու մեկ» ՀԿ-ին, որը մշակութային մայրաքաղաք միջոցառման շրջանակներում կատարել է եւ շարունակելու է կատարել աշխատանքներ: Քանդակների սիմպոզիում եւ մշակութային միջոցառումների, կատարված այլ աշխաատանքների վերաբերյալ ՀԿ-ն պարտավորվում է հետագայում ներկայացնել կատարման ակտ: