Մրցույթն հայտարարվել է չկայացած. հաստատում են Գյումրու քաղաքապետարանից
Գյումրու քաղաքապետանում հոկտեմբերի 2-ին կայանալու էր Գյումրու ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթը: Այս անգամ մրցույթն հայտարարված էր միկրոավտոբուսային թիվ 24 (նախկին թիվ 6) երթուղու համար: Երթուղին ճանաչվել է թափուր, քանի որ ավարտվում է երթուղին շահագործող ընկերության եւ քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագրի ժամկետը: 2012 թվականից մինչ այժմ այս երթուղին շահագործում էր «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:
Երեկ Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն «Ասպարեզին» փոխանցեց, որ հայտարարված մրցույթին մասնակիցներ չեն եղել: Դիմումների, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետից ուշ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել է մի ընկերություն, հանձնաժողովը, սակայն, առաջիկայում ուսումնասիրելու է այդ ընկերության ներկայացրած փաստաթղթերը եւ որոշում է կայացնելու, թե ժամանակավորապես պայմանագիր կնքելու է՞ նշված ընկերության հետ, թե ոչ: Իսկ մինչ հանձնաժողովի որոշում կայացնելը, Գյումրիում թիվ 24 երթուղին շարունակելու է շահագերծել «Գյումրուն ամուր հիմք» ընկերությունը:
Գյումրիում արդեն սովորական են դարձել ներքաղաքային ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղեւորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հերթական մրցույթների չկայանալը: Քաղաքապետարանն արդեն 2 տարուց ավել շարունակում է այս կամ այն երթուղին շահագործելու համար ժամանակավորապես պյամանագրեր կնքել Կոմֆորտ լայն ընկերության հետ: Որպես մրցույթների չկայանալու հիմնական պատճառ քաղաքապետարանը գրեթե միշտ նշում է ընկերությունների` պահանջված պայմանններին չբավավարելու հանգամանքը: