Շենքերի բարելավման համար անհրաժեշտ գումարի հաշվարկ եւս առկա չէ
Գյումրու Տիգրան Մեծի պողոտայի 17 շենքի բնակչուհի Սուսաննա Հարությունյանը շենքի հնաբնակներից է։ 1926 թվականի երկրաշարժից հետո է կառուցվել այս շենքը, բայց, բնակչի խոսքով, մինչ օրս որեւէ հիմնանորոգում չի կատարվել։ Ամենատեսանելի գործը, որ Գյումրու համայնքապետարանն արդեն մի քանի անգամ կատարել է, պողոտայի վրա գտնվող շենքերն արտաքինից գունավոր ներկելն է եղել՝ քողարկելով շենքի ավելի լուրջ խնդիրները։
Շենքում 4 ընտանիքով են ապրում։ Տանտիրուհին պատմում է, որ իրենց հարյուրամյա շենքն էլ, քաղաքի մյուս բազմաբնակարանների նման, համատիրությունների հույսին է մնացել։ Ասում է՝ տարիներ շարունակ սպասարկման վճարները մուծել են, բայց համատիրության աշխատանքը չեն տեսել։ Գուցե հիմա էլ՝ միայն գումար գանձող այդ կառույցին չանհանգստացնեին, եթե կարիքը չստիպեր։
«Մոտ 3 տարի առաջ ասֆալտապատեցին Տիգրան Մեծի պողոտան ու մեր շենքի դիմացի մայթերը։ 60 սմ բարձրությամբ խիճ լցրեցին, 2 սմ էլ ասֆալտային շերտ արեցին։ Մայթերը բարձրացան, շենքի նկուղների լուսամուտներն էլ համարյա գետնին հավասարվեցին։ Հետեւանքում, անձրեւներից հետո, ջրհորդաններից թափվող ջուրն անընդհատ շենքի տակ է ներծծվում։ Տանս պատերը խոնավացել են, հատակն էլ ջրից փտել է, հնարավոր է փլուզվի։ Դիմել եմ համատիրությանը, որ միջոցներ ձեռնարկի, ջրհորդանները մի քիչ երկարացնեն, հեռացնեն շենքից, բայց ասում են, որ դա իրենց գործը չէ։ Բա ո՞րն է իրենց գործը»,-ասում է Սուսաննան։
Տանտիրուհու խոսքով՝ ասֆալտապատողները պետք է շենքի նկուղի պատուհանի քարերը բարձրացնեին, ինչը նախագծում կար, բայց չարեցին, արդյունք չտվեցին նաեւ բնակիչների բողոքները։ Շինարարները հեռացան՝ նոր խնդիրներ ստեղծելով բնակիչների համար։ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ նախկինում իրենց շենքի պատուհաններն այնքան բարձր էին, որ չէին կարողանում դրսից դրանք լվանալ։ Հիմա պատուհանների գոգերը շատ են ցածրացել, գետնից հազիվ կես մետր են բարձր։
Տիգրան Մեծի պողոտայի այս շենքերի նկուղները տասնամյակներ շարունակ լցված են եղել ջրով։ Ըստ բնակիչների՝ ջրերը պարբերաբար հեռացրել են նկուղներից, որոշ դեպքերում՝ համատիրության, հաճախ էլ իրենց անձնական միջոցներով։ Սակայն նկուղներում խոնավությունը շարունակում է պահպանվել։
«Էդ նկուղները մտնելու տեղ չէ։ Լրիվ քանդված է, ո՛չ ջուր, ո՛չ նստելու տեղ կա, պատերի ծեփոնները թափված են»,-ասում է, հարեւան՝ Տիգրան Մեծի պողոտայի 15 շենքի բնակչուհի Տիգրանուհի Գեւորգյանը։
Ըստ բնակչի՝ դեռ 4 տարի առաջ է համատիրությունը խոստացել տարածքի շենքերի նկուղները մաքրել, վերանորոգել, սակայն դեռեւս ոչինչի չի արվել։
