Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ. Փաշինյանն ու Ստոլտենբերգն ընդլայնված կազմով հանդիպում են ունեցել

Հայաստանը հետաքրքրված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Կառավարությունում տեղի ունեցած ընդլայնված կազմով հանդիպման շրջանակներում: «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Յենս Ստոլտենբերգն իր խոսքում կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը և ընդգծել, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղ ձգտումներին: «Շնորհակալություն ինձ և իմ պատվիրակությանը հյուրընկալելու համար։ Մենք Հայաստանի հետ փոխգործակցությունը բարձր ենք գնահատում։ Դուք երկար տարիներ մասնակցել եք ՆԱՏՕ-ի տարբեր առաքելությունների և գործողությունների, մենք գնահատում ենք ձեր մասնակցությունը Կոսովոյի առաքելությանը։ Մենք հույս ունենք, որ այժմ կարող ենք առավել խորացնել և ուժեղացնել մեր փոխգործակցությունը՝ ներառյալ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագրի ընդունման միջոցով։ Իհարկե, մենք աջակցում ենք ձեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք նաև աջակցում ենք ձեր ջանքերը՝ միտված առավել անկախ արտաքին քաղաքականության զարգացմանը, ինչը կարծում ենք, որ կարևոր է։ Ես անձամբ հիացած եմ Ձեր առաջնորդությամբ և հանձնառությամբ։ Մենք ողջունում ենք Ձեր քայլերը՝ միտված ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացմանը, օրենքի գերակայությանը, նաև ողջունում ենք այն, որ Ուկրաինային մարդասիրական օգնություն եք հասցնում», -ասել է նա: ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցեր: Վարչապետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Թողնել Մեկնաբանություն

avatar
  Subscribe  
Notify of