Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչպես է հնարավոր ուժեղացնել պետությունը:
Նրա խոսքով՝ առաջին հերթին դա հնարավոր է անել արդյունավետ աշխատանքով, իսկ մեզանում «շատ աշխատել» հասկացությունը երբեմն առիթ է դառնում, որ շարժումն ու գործողությունը շատ հաճախ շփոթում են։
«Կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել, հազարավոր ժամեր անցկացնել և զրո արդյունք ստեղծել: Այստեղից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքը»,- ասաց վարչապետը:
«Մեծ հաշվով՝ արդյունավետ աշխատելը շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելն ավելի շատ աշխատելն է՝ այն տրամաբանությամբ, որ շատ աշխատել և արդյունավետ աշխատել հասկացությունների մեջ է ընկած հարցի պատասխանը, թե ի վերջո աշխատանքը չարչարվե՞լն է, թե՞ ստեղծագործելը, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։
Անարդյունավետ, չիմացության ու չսովորելու հիման վրա աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ»,- նշեց նա։
Ըստ վարչապետի՝ պետությունը կարելի է ուժեղացնել միայն ավելի արդյունավետ աշխատելով, ավելի շատ արդյունք ստեղծելով, պետական հատվածի պարագայում՝ ավելի ու ավելի շատ մարդկանց համար հարստանալու հնարավորություն ստեղծելով, մասնավոր հատվածի պարագայում՝ ավելի ու ավելի շատ հարստանալով ու այսպիսով ավելի շատ հարկեր վճարելով:Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ որպեսզի սա տեղի ունենա, ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, և այս նպատակին է ծառայում «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձևը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Թողնել Մեկնաբանություն