Նույն շենքի բնակչուհի Աննա Պետրոսյանը համատիրության աշխատանքից դժգոհ չէ։ Ասում է, որ փոքր խնդիրներով դիմում են, արձագանքում են․ իրենց շենքում օրինակ, ծակված ջրհորդանները փոխել են, բայց նկուղների խոնավությունը վերացնել համատիրությունը չի կարող։ Ըստ բնակչի՝ արդեն մի քանի տարի է, ջուրը նկուղներ չի լցվում, բայց նույն թաց վիճակը պահպանվում է, չեն չորանում։
Տիգրանուհի Գեւորգյանը պատմում է նաեւ Գյումրու Կամոյի փողոցի 50 շենքի իր բնակարանի վիճակի մասին։ Ասում է՝ այդ շենքում էլ մուտքերի ներսը վերանորոգման կարիք ունի, բայց ուշադրություն դարձնող չկա։ Մի անգամ համատիրությունը արձագանքել է, մուտքով անցնող գլխավոր ջրատարի մի հատվածը փոխել է։ Բայց բնակիչը 2 անգամ իր միջոցներով է մուտքի դուռը ներկել։
«Արդեն ամաչում էի, ինչ ասես գրված էր մեր մուտքի դռան վրա, ինքս ներկեցի։ Բայց որ շքամուտք ես մտնում, առաստաղը, պատերը լրիվ կիսաքանդ են, բոլորովին հաճելի չէ։ Համատիրությունը ոչինչ չի անում»,-ասում է Տիգրանուհի Գեւորգյանը։
«Բնակչի կողմից կա դժգոհություն, թե համատիրությունը չի աշխատում, համատիրությունն էլ դժգոհում է, թե բնակիչը չի վճարում։ 2 կողմերին ինչպե՞ս բերել փոխվստահության դաշտ։ Սա շատ բարդ խնդիր է։ Պատճառներից մեկն էլ Գյումրիում բնակչության սոցիալական ծանր վիճակն է, մարդկանց եկամուտները ցածր են»,-ասում է «Զարթոնք» խմբակցության ավագանու անդամ Գոռ Մանուկյանը։
Գյումրիում 700-ից ավելի բազմաբնակարան շենք կա, բայց այդ շենքերից ոչ մեկը չունի տեխնիկական բնութագիր, հստակեցված չէ, թե կոնկրետ որ շենքն ինչպիսի խնդիրներ ունի։ Բնակելի շենքերի վիճակի համալիր ուսումնասիրություն վերջին ավելի քան 10 տարում չի կատարվել։
Ըստ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի համայնքի անշարժ գույքի կառավարման, բնակարանային տնտեսության եւ համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի 1-ին կարգի մասնագետ Հարություն Ավետիսյանի՝ քաղաքապետարանը չունի ո՛չ հաշվարկ, ո՛չ էլ վերլուծություն այն մասին, թե քաղաքի բազմաբնակարան շենքերի վիճակի բարելավման համար որքան գումար է անհրաժեշտ։
«Բարձրաբերդ» համատիրության նախագահ Գայանե Սահակյանի խոսքով՝ ըստ օրենքի, շենքերի տեխնիկական անձնագիր ապահովելը համատիրությունների գործն է, բայց համատիրություններն այդքան գումար չունեն դա կատարելու համար։
«Մուշ» համատիրության նախագահ Հակոբ Հունանյանն էլ հայտնում է, որ դիմել էր սեյսմիկ ծառայության գրասենյակ, որպեսզի շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն սկսվի, բայց շատ մեծ գումարներ էին պահանջել, ինչը համատիրության բյուջեին մոտ էլ չէ։ Բացի դրանից, ըստ նրա, համատիրությունների բյուջեների 90 տոկոսն ուղղվում է շենքերի ներսում վթարված ջրագծերի նորոգմանը։
Կարինե Կազարովա
#CivilSociety #CounterpartInternationalArmenia #NGOC #CSOs4Progress #NGOC4CSOs
Սույն հոդվածը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն