Այս տարի ‹‹Գյումրու օր›› տոնակատարությունը կանցկացվի սեպտեմբերի 5-ին: Ավագանու որոշմամբ ամեն տարի այս տոնակատարությունն անցկացվելու է սեպտեմբերի առաջին շաբաթում:
Սեպտեմբերի 5-ին Գյումրիում միջոցառումների մեկնարկը տրվելու է ժամը 12:00-ին` տոնական հրավառությամբ. օրն ավարտվելու է ժամը 24:00-ին: Նախատեսվում է 14 միջոցառում, մայրաքաղաքից լինելու են հյուրեր, հրավիրվել են բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այդ օրվա տոնակատարությունների կազմակերպման եւ անցկացման համար քաղաքապետարանը նախատեսել է համայնքի բյուջեից ծախսել մոտ 10 մլն դրամ: Քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանն ‹‹Ասպարեզ››-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ տոնակատարությունների նախահաշվի համաձայն` պակասեցվել են նախատեսվող ծախսերը մոտ 3 կամ 2.5 մլն դրամով: Նախատեսվում է ծախսել մոտ 7 կամ 7.5 մլն դրամ, սակայն սա էլ դեռ հստակ եւ վերջանական գումար չէ:
Գյումրու Ավագանու հերթական նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին, հենց նույն օրը Ավագանու նիստի հաստատմանը կներկայացվի ‹‹Գյումրու օր›› տոնակատարություններին բյուջեից գումար հատկացնելու մասին նախագիծը:
Նախորդ տարի այս միջոցառումը Գյումրիում անցկացվեց հոկտեմբերի 5-ին եւ համայնքի սուղ միջոցներից ծախսվեց 17 մլն 70 հազար դրամ: Այսչափ գումարի ծախսումը բավականին մեծ դժգոհության եւ քննարկման թեմա դարձավ Գյումրիում: Ինչպես արդեն պարզ է, քաղաքապետարանն այս տարի կրճատել է ‹‹Գյումրու օր›› տոնակատարության ծախսերը եւ նախորդ տարվա համեմատ հնարավորինս համեստ է ծախսելու քաղաքի աղքատիկ միջոցները: