Կառավարությունը Գյումրու թատրոնի հին շենքը նվիրաբերել է 960 մլն դրամ ներդման դիմաց

Կառավարությունը Գյումրու թատրոնի հին շենքը նվիրաբերել է 960 մլն դրամ ներդման դիմաց

voroshum-1

|Հեղինակ` Ա.Մկրտչյան

ՀՀ կառավարության պաշտոնական կայքում վերջապես հրապարակվեց ՀՀ կառավարության հոկտեմբերի 8-ի 1142-Ա գույքի նվիրաբերման մասին որոշումը: Համաձայն այդ որոշման` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ՀՀ Շիրակի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված՝ Գյումրու Շչորսի փողոցի N 1 հասցեում գտնվող՝ 1,679.918 հազար դրամ սկզբնական արժեքով, 2446.26 քառ. մետր մակերեսով հուշարձան-շենքը եւ դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.184726 հեկտար հողամասը նվիրաբերվել է Սիմոնյան կրթական հիմնադրամին` Գյումրու կրթական եւ մշակութային կենտրոն ստեղծելու պայմանով: Այլ կերպ ասած` կառավարության որոշմամբ`  շինությունն հանձնվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին: Նմանատիպ որոշում կայացրեց նաեւ Գյումրու Ավագանին` հոկտեմբերի 15-ի նիստում. կամ ավելի ճշգրիտ` իր ձեւական համաձայնությունը տվեց ՀՀ կառավարության վերը նշված որոշմանը:

Դեռ փետրվարին, երբ Գյումրիում թեժ քննարկվում էր Ալեքսանդրապոլի ինքնատիպ կառույցը «Թումո»-ին նվիրաբելու հարցը, շատերը մտահոգված էին, որ շինությունն այսուհետ կորցնելու է իր ճարտարապետական տեսքը, քաղաքապետարանի պաշտոնյաները, մասնավորապես գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը,  ներկայացան ասուլիսով եւ հայտարարեցին, որ թատրոնի հին շենքը համայնքի հաշվեկշռում լինելուց հետո իրենք կազմակերպելու են հանրային քննարկում` «Թումո»-ին նվիրաբերու հարցի շուրջ:

Հենց այդ նույն օրը քաղաքապետարանի պաշտոնյաները նաեւ նորություն հայտնեցին, թե թատրոնի շենքը դեռ չի գտնվում համայնքի հաշվեկշռում: Ասուլիսի օրը (2015 թվական, փետրվարի 21) գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն վստահեցրել էր, որ առայժմ այդ շենքը գտնվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կառավարման վարչության տնօրինության ներքո, 2010-ից արդեն կա կառավարության որոշում, որ այն փոխանցվելու է քաղաքին` որպես համայնքային սեփականություն եւ դրա նկատմամբ իրենք պարտավորություն ունեն 30 մլն դրամ տալ, սակայն առայժմ շենքը համայնքի հաշվեկշռում չէ:

Ինչպես արդեն պարզ է, Ալեքսանդրապոլի թատրոնի շենքի ապագան որոշեց ՀՀ կառավարությունը եւ ոչ թե տեղի իշխանությունը: Թատրոնի շենքը դեռեւս անհայտ պատճառներով այդպես էլ չհայտնվեց համայնքի հաշվեկշռում, քաղաքը չվճարե՞ց պահանջված գումարը, թե՞ ձեռնտու էր հանրային քննարկումից խուսափելու համար թողնել այն որպես պետական գույք:

Նկատենք մի փաստ. Ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում Շչորսի փողոցի N 1 հասցեում գտնվող հուշարձան-շենքը Սիմոնյան կրթական հիմնադրամին տրամադրելու որոշման նախագիծն օրակարգում ընդգրկված էր որպես լրացուցիչ հարց: Լրացուցիչ այս հարցի մասին, սակայն, քաղաքապետարանը, ի տարբերություն օրակարգային մյուս հարցերի, նախապես չէր տեղեկացրել հասարակությանը: Քաղաքապետ Ս.Բալասանյանը ներկաներին այս որոշման նախագծի մասին տեղեկացրեց միայն նիստի առաջին իսկ րոպեներին եւ այն էլ` հպանցիկ: Այսինքն` որոշումը կայացվելու էր հապճեպ: Մինչդեռ կառավարության կայացրած որոշումից` հոկտեմբերի 8-ից անեցել էր ուղիղ մեկ շաբաթ ժամանակ: Քաղաքապետարանը նո՞ր էր տեղակացել կառավարության այս որոշման մասին, թե՞ իսկապես հապճեպ գործելու անհրաժեշտություն կար:

Անի Մկրտչյան asparez.am

Comments Are Closed!!!