Ս.Բալասանյան. «Գալիս ասում եք`էս լույսը, էս փողոցը, էս պրոբլեմը… մենք չենք կարող մտցնել բյուջե»

Ս.Բալասանյան. «Գալիս ասում եք`էս լույսը, էս փողոցը, էս պրոբլեմը… մենք չենք կարող մտցնել բյուջե»

hraparak-3-150x150

Գյումրու Ավագանին շուտով կհաստատի 2016 թվականի բյուջեն

Երեկ Գյումրու Ավագանու նիստի ընթացքում անդամների պասիվությունը, կարծես թե, զարմացրել էր քաղաքապետ Ս.Բալասանյանին: Այս նիստին Ավագանու անդամները սակավաթիվ էին, 21 անդամից ներկա էր միայն 14-ը: Նկատելով այս փաստը` քաղաքապետը ներկաներին հիշեցրեց քաղաքի` հաջորդ տարվա բյուջեի քննարկման հարցը, որը առաջիկայում կներկայացվի Ավագանու հերթական նիստին: Ավագանու անդամներից ձեւավորված տարբեր հանձնաժողովներից քաղաքապետն ակնկալում է ակտիվություն:

-Մենք շուտով բյուջեին ենք անցնում, բյուջեի քննարկմանը, հանձնաժողովները պետք է ակտիվ աշխատանք կատարեն, իրենց առաջարկությունները ներակայացնեն, որպեսզի կարողանանք կազմել արդեն ձեր առաջարկություններով,-նշեց Ս.Բալասանյանը:

Քաղաքապետի՝ «արդեն ձեր առաջարկություններով» արտահայտությամբ այն տպավորությունը ստեղծվեց, որ, կարծես, բյուջեի քննարկմանը նախկինում ներկա չեն գտնվել Ավագանու անդամները, հաշվի չեն առնվել հանձնաժողովների առաջարկությունները, բնակիչների խնդրանքները:

-Խնդիրներ` ձեր թաղամասերում, փողոցների հետ կապված, լուսավորության հետ կապված ձեր առաջարկությունները ներկայացրեք հանձնաժողովին, որպեսզի քննարկենք եւ կարողանանք ընդգրկել: Հետագայում գալիս ասում եք` էս լույսը, էս փողոցը, էս պրոբլեմը… մենք չենք կարող մտցնել, որովհետեւ բյուջեում նորից փոփոխություն պիտի անենք,-շարունակեց Ս.Բալասանյանը:

Ավագանու ներկա 14 անդամն էլ պարզապես լսում էին քաղաքապետի այս խոսքերը եւ, ինչպես միշտ, ոչ մի խոսք չփոխանցին, բարձրաձայն չարձագանքեցին քաղաքապետի առաջարկությանը, պահանջին:

Ապա քաղաքապետն ու Ավագանին անցան նիստի օրակարգային հարցերի քննարկմանը: Համայնքի բյուջեում հոդվածների տեղաշարժ կատարելու անհրաժեշտություն է նկատվել. Ավագանու նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը ներկայացրեց անհրաժեշտ փոփոխությունն ու զեկուցեց, որ Գյումրու համայնքի բյուջեն բավականին լավ կարգավիճակում է, ի տարբերություն մյուս համայնքերի:

-Բյուջեի 3-րդ եռամսյակն ամփոփելուց հետո կարիք է առաջացել որոշակի հոդվածների տեղաշարժերի կատարում եւ, բացի դրանից, վարչական բյուջեից նեղ մասնատում` ֆոնդային բյուջեին: Մենք ունենք աշխատաքներ, որ պետք է կատարվեն միանշանակ ֆոնդային բյուջեի հաշվին. այդ իսկ պատճառով օրենքը թույլ է տալիս համամասնության կարգով վարչական մասից տեղաշարժ կատարել ֆոնդային բյուջեի մասին: Հոդվածային փոփոխություններ են կատարվել եւ 53 մլն 710 հազար վարչական մասից պետք է պակասեցնել եւ տեղափոխել ֆոնդային մաս. փոփոխությունը բյուջեի վրա չի ազդում,-եզրափակեց Լ.Ջիլավյանը, իսկ Ավագանու ներկա 14 անդամը միաձայն կողմ քվեարկեց:

Անի Մկրտչյան asparez.am

Comments Are Closed!!!