Տոնական տրամադրություն ու մարդաշատ փողոցներ․ «Ֆեստիվառ»-ից Գյումրու օր 2024

Տոնական տրամադրություն ու մարդաշատ փողոցներ․ «Ֆեստիվառ»-ից Գյումրու օր 2024

Դեռ հուլիսի 26-ից Գյումրին հյուրընկալում էր Հայաստանի և աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հյուրերին. «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, այսուհետև կդառնա ամենամյա Գյումրի էր բերել հազարավոր մարդկանց: Տոնական բարձր տրամադրությամբ, մշակութային հագեցած միջոցառումներով քաղաքը շարունակում է ընդունել իր հյուրերին արդեն «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում: Ըստ պատասխանատուների, այս տոնակատարություններին մասնակցել է շուրջ 50․000 մարդ։ Հուլիսի 28-ին նշվեց Գյումրի քաղաքի օրը։ Տոնակատարությունների մեկնարկը տրվեց բերքահավաքով, որին մասնակցեցին տեղական, մարզային և գործադիր իշխանության ներկայացուցիչներ։ Քաղաքի տարբեր հատվածներից հավաքված բերքը տեղափոխվեց Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակ՝ գյումրեցիներին ու քաղաք այցելած հյուրերին հյուրասիրելու համար։Ներկաներն ունկնդրեցին «Ֆոլկաստիկ» բենդին։ Անգամ հորդառատ անձրևը չխանգարեց ներկաներին վայելել ֆոլկ երաժշտությունը։ 

453145272_821321963471601_1732072615880712019_n

Բարձր տրամադրությամբ և մշակութային հագեցած միջոցառումներով տոնը շարունակվեց Աբովյան ճեմափողոցում՝  արհեստի ու արվեստի տոնավաճառ, «Ամեն ժամանակի քաղաք» լուսանկարչական ցուցահանդես, տեղի պարային խմբերի ելույթներ։ Օրվա խորհրդով պայմանավորված՝ միջոցառումներ էին կազմակերպվել քաղաքի տարբեր մշակութային կառույցներում։ Հանրապետության առաջին թատրոնի՝ ներկայիս Թումո Գյումրիի բակում կայացավ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը։

453485510_821795013424296_7024428564997187561_n

«Այս տարի քաղաքն իր օրը տոնում է «Իմ սրտի քաղաք» խորագրով, և իրապես, մեզանից յուրաքանչյուրի սրտում Գյումրին իր ուրույն տեղն ունի իր յուրօրինակ դիմագծով, պատմությամբ, մշակույթով, բարբառով ու կենցաղով: Օր օրի կառուցվող ու շենացող քաղաքն այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին, և դա մեզ ավելի մեծ մղումով ստիպում է շարժվել առաջ:

Մենք շարունակելու ենք շենացնել ու զարգացնել Գյումրին, մենք շարունակելու ենք ձեռք ձեռքի տված բարեկարգել, նորոգել, մաքրել ու խնամել, ստեղծել ու ստեղծագործել այս քաղաքում, կյանքի կոչել և պատվով ավարտին հասցնել տասնյակ ծրագրեր: Քաղաքի շենացման գործում խիստ կարևոր է յուրաքանչյուրիս անձնական նվիրումը, սրտացավ ու հոգատար վերաբերմունքը քաղաքի ամեն մի քարին, ամեն մի ծառին ու թփին, ամեն մի անկյանը»,- նշեց Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը։ Սամսոնյանի խոսքով, քաղաքի զարգացումը ուղիղ կապ ունի նաև աշխատատեղերի հետ, որոնց ստեղծման համար ջանք ու Եռանդ չի խնայվում։

«Գյումրու օր» տոնակատարության ամփոփիչ ակորդը տրվեց Աբովյան փողոցում, որտեղ ելույթ ունեցան «Բարբառ» փրոջեկտը, Գյումրու համայքապետարանի «Անի» փողային նվագախումբը, Գյումրու համայնքապետարանի «Դեղձանիկ» վոկալ-էստրադային համույթը, Գագիկ Մկոյանը, իսկ պարային ռիթմը վստահված էր DJ Jan-ին։

453222175_821818940088570_5212051584995276117_n 453431812_821818810088583_6035526270617463630_n 453481159_821818613421936_6659332812616416079_n

Քաղաք ժամանած հյուրերի խոսքով, երջանկանում են, երբ տեսնում են ծաղկող ու զարգացող Գյումրին։ Հավելենք, որ քաղաքի օր տոնակատարությունը կազմակերպելու համար, Գյումրու ավագանին հատկացրել է 9 մլն․ դրամ, պատասխանատուների խոսքով նախահաշիվը կազմել է մոտ 8 մլն դրամ։

 © progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Comments Are Closed!!!